2026 թ. Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակներում, Պուտինի եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը վերջինիս համար ակնյայտօրէն ձախողուծ էր։ Տարիներ շարունակ Փաշինեանի երկակի խաղերի դէմ աչք փակող Ռուսաստանի իշխանութիւնը յստակ հասկացնում է, որ երկու լարի վրայ խաղալու երջանիկ ժամանակն անցել է, եւ Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ գործողութիւններով պէտք է փաստի՝ ինքը Ռուսաստանի եւ Ե.Ա.Տ.Մ. կառոյցի հե՞տ է, թէ՞ վերջինիս հակառակորդ ճամբարում։

Ռուսաստանը նաեւ բացայայտօրէն նշում է այն կոնկրետ վնասները, որոնք կրելու է Հայաստանը, հակառակորդ ճամբարին միանալու դէպքում՝ գազի մի քանի անգամ թանկացում (իսկ գուցէ ընդհանրապէս Հայաստանին մատակարարման դադարեցում), նմանատիպ ելք ատոմակայանի հումքի, նաւթի, ադամանդի եւ այլ ապրանքների Ռուսաստանից ներ­մուծման պարագայում, որոնք Հայաստանին տրամադրւում են Ռուսաստանի ներքին գներով։ Ռուսաստանը կարող է արգելել առանց պատենտի հարիւրհազարաւոր հայաստանցիների արտագնայ աշխատանքը Ռուսաստանում, ինչը կը հարկադրի այդ մարդկանց մեծ մասին վերադառնալու Հայաստան, ինչն էլ այստեղ կարող է կտրուկ սրել սոցիալական կացութիւնը։ Չխօսենք այլեւս հայաստանցի արտադրողների առջեւ ռուսական շուկայի վերջնականօրէն փակուելու դէպքում արտաքին շուկաներ դուրս գալու հնարաւորութիւնից առհասարակ զրկուելու եւ հայկական գիւղատնտեսութեան ոչնչանալու հեռանկարի մասին։ Եւ սա դեռ ամէնը չէ։

Նիկոլ Փաշինեանը Բիշքեկից վերադառնալով փորձեց ներկայացնել, թէ ոչ մի սարսափելի բան չկայ, Ռուսաստանի ղեկավարի հետ տեղի է ունեցել գործնական ու արդիւնաւէտ խօսակցութիւն։ Այլ կերպ նա թերեւս չէր էլ կարող վարուել, որովհետեւ նախ կը փաստէր, որ ինքը ընտրութիւններում չպարտուելու համար նախորդող օրերին խաբում էր ժողովրդին, ներկայացնելով՝ թէ Պուտինի ու Ե.Ա.Տ.Մ. ղեկավարների հետ շատ լաւ յարաբերութիւններ ունի եւ բոլոր հարցերը կը կարգաւորի։ Էլ չխօսենք Արեւմտեան դրախտի դռները հայ ժողովրդի առջեւ բացելու խոստման մասին, ինչը նոյնպէս կեղծ դուրս եկաւ կարճ ժամանակ անց։ Եթէ Փաշինեանը գոնէ այս անգամ ասէր ճշմարտութիւնը, ժողովրդի առջեւ կը պարզէր ոչ միայն իր պատեհապաշտ քաղաքականութեան փակուղում յայտնուելը, այլեւ կը վկայէր այն խիստ մտահոգիչ հեռանկարի մասին, որն ամենամօտ ապագայում սպասւում է հայ ժողովրդին։ Այդ պատճառով էլ վարչապետ Փաշինեանը եւ իր սազանդարները սկսեցին «երգել» այն մասին, որ ոչ մի մտահոգիչ բան չկայ, չորս կողմից շրջապատուած ենք գազ ունեցող երկրներով, իսկ թուրքական տանդեմն ու Եւրոպան պատրաստակամ սպասում են ամէն ինչով աջակցելու Հայաստանին։

Եւ սա այն դէպքում երբ, իբրեւ թէ գաղտնաբար, նոյն Եւրոպան ադրբեջանական խողովակներով գազ է ներմուծում Ռուսաստանից: Այնպիսի տպաւորութիւն է, որ դեռեւս ընտրական գործընթացներից առաջ լայն առումով իր պարտուած վիճակը գիտակցած Նիկոլը խաղում է ժամանակի վրայ, թերեւս յոյս փայփայելով, որ ինչ-որ տեղից իր համար մի լոյս կը բացուի։ Անկախ ընտրութիւններում ձեռք գցած համեստ արդիւնքից եւ արտաքին շռայլ խոստումներից՝ Փաշինեանը տեսնում է, որ երկրի ներսում ինքը զուրկ է ժողովրդական հենարանից, իսկ դրսի հովանաւորների խոստացածն ու տուածը համարժէք չեն իրար։ Յայտնուելով թոյլ եւ խիստ սահմանափակ հնարաւորութիւնների պայմաններում՝ Փաշինեանն ինքն իրեն դնում է աւելի մեծ կախման մէջ արտաքին ուժերից։ Վերջիններիս քաղաքականութեան նկատմամբ իր կայուն նուիրուածութիւնը փաստելու համար նա հարկադրուած հրապարակայնօրէն սրում է յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, նոյն ժամանակ փորձելով իր ամուր բարեկամական զգացումների մասին հաւաստիացնել անձնական հանդիպումներում։ Այստեղ, թերեւս, պէտք է արձանագրել, որ սրանով նա նախեւառաջ կատարում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակը հետապնդող գլխաւոր շահառուների՝ թուրքադրբեջանական տանդեմի պահանջը։

Գաղտնիք չէ, որ վաղուց Հայաստան-թուրքական տանդեմ յարաբերութիւններում Փաշինեանը որդեգրել է վերջիններիս փաստաբանի դերը՝ ընդդէմ սեփական երկրի եւ ժողովրդի շահերի։ Փաշինեանը ոչ միայն պաշտպանեց ու արդարացրեց այս տանդեմի սանձազերծած պատերազմական յանցագործութիւնները, հետապնդեց ու պատժեց Արցախի պատերազմի հերոսներին, շարունակում է ճնշել Արցախի եւ նրա իրաւունքների անունից Հայաստանում ծրագրուող ցանկացած նախաձեռնութիւն։ Իր քաղաքականութեամբ նա ոչ միայն նպաստեց, որ արցախցիների ինքնորոշման պայքարն Ադրբեջանն աշխարհին մատուցի որպէս զաւթողական նպատակով Հայաստանի ագրեսիա Ադրբեջանի դէմ, այլեւ այսօրուայ իր լռութեամբ նպաստում է, որ Ադրբեջանն առանց մտահոգութեան ոչնչացնի Արցախի հայկական պատմական ու
հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը։

Աւելին, Ք.Պ.-ական իշխանութեան նպաստաւոր լռութեան պայմաններում Ադրբեջանը յաջողութեամբ զարգաց­նում է Հայաստանն Արեւմտեան Ադրբեջան ներկայացնելու գործնական ծրագիրը։ Հայաստանի իշխանութիւնը որեւէ հակառակութիւն չի դրսեւորում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իշխանութիւնների աճող պահանջների նկատմամբ եւ շարունակաբար գնում է հերթական զիջումների։ Ընդամէնը մի քանի օր առաջ տարածուեց այն լուրը, թէ Հայաստանը Տաւուշի մարզում սահմանային նոր դիրքեր է զիջել Ադրբեջանին։ Հայաստանի իշխանութիւնը կաշուից դուրս գալով ուզում է ապացուցել, թէ պատերազմի սպառնալիքը վերացնելու համար նորանոր տարածքներ պէտք է զիջել, չխօսել Հայաստանի իրաւունքների մասին, Արցախ անունը չտալ առհասարակ, մոռանալ պատմութիւնը, վերացնել փառքի անկիւններն ու հերոս նահատակների նկարները։ Այսպիսի ցուցումներ են ստանում մասնաւորապէս կրթական հաստատութիւնների պատասխանատուներն ու Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչները՝ նոյն ժամանակ, երբ Ադրբեջանն ամէն օր ու ամէն ժամ իրականացնում է ճիշդ հակառակը՝ ագրեսիւ հռետորաբանութեամբ ուղեկցուող կոնկրետ գործողութիւններ Հայաստանի նկատմամբ։

Եթէ Հայաստանի իշխանութիւնը ապուշ չէ, ապա ապուշի տեղ է դնում մի ողջ ժողովրդի, երբ խօսում է «անօրինկանօրէն տիրապետած» տարածքների վերադարձի մասին, սահմանագծման եւ սահմանազատման շրջանակում, այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինուորները հանգիստ նստած են վերջին տարիներին Հայաստանից զաւթած տարածքներում եւ դուրս գալու փոխարէն աւելի են ամրապնդում զաւթած դիրքերը։ Արդեօ՞ք առաջին հերթին այդ տարածքներից նրանց դուրս գալը չպէտք է նախորդեր մնացած տարածքների հետ կապուած յստակեցումներին: Եւ արդեօ՞ք այդ դէպքում կայ երաշխիք, որ իր կողմից տարածքային կամ այլ բնոյթի որեւէ զիջման մասին երբեւէ չյայտարարած Ադրբեջանը հայկական կողմի բոլոր զիջումներից յետոյ պատրաստակամ կը լինի ինչ-որ բան զիջելու:

Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդին «կարողացաւ համոզել» այն կեղծիքի մէջ, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւններն արմատապէս փոխում է, որովհետեւ ռուսները չօգնեցին հայերին թուրքադրբեջանական ագրեսիայի ժամանակ եւ դէպի ո՞ւր է նա վերակողմնորոշում Հայաստանը՝ ճիշդ այդպէս՝ դէպի այդ նոյն ագրեսիան իրականացնողները։ Թերեւս նա մտածում է որ եթէ մինչ այժմ հնարաւոր է եղել խաբել նման աճպարարութիւններով, ապա ինչո՞ւ չի կարելի նոյնպէս վարուել այսուհետեւ։ Ստացւում է որ Հայաստանի հետ թուրք-արեւմտեան սկսուող «փայլուն» գործակցութեան մէջ Հայաստանի համար նախատեսուած է կատարողի ու զիջողի դերը, իսկ իր գործակիցներին՝ պահանջողի ու ստացողի։ Պէտք է ընդունել, սակայն, որ մէկ հարցում յատկապէս Արեւմուտքն իսկապէս շօշափելի ու գործնական աջակցութիւն է ցուցաբերում Հայաստանի իշխանութեանը։ Խօսքը քաղաքական հովանաւորութեան մասին է, որը տարիներ շարունակ դրսեւորւում է Հայաստանի բռնապետական իշխանութեան խայտառակ գործունէութեան նկատմամբ, ինչի վերջին ցայտուն օրինակն էլ ակնյայտ աջակցութիւնն էր ընտրութիւններում։

Արեւմուտքը կարծես չնկատեց, որ այդ խայտառակ ընտրութիւններից յետոյ Փաշինեանը ոչ միայն խլեց խորհրդարան անցած ուժերից մէկի քուէները եւ արգելափակեց նրա մուտքը խորհրդարան, այլեւ բանտարկեց այդ ուժի ղեկավարին եւ առանց դատ ու դատաստանի պետականացրեց նրա մասնաւոր բիզնեսները։ Արեւմուտքը հաւանաբար չնկատեց, որ մինչ այդ նոյն ճակատագրին էր արժանացել նախընտրական պայքարի մասնակից միւս ուժի առաջնորդը, իսկ հետագայում այս շղթան ամբողջացաւ խորհրդարանական ընտրութիւններում շեմը յաղթահարած ընդդիմադիր երրորդ ուժի ղեկավարի ձերբակալութեամբ։

Պէտք է ենթադրել, որ Արեւմուտքն այս հարցերում ունի իր տրամաբանական պատճառները, օրինակ շատ ակնյայտ է, որ ի դէմս ձերբակալուած եւ սեփականազրկուած հայ խոշոր գործարարների, տեղի է ունենում Հայաստանի խոշոր բիզնեսի վերակողմնորոշում Ռուսաստանից դէպի Արեւմուտք, իմա Թուրքիա եւ Ադրբեջան։ Նկատենք, որ բարդ այս իրավիճակում չեն դադարում Նիկոլ Փաշինեանի համառ ճիգերը Ռուսաստանից խլելու Հայկական երկաթուղու կառավարման իրաւունքը եւ յանձնել այն թուրքական պետութեան։ Պատահական չեն ադրբեջանական արթնացած պահանջները Հայկական ատոմակայանի փակման վերաբերեալ, այն խոստմամբ, թէ իրենք Հայաստանին էլեկտրաէներգիա կը մատակարարեն։ Այստեղ իհարկէ տեղի է ունենում շահերի մէկ համընկնում եւս, առաջիկայ շրջանում Հայաստանին սպասուող դժուարին ժամանակների նախօրեակին Նիկոլ Փաշինեանը չեզոքացնում է հնարաւոր մրցակիցներին։

Վերջին շրջանում անընդհատ խօսելով տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին՝ իրականում Ք.Պ.-ական իշխանութիւնը Հայաստանը տանում է հիմնական կախման թուրքական տանդեմից, որի պարագայում անխուսափելի է քաղաքական կախումը: Եւ տեսնում ենք, որ բացայայտ եւ ոչ բացայայտ կերպով թուրքամետ իշխանութեան նոր գործընկերներն ամէն կերպ ոգեշնչում եւ պարտադրում են այս շրջադարձը: Իհարկէ միաժամանակ այնքան չարժեւորելով Հայաստանի իշխանութեանը, որ զանազան միջազգային ամբիոններից Հայաստանի հետ վերջնական խաղաղութեան հաստատման մասին ճառելով՝ նոյն ժամանակ շարունակում են աւելացնել ճնշումը Հայաստանին պարտադրուող զիջումների հարցում:

Սեպտեմբերը մեզ համար Հայաստանի եւ Արցախի անկախութեան հռչակման ամիսն է: Նորանկախութեան հռչակումից յետոյ Հայաստանը երբեք այսքան կախման մէջ, այսքան պարտուած եւ նսեմացած չի եղել արտաքին ուժերից, ինչպէս այժմ: Եթէ նախորդ իշխանութիւնների առաջնորդութեամբ եւ մեծ զոհողութիւնների գնով յաջողուել էր հող ազատագրել եւ Արցախի Հանրապետութիւնը հռչակել, ապա այս նոր իշխանութիւնը, խայտառակ պարտութիւն կրելով, ուղղակի յանձնեց Արցախը: Եւ նոյն ժամանակ ոչ մի իշխանութիւն այսքան ինքնագոհ չի եղել, չի ճամարտակել Հայաստանի աննախադէպ անկախ գոյավիճակի մասին եւ չի մեղադրել նախկիններին Հայաստանն օտարի ազդեցութեանը ենթարկելու մէջ: Թերեւս իշխանութիւնը հաշուարկ է անում ժողովրդի կարճ յիշողութեան վրայ, երբ ներկայացնում է, թէ մինչ իրենց տէրուտնօրինումը Արցախը թոկ էր Հայաստանի վզին, իսկ Հայաստանը գաղութային ենթակայության մեջ էր Ռուսաստանից: Երևի տեղին է յիշել այն միտքը, որ մարդկային լկտիութիւնը սահման չունի:

Հայաստանի իշխանութիւնների ողջ քաղաքականութիւնը հիմնուած է ստի ու կեղծիքի վրայ: Հաւանաբար նրանք հաշուարկ են անում, որ երկիրը սուզելով վախի մթնոլորտի մէջ, ձերբակալելով ու չէզոքացնելով ընդդիմութեանը, եւ Հայաստանի շահերը ծախելու ճանապարհով ապաւինելով արտաքին ուժերի աջակցութեանը՝ կը կարողանան ապահովել իրենց եր­կարակեցութիւնը: Իսկ գուցէ նրանք հիմքե՞ր ունեն այդպէս մտածելու: Եթէ ընդդիմադիր ալիքը պէտք է դրսեւորուի միայն խորհրդարանի պատերի ներսում, ապա կասկած չկայ, որ այս ուժը կը հասնի նաեւ յաջորդ ընտրութիւններին, եւ եւս մէկ անգամ կը զաւթի իշխանութիւնը: Առայժմ երկրի ընդդիմադիր ներուժը չի կարողացել ստիպել նրանց ազատօրէն չիրականացնելու այն ապօրինութիւնն ու սանձարձակութիւնը, որոնք վերջինիս գործելակերպն են արտաքին խրախուսիչ լռութեան եւ աջակցութեան պայմաններում:

Ներկայ պարագայում եւ, թերեւս, ցանկացած դէպքում, քաղաքական ուժի գլխաւոր խնդիրը ժողովրդի հետ կապն է եւ նրա հետ աշխատանքը։ Պէտք է արձանագրել, որ սա շատ լաւ ըմբռնում է Նիկոլ Փաշինեանը, եւ եթէ նա չլինէր Հայաստանի ամենաամբոխավար ղեկավարը, ոչ հնարաւորութիւն կ’ունենար բազմելու Հայաստանի գահին, ոչ էլ այսքան ժամանակ մնալու իր տեղում։ Յիշենք, որ Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրութիւններից առաջ, 8 տարի առաւօտից գիշեր լինելով հանրութեան աչքի առջեւ, նա դարձեալ ոտքով շրջեց ողջ Հայաստանով, յաճախ տհաճ ընդունելութեան արժանանալով փողոցներում ու հրապարակներում, լայն շփումներ ունեցաւ ժողովրդի հետ։

Թերեւս արժէ նշել, որ բալագանային թատրոնի վերածուած այսօրուայ խորհրդարանի գոյութիւնն էլ շատ ձեռնտու է նրան, որովհետեւ այդտեղ ոչ միայն իր, այսպէս կոչուած, լեգիտիմութիւնն է հաստատում, այլեւ մշտական բախումների ու լեզուակռուի արենայի վերածած խորհրդարանն աշխարհին մատուցում է որպէս իր հաստատած «ժողովրդավարութեան» առհաւատչեայ։ Խորհրդարանական այդ մթնոլորտում իր դրական ներկայութիւնն արդարացնելու համար ընդդիմութիւնը պէտք է անմիջական գործունէութեան հետ զուգակցի ժողովրդի, հասարակութեան տարբեր շերտերի հետ ամենօրեայ շփումները։ Մի բան, ինչի մասին, ի դէպ, ընդդիմութիւնը նաեւ յայտարարել էր մինչեւ նոր խորհրդարանի աշխատանքների սկսուելը։

Նման գործունէութիւնը, նախ եւ առաջ կը փաստի, որ ընդդիմութեան նախընտրական հանդիպումները միայն քուէ ձեռք բերելու համար չէին, այլ ժողովրդի կարծիքի հետ հաշուի նստելու, նրա ուժին հէնուելու, խորհրդարանում նրա ամենօրեայ հոգսերի մասին բարձրաձայնելու համար։

Ժողովրդի հետ մշտական եւ զուգահեռ աշխատանքը նաեւ կ’ուժեղացնի ընդդիմութեանը, վերջինիս դրսեւորման հնարաւորութիւնը դուրս բերելով խորհրդարանի նեղլիկ պատերից, տարածելով այն երկրով մէկ, եւ հետադարձ ուժով ժողովրդական տրամադրութիւններն ու պահանջները բերելով բարձրագոյն ներկայացուցչական մարմին։ Ընդ որում, այդ աշխատանքը պէտք է տարուի հանրութեան բոլոր շերտերի հետ, մանաւանդ որ մասնաւորապէս փաշինեանական խոստումներին ու սպառնալիքներին հաւատացած, արտաքին տարբեր ուժերի ուղղակի եւ անուղղակի քարոզչութեանը կուլ գնացած զանգուածներին մոլորութիւնից դուրս բերելու պարտականութիւնը ազգային ուժերինն է։ Ակնյայտ է, որ հէնց մոլորեցուած զանգուածների կեցուածքն է ապահովում Հայաստանը դէպի անդունդ հրող իշխանական հակահայ քաղաքականութեան հնարաւորութիւնը։ Իր հերթին հանրութեան հետ աշխատելը չի նշանակում միայն հրապարակային հանդիպումներ, այլ մատչելի, համբերատար ու ժամանակատար խօսակցութիւն տարբեր շերտերի, նրանց հոգսերի եւ պատասխանատուութիւնների շուրջ։

Միւս կողմից, արագօրէն ծաւալուող աշխարհաքաղաքական նոր զարգացումները յղի են անկանխատեսելի նոր իրողութիւնների ու կացութիւնների ձեւաւորմամբ: Ակնյայտ է մի բան՝ երբ ուժեղ չես եւ համապատասխան չափով պատրաստ չես՝ որեւէ նոր իրավիճակի դէպքում շահող չես կարող դառնալ: Իրենց պարտադրող իրողութիւններն այսօր պարտադրում են նաեւ ազգային ուժերի համապատասխան գործողութիւնները: Այս դէպքում կամ կը սանձես եւ քեզ կ’ենթարկեցնես ժամանակը կամ ժամանակի անիւները կ’անցնեն վրայովդ:

«Դրօշակ» թիւ 9 2026 թ.