Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական խորհրդի յայտարարութիւնը՝ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան գործողութիւնների եւ յայտարարութիւնների վերաբերեալ
Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանութիւնների գործողութիւններն ու յայտարարութիւնները յարուցում են մեր ժողովրդի արդարացի զայրոյթը։ Պատերազմի ելքը Ալիեւի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատեացութեան նոր նշաձողեր սահմանելու, մեր ժողովրդի ազգային ինքնասիրութիւնը ոտնահարելու փորձեր կատարելու եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնելու։ Բաքուի քաղաքական վարքը, ինչը մեծապէս ազդուած է Թուրքիայի կեցուածքից, անվերադարձելիօրէն հատում է բոլոր կարմիր գծերը՝ ստիպելով մեր ժողովրդին միաւորել ուժերը՝ ապահովելու հայրենիքի անվտանգութիւնն առկայ սահմանների անձեռնմխելիութիւնը։ Ադրբեջանաթուրքական սպառնալիքները լիովին տեղաւորւում են նաեւ ցեղասպանական մտադրութիւնների համատեքստում՝ արտայայտուելով հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու եւ վերջինիս տիրանալու անթաքոյց նկրտումներով։
Ղարաբաղեան առաջին պատերազմում կրած պարտութիւնից բարդոյթաւորուած՝ Ադրբեջանի պահուածքը յիշեցնում է ոչ թէ պատերազմում յաղթանակած կողմի, այլ մարդկութեան նկատմամբ հերթական յանցագործութիւնից իրականութեան զգացումը կորցրած սուբյեկտի։
Վերջերս Բաքւում բացուած «ռազմական աւարի պուրակը» մարդատեացութեան եւ բանականութեան խեղման այնպիսի մի դրսեւորում է, որպիսին քաղաքակիրթ աշխարհը չի տեսել սկսած դեռեւս 20-րդ դարի երկրորդ կէսից, երբ նորագուն ժամանակաշրջանի բռնատիրութիւնների կործանումից յետոյ, նոր թափ առան ազգային-ազատագրական շարժումները։
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առեւտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ բացայայտ յաւակնութիւնները, մեր ժողովրդի կեանքի իրաւունքի հանդէպ ոտնձգութիւնները, ինչպէս նաեւ թուրք-ադրբեջանական բարձրագոյն մակարդակից հնչեցուած սպառնալիքները գալիս են փաստելու հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ շարունակական թշնամանք երաշխաւորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը։
Ստեղծուած ծայրաստիճան պայթիւնավտանգ իրավիճակի եւ դրանում Թուրքիայի առանցքային դերակատարութեան կապակցութեամբ, արդէն իսկ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում առանձին պետութիւնների, միջազգային կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս համաշխարհային հանրութեան հետ։
Ադրբեջանի բռնապետին խստօրէն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատուութեան հետ. մարդկութեան պատմութեան գրեթէ բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։
Ղարաբաղեան հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծուած, հետեւաբար՝ շարունակելու ենք յանուն Արցախի վերականգնման եւ Հայաստանի արժանապատուութեան հայութեան արդար պայքարը:
Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 Ապրիլի 2021 թ.