Հայաստանի պետական համալսարանի դասախօս տոքթ. Արմինէ Տիգրանեան «Ատրպէյճանի կողմէ ապօրինաբար բռնագրաւուած՝ Արցախի հազարամեայ մշակութային ժառանգութեան հետեւողական կործանման» նիւթով՝ Յունաստանի մէջ ՀՀ դեսպանատան նախաձեռնութեամբ եւ հայ-յունական բարեկամութեան միութեան համագործակցութեամբ, տեղեկատուական ելոյթին առիթով, հարցազրոյց մը ունեցաւ Լիլիթ Վարդանեանին հետ՝ «Ազատ Օր»ին համար, որը կը հրատարակենք ստորեւ:
— Ինչպէ՞ս առաջացաւ ձեր հետաքրքրութիւնը տուեալ թեմայի հանդէպ։ Պատմէք մի քիչ ձեր մասին։
2020թ. Հոկտեմբերի 8-ին, երբ Ադրբեջանը հարուածեց Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, ես խոր ցաւ ապրեցի։ Վերջին տարիներին սիրով աղօթել էի այնտեղ, ու այդ հարուածը ինձ համար շատ անձնական դարձաւ։ Դիմեցի իմ գիտական ղեկավարին՝ պ.գ. դոկտոր-պրոֆէսոր Համլէտ Պետրոսեանին, եւ խնդրեցի, որ օգնի հասկանալ՝ ինչ կարող եմ անել։ Նրա յորդորով որոշեցի, որպէս մշակութաբան, ուսումնասիրել մշակութային ժառանգութեան թիրախաւորումը զինուած բախումների ժամանակ։
Ցաւօք, պատերազմը եւ դրան յաջորդած Ադրբեջանի՝ հայկական մշակութային արժէքների ոչնչացման, իւրացման, ոչ նիւթական ժառանգութեան կասեցման ու ինքնութեան խաթարման գործողութիւնները որոշիչ դարձան իմ յետագայ հետազօտութիւնների համար։
— Արցախից ծագում չունէ՞ք։
Ոչ, գիւմրեցի եմ, ու ուսումնառութիւնս Երեւանում է անցել։ Բայց Արցախի ժողովրդի սիրով, մշակոյթով այնպէս կը լանուեցի, որ չկարողացայ անտարբեր մնալ նրանց ինքնութեան ոչնչացման հանդէպ։
Գրեցի մի շարք յօդուածներ, փորձեցի հասկանալ նաեւ միջազգային համակարգի բացերը։ Մշակութային արժէքների պաշտպանութիւնը պատերազմի ժամանակ հիմնուած է Հաագայի ու Ժնեւի կոնուենցիաների վրայ, բայց դրանք հիմնականում նիւթական ժառանգութեանն են վերաբերում։ Իսկ երբ խորացայ ոչ նիւթականի մէջ՝ ծէսեր, խոհանոց, արհեստներ, հասկացայ՝ միջազգային իրաւունքում գրեթէ չկան դրանց պաշտպանութեան մեխանիզմներ։ Կենդանի ժառանգութիւնը վտանգուած է։
— Փաստօրէն, մշակութային յուշարձանների հետ միասին, ուսումնասիրեցիք եւ միջազգային իրաւունքը։ Ինչքանով է այն պաշտպանում…
Այո, որովհետեւ ակնառու էր, որ մշակութային արժէքներն ու ոչ նիւթական ժառանգութիւնը պաշտպանուած չեն։ Այս ռէալ խնդիրները նպաստեցին, որ ուսումնասիրեմ նաեւ միջազգային իրաւական համակարգը՝ կոնուենցիաներ, բանաձեւեր՝ գտնելու մարդու հետ կապուած մշակութային իրաւունքների հեռանկարը։ Հաագայի կոնուենցիան պաշտպանում է նիւթական ժառանգութիւնը, բայց այն ժառանգութիւնը, որն ինքնութեան հետ է կապուած՝ գիտելիք, հմտութիւններ, փորձառութիւն, միջազգային օրէնսդրութեամբ պաշտպանութիւն գրեթէ չունի։
Բացի այդ, կարեւոր էր ցոյց տալ, որ արցախահայերի տեղահանութիւնն իսկապէս բռնի է։ Յաճախ բռնութիւնը հասկանում են միայն ֆիզիկական իմաստով, բայց Հռոմի Քրէական դատարանը բացատրում է, որ բռնութիւնը նախեւառաջ ընտրութեան բացակայութիւնն է։ Երբ մարդիկ կեանքի հանդէպ վախի պայմաններում չեն կարողանում ընտրել՝ մնալ կամ հեռանալ, դա արդէն բռնի տեղահանութիւն է։
Հռոմի դատարանը նշում է նաեւ, որ վախի մթնոլորտ ստեղծելն արդէն բռնութիւն է։ Իսկ երբ այդ մթնոլորտը ուղեկցւում է ժառանգութեան հանդէպ անհանդուրժողականութեամբ, այն կարող է հանդիսանալ բռնի տեղահանութեան ապացոյց։
Այս համակցուած խնդիրներն ուսումնասիրելով՝ փորձեցի Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը դիտարկել մարդու իրաւունքի տեսանկիւնից։ Երբ ժառանգութիւնն անհետանում է կամ իւրացւում, մարդիկ զրկւում են իրենց յետագայ հաղորդակցութիւնից իրենց ինքնութեան հետ։ Սա խախտում է սերունդների իրաւունքը՝ ճանաչելու, կրթուելու եւ զարգանալու իրենց ժառանգութեան հիմքով։
Եւ Ադրբեջանի վարած քաղաքականութիւնը դառնում է համակարգային գործողութիւնների շղթայ՝ ուղղուած արցախահայերի ինքնութեան կասեցմանը։ Երբ ժառանգութեան ոչնչացումը դիտարկում ենք որպէս մարդու մշակոյթի իրաւունքի խախտում, այն դառնում է կենդանի, արդիական եւ մարդու իրաւունքների համատեքստում դիտարկուող խնդիր։
Ադրբեջանի քաղաքականութիւնը՝ կանխամտածուած, կազմակերպուած եւ փուլային, ուղղուած է տարածքը հայկական հետքից զերծ պահելուն ու խախտում է սերունդների իրաւունքը՝ ճանաչելու պատմական ճշմարտութիւնն ամբողջութեամբ։
— Մենք քաջատեղեակ ենք, որ սա պետական քաղաքականութիւն է, որի դրսեւորումներին մենք հետեւում ենք բաւական տարիներ եւ որի արդիւնքն է նաեւ Նոր Ջուղայի՝ Նախիջեւանի հայկական խաչքարերի եւ մշակութային արժէքների ոչնչացումը։ Հիմա մենք տեսնում ենք, թէ ինչպէս են ոչնչացւում հայկական եկեղեցիները կամ վերածւում մզկիթի։ Հարց է առաջանում՝ չէ՞ որ համակարգչային գիտութիւնը շատ արագ է զարգանում եւ սկաներների միջոցով կարելի է յստակ պարզել յուշարձանի ինքնութիւնը։ Եթէ նոյնիսկ հայկական արձանագրութիւնները փորձում են քերել, մէկ է, հնարաւոր է կոմպիւտերների միջոցով սա վերականգնել։ Եւ երկրորդը, չէ՞ որ գոյութիւն ունի որոշակի հայկական ճարտարապետական ոճ, որն անհնար է վերագրել ուրիշ մշակոյթին կամ եկեղեցուն։
Այո՛, դուք ճիշտ նշեցիք, այո՛, գիտութիւնը զարգացել է, եւ տարբեր կենտրոններ իրականացնում են ժառանգութեան 3D վերականգնում։
Բայց Արցախի ահռելի ժառանգութիւնը այդ եղանակով վերականգնելը շատ բարդ է։ Դա ծաւալուն, մեծ ջանքեր եւ ռեսուրսներ պահանջող գործընթաց է, որը հիմա որոշ չափով արւում է, բայց Ադրբեջանի կողմից տարուող իւրացման քաղաքականութեան հետ համարժէք չէ։
Իմ զեկոյցում նշել եմ, որ Դադիվանքում կան աւելի քան 200 արձանագրութիւններ ու խաչքարեր, որոնք նոյնիսկ աւելի վաղ են, քան բուն կառոյցը։ Բայց Ադրբեջանը տարածում է թեզ, թէ դրանք հայերը տեղադրել են վերջին տարիներին՝ արցախեան ազատագրումից յետոյ, իսկ խաչքարերը՝ պարզապէս պատրաստուել են Դադիվանքի շուրջ գործարանում։
Այսօր Ադրբեջանը չի թոյլ տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելութեան մուտքը Արցախ, եւ միջազգային դիտորդները զրկուած են փաստագրելու ժառանգութեան ներկայ վիճակը։ Պատերազմից յետոյ Ադրբեջանի մշակոյթի նախարարը յայտարարեց յանձնաժողով ստեղծելու մասին, որը իբր ուսումնասիրելու է եկեղեցիների արձանագրութիւնները եւ մաքրելու «կեղծ» արձանագրութիւններից։ Սա ուղիղ սպառնալիք էր պատմական ճշմարտութեանը։
Մեր պատմութիւնը ապացուցման կարիք չունի, բայց քանի որ Ադրբեջանը չափազանց արագ է կեղծում փաստերը, հայագիտութիւնը փոխանակ զբաղուի սեփական արժէքների ներկայացմամբ, զբաղուած է այդ կեղծ թեզերի հերքմամբ։ Սա կասեցնում է հայագիտութեան բնականոն զարգացումը։
Բացի այդ, Ադրբեջանը ակտիւ է միջազգային հարթակներում՝ կազմակերպելով ցուցահանդէսներ եւ հանդիպումներ՝ ամրապնդելու իր կեղծ թեզերը՝ մեծ ֆինանսական ռեսուրսներ ներդնելով։ Վերջերս Լատվիայում կազմակերպուեց գորգերի ցուցահանդէս, որտեղ արցախեան գորգերը ներկայացուեցին որպէս «Ադրբեջանի գենետիկական կոդ եւ յիշողութիւն», իսկ Լեհաստանում բացուեց ցուցահանդէս, որտեղ Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը ներկայացուած էին որպէս աղուանական ժառանգութիւն։
— Ինչպէ՞ս կարելի է պետական մակարդակով պաշտպանել Արցախի յուշարձանները վերջնական կորստից։
Տեսէք, մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը համընդհանուր պարտաւորութիւն է բոլոր պետութիւնների համար։ Անկախ քաղաքական իրավիճակից՝ ժառանգութիւնը պէտք է պահպանուի որպէս մոլորակի մշակութային բազմազանութեանը եւ ամբողջականութեանը նպաստող գործօն։
Մշակութային արժէքների պաշտպանութիւնը վերազգային եւ վերպետական շահ է։ Այդ գաղափարով է ձեւաւորուել միջազգային համակարգը՝ ընդգծելով, որ իւրաքանչիւր ժողովուրդ աշխարհի մշակութային բազմազանութեան մի մասն է։ Եւ երբ ոչնչանում է այդ բազմազանութեան գոյներից մէկը, խաթարւում է ամբողջ պատկերը։ Արցախի ժառանգութեան պաշտպանութիւնը պարզապէս բարի կամք չէ, այլ պարտաւորութիւն է՝ համաձայն Հաագայի կոնուենցիայի։
— Գիտէք, ինձ մօտ այնպիսի տպաւորութիւն է, որ հայութիւնը՝ թէ՛ Հայաստանը եւ թէ՛ Սփիւռքը չէին սպասում, որ Արցախի հայութիւնը՝ 100.000-֊ից աւելի մարդ, բռնի կերպով պիտի դուրս գայ Արցախից ընդամէնը 3-4 օրում։ Միգուցէ ա՞յս է պատճառը, որ մշակութային յուշարձանները պատշաճօրէն պաշտպանուած չէին, քանի որ առաջնահերթ էր մարդկային կեանքի փրկութիւնը։
Բռնի տեղահանութիւնը կարող է տեղի ունենալ ընդամէնը մի քանի ժամում։ Երբ մարդը հասկանում է, որ չունի ընտրութեան հնարաւորութիւն, եւ իր կեանքը վտանգի տակ է, ապա նա հեռանում է։ Ադրբեջանը թիրախաւորեց քաղաքացիական օբյեկտներ՝ դպրոցներ, մանկապարտէզներ, յուշարձաններ։ Եւ այս տեսանկիւնից յուշարձաններին հասցուած վնասը, միջազգային իրաւունքի տեսանկիւնից, համարւում է բռնութիւն խաղաղ բնակչութեան դէմ։
Ինչո՞ւ։ Որովհետեւ ժառանգութիւնը կապուած է մարդկանց հետ, եւ այն թիրախաւորելով՝ ուղղակի հարուած է հասցւում խաղաղ բնակչութեանը։ Պատերազմի սովորոյթներն ու օրէնքները՝ Ժնեւի ու Հաագայի կոնուենցիաներով, արգելում են քաղաքացիական բնակավայրերի թիրախաւորումը։ Պէտք է թիրախաւորուեն միայն ռազմական օբյեկտները։ Իսկ ժառանգութիւնը երբեք ռազմական օբյեկտ չի կարող լինել։ Ժառանգութեան ոչնչացման նպատակը հոգեբանական տրաւմայի պատճառումն է հանրութեանը։ Այդ տեսանկիւնից, եթէ դիտարկենք Ցեղասպանութեան կոնցեպտը՝ դա մի համակարգուած գործընթաց է, որը ուղուած է մեծ թիւով մարդկանց՝ խաթարելով նրանց կենսապայմանները, ինքնութիւնը, շարունակականութիւնը։ Եւ եթէ ժառանգութեան հետ կապուած են մեծ թիւով մարդիկ, ապա ժառանգութեան ոչնչացումը մէկ մարդու ուղղուած հարուած չէ, այլ՝ համատարած վնաս։ Դա խաթարում է ոչ միայն մարդկանց մշակութային կեանքը, այլեւ առաջացնում է ընդհանուր հոգեբանական տրաւմա։ Այս ամէնը՝ երբ համակարգուած է, կանխամտածուած եւ փուլ առ փուլ իրականացուող՝ ձեւաւորում է ցեղասպանական կոնցեպտ։
Իսկ ժառանգութեան ոչնչացումը «խաղաղութեան» պայմաններում, նոյնքան վտանգաւոր է։ Եթէ չկայ պատերազմ, ապա ինչո՞ւ է ոչնչացւում ժառանգութիւնը, որը խաղաղ մարդկանց է պատկանում։ Դա վերածւում է նոր տեսակի պատերազմի՝ առանց զէնքի, բայց նոյնքան ցաւոտ՝ խաղաղ բնակչութեան դէմ ուղղուած հարուածով։
Տեսէք, միջազգային համակարգը յաճախ արձագանգում է՝ ըստ քաղաքական նպատակայարմարութեան։ Ես այս արձագանգները բաժանել եմ երեք փուլերի։
Առաջին փուլը՝ պատերազմի ժամանակաշրջանն էր՝ 44 օրուայ ընթացքում։ Այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Մ.Ա.Կ.-ի տարբեր կառոյցներ հանդէս եկան շատ չէզոք կոչերով։ Նրանք երկու կողմերին յորդորում էին զերծ մնալ ժառանգութեան ոչնչացումից, հաւասարութեան սկզբունքով մօտենալով խնդրին, ինչը փաստացի անտեսում էր իրողութիւնները։
Երկրորդ փուլը սկսուեց 2021-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆօնին։ Այս շրջանում միջազգային ուշադրութիւնը բարձրացաւ, եւ որոշ կառոյցներ սկսեցին աւելի ճշգրիտ արձագանգել։ Ամենաառանձնայատուկ փաստը 2021թ. Դեկտեմբերի 7-ի՝ Հաագայի Արդարադատութեան դատարանի որոշումն էր։ Այն կայացուեց Ռասայական խտրականութեան վերացման մասին 1965թ. կոնուենցիայի հիմքով, եւ առաջին անգամ մշակութային ժառանգութեան ոչնչացումը որակուեց որպէս ռասայական խտրականութեան դրսեւորում։ Սա առանց նախադէպի որոշում էր։
Դատարանն արձանագրեց ոչ միայն ժառանգութեան ոչնչացման արգելքը, այլեւ դրա պղծման արգելքը։ Սա վերաբերում է ինչպէս նիւթական, այնպէս էլ ոչ նիւթական ժառանգութեանը։
Երրորդ կարեւոր արձագանգը Եւրոպական Խորհրդարանինն էր։ Սկզբում՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերեալ բանաձեւում կար ժառանգութեան ոչնչացման յստակ մատնանշում։ Իսկ 2022-ին ընդունուեց նոր բանաձեւ, որն ամբողջութեամբ նուիրուած էր Արցախի մշակութային ժառանգութեանը։ Այստեղ առաջին անգամ միջազգային մի կառոյց բաց տեքստով մատնանշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացուողը նոր իրողութիւն չէ։ Խօսուեց 100-ամեայ ծրագրաւորուած քաղաքականութեան մասին, որը սկիզբ է առել դեռեւս 1918թ.։ Նշուեց նաեւ Նախիջեւանի փորձը՝ որպէս նախադէպ։ Եւ յստակ ասուեց՝ Դադիվանքը, Գանձասարը կարող են կիսել նոյն ճակատագիրը։
Այս ամէնը կարեւոր էր յատկապէս մէկ տեսանկիւնից. երբ յուշարձանների ոչնչացումը լինում է անհատական գործողութիւն, դա դատապարտելի է։ Բայց երբ դա դիտարկւում է որպէս պետական քաղաքականութիւն՝ սա արդէն միջազգային իրաւունքի յստակ խնդիր է։
Ցաւօք, այս որոշումները խորհրդատուական բնոյթ ունեն, չունեն պատժամիջոցներ։ Բայց դրանց արձանագրումն ինքնին արժէք ունի, որովհետեւ փաստում է, որ միջազգային հանրութիւնը, գոնէ որոշ մակարդակներում, ճանաչում է ճշմարտութիւնը։
— Մենք ականատես եղանք, թէ ինչպէս Սուրբ Սոֆիան Կոնստանտնուպոլսում վերածուեց մզկիթի եւ մեծ մտավախութիւն կայ, որ այս հազարաւոր այցելուները, ովքեր մտնում են մզկիթ՝ աղօթքի համար, վնաս են հասցնում այս բիւզանդական յուշարձանին, եւ նոյնիսկ թուրք հետազօտողներն են վկայում այս մասին։ Մենք տեսանք, այսպիսով, թէ ինչպէս Ուղղափառութեան խորհրդանիշը մզկիթի վերածուեց։ Սա է հարցը՝ ո՞րն է այս ամէնի հանդէպ միջազգային հանրութեան պատասխանը։
Արցախում էլ ունենք նման դէպքեր՝ Սուրբ Եղիշէ եկեղեցում, Սուրբ Յովհաննէս Մկրտիչում, երբ ադրբեջանցիները նամազ էին անում թէ՛ բակում, թէ՛ ներսում։ Սա նրանց համար նորութիւն չէ, սա շարունակուող սրբապղծութիւն է։ Կան տեսանիւթեր, որոնք յստակ ցոյց են տալիս, թէ ինչպէս ադրբեջանական աղօթք է իրականացւում հայկական եկեղեցիներում՝ անարգելով ամբողջ ծիսական համակարգը։
Ու թէեւ միջազգային հանրութիւնը ունի որոշ մեխանիզմներ, բայց դրանց գործարկումը ուշանում է։ Խաչքարերը 2010-ից ճանաչուած են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ որպէս ոչ նիւթական մշակութային ժառանգութիւն։ Դա նշանակում է, որ խաչքարն ունի համամարդկային արժէք։ Եւ երբ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի խաչքարերը, դա հարուած է ամբողջ մարդկութեանը։ Հարուած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին, միջազգային կոնուենցիաներին։ Իսկ ըստ այդ կոնուենցիաների՝ նման վարքագիծը պատերազմական յանցագործութիւն է։ Բայց, ցաւօք, օրէնքները մնում են թղթի վրայ, յատկապէս Արցախի պարագայում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելութիւնը մինչ օրս չի իրականացուել։ Վերջին յայտարարութիւնը դեռ 2022-ին էր, երբ տնօրէնն ասաց՝ «Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին»։ Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելութեան իրականացումը բարի կամք չէ։ Սա մանդատով ստանձնած պարտաւորութիւն է։
Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանը ստեղծել է «Արեւմտեան Ադրբեջան» կոչուող համայնք, կազմակերպում է փառատօններ, որտեղ Հայաստանի քարտէզով ցուցահանդէսներ են անցկացւում։ Երեւանը, Սեւանը, Սիւնիքը ներկայացւում են որպէս «պատմական» Ադրբեջանի տարածքներ։ Այսինքն՝ իւրացման քաղաքականութիւնը արդէն հասել է Հայաստանի Հանրապետութեան տարածք։ Տաթեւի վանքը, Նորավանքը, սահմանային այլ յուշարձաններ արդէն կրկին ներկայացւում են որպէս աղուանական։
Բայց ինչում է վտանգը։ Շատերն ասում են՝ թող համարի աղուանական, միայն թէ չ’ոչնչացնի։ Բայց այդպիսի մօտեցումն, առաջին հերթին, խաթարում է պատմական ճշմարտութիւնը, աղաւաղում գիտելիքը եւ վնասում սերունդների իրաւունքը՝ այդ արժէքներին ճշմարտացի ձեւով հաղորդակցուելու։ Երկրորդ՝ մենք ունենք Նախիջեւանի օրինակ. նախ՝ եկեղեցիները հռչակուեցին աղուանական, յետոյ՝ 127-ը ոչնչացուեցին։ Այսինքն, այդ որակումը ոչ թէ երաշխիք է պահպանման, այլ նախապայման ոչնչացման համար։
Վտանգը օրէցօր մեծանում է։ Սա միայն հայերի կամ արցախահայերի խնդիրը չէ։ Խօսքը համամարդկային նշանակութեան յուշարձանների եւ եկեղեցիների մասին է։ Սա կրօնական ազատութեան հարց է։ Այս ժառանգութիւնը չպէտք է դառնայ քաղաքական կամ տնտեսական շահերի առարկայ։ Այն պէտք է վեր լինի ե՛ւ պայմանագրերից, ե՛ւ քաղաքական ճնշումներից։ Սա մարդու իրաւունքներից բխող արժէք է եւ պէտք է վեր դասուի բոլոր շահերից։
— Ինձ թւում է Արցախից բռնի տեղահանուած հայութեան համար ամենախոցելի, ամենացաւալին հէնց այն է, երբ տեսնում են իրենց թողած գերեզմաններն անարգուած։ Կարծում եմ դրանից աւելի խորը ցաւ չկայ…
Ադրբեջանը դա անում է միտումնաւոր, որովհետեւ ցեղասպանութիւնը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ։ Ինչպէս նշում է Կոնուենցիան, ցեղասպանութիւնը նաեւ այնպիսի հոգեբանական պայմանների ստեղծումն է, որը խորը տրաւմա է հասցնում համայնքին՝ խանգարելով նրա վերստեղծմանը։
Ցեղասպանութիւնը նաեւ խմբի գոյութեան հնարաւորութիւնը կասեցնելն է։ Խումբ ասելով նկատի ունենք համայնք, որն ունի իր ինքնութիւնը, մշակոյթը, երազանքներն ու զարգացման հեռանկարը։ Որտեղ կան կրթութեան ձեւեր՝ թէ՛ ֆորմալ, թէ՛ ոչ ֆորմալ։ Որտեղ երեխաները կարող են լսել իրենց տատիկների հեքիաթները, աղօթել Դադիվանքում, մեծանալ իրենց մշակոյթի միջավայրում։
Ի՞նչ է տեղի ունենում։ Բռնի տեղահանութեամբ խզւում է այդ ամբողջականութիւնը։ Այո, մարդիկ ֆիզիկապէս գոյութիւն ունեն, բայց իրենց հետ չկայ համայնքը, չկայ միջավայրը, որտեղ կարող են վերստեղծել իրենց կեանքը, իրենց ինքնութիւնը։
Ժառանգութեան իմաստը հէնց դա է՝ շարունակութեան ապահովումը։ Երբ ասում ենք «պահպանել ժառանգութիւնը», նկատի ունենք՝ «փոխանցել» այն։ Ես միշտ նշում եմ ուսանողներիս՝ ժառանգութեան մէջ «պահպանել»-ը առանց փոխանցման՝ չունի իմաստ։ Եթէ մենք չենք կարողանում փոխանցել, ուրեմն չենք էլ պահպանում։ Իսկ եթէ այդ շղթան խզւում է, խաթարւում է ամբողջ ինքնութիւնը։
— Հասկանալի է։ Եւ այժմ միգուցէ խօսենք մեր անելիքների մասին։ Ապագայում ինչպէ՞ս կարող է Հայաստանի գիտական հանրութիւնը, համագործակցելով Հայաստանի կառավարութեան եւ իշխանութիւնների եւ Սփիւռքի հետ, հասնել աւելի արդիւնաւէտ, զգալի արդիւնքների։
Նախ՝ շատ կարեւոր են մի քանի հիմնական գործողութիւններ։ Առաջինը՝ ժառանգութեան փաստագրումն է։ Երկրորդը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով՝ 3D ձեւաչափով վերակառուցումը։ Երրորդը՝ 24/7 մոնիտորինգը՝ մշտադիտարկման ձեւաչափով։ Սա հնարաւորութիւն կը տայ ոչ միայն վերահսկել իրավիճակը, այլեւ խրախուսել եւ պահանջել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելութեան իրականացումը Արցախում՝ գոնէ ներկայ վիճակը փաստագրելու համար, որպէսզի յետագայ ոչնչացումները կանխուեն։ Այսօր մեր առաջնային խնդիրը հէնց այդ ոչնչացումների կասեցումն է, իսկ դա հնարաւոր է միայն փաստագրման միջոցով։
Սփիւռքը կարող է իր ողջ ներուժը օգտագործել՝ միջազգային կառոյցներից պահանջելու ժառանգութեան փաստագրում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրաւում։ Բացի այդ, անհրաժեշտ է ակտիւացնել կապը միջազգային գիտական կենտրոնների հետ՝ ճշմարիտ ինֆորմացիան պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար։ Ժառանգութեան պահպանութիւնը միայն նիւթական չէ։ Գիտելիքի փոխանցումը նոյնպէս պահպանութեան ձեւ է։ Եւ պէտք է ապահովել, որ պահանջատիրութեան շղթան երբեք չկոտրուի։
Սփիւռքը կարող է խթանել այս հարցով գիտակրթական հաղորդակցութիւնը՝ դասախօսութիւններով, զրոյցներով, երեխաների ներգրաւմամբ։ Որովհետեւ մեր թիրախը պէտք է լինի ապագայ սերունդը՝ որպէս ժառանգութեան պահանջատէր։
Սա պէտք է լինի ոչ թէ պարզապէս բարի կամքի դրսեւորում, այլ մեր ուղիղ պարտաւորութիւնը։
Յաջորդը՝ շատ կարեւոր է փաստագրել ոչ նիւթական մշակութային պրակտիկաները՝ բռնի տեղահանուած արցախահայերի միջոցով։ Հասկանալ, թէ ինչպէս կարելի է աջակցել այդ համայնքներին՝ պահպանելու իրենց մշակոյթը, ստեղծելու միջավայր, որտեղ նրանք կարող են շարունակել իրենց աւանդոյթները՝ օրինակ՝ թխել ժենգեալով հացը, հաղորդակցուել միմեանց հետ։ Համայնքի շարունակական կապը առանցքային է՝ ինքնութեան վերակառուցման համար։
Այսօր արցախահայութիւնը ցրուած է Հայաստանի տարբեր մարզերում եւ երկրի սահմաններից դուրս։ Այս ցրուածութիւնը մեծ խնդիր է։ Սփիւռքը կարող է նախաձեռնել ծրագրեր՝ համակարգելու եւ մոբիլիզացնելու համայնքներին, պահպանելու միջհամայնքային կապը։
Խիստ կարեւոր է նաեւ ոչ նիւթական ժառանգութեան փառատօների իրականացումը։ Արցախում եղել են փառատօններ, որոնք այսօր դադարել են՝ մեծ վնաս հասցնելով ինքնութեանը։ Կարելի է դրանք վերակենդանացնել Սփիւռքի տարբեր համայնքներում, վեր հանել յիշողութիւնները, ամրացնել սերունդների կապը։
Եւ ի վերջոյ, պէտք է շարունակաբար գրութիւններ յղել միջազգային կառոյցներին՝ ուշադրութիւն հրաւիրելով համամարդկային արժէքների ոչնչացման վրայ՝ յատկապէս խաչքարերի։ Սա յստակ հարուած է միջազգային արժէքներին։
Շատ շնորհակալ եմ Ձեզ՝ այս հրաշալի հարցազրոյցի համար: