ԳՐԻԳՈՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Վաղուց չէի դիմաւորել մայրամուտը Էգէյեան ծովի ափից։ Երբ տեղ հասայ, երկինքը դեռ նոր շիկնում էր՝ իբրեւ ամաչկոտ հարսնացու։ Մե՜ղմ գալարւում է Էգէյեան ծովը, հանդարտ է այսօր։
Շուրջս մարդիկ են, ﬕ քանիսն էլ ինձ նման նստել, նայում են մայրամուտին։
Իսկ ﬓացածը շտապում են։ Ո՞ւր են շտապում։ Մի քանի օրից աﬔնաշուքով նշուող տօներից մէկն է Յունաստանում՝ Մարտի 25-ը։ 1821 թուականի հէնց Մարտի 25-ին եպիսկոպոս Գերմանոս Պատրացին բարձրացրեց յեղափոխութեան դրօշը՝ կոչ անելով յոյներին պայքարել չորս դար տեւած օսմանեան լծի դէմ։
Իսկ հիմա Մարտի 25-ը Յունաստանի անկախութեան տօնն է։ Համարեայ բոլոր պատշգամբներից կախուած են ﬔծ ու փոքր յունական դրօշները։ Հեռւում տեսնում եմ Սպիտակ ամրոցը, որի վրայ էլ ծածանւում է յունական դրօշը։
Փորձում եմ պատկերացնել քաղաքը հարիւր տարի առաջ, հարիւր յիսուն։ Թուրքական դրօշ եմ տեսնում Սպիտակ ամրոցի գլխին։ Ինչո՞ւ եմ յիշում Կարսի ամրոցը։ Չէ պապս Կարսից չէր, ո՛չ էլ հայրս։
Բայց դա ի՞նչ կապ ունի։ Նրա վրայ հիմա էլ թուրքական կիսալուսինն է ծածանւում։ Փորձում եմ մտովի Սպիտակ ամրոցին մօտ տեղաւորել Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ իր սեւացած ու աղօթքի կարօտ պատերով։ 1920 թուականին ընկաւ Կարսը, իսկ հարիւր տարի անց ընկաւ նաեւ Շուշին։ Իսկ ﬔր դրօշը բարձրացնող «եպիսկոպոսներ» ﬕ՞թէ չունէինք, ﬕ՞թէ հարիւր տարուայ մէջ ոչ ﬕ դաս չառանք Կարսի անկուﬕց։ Իհարկէ ունեցանք հերոս տղերք, որ իրենց երկրի առաջ իրենց կեանքը մատաղ արեցին։
Բա էլ ի՞նչ էր պէտք ﬔզ, ﬕասնութիւնից բացի, ի՞նչը խարխլեց ﬔր ազգի հազարամեայ ﬕասնական արմատները, որ սկսեցինք խռովուել իրարից եւ որից էլ օգտուեց ոսոխը։
Արցախում Յովհաննէս Մազմանեաններ քի՞չ ենք ունեցել։ Իհարկէ ոչ։ Վառում եմ ծխախոտը, չեմ նայում Սպիտակ ամրոցին, ոչ էլ Կարսի Առաքելոց եկեղեցուն։
Նայում եմ ջինջ Էգէյեան ծովին։ Հեռւում հսկայ ﬕ նաւ կայ։ Առաջին անգամ այսքան ﬔծ նաւ այստեղ եմ տեսել։ Սեւանում քաւոր Աշոտը նաւ ունի, ոչ այսչափ ﬔծ, իհարկէ։ Նայում եմ աւելի հեռու, հորիզոնից էլ այն կողմ, որտեղ պիտի որ Արեւմտեան Հայաստանը լինի, տեսնում եմ Կարսը, Արարատը, յետոյ Արագածը, յետոյ պիտի երեւայ Սեւանը։ Տեսնում եմ նաեւ Մուսա լեռը, տեսնում եմ պարզ ու մօտիկից։ Փորձում եմ Էգէյեան ծովի հսկայ նաւի վրայ պատկերացնել չորս հազար գիւղացիներին, որոնք թոյլ չտուին իրենց մորթել գառների պէս։ Իսկ հսկայ նաւի ֆոնին տեսնում եմ նաեւ այլ, աւելի փոքր ﬕ նաւ։ Սալոնիկ քաղաքում երկու-երեք այսպիսի նաւեր կան։ Ներսից նաւ աւելի շատ բար է յիշեցնում։
