Մայիսի 18-ին, Յունաստանում Հ.Հ. դեսպանութեան եւ «Quality Wines» հայկական խմիչքներ եւ զովացուցիչ ըմպելիքների ներկրող ընկերութեան կազմակերպմամբ, Աթէնքի Մարիոտ հիւրանոցային համալիրում տեղի ունեցաւ հայկական խմիչքների ներկայացման եւ համտեսման երեկոյ՝ ներառելով հայկական գինու, կոնեակի, գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի։
Երեկոյին ներկայ էին Յունաստանի գործադիր, օրէնսդիր մարմիների բարձրաստիճան պաշտօնեաներ,Յունաստանում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Յունաստանում գինեգործութեան ոլորտի մասնագէտներ, գործարարներ, գաստրոնոմիայի բնագաւառում մասնագիտացուած լրագրողներ եւ անհատներ:
Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ Յունաստանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Մկրտչեանը մասնաւորապէս նշելով, որ. «Մեր օրերում գինեգործութիւնը վերածնունդ է ապրում Հայաստանում։ Հայկական գինու առանձնայատկութիւնը պայմանաւորուած է Հայաստանում այդ մշակոյթի դարաւոր առկայութեամբ, բայց նաեւ այն հանգամանքի առկայութեամբ, ինչը ֆրանսիացիներն անուանում են terroir, այսինքն՝ բնական միջավայրի գործօնով: Բացի այդ, կարեւոր նշանակութիւն ունի սփիւռքահայ ներկայացուցիչների ակտիւ ներգրաւուածութիւնը Հայաստանում գինեգործութեան զարգացման գործում, այդ թւում՝ Հայաստանում միջազգային փորձի ներդրմամբ: Հպարտութեամբ կարող եմ արձանագրել, որ աշխարհի լաւագոյն գինեգործութեան վերաբերեալ ամսագրերը լի են մեր օրերում հայկական գինու մատուցած բարձր որակի իրական գնահատմամբ:» Դեսպանը, յղում անելով հին յունական աղբիւրներին եւ հնագիտական հետազօտութիւններին, նշեց, որ Հին Հայաստանում հազարամեակներ առաջ են առկայ եղել գինեգործութիւնը եւ գարեջրագործութիւնը:
Այնուհետեւ դեսպան Մկրտչեանը պատմական ակնարկ արեց հայկական լեգենդար կոնեակի պատմութեանը՝ ընդգծելով դրա միջազգային մեծ վարկանիշը եւ արձանագրած յաջողութիւնները:
Դեսպանը հիւրերի ուշադրութիւնը հրաւիրեց այն փաստի վրայ, որ «Quality Wines» ընկերութիւնը, չնայած բոլոր դժուարութիւններին եւ ժամանակակից մարտահրաւէրներին, մեծ ջանքեր է գործադրում որպէսզի հայկական լեգենդար Արարատ կոնեակը, 70 տարատեսակ հայկական գինու, գարեջրի, մրգային օղու, հանքային ջրի եւ հայկական քաղցրաւենիքի տեսականիներըը միշտ ներկայացուած լինի յունական եւ կիպրական շուկաներում՝ միաժամանակ ընդարձակելով ներկրուող տեսականին:
Խօսքով հանդէս եկաւ նաեւ «Quality Wines» ընկերութեան հիմնադիր տնօրէն՝ Դանիէլ Ապիկեանը, ներկայացնելով ընկերութեան 15 տարուայ գործունէութեան համառօտ նկարագիրը, հեռանկարները, ինչպէս նաեւ յատկանշեց նշեալ հայկական ապրանքատեսականիների որակն ու առանձնայատկութիւնը:
Երեկոն ընթացաւ ջազային երաժշտութեան ներքոյ` յունահայ տաղանդաշատ երգչուհի Նեւի Ցուկալայի կատարումներով:
(Թղթակցութիւնը Հ.Հ. դեսպանատունէն)