ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Պարէտ Մարոնեան անունը ծանօթ է ոչ միայն հայ հասարակութեան, այլ մօտ 50 միլիոն PBS, Direct TV, Dish Network հեռուստադիտողների, նաեւ աշխարհի տարբեր երկրների համալսարանների, թանգարանների, գիտաժողովների մասնակիցներին` 2014ին արտադրած «Ցեղասպանութեան որբերը» փաստավաւերագրական իր ժապաւէնով: Այն թարգմանուել է հինգ լեզուներով եւ շարունակում է ցուցադրուել, Հայոց Ցեղասպանութեան անառարկելի փաստը հարիւր հազարաւոր հայ որբերի միջոցով լսելի դարձնելով աշխարհին:
Մեզնից իւրաքանչիւրը անշուշտ ծնւում է տարբեր առաքելութեամբ, եւ քչերին է յաջողւում իրականացնել ի վերուստ տրուածը: Աւելի յաճախ անձը կուլ է գնում իր դէմ ելած խոչընդոտներին եւ շեղւում իր մղումից: Սակայն` ոչ՛ Պարէտ Մարոնեանի տարողութէան տէր ստեղծագործողը, որը մինչեւ օրս յաղթահարելով իր դէմ կանգնած ե՛ւ նիւթական, ե՛ւ հասարակական ամէն դժուարութիւն` շարունակում է հարազատ մնալ իր ընտրած առաքելութեանը:
Պարէտ Մարոնեանը ծնուած ու մեծցած լինելով Լիբանան, Արեւմտահայաստանի բռնագրաւուած տարածքներից գաղթած հայ համայնքի անմիջական կենտրոնում, բնականաբար իրեն շրջապատող միջավայրից իր արեան մէջ ներծծել էր Ցեղասպանութեան երթարկուած եւ մազապուրծ փրկուածների ապրած ողբերգութիւնը, եւ ներքին մի պահանջ նրան մղել էր դառնալու լռութեան մատնուած նրանց ապրածի անմիջական խօսնակն ու այն մատուցողը:
Իր բնածին տաղանդը մղել է նրան իր խօսքը նաեւ տեսանելի ու լսելի դարձնելու, եւ որ ամենակարեւորն է` անառարկելի փաստերով այդ ամէնը հրամցնել այդ ողբերգութեան դէմ աչք փակող աշխարհին: Վստահ եմ՝ նա անծանօթ էր վայրենացած աշխարհի շահամոլ քաղաքականութեան եւ անտեղեակ, թէ ի՛նչ պատնէշների է հանդիպելու իր ժողովրդի դէմ կատարուած ոճրի իրական տարողութիւնը բացայայտելիս: Սակայն իր արեան մէջ վանեցու հետեւողականութիւնը յամառօրէն պարտադրում է հասնել իր մղումին: Մարոնեանին ոչ միայն յաջողուել է, այլ աւելիով` գեր-յաջողուել է: Օրէ օր, առանց վհատուելու, խրուելով աշխարհի տարբեր արխիւներում խորը թաղուած, լռութեան մատնուած, մինչեւ իսկ մեր երկրից անտեսուած վկայութիւնների անհաշուելի էջերի մէջ, ականաւոր մարդկանց փոշեծածկ յուշագրութիւնների, լուսանկարների միջոցով, նոր հարցադրումների պարզաբանումով, կրկին ու կրկին, առանց վհատուելու նա հաստատում է աշխարհին հայերի դէմ կատարուած անպարագրելի ոճիրը:
Լինելով վաւերագրական ժապաւէնների տասնեակից աւել հեղինակաւոր մրցանակների` 4 անգամ ամերիկեան Էմմի մրցանակ, Արմին Թ. Վեկնըր մարդասիրական, Թորոնթոյի Նռան շարժապատկերի փառատօնի, Լաւագոյն փաստավաւերական շարժապատկերի եւ մի շարք այլ անուանի փառատօների մրցանակների արժանաւոր կրողը` Մարոնեանը շարունակում է արուեստի բարձր որակով, մանրակրկիտ ուսումնասիրուած նոր փաստերով, միայնակ աշխարհին ներկայացնել մեր Ցեղասպանութեան մանրամասները:
Արուեստագէտի իր սուր բնազդով «Ցեղասպանութեան որբերը» հիասքանչ վաւերագրական ժապաւէնից անմիջապէս յետոյ (որի մասին անդրադարձել եմ 2014թ. Փետրուար 25ի «Ասպարէզ»ում, «Ազդակ»ում, «Ազատ Օր»ում), ստեղծում է, կարծես դրա շարունակութիւնը կազմող, դրան լրացնող եւ նաեւ նոր հարցադրումներ պարզող «1915թ. կանայք» փաստավաւերագրական իր նոր ժապաւէնը, որն իրապէս նախորդի շարունակութիւնը պիտի համարել իր խորքով, իրադարձութիւններով, բացայայտուող փաստերով, իր ասելիքով: Ի վերջոյ, մեր միլիոնաւոր կոտորուածներից ողջ մնացած մի բուռ հայութեան փրկութեամբ, պարտական ենք մարդկային ներքին ուժի եւ ազգի խորհուրդը ամբողջացնող այն աննկարագրելի էակներին, որոնց նա անուանել է «1915թ. կանայք»: Կոչումով հերոսներ չեն նրանք, բայց նրանցից իւրաքանչիւրը մի խօսուն առասպել է, հայ թէ օտար, ովքեր արիւնլուայ, մերկ ու բոպիկ, հազարաւոր մղոններ կտրելով, փախել, փրկուել են արիւնալի կոտորածից: Ոմանք էլ բոլորովին օտար, առանց ճանաչելու կոտորուող մի թշուառ ժողովրդի, իրենց ապահով կեանքը լքելով, վտանգելով իրենց ներկան եւ նոյնիսկ զոհուելով, ինքնակամ նետուել են արիւնալի սպանդի մէջ` փրկութեան ձեռք մեկնելով մեր անօգնական ազգին:
Թէեւ բազմաթիւ գրքեր ու գրութիւններ, ուսումնասիրութիւններ գնահատել ու մեծարել են նրանց նուիրաբերումը, սակայն ոչ մէկը այսքան պատկերաւոր, շարժապատկերի ընձեռող հնարաւորութիւնով` գրադարակներից ու արխիւային մութ սենեակներից ազատելով շարժման մէջ չի դրել ու կենդանի ներկայացրել նրանց աշխարհին, ինչպէս Մարոնեանի այս նոր գործը` «1915թ. կանայք»ը, որը նաեւ նոր խօսք է, ողջ հայութեան երախտիքի խօսքը` այդ անձնուէր էակներին, միաժամանակ անուղղակի յիշեցում` մեր անտարբեր բացթողումների:
Էութեամբ նուրբ արուեստագէտ լինելով` Մարոնեան երբեք չոր, միայն անհերքելի փաստագրութեամբ չի սկսում իր գործերը, որը վաւերագրութեան առանձնայատկութիւննն է, այլ աստիճանաբար դիտողին ներգրաւում է տուեալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների մէջ` նրա հայեացքի առաջ կենդանացնելով 1915թ. հայկական տարածքների եւ այնտեղ ապրած հայութեան դիմագիծը, նրա ոչնչացումը եւ մարդկային բարութեան ազնուագոյն ներդրումով սակաւ մի հատուածի փրկութիւնը:
Ինչպէս նախորդ` «Ցեղասպանութեան որբերը»ում, այնպէս էլ «1915թ. կանայք» ժապաւէնում դերասաններ չկան, կան միայն արդէն խունացած լուսանկարներից մեզ յառնող, սակայն 102 տարի իրենց ազդեցութիւնը երբեք չկորցրած, մարդկային խղճի խորքը թափանցող, սոսկումից ու ահաբեկումից լայնացած իրենց բիբերում աննկարագրելի ոճիրների պատկերը հաւաքագրած, անյուսութեան մատնուած հայեացքներ, որոնց Մարոնեան բեմադրիչը այնպիսի վարպետութեամբ է հրամցնում, կարծես` կեանք է տալիս, շնչաւորում եւ մի պահ անշարժացնելով պաստառի վրայ` այն դրոշմում է յիշողութիւնը կորցրած աշխարհի յիշողութեան մէջ: Մարոնեանը այնպիսի արուեստով է օգտագործում մարդկային հայեացքը, որ այն դառնում է հոգի ծակող, հոգու հետ խօսող, աղաղակող մենախօսութիւն:
Բնականաբար իր այս ժապաւէնում էլ գլխաւոր դերակատարը թուրքն է` իր անսանձ վայրագութիւնով: Ժամանակը երբեք չխունացող 1915թ. է, իսկ վայրը` հիմնականում մեր հայրենի Արեւմտահայաստանի տարածքներն են, ուր տեղի են ունենում գործողութիւնները եւ նաեւ հպանցիկ եւրոպական այն քաղաքները, որոնք ծնունդ են տուել ու սնել մեր ազգին ողջ հոգով նուիրուած ու օգնած կանանց:
Ներկայացուող իրադարձութիւնները յաճախ ընդհատւում ու պարզաբանւում, հաստատւում են յայտնի պատմաբանների, հետազօտողների կողմից` էլ աւելի անհերքելի դարձնելով, որ աշխարհի բոլոր օրէնքներով հայերի սպանդը Ցեղասպանութիւն է ու անվերապահօրէն` պատժելի:
Ողջ նիւթը հրամցւում է 12 առանձին մասերով, իւրաքանչիւրը` իր ուրոյն անուան բովանդակութեամբ, իւրաքանչիւրը` պատմութեան դառը իրադարձութիւններով լեցուած մի դասագիրք, միտք ու հոգի տեղաշարժող, նոր էջեր պարզող, սովորեցնող, մտածել ու վերլուծել ստիպող ու նաեւ` հրամայող: Պատկերների մի ծաւալուն շարան է ներկայացւում, իւրաքանչիւրը միս ու արիւն դառնալով, կենսագրութիւն ու կեանք ստանալով` դառնում է մեր պատմութեան ամենածանր էջը ապրողներն ու ներկայացնողները:
Ժապաւէնը ունի նաեւ յաւելուած (13-րդ հատուածը), որը դիտողին իրապէս յաւելեալ տեղեկութիւններ է տալիս, սակայն ընդհանուր ասելիքից դուրս լինելով` Պարէտ Մարոնեան բեմադրիչը չի ներառել ամբողջական գործում:
Ես փորձելու եմ իմ վերլուծումով ձեզ ներկայացնել հատուած առ հատուած այս գործը` հաստատելով, որ այսպիսի վաւերագրութիւններով ենք ներկայացնելու մեր Ցեղասպանութիւնը աշխարհին, յատկապէս` այսօրուայ եւ գալիք ելեկտրոնային հաղորդակցութեան ընձեռած հնարաւորութիւններով:
Թող ինձ ների Պարէտը, որ զանց եմ առնելու ժապաւէնի սկիզբը, որը մատուցւում է «հոլիվուտեան նորաձեւութիւն» դարձած մանրանկարով: Որքան էլ Վահագնի ծնունդը որպէս հայութեան գոյութեան ու յարատեւման խորհրդանիշի համար օգտագործուած լինի, միեւնոյն է, ըստ ինձ, աւելորդութիւն է, որը ոչ միայն ոչինչ է աւելացնում նիւթին, այլ թուլացնում, փոքրացնում է սպասուած անմիջական կապը եւ յատկապէս ընդհանուր ոճից դուրս է:
Սակայն յարգելով իւրաքանչիւր արուեստագէտի մտայղացումը` ես կը սկսեմ երկրորդ հատուածից, որը մեզ անսպասելիօրէն տանում է Քոփենհակըն, Դանիա, գունաւոր, կարմիր կտուրներով խաղաղ մի երկիր: Մարոնեան իր սկզբունքին հաւատարիմ` չմտածուած ոչ մէկ աւելորդ պատկեր չի օգտագործել, անուղղակի համեմատութեամբ, յատուկ միտումով, ճերմակ, մաքուր սալայատակից աստիճանաբար մեզ առաջնորդում է 17րդ դարի եկեղեցւոյ հանդարտութեան` շեշտակի ընդգծելով հայութեան համար պաշտելի Մարիա Ճէյքըպսընի զոհողութիւնը, որը 25 տարեկանին իր ետեւում թողնելով այդ գունեղ, հանդարտ ու մաքուր երկիրը, 2000 մղոն կտրելով` պիտի հասնէր Հարփուտ` մխրճուելով կախաղանների, փողոցներում ամէնուրեք փտող հայ դիակներով ծանրաբեռնուած մի օտար դժոխային երկրի իր առջեւ կատարուող ողբերգութեան մէջ` անպաշտպան ժողովրդին օգնութեան ձեռք մեկնելու ու հետագայում նրանց մասնիկը դառնալու:
Առաջին հատուածը շատ հպանցիկ, սկսելով Մարիա Ճէյքըպսընով, որը միաժամանակ զարմացնում է ակնդիրին, որ այդքան մակերեսային է ներկայացւում մեր որբերի մայրերի մայրը, ակնդիրը այն տպաւորութիւնն է ստանում, որ ողջ ժապաւէնը օտար բարերար մեծատառով կանանց մասին է լինելու, քանզի նրանց ներդրումը մեր որբերի, կանանց եւ երիտասարդ աղջիկների փրկութեան գործում աննկարագրելի մեծ է եւ` մասնաւոր ժապաւէնների արժանի: Սակայն Մարոնեան բեմադրիչի մտայղացումը, ինչպէս յետոյ ենք պարզում, աւելի ծաւալուն է: Աստիճանաբար նա մեզ կենտրոնացնում եւ ծանօթացնում է յատկապէս մեր ազգի այն կանանց եւ երիտասարդ աղջիկներին, որոնց երբեք չենք մեծարել, եւ սակայն որոնց քաջութեան, չընկճուող, պայքարող ազգային ոգու գոյութեամբ մեր ազգը շարունակում է յարատեւել, եւ որը իր ժապաւէնի հիմնական առանցքն է դարձրել:
Եւ ահա պաստառով մէկ յառնում է գեղեցիկ հայ պարմանուհու` Արշալոյս Մարտիկեանի անմեղ, ձգող հայեացքը, կարծես` իր մէջ ներառում է միլիոնաւոր իրենց երազանքներին չհասած, վայրագօրէն յօշոտուած իր հասակակիցների արդարութիւն հայցող հայեացքը: Վստահ եմ` շատերդ էք ծանօթ իր կենսագրութեան, նա առաջին եւ միակն էր, որ 1917թ. փրկուելով, Ամերիկա հասնելուց մէկ տարի յետոյ, 1918թ. իր ընտանիքի եւ ողջ հայութեան ջարդը ամերիկեան հասարակութեանը մատուցեց «Յօշոտուած Հայաստան» (Ravished Armenia) գրքով, իր նոր անուամբ` Աւրօրա Մարտիկեան: Գիրքը` Հարվի Գէյթի օգնութեամբ գրուած, մեծ աղմուկ ու հետաքրքրութիւն հանեց իր շուրջ, մինչեւ իսկ 1920թ. գեղարուեստական համր շարժապատկերի վերածուեց, ուր Արշալոյսը ինքն էլ խաղում էր իր դերը:
Դեռ այդ տարիներին Թուրքիան՝ անմիջական ազդեցութիւն չունենալով Ամերիկայի վրայ, ինչպէս այսօր է, իր ամենակարող պաշտպան Անգլիոյ միջոցով կարողացաւ արգելք դնել գրքերի վաճառքի ու նաեւ շարժապատկերի օրինակների վրայ` անհետացնելով դրանք: Մեր ժողովուրդն էլ իր անտարբերութեամբ մինչեւ օրս մոռացութեան մատնեց դրա գոյութիւնը, որից պատահականօրէն պահպանուած հատ ու կենտ փոքրիկ հատուածներ յստակօրէն պարզում են թուրքի գործադրած գազանութիւնը: Նոյնիսկ այդ աննշան հատուածները այսօր էլ ստուերում են թողնում մեր ցեղասպանութիւնը ներկայացնող ժամանակակից այն ամպագորգոռ շարժապատկերները, որոնց համար հսկայական գումարներ են ծախսւում, եւ որոնց շուրջ մենք` հայերս, այդքան մեծ աղմուկ հանում: Գուցէ այսօրուայ անուանի բեմադրիչները սովորեն` ինչպէ՛ս ներկայացնել Ցեղասպանութիւնը, որն այնքան կենդանի ձեւով մատուցուել է դեռ 1919թ., եւ որի ազդեցութիւնից սարսափած թուրքերը ոտ ու ձեռ ընկած` արգիլել են դրա ցուցադրումը: Պարէտը շատ տեղին մէջբերում է շարժապատկերի պահպանուած հատուածներից` այն միահիւսելով 74ամեայ Մարտիկեանի շատ սթափ, հիացումի արժանի յիշողութեամբ հարցազրոյցին:
Արշալոյսի, հետագայում` Աւրօրա դարձած, ընտանեկան նկարների ընդմիջով մեզ են նայում հարուստ սեղանաւոր, Մարտիկեան երջանիկ ընտանիքի ազնուազարմ եօթը անդամները, որոնցից վեցը ամենավայրագ ձեւով ոչնչացուելու է եւ միակ կենդանի մնացած, բազում տառապանքներից անցած Արշալոյսը, իր ողջ ընտանիքի գազանային սպանդը իր մէջ կրելով, երբեք չմոռանալով ողջ եղելութիւնը, իր հետ հասցնելու է մէկ այլ ցամաքամաս` Ամերիկա: Նոյն սարսափով ծեր տարիքին անգամ շարունակելու է աշխարհին պատմել այդ անմարդկային, պատկերացումից դուրս սպանդի մանրամասները` կրկին անգամ ապացուցելով, հաստատելով, որ այդ տարողութեան ոճրագործութիւնները, որը ցեղասպանութիւն անունն ու բովանդակութիւնն է կրում, երբեք չեն ջնջւում մարդկանց յիշողութիւնից, երբեք չեն մոռացւում:
Այնքան սահուն են իրար յաջորդում մեկնաբանութիւնները, տեղեկութիւնները, շաղախուած Մարտիկեանի ձայնի անհանգիստ, սպանդի տեսարանների դեռ նոյն սարսափը ապրող անմիջական վկայութեամբ, որը Պարէտը վարպետօրէն եւ տեղին օգտագործելով` դիտողին կասկածի կամ թերահաւատութեան տեղ չի թողնում: Փաստագրական տեղեկութիւններից, լուսանկարներից յետոյ, կենդանի մնացած անձի երեւոյթն անգամ ոչ միայն տպաւորիչ է, այլեւ` ազդեցիկ ու անառարկելի եւ բազում նոր մեղադրանքների շերտեր բացող մեծ տէրութիւնների պահպանած լռութեան ծալքերում:
Մարոնեան բեմադրիչը երբեք սուր հարցադրումներ չի հրամցնում, այդ սրութիւնը նա փոխարինում է առանց մեկնաբանութեան, սակայն` խորը ասելիքով, եւ Մարտիկեանի հատուածը աւարտում է անանուն ընդհանուր օտար գերեզմանաթմբի պատկերով, որի արհամարհուած գոյութիւնը յիշեցում է մեր պարտականութիւնների թերացման մասին: Մեր միլիոնաւոր զոհերի անգերեզման, անանուն վկայութեան համար մենք մեղադրում ենք թուրքին, սակայն չենք կարողանում այդ սարսափելի իրողութիւնը ապրած մեր ժողովրդի հատ ու կենտ փրկուած կարիքաւորներին արժանավայել անհատական գերեզմանի արժանացնել:
Այնուհետեւ աստիճանաբար խորանում ենք Ցեղասպանութիւնը գործադրողների ծրագրի կարեւորագոյն կէտին` ազգի ողջ արական սեռի ոչնչացման գործադրմանը, որի արդիւնքում անպաշտպան մնացած կանանց եւ երեխաներին հեշտօրէն էին մաքրագործում: Պատմաբան, հետազօտողների մեկնաբանութիւնից յետոյ տեղափոխւում ենք Տրապիզոն, բոլորիս յայտնի ջրախեղդ արուած մեր հարիւրաւոր մանուկների գազանային ոչնչացման քաղաքներից մէկը, ուր կրկին լուսանկարներն են կենդանանալով պատմում հրէշաւոր իրականութիւնը` տոքթ. Ճեմալ Ազմիի հրամանով գործադրուած: Չարագուշակ սեւ նաւերով ու ծխով սկսուող լուսանկարը կարծես մեզ տեղափոխում է այն պահը, երբ այդ ճիւաղի հրամանով 10-13 տարեկան հայ աղջիկներին առանձնացրել է իր տղայի սեռային հաճոյքին նուիրելու, իսկ մնացած հարիւրաւորներին իրենց մօր ձեռքից, գրկից խլելով` նետել ծովի գորշ ջրերում խեղդուելու: Այս դաժան, գորշ տեսարանը կարծես սրբագրելու համար յայտնւում է անուշիկ հայ փոքրիկ աղջկայ` Ազատ Ղուլերեանի լուսանկարը, որի Տրապիզոնի ջրերում խեղդուելուց փրկուելու պատմութիւնը լսում ենք Ֆրանսայի իր զաւակից` Գայա Գերեանից, որը նաեւ գիրք է հրատարակել «Հայուհին» (L՛Arménienne) վերնագրով, պատմելով իր մեծ մօր` Աշխէն Ղուլերեանի, իր մօր եւ նրանց անցած տառապանքի մանրամասների մասին:
Թէեւ հատուածն աւարտւում է ոճրագործ Ազմիի մաքրագործումով, սակայն հայի սրտում թանձրացած շարունակւում է խեղդուող երեխաների վայնասունը` վրէժխնդրութեան եւ հաստատակամ պայքարի նոր ալիքներ ծնելով:
Ինչպէս վերը նշեցի, իր նրբամտութեամբ աչքի ընկնող Պարէտը, հրեայ Սառա Արինսոնի վկայութեան հատուածով, շեշտում է մեր Ցեղասպանութեան հարցը իրենց համար խայծ դարձրած հրեաների լաւատեղեակութիւնը մեր Ցեղասպանութեան մասին:
Որքան հետեւում ենք յաջորդող հատուածներին, այնքան խորանում է մեր կսկիծը եւ յատկապէս` մեր անկարողութիւնը, որ նոյնիսկ պահպանուած բնութեան խօսուն վկայութիւններով, 102 տարի անց էլ չենք կարողանում հաստատել մեր ազգի դէմ կատարուածը: Պաստառից մեզ նայող Դուդան Գորջի անդունդից իր գեղեցկութեան շնորհիւ փրկուած ու ստիպողաբար թրքացած 94ամեայ Արթիայի մօր պատմութիւնը ուղեկցւում է որպէս թուրք ապրած նրա լուռ հայեացքով, որը խօսուն վկան է իր մօր եւ իր տառապած ու տառապանքի մէջ կորցրած տարիների: Պարէտը իմաստուն ձեւով նրան չի խօսեցնում, այլ մի քանի ակնթարթ նրան միայնակ գամում է պաստառի վրայ, յետոյ աստիճանաբար նրան ձուլում հայակեր կիրճին ու անհետացնում, ինչպէս անհետացել են հայ հազարաւոր կանայք կիրճի մութ խորութեան մէջ, ինչպէս որ, ոչնչացել է հայ ապրելու իրենց երազանքը: Իր հոգի ծակող հայեացքը, սակայն, ուղեկցում է մեզ, առանց բառերի պատմում իր մօր եւ իր կրած դժբախտ կեանքի ու ստիպողաբար թուրքի կերպարանք առած իր տառապանքի մասին, յիշեցնելով մեզ թուրքի գերութիւնից նոր գլուխ բարձրացնող, կրկին իրենց հայութեան արմատներին վերադառնալ ձգտող հազարաւոր հայերի մասին, որոնց մենք աչքաթող ենք անում մինչեւ օրս: Սա յաւելեալ անգամ յիշեցում է մեր ազգային պարտականութեան մասին:
Յաջորդող հատուածում Ուրֆայում ծնուած Վիքթորիա Արթինեանի հպարտ ու գեղեցիկ կեցուածքը մի պահ սփոփում է մեզ, յատկապէս երբ իր կենսագրութեան մէջ, որպէս իր աղջկայ որդեգրած թոռը` Սթիւ Ճապզն է յայտնւում, որն արեամբ հայ չլինելով հանդերձ, իրեն որդեգրած հայ ծնողների պատմածների միջով, նրանց ապրած ճակատագրով կոփուած, հայութեան դժուար ճակատագրին ծանօթացած, իրեն հայ էր համարում` պանծացնելով հայի անունը:
Անշուշտ անկարելի է խօսել 1915թ. կանանց մասին եւ կանգ չառնել Քարէն Եփփէի խոնարհումի արժանի գործունէութեան վրայ: Իր մանրակրկիտ ուսումնասիրութեամբ, Պարէտը Քարէն Եփփէի ներդրումը մեզ է ներկայացնում 1926թ. արտադրուած համր ժապաւէնի հատուածով եւ Եփփէի պահպանուած գրառումով, որը փաստում է նրա գործունէութեան եւ հերոսութեան հսկայ տարողութիւնը: Հազարաւոր կանանց ու երեխաներին թուրքերի, քիւրտերի, արաբների ձեռքից, մահուան անապատներից ազատագրելը,հաւաքագրելը, այն էլ` միայնակ կին, բնականաբար միայն արտակարգ ուժի եւ նուիրուածութեան տէր անձը կարող էր անել, եւ այդ անձը Քարէն Եփփէն էր, հազարաւոր հայութեան փրկարարը: Նա ոչ միայն ապահովութիւն է տուել փրկուածներին, այլ նաեւ` կրթել, սովորեցրել է տարբեր բնագաւառերում, արձանագրել է նրանցից իւրաքանչիւրի կենսագրութիւնը ըստ իրենց յիշողութեան, քանզի շատերը մանուկ հասակում յափշտակուելով ու կրօնափոխուելով, օտար ծածկերի տակ ապրելով, անցած ճանապարհի զարհուրանքից կորցրել են իրենց յիշողութիւնը: Նա այդ արել է նրանց խլուած ինքնութիւնը վերադարձնելու, անյայտութիւնից իրենց դիմագիծը ետ տալու: Նաեւ` փաստաթղթով հաստատելու որպէս անհատ նրանց գոյութիւնը:
Իրար են յաջորդում նրանց լուսանկարները: Դժուար է որպէս հայ ճանաչել դաջուածքով աղաւաղուած երիտասարդ, գեղեցիկ կանանց, որոնց աղաւաղել են յատուկ միտումով` նրանց փախուստը կանխելու եւ որպէս ստրուկ օգտագործելու համար: Ահա Աստղիկը` Եփփէի ցանկում 1046րդը, ում հինգ տարեկանին փախցրել են արաբները եւ` օգտագործել որպէս իրենց անձնական իրը: Կամ` 26ամեայ Եղսան, որ 15 տարի քիւրտին ծառայելուց յետոյ փախել ու ապաստանել է Եփփէի մօտ: Նրա դաջուած, աղաւաղուած դէմքից ու ձեռքերից, մեզ նայող տխուր, ողբերգութեամբ լի աչքերից իր ապրած դաժան տարիների պատմութիւնն ենք կարդում: Եւ կամ Մանուշը` Եփփէի փրկուածների ցանկում 1466րդը, 8 տարեկանին Տիգրանակերտի ճանապարհին քիւրտի կողմից փախցուած` ապրել է նրա մօտ ութ տարի, յետոյ ամուսնացրել են արաբի հետ, որից ունեցել է մէկ աղջիկ զաւակ, ում անուանել է Իմաստուհի: Ինչպէ՞ս հոգուդ մէջ չտեղաւորես այս ութ տարեկանին իր ազգութիւնից հեռացած երիտասարդ կնոջը, որը իր շառաւղին հայ պահելու համար հայ չքնաղ անուն է տուել իր դստեր եւ 20 տարեկանին նրա հետ համարձակուել է փախչել Հալէպ` ապաստանելով Եփփէի հովանու տակ, ուր եւ նոր ընտանիք է կազմել` ամուսնանալով հայի հետ:
Իր բարի, մայրական ժպիտով պաստառից մեզ նայող Քարէն Եփփէն, որը մահացել է 59 տարեկանին, կարծես խօսում է մեզ հետ եւ հաւաստիացնում մեր ազգին, որ յարատեւելու ենք:
Անշուշտ ցեղասպանութիւնը միայն զանգուածային սպանութիւն չէ, այլ տուեալ ժողովրդի ողջ ունեցուածքի բռնագրաւում ու սեփականացում` տարածքներից սկսած, մինչեւ նրանց ձեռքի ստեղծագործութիւնները, յատկապէս` հայերի դարերով մշակուած արհեստների հարստութիւնը: Թէեւ Պարէտը թռուցիկ ուշադրութեան է արժանացնում այդ հարցը, հայութեան նուրբ ասեղնագործութիւնների եւ գորգերի թուրքերի որպէս իրենցը` թուրքականը ներկացնող փաստը, սակայն դրանով ստիպում է մեզ արթնանալ ու ամէնուրեք անդադար հետապնդել, միջամտել, հաստատել ու պահանջել մեզնից կողոպտուածը, ապացուցել թուրքի ստախօսութիւնն ու գողութիւնը:
Պաստառի վրայ կրկին լուսանկար է, բայց` օտար երիտասարդուհու, սակայն հայութեան համար` հարազատ ու սիրելի դէմք: Մերի Գրաֆընն է, ամերիկեան միսիոներ բուժքոյրը, որը շատերիս է ծանօթ Սվազում ներդրած իր ուսուցչական եւ մարդասիրական անձնազոհութեամբ: Կոտորածը սկսուելուն փոխանակ իր ընտանիքի միւս անդամների հետ Ամերիկա վերադառնալու` որոշում է մնալ եւ օգնել անօգնական հայութեան: Սվազի դաժան կոտորածին այս խիզախ ամերիկուհին տեղահանուածների հետ քայլում է դէպի Մալաթիա` անտեսելով թուրք ժանտարմների ահաբեկումը: Իր կեանքի գնով օգնում նրանց ու նաեւ ականատես լինում, թէ ինչպէ՛ս են ճանապարհներին զինուորները, քիւրտերը, թուրք բնակիչները կողոպտում ու վայրագաբար սպաննում անօգնական ու թշուառ տեղահանուածներին, եւ` այդ ամէնը գրառում: Լսելով, որ Սվազում թուրքերի տարազներով ծպտուած հայեր են մնացել, կրկին մեկնում է այնտեղ եւ փրկում տասնեակ հայերի: Անձնուրաց այս ամերիկուհին մահանում եւ թաղւում է Սվազում` հայութեան պատմութեան մէջ դրոշմելով իր անունը:
Յաջորդող հատուածում Անդրանիկ Ճեւահիրճեան լուսանկարչի ընտանիքի անդամների պաստառից մեզ նայող հայեացքը յաւելեալ անգամ հաստատում է հայութեան բարեկեցիկ ու կիրթ կենցաղը Սվազում` Եղեռնից առաջ: Թէեւ, ինչպէս գիտէք, դա ոչ թէ փրկել, այլ աւելի վնասել է իրենց: Հետեւաբար զարմանալի չէր Ճեւահիրճեան ընտանիքի մեծից փոքր տղամարդկանց առաջնահերթ ոչնչացումը: Եղելութիւնների մանրամասները այս անգամ էլ մեզ է փոխանցում Ճեւահիրճեան ընտանիքի շառաւիղը` Ֆրանսաբնակ Էօժենի Նազարէթեանը, որի լաւատեղեակութիւնը իր մօր ընտանիքի անդամների մասին` հաստատում է կրկին ու կրկին, որ, այո՛, հայութեան իւրաքանչիւր սերունդ յաջորդին է փոխանցում իր ժողովրդի դէմ կատարուած սպանդը` իւրաքանչիւր սերունդի վրայ նոր պարտականութիւն դնելով հետապնդել մեր պահանջատիրութիւնը մինչեւ հատուցման հասնելը: Ահա թէ ինչո՛ւ զարմանալի չէ մէկ այլ երախտագիտութեան արժանի, առաջին հայ կին դիւանագէտ, բարերար, գրող, մեծ մարդասէր Տիանա Աբգարի գործունէութիւնը` հեռաւոր Ճափոնում կամ Մանչուրեայում, լսել, սովորել, իր թոռնուհու ու ծոռնուհու տուած կենդանի տեղեկութիւններով:
Զէնքը ձեռքին, տղամարդու հագուստով, հերարձակ Եղիսաբեթ Սուլթանեանի լուսանկարը հիացում, ուժ եւ կամք է փոխանցում դիտողին, որի մասին հպարտօրէն պատմում է նրա ծոռը` Դերեկ Շերինեանը:
Մէկ այլ հերոսուհու` Ագուլին Թաթուլեանի մասին նոյնքան սիրով ու մանրամասնօրէն ներկայացնում է նրա թոռնուհին` Լորին, հպարտանալով հաճընցի իր մեծ մօր քաջագործութեամբ, որն արհամարհելով իր կողոսկրի մէջ մխրճուած թուրքի փամփուշտը, տղամարդու հագուստներով, զէնքը ձեռքին, Ագուլին անունն էլ փոխելով Կարապետի, շարունակել է կռուել թուրքի դէմ` նրանց ապացուցելով, որ թուրքի գնդակը չի կարող սպաննել հայի ոգին: Այդպէս, փամփուշտը իր կողոսկրում խրուած ապրել է 70 տարի եւ միայն այդ տարիքում է ազատուել դրանից` մերժելով թուրքի ներկայութիւնը իր հետ գերեզման տանել:
Կրկին տղամարդու հագուստով, զէնքը ձեռքին, լուսանկարից մեզ նայող Խաթուն Եափուճեանի հայեացքում սարսափ ու ողբերգութիւն չկայ, ինչպէս մենք տեսանք նախորդ հատուածների այլոց լուսանկարներում: Կայ միայն հանդարտ, նպատակասլաց, իր ազգի պաշտպան զինուորի կամք: Նրա թոռնուհին` Մերլին Համիլթոնը, հպարտօրէն ներկայացնելով իր մեծ մօր հերոսութիւնը, խոստովանում է, որ նրա հերոսական ոգին է իրեն ուժ տուել յաղթահարելու երիտասարդ տարիքին իր անդամալուծուած վիճակը, որն իր հերթին ինքն էլ դարձրել է հնարամտութիւն ու կամք` յաղթելով հիւանդութեանը իր մեծ մօր պէս:
Արուեստում ամէն ինչ չէ, որ բառերի է վերածւում: Ամենափոքր մանրամասնութիւնները, կամ մատուցման ձեւը իր ասելիքն է փոխանցում, որը իւրաքանչիւր գործի առաջատար խնդիրն է, անշուշտ նաեւ` յաջողութեան գրաւականը: Պարէտ Մարոնեանի այս ոճը` օգտագործել Ցեղասպանութիւնից փրկուածների շարունակութիւններին, այն էլ` օտար երկրներում ծնուած ու մեծացած, նրանց միջոցով ներկայացնել ու պատմել այդ արհաւիրքն ապրածների կեանքը, մէկ ամբողջ պատգամ ու հրամայական է Ցեղասպանութիւնը գործած ու 102 տարի ուրացող թուրքին:
Իսկ վաւերագրութեան նախավերջին հատուածը պարզապէս ապտակ է թուրքին, ուր Պարէտը կրկին անդրադառնում է Մարիա Ճէյքըպսընին, որի անձնազոհութիւնը հայոց պատմութեան մէջ յաւերժ փորագրելու համար, Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկուած որբերի եւ նրանց զաւակների ներդրումով, Լիբանանի այն նոյն որբանոցի` «Թռչնոց Բոյն»ի բակում, ուր արիւնած սրտով, որբ ու անօթի հաւաքագրուել ու խնամուել են հազարաւոր որբեր, թանգարան են հիմնում` իբրեւ երախտագիտութիւն մայրեր կորցրած բոլոր որբերի համար հարազատ մայր դարձած Մարիա Ճէյքըպսըն անունը կրող այդ անկրկնելի անձին, որին փրկուած որբերը ՄԱՄԱ են կոչել:
Այն նաեւ շառաչուն ապտակ է համրացած աշխարհին, որ ոչինչ արեց կանխելու այդ համատարած սպանդը եւ շարունակում է լռել, մինչ բոլոր հայ որբերի զաւակները իրենց որբացած ու հայրենի հողից դուրս նետուած ծնողների անունից օրէ օր հաստատում են մի ճշմարտութիւն, որ թուրքը թէեւ խլեց մեր հայրենիքը, սակայն չկարողացաւ բնաջնջել մեզ: Որբանալով հանդերձ, աճեցինք ու բարգաւաճեցինք եւ նոյն Թուրքիոյ Թաքսիմի հրապարակում Ցեղասպանութեան 100րդ տարելիցը նշեցինք: Այն նոյն հրապարակում, ուր արիւնալի 1915 թուից ընդամէնը երկու տարի առաջ` 1913թ. իր հողում ապրող հայութիւնը իր տառերի ստեղծման 1500 եւ տպագրութեան 400ամեակն էր նշում, նաեւ թուրք անգրագէտ ու զարմանքից քարացած հոծ բազմութեան եւ յատկապէս` Ցեղասպանութիւնը կազմակերպած դահիճներից երկուսի` Թալէաթի եւ Ճեմալի ներկայութեամբ ու նրանց շռայլ ելոյթով: 100 տարի անց թէեւ այլեւս չկային այդ դահիճները, թէեւ բռնագրաւուած էին նրանց հրամանով բնաջնջուած հայութեան տարածքները, սակայն ցեղասպանուածների թոռներն ու ծոռները աշխարհի բոլոր կողմերից եկել էին ցեղասպանների թոռներին ու ծոռներին հաստատելու, որ հայի սերունդների իւրաքանչիւր բեկոր, թէեւ իր երկրից տեղահանուած ու աշխարհով մէկ ցրուած է, քաջատեղեակ է նրանց գործած ամենավայրագ ցեղասպանութեան եւ աննահանջ պահանջատէր է:
Աւելի իմաստուն վերջաբան, քան` այս հատուածի մէջբերումը, անկարելի է պատկերացնել:
Վաւերագրութեան յաւելուածով, Պարէտը կրկին անգամ հաստատում է իր լայնամիտ ողջախոհութիւնը` ներկայացնելով ամերիկեան այսօրուայ դիւանագիտութիւնը: Նախագահ Ուիլսընի առանձնատանը ցուցադրուող հայ մեծանուն գեղանկարիչ Յովսէփ Փուշմանի (Փուշմանեան) «Յոյս» կտաւի 1917թ. հայ կանանց պատուիրակութեան կողմից նուիրումի պատմութիւնը ներկայացւում է գործադիր տնօրէն Ռ. Էնհոլմի անմիջական մեկնաբանութեամբ, որն իր ամբողջ ջանքը ներդնում է հայ գեղանկարչի մեծութիւնը եւ նրա կեանքը մեզ հաղորդելու, նոյնիսկ` որպէս անձ խուսափելով Ա. Համաշխարհայինում տեղի ունեցած մեծագոյն ոճրագործութիւնը շեշտելու: Միայն իր խօսքի աւարտին է օգտագործում հայերի այնքան սպասուած «ցեղասպանութիւն» բառը:
Յաջորդող հատուածում Հ.Բ.Ը.Մ.ի «Հայ կին» կազմակերպութեան հիմնադիր Սոնա Եագուպեանի այդ կազմակերպութեան հիմնադրման պարզաբանումն է: Զարմանալին «Մանոնայթ» մարդասիրական կազմակերպութեան հիմնադիրի թոռ Փ. Հուվըրի յուզիչ մեկնաբանութիւնն է, որն իր մղումով չի ուզում անգամ համեմատել հրեաների Ողջակիզման հետ` հայ տարագիրների պարտադրուած սովամահութեան փաստը աւելի մեծ յանցանք նկատելով: Վստահ եմ, նա անտեղեակ էր կիրճերում թխմուած հայութեան խորովումին: Յաւելուածն ամփոփւում է ֆրանսացի յայտնի պատմաբան, գրող Իւ Թեռնոնի մեկնաբանութեամբ:
Իրապէս դժուար է հայ լինել, ապրել այս արիւնոտ զարհուրանքը, կորցնել ամէն ինչ, շարունակել կրկին ու կրկին հաստատել ողջ եղելութիւնը եւ դեռ սպասել, որ արդարութեան ձեռք մեկնուի մեզ:
Պարէտ Մարոնեանի այս գործը շեշտում է մեր ուժը եւ մեզ ուղղութիւն տալիս, որ յենուենք մեր այդ ներքին ուժին եւ ինքներս լուծենք մեր պահանջները, ինչպէս, այն կանայք, ովքեր զէնք վերցրին, ովքեր իրենց մարմնում կրելով հանդերձ թշնամու փամփուշտը, կռուեցին արիօրէն, տղամարդկանց հետ հաւասար, ովքեր քաջաբար փրկուեցին, ովքեր դեռ սպասում, երազում են իրենց հայ արմատներին վերադառնալ, ովքեր ձգտում են հայրենի կողոպտուած տարածքները ոչ թէ ստանալ, այլ` ետ վերցնել:
Բազում փաստերով մեր Ցեղասպանութիւնը հաստատող, հայի անընկճելի ոգին ներկայացնող եւ փրկութեան ձեռք մեկնածներին մեր երախտիքը յայտնող այս վաւերագրութիւնը` լուրջ ներդրում է Ցեղասպանութեան մեր ուսումնառութեան մէջ:
Այս հսկայածաւալ ուսումնասիրութեան եւ այն կենդանացնելու համար Պարէտ Մարոնեան մրցանակակիրը երեքուկէս տարի է ներդրել, որը միայն հետազօտողներիս է յայտնի, թէ դա ի՛նչ ահռելի աշխատանք է:
Ցաւօք, մեր ժողովուրդը ոչ միայն դեռ գիտակից չէ Ցեղասպանութեան հարցի տարածման եւ փաստման այսպիսի լուրջ փաստագրական ժապաւէնների անհրաժեշտութեան, այլ ամենակարեւորը` ամբողջապէս տեղեակ չէ Ցեղասպանութեան մանրամասներին եւ շարունակում է ոգեւորուել այդ նիւթով ստեղծուելիք գեղարուեստական իւրաքանչիւր ժապաւէնի յայտարարութեամբ` անտեսելով հիմնական նիւթի ոչ միայն թերի, այլ աղաւաղուած, աններելի թերի մատուցումը, առանց վերլուծումի, գրկաբաց ընդունելով դրանք: Ամենակարեւորը մոռանալով, որ գեղարուեստական ժապաւէնները իրականութիւնը բացայայտելու պարտադրանք չունեն:
Չէ՞ որ իւրաքանչիւր գիտակից մարդ որեւէ նիւթի լուրջ ուսումնասիրման, կամ ճշգրիտ տեղեկատուութեան համար գեղարուեստական ժապաւէնների չի դիմում, այլ յենւում է փաստագրութիւնների վրայ, դա լինի գրականութիւն, հետազօտութիւն, յուշագրութիւն կամ տեղեկատուութիւն: Եւ յետոյ ամէն մարդ չի սիրում երկար ժամեր տրամադրել` կարդալու, գրքեր թերթելու, յատկապէս` այսօրուայ սերունդը: Իսկ առանց լիարժէք գիտութեան` մենք չենք կարող մեր պահանջատիրութիւնն իրականացնել: Պարէտ Մարոնեանը բարեխղճօրէն հարիւրաւոր էջերից միայնակ հաւաքագրել եւ սահունօրէն մեզ է մատուցել մէկ ամբողջական գործով, այն էլ` շարժապատկերի ընձեռնող այսօրուայ միջոցներով: Չմոռանանք նաեւ, որ մեր Ցեղասպանութեան մասին այսպիսի հաւաքագրուած տեղեկատուութիւններ չունենք: Եւ շնորհակալ ենք Պարէտին, որ բոլոր դժուարութիւնները յաղթահարելով` աստիճանաբար հարստացնում է Ցեղասպանութեան ուսումնասիրութեան մեր միջոցները, ուստի մեր պարտքն է դիտել ու սովորել դրանցից:
Ես ողջունում եմ բոլոր այն կազմակերպութիւններին, հաստատութիւններին եւ անհատ անձերին, որոնց նիւթական օժանդակութեամբ է այս վաւերագրութիւնը իրականացուել, եւ մեր բոլորի շնորհակալութիւնն եմ յայտնում նրանց:
Լինելով հայ ազատ ստեղծագործող` գիտեմ, թէ ի՛նչ զոհողութիւններից է անցնում նաեւ Պարէտի ընտանիքը, եւ ուզում եմ մեր բոլորի շնորհակալութիւնը յայտնել իրենց համբերութեան եւ հասկացողութեան համար:
Մեծ գնահատանքի եւ շնորհակալութեան են արժանի այն բոլոր անձերը, ովքեր Պարէտի հետ համեստօրէն աշխատել եւ օգնել են այս ժապաւէնի իրականացմանը:
Ամենամեծ գնահատանքը անշուշտ կրկին ու կրկին ժապաւէնի բեմադրիչին` Պարէտ Մարոնեանին է պատկանում, որը մեր ամենակարեւոր հարցի` Ցեղասպանութեան, դրա հետեւանքների, դրանից բխող հարցերի հետապնդողն ու ներկայացնողն է միայնակ, լուրջ ուսումնասիրուած, բարձր մակարդակով ներկայացուած իր վաւերագրական ծանրակշիռ ժապաւէններով: Իր այս նոր ստեղծագործութեամբ Մարոնեանը կրկին հաստատեց Հայոց Ցեղասպանութեան անժամկէտութիւնը:
Աշխարհի այսօրուայ վայրենացած հոգեբանութեան մէջ «1915թ. կանայք ժապաւէնը յատկապէս անհրաժեշտ էր` սթափեցնելու բոլոր արիւնալի իրադրութիւնները ստեղծողներին, մարդկային բարութեան արդիւնքը նրանց ցուցադրելու, շեշտելով, որ ազգային ոգին անկարելի է կոտրել:
Այս ժապաւէնը անհրաժեշտ է յատկապէս տարածել մեր երկրում` հայրենի ժողովրդին ծանօթացնելու Եղեռնի այս մանրամասներին, որոնցից անտեղեակ լինելով` մեր պահանջատիրութեան հարցը իրենց համար առաջնահերթ չեն համարում եւ դեռ, առանց հատուցումների, ձգտում են բարեկամանալ թուրքին:
Ժամանակն է ոչ միայն գնահատանքի խօսքեր շռայլելու, այլ նաեւ նիւթապէս օգնելու Մարոնեանին` մեր ազգի պայքարի շարունակման համար իր սկսած այս շատ հրատապ առաքելութիւնը շարունակելու, նորանոր վաւերագրութիւններով աստիճանաբար լրացնելու մեր Ցեղասպանութեան տեղեկատուութեան թերի մատուցուած պատմութիւնը:
Մէկ անգամ եւս շնորհաւորելով Պարէտ Մարոնեանին իր այս հիասքանչ գործի` «1915թ. կանայք», ժապաւէնի ստեղծման համար, շնորհակալութիւն եմ յայտնում մեր բոլորի կողմից իր ներդրած տքնաջան աշխատանքով պահանջատիրութեան հարցը վառ պահելու, իմաստաւորելու եւ, ամենակարեւորը, յամառօրէն այն հետապնդելով` մեզ էլ իր հետ տեղաշարժելու համար: