Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների եւ ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները, Թուրքիան բացայայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հիւսիս — արեւելքում: Ենթադրեալ անվտանգութեան գօտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականութիւնը, այլեւ այդ տարածքներում ապրող քիւրտ մեծամասնութեան, ինչպէս նաեւ ազգային եւ կրօնական տարբեր փոքրամասնութիւնների, այդ թուում` հայերի անվտանգութիւնը եւ միտուած է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:
Երկար ժամանակ հովանաւորելով Սիրիայում գործող ծայրայեղականներին, Թուրքիան, ահաբեկչութեան դէմ պայքարի պատրուակով, այսօր ստեղծում է ռազմական գործողութիւնների նոր սրացման, ջարդերի եւ տեղահանութեան, ահաբեկչական կազմակերպութիւնների վերաշխուժացման և մարդասիրական աղէտի նոր վտանգ:
Մտահոգիչ է, որ այս ամէնը տեղի է ունենում Սիրիայում հաշտութեան եւ խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորման, ներքին թնջուկների յաղթահարման ուղղութեամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առաւել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մէջ ներգրաուած ուժերի եւ կազմակերպութիւնների անհամարժէք արձագանգը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետութեան նոր յանցաւոր գործողութիւններին:
Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն`
• դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողութիւնները ինքնիշխան պետութեան դէմ եւ ցեղասպան միտումները քրդական մեծամասնութեան եւ ազգային փոքրամասնութիւնների դէմ.
• պատրաստակամութիւն է յայտնում օժանդակելու ռազմական գործողութիւնների անմիջական գօտում յայտնուած մեր հայրենակիցների անվտանգութեան ապահովման եւ նրանց ցուցաբերելիք օժանդակութիւնների հարցերում.
• զօրակցութիւն է յայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին եւ անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրաւուած տէրութիւնների եւ միջազգային հանրութեան գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղութիւն ապահովելու ուղղութեամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօ