ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ
«Կտակը գրել է Յուլիսի 15-ին` արդէն գիտէր, որ իրեն սպանելու են…
Մէկ օր յետոյ Զոհրապին տանում են Ուրֆայ:
Իսկ օրեր անց, Զոհրապի ու Վարդգէսի սպանութիւնը իրագործելու նպատակով, Ուրֆայ են կանչւում հրոսակապետ Չէրքէզ Խալիլ բէյը, Չէրքէզ Ահմեդը եւ հրամանատար Ռեղիդի որդի Մուստաֆան: Ուշ գիշերով, յուլիսի 19-ին արթնացնում են ձերբակալուած պատգամաւորներին եւ Ուրֆայից դուրս գալով` իջնում են «Շեյթան տէրեսին»` Սատանայի ձորը:
Կամուրջն անցնելուց յետոյ Զոհրապին եւ Վարդգէսին տանող կառքը յանկարծ կանգ առաւ, իսկ ձիերն արձակեցին:
Սա ողբերգութեան վերջին արարն էր: Դա գիտէին երկուսն էլ` Զոհրապի եւ Վարդգէսի աչքի առաջ թուրք ժանդարմները նշան բռնեցին եւ կրակեցին` Վարդգէսն սպանուեց անմիջապէս:
Զոհրապի կեանքի այս վերջին վայրկեանները տարբեր վկայողներ տարբեր կերպ են ներկայացրել: Բայց մի բան կրկնւում է ամէն վկայութեան մէջ` Զոհրապի արցունքները: Ժանդարմների կրակոցներից յետոյ Զոհրապը դեռ ողջ էր: Արամ Անտոնեանը պատմում է, որ դա տեսնելով` փորձել են Զոհրապին իջեցնել կառքից:
— Իջիր,- գոռացել են ամէն կողմից:
Իսկ նա նստել էր անշարժ, արցունքն աչքերին, ասես այդ խօսքերն իրեն չէին վերաբերում:
Հրեշտակն արտասւում էր Սատանայի ձորում…
Զոհրապի վրայ յարձակուել էին դաշոյններով եւ յետոյ կրակել` արդէն մահացած հանճարի վրայ: Զարեհ Որբերեանի տեղեկութիւններով` Չէրքէզ Ահմեդը քարով ջախջախել է Զոհրապի գլուխը:
— Յետոյ սպանուածների դիակներից հանեցին հագուստները, իսկ դիակները նետեցին մացառուտների մէջ:
— Յետոյ մօտակայ գիւղից գիւղացիներ եկան սպանութեան վայրը` բայց թալանի համար ոչինչ չգտնելով քարկոծեցին Սատանի ձորում ընկած մերկացած դիակները:
— Յետոյ Ուրֆայի շուկայում, արդէն յաջորդ օրը վաճառքի էին հանուել Զոհրապի ոսկեայ ժամացոյցն ու մատանին, իսկ մի անգլիացի էլ հասցրեց գնել Զոհրապի պայուսակը` անուան սկզբնատառերով եւ արեան բծերով:
— Իշխանութիւններն արգելեցին Զոհրապի կնոջն ու հարազատներին մահազդ տալ եւ հոգեհանգիստ կատարել: Ամուսնու մահն անգամ Կը լարայ Զոհրապին տեղեկացրին հեռախօսով, հրապարակուեց նաեւ պաշտօնական կեղծ տեղեկագիր, ըստ որի, Դիարբեքիր մեկնելու ճանապարհին Զոհրապը կաթուածահար է եղել…»։
ՀԱՏՈՒԱԾ` ԱԲԳԱՐ ԱՓԻՆԵԱՆԻ
«ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ» ԳՐՔԻՑ:
Գրիգոր Զոհրապը՝ գրող, իրաւաբան, հասարակական-քաղաքական գործիչ, «Նորավէպի արքայ», «Մէջլիս»ի պատգամաւոր. ստեղծագործութիւնները նշանակալի ազդեցութիւն են ունեցել արեւմտահայ ռէալիստական գրականութեան վրայ:
Գրիգոր Զոհրապը «Մէջլիսում» ընտրուել է պատգամաւոր երեք անգամ. Յայտնի էր յատկապէս իր ազդեցիկ ելոյթներով։ Նա բարձրաձայնել է հայ համայնքի խնդիրները, ինչպէս նաեւ ամբողջ օսմանեան հասարակութեան եւ պետական կառուցուածքի արդիականացման համար կարեւոր գործունէութիւն է ծաւալել։ Լինելով հմուտ իրաւաբան՝ Զոհրապը իր ամբողջ փաստաբանական գործունէութեան ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տուել, վկայել են Ժամանակակիցները։ Պաշտպանել է ամբաստանուած հայերի, յոյների, բուլղարների եւ այլազգի անմեղ անձանց դատը սուլթանական դատարանում, որոնք սովորաբար յանուն իրենց ազգային ու մարդկային իրաւունքների հետապնդւում էին օսմանեան բռնատիրութեան դէմ ըմբոստանալու համար։
Իմ բարոյականս կը կայանայ իրականը՝ սուտին, ճշմարիտը՝ կեղծին վերադասելուն մէջ ամէն տեղ եւ ամէն ժամանակ»։
Երբ գալիս են Զոհրապին ձերբակալելու, նա միամտօրէն հարցնում է. «…իսկ Թալէաթը տեղեա՞կ է…», այնինչ Թալէաթի հրամանով էին իրեն բռնում։
1915 թուականի Յունիսի 2, գիշեր…
Զոհրապը «Cercle d’Orient» ակումբում՝ Թալէաթ փաշայի եւ Հալիլ բէյի հետ. կէսգիշերին Գրիգորը վեր կացաւ` տուն գնալու: Նոյն պահին ոտքի կանգնեց նաեւ Թալէաթը, մօտենալով Զոհրապին՝ համբուրեց այտը…
Դա մահուան համբոյր էր… որ պարզ դարձաւ յետոյ. երկու օր առաջ արդէն Թալէաթը ստորագրել էր Գրիգոր Զոհրապին եւ միւս հայ պատգամաւորին` Վարդգէս Սերենգիւլեանին ձերբակալելու հրամանը: Հէնց այդ գիշեր թուրքերը Զոհրապի տուն ներխուժելով՝ ձերբակալեցին նրան, բռնի տեղահանելով Ղալաթասերայի ոստիկանատուն, այնտեղից՝ Գոնիայ, Ադանայ, ապա՝ Հալէպ
Ճամբայ՝ առանց տունդարձի…
Զոհրապի սպանութեան լուրը նրա կնոջը յայտնել է անձամբ ոճրագործ Թալէաթը:
«Մէկ հատիկ, անուշիկ, չի գտնուած գանձս, կնիկս, հոգիս…», «Սիրական, աղուորիկ, քիթիկլի կնիկս». 27 տարիների համատեղ կեանքի ընթացքին այս արտայայտութիւնները կարճ ժամանակում վերածուեցին՝ «սիրելի եւ դժբախտ կողակիցս», «սիրական եւ խեղճ կնիկս»:
Զոհրապը կանանց սիրում էր կին լինելու՝ նուրբ, հեզ, թոյլ ու անօգնական լինելու համար: 22-23 տարեկանում ինքն իրեն «շափխընը» (կնամոլ) կոչած Գրիգորը շատ խիստ հայեացքներ ունէր կանանց դերի, նրանց ազատութիւնների մասին: Ընդգծուած հակաֆեմինիստ՝ նա նոր-նոր ի յայտ եկող հայեացքներին, առաւել եւս դրանց հայկական դրսեւորումներին՝ դէմ էր. հակաբնական էր համարում երկու սեռերի իրաւահաւասարութեան գաղափարները։
Երբ ամուսնացաւ Կը լարայի հետ, նա դարձաւ աւելի հանդուրժող, աւելի փափուկ եւ նրբանկատ, սակայն կարծիքը երբեք չփոխեց։ Մարդկային փոքրիկ ուրախութիւններից Զոհրապը ստեղծում էր երջանկութիւն. կնոջ արդուզարդի համար կարող էր մի ամբողջ օր վատնել եւ այդ օրը համարել «աղուոր օր մը»: Կարող էր ընթրիքից հրաժարուել՝ խնայողութիւն անելու նպատակով, բայց գնալ խաղատուն եւ տասնապատիկը տանուլ տալ. դա կեանքն էր… Փոքրիկ ուրախութիւններն իր համար թէ՛ գնումներն էին, թէ՛ թղթախաղը:
Զոհրապի եւ նրա կնոջ սիրոյ պատմութիւնը ամենագեղեցիկը եւ ամենադրամատիկն էր իր իսկ ստեղծած բոլոր պատմութիւնների, նորավէպերի մէջ…
«Սիրական, աղուորիկ, քիթիկլի կնիկս…»։
Իր կնոջն ուղարկած վերջին նամակում Զոհրապը գրում է.
«Ինձ դատելու համար Ստամբուլից Դիարբեքիր ուղարկողները ոչնչացնելու համար են ուղարկում: Դիարբեքիրում սարսափելի բաներ են կատարւում: Աստուած գիտի, չնայած անմեղ եմ, բայց այնտեղից ողջ դուրս չեմ գայ:
Սիրելի’ս, միայ’կս, արդէն մեզ համար սկսւում է վերջին արարը: Այլեւս ուժ չունեմ: Եթէ կենդանի չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն այն է, որ միշտ իրար սիրեն, քեզ մեծարեն ու պաշտեն, չվշտանան ու ինձ էլ յիշեն»:
Գրիգոր Զոհրապը եւ Կլարան ունեցան չորս զավակ՝ Լեւոն, Արամ, Տոլորես եւ Հերմինէ։