1918-1920. Կրակի միջից՝ յաղթանակ եւ զար թօնք
Մշակութային կեանքը՝ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում
ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ — ՏԱՄԱՏԵԱՆ
«….Ճակատամարտը շահուած էր, Հայաստանը՝ փրկուած. շղթաները ոտքի ելան եւ «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնուեցին, որովհետեւ նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի եւ թիկունքի վրայ։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրաւորներին ու սպանուածներին»։
Ալեքսանդր Շնէուր
Ոտքի էր կանգնել ողջ հայ ժողովուրդը՝ միասնականութեամբ կերտելու ազգի փառապանծ էջերից կարեւորագոյնը…
Ուրախութիւն ու ցնծութիւ՜ն…
Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմութեան դարագլխում ո՛չ միայն հպարտութեան առիթ, այլեւ ապրելու եւ յարատեւելու իրաւունքի արդար նուաճում էր՝ յաղթանակ։
1918 թուականը՝ մի նոր արշալոյս հայ ժողովրդի դարաւոր պատմութեան մէջ, երբ Սարդարապատի ոգեշնչող յաղթանակից յետոյ հիմնադրուեց Հայաստանի առաջին հանրապետութիւնը։ Այն մեր ժողովրդի եւ նրա քաղաքական ուժերի կամքի շնորհիւ ստեղծուած եւ հայ ազգի յետագայ պետականութեան կերտման համար վիթխարի դեր ունեցող իրողութիւնն էր։ Իր ճակատագրին տէր կանգնեց ցեղասպանութեան ենթարկուած մի ժողովուրդ՝ լինել միշտ միասնական ամենածանր պահերին սկզբունքով։ Մի խորհուրդ, որ սրբազան պատգամ է սերունդների համար, գերագոյն արժէք՝ հայրենիքին անմնացորդ նուիրուելու եւ ծառայելու, ամուր հաւատ ունենալու սեփական ուժերի հանդէպ։
Իր հայրենիքը վերագտել էր պատմական մի ազգ, որ կրծքի տակ անհանգիստ զարկերով ամէն օր կերտում է ազգային մշակոյթ եւ արժեհամակարգ։
Թէեւ կարճատեւ, բայց էական ընթացքով Հայաստանի առաջին Հանրապետութիւնում ձեւաւորուեց եւ աճ ապրեց նաեւ մշակութային կեանքը։ Զարգացման համար խիստ անբարենպաստ պայմաններում անգամ (սով, համաճարակ) Հայաստանի ղեկավարութիւնը հետեւողական քայլեր ձեռնարկեց կրթական, մշակութային քաղաքականութիւն ձեւաւորելու եւ հայ արուեստը զարգացնելու նպատակով։ Իսկ մինչեւ 1918 թուականը, ազգային մշակոյթի կենտրոններից էին Թիֆլիսը, Բաքուն, Մոսկուան, Կ. Պոլիս, ինչպէս նաեւ՝ Հնդկաստան, Ղրիմ եւ այլ հայաշատ գաղութներ։
Մշակութային կեանքի վերելքի համար ազգային անկախ պետականութեան վերականգնման օրերին կարեւոր գործօն հանդիսացաւ յատկապէս հայ ժողովրդի խանդավառութիւնը, լաւատեսական սպասումները, հայրենիքին եւ ազգին ծառայելու անկեղծ ցանկութիւնը։
Հայաստանի նորաստեղծ անկախ կառավարութիւնը ծանր պայմաններ էր դիմագրաւում. շուտափոյթ լուծում էր պահանջում իր գոյութեան առաջին իսկ օրերից երկրի առջեւ ծառացած քաղաքական, սոցիալ-տնտեսական բազմաբնոյթ խնդիրներին։ Եւ այնուամենայնիւ՝ ձեռնամուխ եղաւ կրթութեան ու մշակոյթի ազգային պետական գործընթացի իրականացմանը։
