Կարմիր գծերի հատումն ու պատմական օրինաչափութիւնը
2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական եւ յետընտրական գործընթացները փաստեցին, որ Նիկոլ Փաշինեանը չի պատրաստւում օրինական ընտրութիւնների ճանապարհով երբեւէ իշխանութիւնը զիջել այլ քաղաքական ուժերի։ Հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում տեղի ունեցած համայնքային ընտրութիւնները մէկ անգամ եւս հաստատում են այս համոզումը։ Փաշինեանը, ինչպէս կենտրոնական իշխանութեան դէպքում, նոյնպէս եւ տեղական որեւէ համայնքում ընդդիմութեան յաղթելու հաւանականութիւնն հանրութեան գիտակցութիւնից վանելու համար, պատրաստ է
1) մշտական վախի մէջ պահել հասարակութեանը,
2) դիմել ցանկացած անօրինականութեան,
3) երկրի վարչական, ուժային եւ այլ ազդեցիկ համակարգերն ամբողջովին ծառայեցնել իր նպատակին,
4) զանգուածաբար վարկաբեկել, հետապնդել ու կալանաւորել ընդդիմադիր ազդեցիկ գործիչներին,
5) արտաքին շահագրգիռ ուժերի հետ Հայաստանի հաշուին գնալ քաղաքական գործարքների՝ վերջիններիս գործնական աջակցութիւնը ստանալու համար եւ այլն։
Համապետական ընտրութիւններից յետոյ Փաշինեանը խորհրդարանում յապշտապ կերպով օրէնք անցկացրեց, որի միջոցով, յատկապէս Ռուսաստանում, արտագնայ աշխատանքով ընտանիքների հանապազօրեայ հացը վաստակող տասնեակ հազարաւոր հայաստանցիների զրկեց ընտրութիւններին մասնակցելու հնարաւորութիւնից, խորհրդարանական մանդատները խլելուց յետոյ շինծու մեղադրանքով կալանաւորեց ընդդիմադիր երրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկեանին, որից յետոյ արդէն չորրորդ անգամ կալանաւորեց խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Ռոբերտ Քոչարեանին եւ, հաւանաբար որպէսզի ճնշումն իր նպատակին հասնի, այս անգամ կալանաւորեց նաեւ երկրորդ նախագահի աւագ որդուն։ Խորհրդարանական ընտրութիւնների շրջանում ձեռնարկած ապօրինութիւնները կրկնուեցին նաեւ հոկտեմբերի 25-ի համայնքային ընտրութիւններում։
Ձերբակալութիւնները շարունակուեցին ընդհուպ մինչեւ ընտրութիւնների օրը՝ թիրախ ընտրելով համայնքապետի, ինչպէս եւ աւագանու մօտ երկու տասնեակ թեկնածուների։
Փաշինեանը որքան աւելի խոցելի է դառնում իր քաղաքական գործունէութեան ձախողման եւ փակուղում խճճուելու առումով, այնքան դառնում է դիւրագրգիռ քննադատութեան հանդէպ եւ աւելացնում է հետապնդումներն ու քաղաքական բանտարկեալների թիւը։ Բոլոր թուարկած քայլերն ու գործողութիւնները վկայում են այն մասին, որ Փաշինեանի քաղաքական կացութիւնը նմանուել է թակարդում յայտնուած այն կենդանու վիճակին, որը որքան աւելի ջղաձիգ ջանքեր է գործադրում ստեղծուած իրավիճակից դուրս պրծնելու համար, այնքան աւելի է խճճւում թակարդում։ Վերջերս Փաշինեանը յայտարարեց, թէ սահմանադրական հանրաքուէի անցկացմանը եթէ ընդդիմութիւնը չմիանայ, ինքը կարող է նոր ընտրութիւններ անցկացնել։
Ի՞նչ է սա, սպառնալի՞ք խորհրդարանական ուժերին, շանտա՞ժ՝ ուղղուած միանգամից եւ՛ ընդդիմութեանը, եւ՛ ժողովրդին, եւ՛ Նիկոլի կոկորդին չոքած արտաքին ուժերին։
Մէկ բան ակնյայտ է՝ այսօր գլխաւոր պահանջատէրը, որի ճնշումից Հայաստանի վայ ղեկավարը չի կարողանում խուսանաւել, Ադրբեջանն է՝ Թուրքիայի աջակցութեամբ։ Սրան հակառակ՝ ընտրութիւններից առաւել թուլացած Փաշինեանի մօտ մեծացել է վախը ժողովրդական ընդվզումից, իսկ միւս կողմից՝ նա գտնւում է երկու քարի արանքում, որոնցից մէկը ազգային շահերը պաշտպանելու մարտահրաւէրն է, միւսը՝ ազգային շահերի հաշուին սեփական մորթը փրկելու ցանկութիւնը։
Նիկոլն իր թիմի հետ լծուած է սոցիալ-տնտեսական եւ անլուծելի այլ բարդութիւնների հեռանկարի շեմին հասարակութեան գլխի տակ փափուկ բարձ դնելու գործին, շատ լաւ հասկանալով, որ ողջ կեղծիքը մօտակայ ժամանակներում հօդս է ցնդելու օճառի պղպջակի պէս։ Միաժամանակ նա փորձում է երկարաձգել Ադրբեջանին ու Թուրքիային, Ռուսաստանին ու Եւրոպային, ԱՄՆ-ին ու Իրանին տուած իր հաւաստիացումների իրականացումը՝ վերջիններիս շահերի հետ հաշուի նստելու, իսկ որոշների առջեւ էլ պարտաւորութիւնները կատարելու հարցերում։ Ընդ որում, ընտրական գործընթացներում ամէն տեսակի անօրինականութիւն գործած Փաշինեանը յոյս ունէր, թէ Եւրոպան իրեն թիկունք կը լինի եւ՛ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների, եւ՛ նոր շուկաների տրամադրման, եւ՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման, եւ՛ սոցիալական անկանխատեսելի հեռանկարի շեմին նիւթական շօշափելի աջակցութեան, եւ՛ ծառացած միւս բարդ խնդիրներում։
Այնինչ եւրոպական մեծ-մեծ խոստումները մնացին խոստումների մակարդակում, թէեւ պէտք է ընդունել, որ այսօրուայ համաեւրոպական նոմենկլատուրային վերնախաւն ինքը նախանձելի վիճակում չէ եւ գալիք տարում զբաղուած է լինելու սեփական քաղաքական ինքնապահպանման հոգսը հոգալով։ Այս մարդիկ փաստացի Ուկրաինայի կողմից դարձան պատերազմի մասնակից եւ այսօր կանգնած են սեփական պարտութիւնն ընդունելու խայտառակութեան առջեւ, երբ նրանց համար անգամ տեղ չի նախատեսուել բանակցութիւնների սեղանի մօտ։
Եւրոպայի իրական տէրերը զզուել են իրենց խորացող հոգսերի հաշուին Ուկրաինայի հոգսերը հոգալու ղեկավարութիւնների ձախող քաղաքականութիւնից, իսկ աւելի եռանդուն ու ըմբոստ շերտերը փոթորկել են հրապարակները՝ լրջօրէն ցնցելով վերեւում նստածների աթոռները։
2027 թուականին անխուսափելի է թւում եւրոպական քաղաքական էլիտայի դիմապատկերի լուրջ փոփոխութիւնը, ինչը կարող է որբութեան մատնել Զելենսկու եւ Փաշինեանի նման լիբերալ գլոբալիզմի հորձանքին յանձնուած բախտախնդիրներին։
Փաշինեանի վերը նկարագրուած քայլերը փաստում են, որ անլոյս թունելում յայտնուած ղեկավարը, խախտելով օրինականութեան եւ մնացած բոլոր կարմիր գծերը, գնում է վա բանկ՝ թերեւս համոզուած լինելով, որ ութամեայ անփառունակ գործունէութեան համար արդէն իսկ իրեն սպառնում է երկրի քրեական օրէնսգրքով սահմանուած ամենաբարձր պատժաչափը։ Ամէն գնով երկրի բոլոր լծակները ձեռքում պահելու ճիգը, պոտենցիալ բոլոր մրցակիցներին չէզոքացնելու քայլերը հենց այս տագնապալի հեռանկարի հետեւանքն են։
Հասկանալով, որ իր աթոռի ամենափոքր տատանման դէպքում անսկզբունք ու անհայրենիք թիմը ցրիւ է գալու, նա շարունակում է, երբեմն եւ գաղտնի հրամաններով, հսկայական պարգեւատրում-կաշառքներ բաժանել պետական նոմենկլատուրային։ Որքան էլ որ վարչական լծակների, բազմազան զեղծարարութիւնների ու ակնյայտ օրէնսխախտումների ճանապարհով Փաշինեանին յաջողւում է տպաւորութիւն ստեղծել, թէ վայելում է ժողովրդի մեծամասնութեան համակրանքը, հանրային պարզ շփումների ընթացքում զգում է այն կուտակուած ատելութեան էներգիան, որը իւրաքանչիւր պահի եւ ամենաանսպասելի ձեւով կարող է պայթել եւ լավայի պէս հրապարակները հեղեղել շիկացած զանգուածներով։
Մարդը, ով միայնակ դուրս եկաւ յեղափոխութիւն անելու եւ նրա վճռականութիւնը ձնագնդի պէս իր մէջ ներառեց երկրում կուտակուած դժգոհութեան էներգիան, ի տարբերութիւն ընդդիմութեան, շատ լաւ է հասկանում, որ հեղաշրջում անելու համար պէտք չէ սպասել, թէ երկրի 3 մլն քաղաքացիները երբ դուրս կը գան փողոց։ Որպէս օրինակ յիշենք, թէ ինչպէս, այսպէս կոչուած, Նիկոլի թաւշեայ յեղափոխութեան պիկին Հանրապետութեան հրապարակում հաւաքուած մարդկանց թիւը ներկայացուեց 150.000։
2026 թուականին Նիկոլի նախընտրական վերջին հանրահաւաքում նոյն վայրում նոյն չափով խմբուած մարդկանց թիւը պաշտօնապէս ներկայացուեց 30-40.000։
1988-1990 թուականներին Ազատութեան հրապարակը տեղաւորում էր 15-20.000 մարդու, իսկ երբ կրիտիկական օրերին հեղեղւում էին շրջակայ փողոցներն ու Կարապի լճի ափերը, այդ թիւը չէր գերազանցում 40-50.000-ը։ Կարելի է աւելորդ համարել այս մանրամասների մէջ խորանալը, սակայն դրանք ներկայացւում են փաստելու համար, որ համաժողովրդական զանգուածային միջոցառումների դէպքում մինչեւ հանրութեան 3-5 տոկոսն ընդգրկող կրիտիկական զանգուածի գումարուելը նշանակում է, որ այն լծակի պէս ունակ է ապահովելու հսկայական զանգուածների մտաւոր ու ֆիզիկական ակտիվացումը։
Նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ այդ կրիտիկական զանգուածից կարողացել են օգտուել այս երկրի երկու մեծ ամբոխավարները՝ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Նիկոլ Փաշինեանը։ Եւ այս փորձն իր մաշկի վրայ զգացած Փաշինեանը հասկանում է, որ երբ յեղափոխական իրավիճակը հասունանում է, միշտ էլ կը գտնուեն այն գլխաւորող գործնական ու վճռական մարդիկ։ Հասկանում է նաեւ, որ երբ հասարակութիւնը պատրաստ է, ժողովրդական հրաբուխը կարող է ժայթքել ամենաանսպասելի ժամանակ։
Օրինակ, 2017 թուականի խորհրդարանական ընտրութիւններում «Քաղաքացիական պայմանագիրը» «Ելք» դաշինքի կազմում, ոչ առանց աջակցութեան, հաւաքել է համեստ 7,78% ձայն՝ առաջատար «Հանրապետական» կուսակցութեան 49.08%-ի դիմաց։ Այնինչ, մէկ տարի անց այս իրավիճակը պէտք է գլխիվայր շուռ գար եւ շարունակուէր ցայսօր։
Նիկոլ Փաշինեանն իր խայտառակ կառավարման ընթացքում ո՛չ վարչական եւ ո՛չ էլ քաղաքական առումով չհասունացաւ երկիր ղեկավարողի մակարդակի, բայց նա վերածուեց մի քաղաքական կենդանու, որը բնազդով ու հոտառութեամբ զգում է մթնոլորտի փոփոխութիւնը, կրունկները խուտուտ տուող ալեկոծութեան հասունացումը։
Այդ պատճառով էլ նա այսօր վերածուել է յանուն անձնական ինքնապահպանութեան ամէն ինչ զոհաբերելու պատրաստ դաժան եւ անսանձ բռնապետի եւ անում է այն, ինչի ականատեսն ենք։ Բոլորից լաւ նա գիտի իր առջեւ ծառացած անլուծելի խնդիրները եւ, ինչպէս բոլոր իր նմաններն իրենից առաջ, փորձում է շրջանցել պատմական օրինաչափութիւնը՝ յոյս տածելով, թէ իր պարագայում այդ օրինաչափութիւնը չի գործի։
«Դրօշակ» թիւ 10, 2026 թ.