Պատուիրի խﬕչք, սենդուիչ ու նաւը քեզ կէս ժամով ման կը տայ Էգէյեան ծովի վրայով։ Հայերի այստեղ շատ կարելի է տեսնել։ Յունահայերով լցուած բար-նաւակը, որում երեւի հայրենիքի մասին հազար ու ﬕ բաժակաճառ են խմում ﬔր հայրենակիցները՝ Մուսա լեռան հերոսներով Պորտ Սայիդ մտնող նաւի ֆոնին։
Տխուր տեսարան է… Արեւն էլ չի երեւում, երեկոն գնալով թանձրանում է, ու ես սթափւում եմ։ Ցրում եմ անցեալի մուժը ու վեր կենում։ Շրջեմ ﬕ փոքր։
Վերջանում է ծխախոտս ու մտնում հայկական ﬕ խանութ (հայկականն այդ խանութում ﬕայն տիրոջ անունն է, իսկ «Մոսկուա» սուպերմարկետում անգամ «Ջերմուկ» են վաճառում։ Ո՞րն է աւելի հայկական)։
—Դասերդ ինչպէ՞ս են,— հարցնում է Արսէնը ջարդուած հայերէնով։ —Ամէն ինչ կարգին է, — նրա ձեռքը սեղﬔլով պատասխանում եմ ես։ — Աւարտելուց յետոյ Հայաստա՞ն պիտի գնաս, թէ կը ﬓաս Յունաստանում։ — Անպայման հետ պիտի դառնամ, — ժպտում եմ ես։
Արսէնի հայրն ընտանիքի հետ երեսուն տարի առաջ է Հայաստանից գաղթել Յունաստան։ Նա էլ երեւի երեսուն երեսունհինգ տարեկան կը լինի։
— Սիմվուլիօ ունես, հա՞, Հայաստանի հետ,— պայմանագիր նկատի ունի,— կը ﬓայիր էլի, գործն էլ կայ, փողից էլ չես նեղուի, հը՞։ Յանկարծ յիշում եմ տատիս եղբօրը՝ Աշոտ քեռուն, որ արցախցի է ու մասնակցել է բոլոր պատերազﬓերին։ Երկար տարիներ Շուշիում էր աշխատում։ Միշտ ուժի ու հայ տղամարդու կերպար է եղել ինձ համար Աշոտ քեռին։ Վերջին անգամ, գրածս ﬕ պատմուածք էր կարդացել, որ գաղթի մասին էր, ու երբ հարցրի հեռախօսով. «հը՞, ինչպէ՞ս էր, քեռ», յանկարծ ասես Աշոտ քեռու սրտում կառուցուած քարէ պատնեշը ճաք տուեց ու վարարեց վշտի գետը։ «Ես ﬔր տունն եմ ուզում» լացակումած պայթեց հսկայ ու ուժեղ տղամարդը, ﬓաց ﬕջի փոքր երեխան, որ տուն էր ուզում դառնալ։
—Հը՞, ասում եմ՝ լաւ չէ՞ր լինի, թէ այստեղ ﬓայիր։ Ասես ջրոտ ﬕ ապտակ հասցրեց մռութիս։
— Տղադ արդէն լա՞ւ է հայերէն խօսում, — Թունոտ նետեցի ես։ Լռեց։ Հասկացաւ։ Հասկացա՞ւ։ Քայլերս ինձ տանում են Սալոնիկի հայկական եկեղեցու կողմը։ Ճանապարհին՝ եկեղեցուց մօտ քսան-երեսուն քայլ հեռու հայկական խաչքար կայ։ «Հայաստանը, իր երախտիքը յայտնելով Յունաստանին ու Աﬔրիկայի Միացեալ Նահանգներին՝ իրենց օգնութեան համար, կանգնեցրել է այս յուշահամալիրը»,— յունարէնից թարգմանում եմ ես։ Հայկական խաչքար՝ յունարէն մակագրութեամբ։ Երբեք նման բան չեմ տեսել։ Յիշեցի այստեղ ապրող հայ տղաներից մէկին, որ ﬕ անգամ ինձ հրաւիրում էր սուվլակի ուտելու։ Խորոված չէ, սուվլակի։ Այո, երկուսն էլ ածուխի վրայ պատրաստած ﬕսն է, բայց տարբերութիւնն ահռելի է։ Հասնում եմ եկեղեցի։ Դարպասները փակ են։ «Եկեղեցիս յանուն Սբ. Աստուածածնայ կառուցաւ ջանիւքն գաղութիս Թեսաղոնիկէի Յաﬕ Տեառն 1903 Նոյեմբեր 16, Ըստ Տոմարական ՌՅԾԲ» — կարդում եմ ես արդէն հայերէնով ու ինձ աւելի լաւ եմ զգում։ Եկեղեցու ճարտարապետը իտալացի Վիդալիանօ Փոզելլին է եղել։ Ուրեﬓ արդէն հարիւր քսաներեք տարի կանգուն է եկեղեցին։ Արդէն հարիւր քսաներեք տարի հայերէն աղօթք է հնչում առ Աստուած աշխարհի այս անկիւնից։ Ուրախալի է։ Չգիտեմ՝ ինչու յիշեցի Վահանին, որ քառասուն- քառասունհինգ տարեկան իսկական ﬕ հայ է այս քաղաքում։
Ամանորին իրենց տուն էր հրաւիրել։ Գնացի։ Ցուրտ յունական օր էր, երբ տաքսին կանգ առաւ Վահանենց տան դիմաց։ Շուրջբոլորը հային մատնանշող ոչինչ չկար, ﬕնչեւ նա դուռն իմ առջեւ բաց չարեց։ Երբեւէ լսե՞լ էք, որ օդն էլ հայերէն խօսի։ Երկար նստեցինք սեղանի շուրջը, տոլմա էր պատրաստել Վահանի կինը, արագ-արագ սեղան էր գցում, իսկ նրանց երեք պայծառ աղջնակներն անվերջ խաղում էին, սենեակից-սենեակ վազւզում։
Մենք ծամծմած ճառեր չկարդացինք Հայաստանի մասին, ոչ էլ խﬔցինք նրա կենացը։ Մենք յիշեցինք «Միﬕնօ»-ն, Գիքորին, Ֆրունզիկին ու Սօս Սարգսեանին, կերանք Ժենեայի պատրաստած աննման տոլման, իսկ հեռուստացոյցից այն կողմ անվերջ երգում էր Ֆորշը իր «Հէնց այսպէս էլ ապրում ենք» երգը։
Եկեղեցուն կից հայկական շաբաթնօրեայ դպրոց կայ, որտեղ էլ Վահանի աղջնակները հայերէն գրել, կարդալ են սովորում։ Շնորհակալ եմ քեզ, Վահան։
Եւ նրա պէս մարդկանցով է, որ Հայաստանը դեռ ապրում է ու պիտի ապրի։ Կ՚անցնեն օրեր, ու Աստուած կը լսի աշխարհի հազար հազար հայկական եկեղեցիներից ﬕարժամանակ հնչած հայերէն աղօթքն ու այդ ժամանակ կ՚ելնեն կրկին հայոց աշխարհի Չաուշները, Անդրանիկներն ու Բէկ-Փիրումեանները։
Եւ ուրեﬓ ետ դառնանք տուն, հայեր, եկէք լցնենք ﬔր հայրենիքը սիրով, թող կրկին քոչարի բռնեն Փամբակի լեռները, թող կանչի զուռնան նոր Հայաստանի ձայնով ու այդժամ տուն կը դառնան նաեւ Կարսը, Արարատն ու Արցախը։
23.03.2026, Սալոնիկ