1919-1920 թուականներին ահա, քայլեր ձեռնարկուեցին եւ վերականգնուեց նախկինում գործող կրթական համակարգը, ապա պետականցուեցին եւ ազգայնացուեցին եկեղեցական եւ ծխական դպրոցները։ Յաջորդաբար հրապարակուեցին դասագրքեր, կազմակերպուեցին մանկավարժական դասընթացներ։ Հայ իրականութեան մէջ հիմք դրուեց մանկավարժական թեքումով առաջին միջնակարգ մասնագիտական հաստատութեանը՝ ուսուցչական ուսումնարանին։ Թէեւ առկայ էին նիւթական խնդիրներ՝ այնուհանդերձ հայ մանկավարժները, հայ ուսուցիչը այդ դժուարին կացութեան օրերին ժողովրդի առաջին խորհրդատուն ու պաշտպանն էր։ Նրանց շնորհիւ կազմակերպւում էին բազմաբնոյթ մշակութային միջոցառումներ՝ կարեւոր դեր խաղալով հասարակական ու քաղաքական կեանքում։ Յաջորդիւ, 1919թ.ի Մայիսին, մայր հայրենիքում պատմական կարեւոր մի փաստաթուղթ ստորագրուեց՝ Երեւանի պետական համալսարանի հիմնադրման մասին որոշումը. նորանկախ Հայաստանում սկիզբ դրուեց բարձրագոյն կրթութեանը։ 1920ի Յունուարին Ալեքսանդրապոլում բացուեց Հայաստանի համալսարանը՝ 262 ուսանող, 32 դասախօս, մէկ՝ պատմալեզուաբանական բաժնով։ Յաջորդ կիսամեակին արդէն այն տեղափոխուեց Երեւան՝ Աստաֆեան (Աբովեան) փողոց եւ վերանուանուեց՝ Երեւանի ժողովրդական համալսարան։ Աւելի ուշ, «Մայր բուհ»ի կարգավիճակ ստանալով, անուանուեց Երեւանի պետական համալսարան։ Դատախօսում էին արտասահմանում կրթութիւն ստացած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող անուանի մասնագէտներ՝ Մանուկ Աբեղեանը, Աշխարհբեկ Քալանթարը, Յակոբ Մանանդեանը, Ստեփան Մալխասեանցը, Գարեգին Եպիսկոպոս Յովսէփեանը եւ ուրիշներ։
Կառավարութեան եւ նախարարութիւնների ջանքերով 1919-1920 թուականներին Հանրապետութեան տարբեր քաղաքներում եւս հիմնուեցին ուսումնական հաստատութիւններ։ Ինչպէս նաեւ, չափահաս բնակչութեան կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով, կազմակերպուեցին ժողովրդական համալսարաններ՝ գրաճանաչութիւն եւ գրագիտակական դասընթացներով։ Յատկապէս նշանակալի իրադարձութիւն էր այդ տարիներին՝ Հայերէնը, որպէս պետական լեզու ճանաչելու որոշման ընդունումը։
Յաջորդապէս, վերականգնուեց գրադարանային ցանցի կազմակերպումը, եւ սկսեցին գործել գրարարան-ընթերցարաններ՝ հիմք հանդիսանալով Ազգային պետական գրադարանի հիմնմանը յետագայում։ Պետական միջոցների եւ համայն հայութեան նուիրատուութիւնների շնորհիւ համալրուեց ազգային գրադարանի գրքային հաւաքածուն, ապա առաջընթաց ապրեց գրահրատարակչութիւնը՝ շուրջ երկու տասնեակ գրքերի տպագրութեամբ։ Ստեղծուեց Հայ գրական ընկերութիւն՝ իր շուրջ համախմբելով գրողների, երիտասարդ նորայայտ տաղանդների՝ նպատակ հետապնդելով աշխուժացնել գրական, ստեղծագործական կեանքը։
Պարբերական մամուլը նոյնպէս ծաղկում ապրեց առաջին հանրապետութեան տարիներին. լրագրական ու ստեղծագործական կեանքը բուռն ընթացք ստացաւ հասարակական-քաղաքական կեանքին զուգընթաց։ Երեւանում լոյս տեսաւ մօտ 60 անուն պարբերական։ Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Գորիսում, Կարսում նոյնպէս նորանոր թերթեր լոյս ընծայուեցին՝ պաշտօնական, կուսակցական եւ անկախ-անկուսակցական։
Մայր հայրենիքում առաջին հանրապետութեան օրօք ազգային մշակոյթի եւ կրթութեան զարգացման նպատակով կատարուած աշխատանքները հիմք հանդիսացան յետագայ տարիների գործունէութեանը՝ Հայոց պատմութեան յաջորդ փուլերում։
Ազգային պետական թանգարան, ազգային պատկերասրահ հիմնելու աշխատանքներ եւս տարուեցին՝ համագործակցութեամբ Հայ ազգագրական ընկերութիւնների, որոնք թանկարժէք հաւաքածուներ էին նուիրում հիմնադրուելիք մշակութային հաստատութիւննրին։
Մեծ խանդավառութեամբ, 1919 թուականի Մայիսին, Առաջին Հանրապետութեան տարեդարձի առիթով, Թիֆլիսում հիմնադրուած հայ արուեստագէտների միութեան կազմակերպութեամբ Երեւանում տեղի ունեցաւ հայ նկարիչների ցուցահանդէս։ Ներկայացուեց շուրջ 260 աշխատանք, այդ թւում՝ Վահրամ Գայֆեճեանի, Փանօս Թերլեմեզեանի, Սարգիս Խաչատուրեանի, Յակոբ Կոջոյեանի, Մարտիրոս Սարեանի եւ այլոց ստեղծագործութիւնները։
Հայաստանի կառավարութիւնը մտահոգուած էր եւ քայլեր էր ձեռնարկում ազգային արուեստը խրախուսելու, կարիքաւոր հայ նկարիչներին ու քանդակագործներին օժանդակելու հարցում։ Պետական թանգարան հիմնելու նպատակներից մէկն էլ այդ երեւանեան պատկերահանդէսից կառավարութեան կողմից գնուած ցուցանմուշները այնտեղ ամփոփելու անհրաժեշտութիւնն էր՝ ազգային կերպարուեստի գանձերը զետեղելու մէկ հարկի տակ։
1920ին հիմնուեց հնութիւնների պահպանութեան կոմիտէն՝ Հանրապետութեան տարածքում պատմական յուշարձանների պահպանութիւնը կազմակերպելու նպատակով, որի ընթացքում կատարուեցին հնադարանների ստեղծման, պատմամշակութային յուշարձանների ուսումնասիրման, գիտական աշխատանքներ։
Արտերկրի արուեստագէտների հետ շփման, ինչպէս նաեւ օտար երկրներում ստեղծագործող հայ մտաւորականութեանը հայրենիքի հետ միաւորելու նպատակով իրականացւում էին նաեւ հիւրախաղեր։
Ապա կազմակերպուեցին խմբավարական եւ դերասանական դասընթացներ։ Այս ընթացքում նոր շնչով ձեւաւորուող Հայաստանի թատերական կեանքում մեծ դեր ունեցաւ ականաւոր դերասան եւ հայ բեմի վարպետ Յովհաննէս Զարիֆեանը. «Որպէս Երեւանի թատերական կեանքը կազմակերպող առաքեալ» բնութագրեցին նրան՝ 1918–1920ին։
Նրա գործունէութեան շնորհիւ մեկնարկեցին ներկայացումներ Երեւանի Ջանփոլադեանների թատրոնում (1918)՝ իր իսկ ղեկավարութեամբ՝ Աւետիս Ահարոնեանի «Արցունքի հովիտը», Ալեքսանդր Դիւմայ-աւագի «Քինը», Գերհարդ Հաուպտմանի «Էլգան» եւ մի շարք այլ ներկայացումներով: Թատերախումբը 1920ին հանդէս եկաւ Ալեքսանդրապոլում (Գիւմրի)՝ ընդլայնելով խաղացանկը հայ եւ օտարազգի հեղինակների թատերգութիւններով՝ Ուիլեամ Շեքսպիրի «Օթելլոյ», «Լիր արքայ», «Համլէտ», Հենրիկ Սենկեւիչի «Հո՞յ երթաս», Կարլ Գուցկովի «Ուրիէլ Ակօստայ», Լեւոն Շանթի «Հին աստուածներ», Լեռ Կ’ամսարի «Կասկածի պտուղը», Ալեքսանդր Շիրվանզադէի «Պատուի համար» եւ այլ։
Երեւանում բացուեցին այլ՝ դրամատիկական դասընթացների աշխատանոցներ եւս, որտեղ դասաւանդում էին գրող Վրթանես Փափազեանը, դերասան Վարդան Միրզոյեանը, գրականագէտ եւ արուեստի քննադատ Գարեգին Լեւոնեանը եւ այլք։
1919ին նշանաւոր դերասան եւ բեմադրիչ Օւի Սեւումեանը
Հայաստանում մշտական պետական թատրոն հիմնելու դիմում է ներկայացնում Հանրապետութեան լուսաւորութեան եւ արուեստի նախարար Նիկոլ Աղբալեանին՝ այդօրինակ թատրոն ստեղծելու առաջարկութեամբ, սակայն 1920ին նրա անժամանակ մահը խաթարում է այս կարեւոր նախաձեռնութիւնը։
Հանրապետութիւնում երաժշտական մշակոյթային կեանքը նոյնպէս դժուարին պայմաններում էր. Ռուսաստանից, Վրաստանից եւ արտերկրից հիւրախաղերով ժամանած խումբերի ելոյթներով էր պայմանաւորուած մայրաքաղաքի մշակութային աշխուժութիւնը։ Կարիք կար հիմնելու երաժշտական դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ նուագախումբ։ Եւ ահա այս ընթացքում շօշափելի դեր խաղաց անուանի երգահան Սարգիս Բարխուդարեանը՝ երբ 1919ին նա ստեղծեց Երեւանի քառաձայն երգեցիկ խումբը, ապա համերգներով հանդէս եկաւ Երեւանում եւ յարակից շրջաններում։ Նա նաեւ ձեռնամուխ է լինում մայրաքաղաքում բարձրագոյն երաժշտական կրթարան (կոնսերվատորիա) հիմնելու նախաձեռնութեանը. դիմում է ներկայացնում եւ կառավարութեան որոշմամբ կ‘ոնսերվատորիային շէնք է յատկացւում, հաստատւում է կանոնադրութիւնը, սակայն որոշ պատճառներով նախագիծը մնում է անաւարտ:
Ճարտարապետութեան զարգացմանը հայրենիքում զարկ տալու նպատակով՝ հայ ժամանակակից ճարտարապետութեան հիմնադիր Ալեքսանդր Թամանեանը հիմնում է Գլխաւոր ճարտարապետի վարչութիւն եւ ծաւալում կարճատեւ գործունէութիւն 1919ի Հոկտեմբերից մինչեւ 1921ի Ապրիլը։ Այդ ժամանակահատուածում նա Երեւանի վերակառուցման եւ զարգացման գլխաւոր յատակագծի վրայ է աշխատել, հիմնել եւ ղեկավարել է Հնութիւնների պահպանութեան կոմիտէն եւ մշակել է Հայաստանի զինանշանը։ Ապա բոլշեւիկեան բռնապետութեան եւ հայ մտաւորականութեան համատարած ձերբակալութեան օրերին, նոյն ճակատագրին չարժանանալու մտահոգութեամբ մեկնել է Պարսկաստան։ Յետագայում, Խորհրդային Հայաստանի կառավարութեան հրաւէրով նա վերադարձել է եւ շարունակել իր գործունէութիւնը Երեւանում՝ մինչ ի մահ։
Հայաստանի առաջին Հանրապետութեան պետական խորհրդանիշները՝ դրօշ, զինանշան, դրամանիշներ եւ դրոշմապիտակներ մշակել եւ նախագծել են հայ արուեստագէտները՝ Ա. Թամանեանը, Հ. Կոջոյան, Արշակ Ֆեթուաճեանը, Մարտիրոս Սարեան։ Օրներգը՝ Միքայէլ Նալբանդեան (խօսքերի հեղինակ), Բարսեղ Կանաչեան (երաժշտութիւն):
Մեծ շուքով է նշուել նաեւ Առաջին Հանրապետութեան տարեդարձը Հայաստանի բոլոր քաղաքներում եւ յատկապէս արտակարգ շքեղ՝ Երեւանում: Քաղաքի ձեւաւորման աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Ա. Թամանեանը. յարդարման համար օգտագործուել են գորգեր, ծաղիկներ, ծաղկեճիւղեր, տօնական յաղթակամար՝ Աստաֆեան (այժմ՝ Աբովեան) փողոցում. «Խորհրդարանը, գիմնազիայի նոր շէնքը, քաղաքապետարանը, պետական հիմնարկութիւններն ու մասնաւոր տները թաղուած էին ծառերի ոստերի ու ծաղիկների, գորգերի ու դրօշակների մէջ»,- Սիմոն Վրացեանի յուշերից: Հանդիսաւոր շքերթին մասնակցել է քաղաքի բնակչութիւնը, որոնք կրել են իրենց դասը խորհրդանշող գոյնզգոյն դրօշներ: Մայրաքաղաքում տիրող ոգեւորութիւնը աւարտուել է կէս գիշերին՝ գունագեղ հրավառութեամբ:
Հայաստանում Առաջին Հանրապետութեան երկուսուկէս տարիների ընթացքում ազգային պետականութիւնը վերածնունդ ապրեց։ Մշակութային կեանքը ծաղկեց ու հաստատուն քայլերով հիմնաւորուեց, որի բնականոն զարգացումը պայմանաւորուած էր ազգային պետականութեան համեմատաբար յարատեւ գոյութեան պայմաններում: Այնուամենայնիւ, այն կորիզ հանդիսացաւ եւ վերելք ապրելու հնարաւորութիւն տուեց խորհրդային տարիներին։
Այսօր՝ Հայաստանի երկրորդ անկախ հանրապետութիւնը, շարունակում է ապրել 1918-1920 թուականներին Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան տարիներին հիմք դրուած՝ ի՛ր զարթօնքը: