Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 33-րդ տարեդարձի կապակցութեամբ Յունաստանում Հ.Հ. դեսպանութիւնը կազմակերպել էր ընդունելութիւն-համերգ, որի ընթացքում համերգային յատուկ ծրագրով հանդէս եկաւ «Կադանս» համոյթը։
Միջոցառմանը ներկայ էին Յունաստանի ազգային պաշտպանութեան նախարար Նիկոլայոս Դենդիասը, առողջապահութեան նախարար Ադոնիս Գէորգիադիսը, Յունաստանի ազգային պաշտպանութեան գլխաւոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսը, Յունաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, Աթէնքում հաւատարմագրուած երկու տասնեակից աւել դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, դիւանագէտներ, ռազմական կցորդներ, Յունաստանի խորհրդարանի պատգամաւորներ, պետական կառոյցների ներկայացուցիչներ, յունական եկեղեցու եւ հայ հոգեւոր դասի, համայնքային կառոյցների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլ հիւրեր։
Բացման խօսքով հանդէս եկաւ Յունաստանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Մկրտչեանը, ով իր ելոյթում անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան գործընթացին, 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած լայնածաւալ ագրեսիային եւ Լ.Ղ. հայերի բռնի տեղահանութեանը, տարածաշրջանում առկայ իրավիճակին, Հայաստան-Յունաստան յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ վերջին մէկ տարուայ ընթացքում նախաձեռնուած քայլերին։
Հ.Հ. դեսպանը մասնաւորապէս նշեց.
«33 տարի առաջ՝ 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին, մեր երկրում տեղի ունեցաւ Անկախութեան հանրաքուէ, որի ընթացքում Հայաստանի բնակչութեան 95 տոկոսն իր վճռական «Այո»-ն ասաց Խ.Ս.Հ.Մ. կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետութիւն կառուցելու գործընթացին: Գործընթաց, որը մարմնաւորում էր հայ ժողովրդի եկար փայփայած իղձերը եւ ձգտումները, որոնք նախ արտայայտուել էին 1990 թ. Օգոստոսի 23-ին Անկախութեան հռչակագրի միջոցով։ Սակայն սա մի գործընթաց էր՝ լի բազում մարտահրաւէրներով. անկախ եւ ազատ պետութեան կառուցումը պայքար էր, որին Հայաստանը բախւում է անգամ այսօր՝ ջանալով ամրապնդել իր ինքնիշխանութիւնը եւ խաղաղ ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնը:
Սեպտեմբերի 21-ը, ինչպէս նշեցի, ուրախութեան պահ է, բայց Սեպտեմբերը յիշեցնում է նաեւ կորուստների եւ ողբերգութիւնների մասին։ Ուղիղ չորս տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծուեց Լեռնային Ղարաբաղի դէմ։ Եւ ընդամէնը մէկ տարի առաջ աւարտուեց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը՝ 9-ամսեայ պաշարումից, սովից, պարբերական ահաբեկումներից եւ կրակոցներից յետոյ մի տարածքում, որը արձանագրուած պատմութեան 3 հազարամեակների ընթացքում մինչեւ վերջերս հայաբնակ է եղել։ Ադրբեջանը, խախտելով Մարդու իրաւունքների միջազգային դատարանի որոշումները եւ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին յայտարարութեան բոլոր յօդուածները, այսօր էլ շարունակում է անտեսել մի շարք երկրի եւ միջազգային կազմակերպութիւնների կոչերը։ Եւ քանի դեռ անպատիժ են հայերի էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգութեան եւ տեղի բնակչութեան ունեցուածքի ոչնչացումը, Բաքւում ապօրինի պահուող 23 հայ գերիների դէմ կեղծ դատավարութիւնները եւ անողոք ատելութեան խօսքը, Հայաստանի նկատմամբ ագրեսիւ ահաբեկումը կրում է շարունակական բնոյթ։ Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղութեան համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարաւոր չէ անել ցանկացած գնով՝ կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը։ Այնուամենայնիւ, չնայած բոլոր դժուարութիւններին, մենք չենք կարող մեզ թոյլ տալ յուսահատուել։ Հայաստանը միշտ ունեցել է եւ յիրաւի ունի լաւ բարեկամներ։
Հայ եւ յոյն ժողովուրդների միջեւ դարեր ի վեր ձեւաւորուած փոխվստահութիւնը, ամուր բարեկամական կապերը, միանշանակ, իրենց ազդեցութիւնն են ունեցել նաեւ ժամանակակից պայմաններում մեր երկու պետութիւնների փոխյարաբերութիւնների կայացման եւ զարգացման վրայ: Հայաստանի երրորդ Հանրապետութիւնը մշտապէս վայելել է Յունաստանի աջակցութիւնը՝ թէ՛ երկկողմ արդիւնաւէտ համագործակցութեան, թէ՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերուող աջակցութեան առումով։
Խօսելով յոյն-հայկական յարաբերութիւնների մասին՝ անհնար է չյիշատակել, թէ ինչ վիթխարի դեր են խաղում այդ յարաբերութիւնների ամրապնդման գործում մեր սիրելի հայրենակիցները՝ յունահայերը։ Նրանց ընդունել են Յունաստանում անյիշելի ժամանակներից, Հայոց ցեղասպանութեան, ապա նաեւ Մեծ աղէտից յետոյ։ Նրանք անջնջելի ներդրում ունեցան Յունաստանում, մեր յոյն եղբայրների եւ քոյրերի հետ միասին մասնակցեցին Յունաստանի նորագոյն պատմութեան կերտմանը` փայփայելով պատմական հայրենիքի յիշողութիւնները, որտեղ իրենց, մեր նախնիները հիմնել են հնագոյն մեծ քաղաքակրթութիւններից մէկը:
Անդրադառնալով վերջին շրջանի զարգացումներին՝ պէտք է գոհունակութեամբ նշեմ, որ այս տարին եւս ակտիւ քաղաքական երկխօսութեան եւ Յունաստանի հետ բազմոլորտ համագործակցութեան ամրապնդման տարի էր: Դեռեւս Յունուարին Երեւան այցելեց Յունաստանի արտաքին գործերի նախարարը: Մեր արտգործնախարարները պարբերական շփման մէջ են գտնւում, որոնցից վերջինը տեղի ունեցաւ երեկ՝ Նիւ Եորքում։ Փետրուարին Յունաստանի վարչապետի հրաւէրով տեղի ունեցաւ Հ.Հ. վարչապետի այցն Աթէնք։ Երկու առաջնորդները կրկին վերահաստատեցին երկու երկրների համերաշխութիւնը եւ ընդհանուր մօտեցումները միջազգային զարգացումների համատեքստում: Երկկողմ օրակարգից բացի քննարկուեցին նաեւ Եւրամիութեան հետ Հայաստանի յարաբերութիւնների խորացմանն ուղղուած քայլերը, եւ այս գործընթացում եւս վայելում ենք մեր յոյն գործընկերների ակտիւ աջակցութիւնը, ինչի համար թոյլ տուէք կրկին յայտնել հայկական կողմի երախտագիտութիւնը: Այս թեմաները կրկին քննարկուել են յուլիսին Մեծ Բրիտանիայում կայացած վարչապետների հանդիպման ժամանակ՝ Եւրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում, եւ ընդամէնը երկու օր առաջ՝ Նիւ Եորքում Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր ասամբլէայի շրջանակներում յանդիման ընթացքում։
Քաղաքական երկխօսութեանը զուգահեռ ակտիւ համագործակցութիւնը շարունակուել է նաեւ պաշտպանական բնագաւառում: Դեռեւս նախորդ տարուայ Դեկտեմբերին՝ Հ.Հ. պաշտպանութեան նախարարի՝ Աթէնք կատարած պաշտօնական այցի ընթացքում ստորագրուեց երկու կառավարութիւնների միջեւ ռազմատեխնիկական համագործակցութեան մասին համաձայնագիրը։ Այնուհետեւ Մարտի 4-ին պատասխան պաշտօնական այցով Հայաստան է մեկնել Հայաստանի մեծ բարեկամ, Յունաստանի ազգային պաշտպանութեան նախարարը, ինչը եւս մէկ ուղենիշ էր Հայաստանի եւ Յունաստանի միջեւ ռազմավարական համագործակցութեան ամրապնդման գործում։
Ուրախ եմ, որ այսօր այստեղ ներկայ են նաեւ Յունաստանի Էւելպիդոնի ռազմական ակադեմիայի հայազգի սաները, եւ ուզում եմ կրկին շնորհակալութիւն յայտնել մեծարգոյ նախարարին հայազգի ուսանողների թիւն աւելացնելու համար։
Տնտեսական ոլորտում եւս քայլեր են ձեռնարկուել համագործակցութիւնն ակտիւացնելու ուղղութեամբ։ Այս առումով Enterprise Greece-ի եւ Enterprise Armenia-ի միջեւ յուշագրի ստորագրումը շատ կարեւոր էր եւ վաղուց սպասուած: Վերջին երկու տարուայ ընթացքում ապրանքաշրջանառութիւնը երկու երկրների միջեւ կրկնապատկուել է։
Ակադեմիական ոլորտում համագործակցութիւնը նոյնպէս զարգանում է. այս տարեսկզբին մենք Թրակիայի Դէմոկրիտ համալսարանում հիմնեցինք Հայագիտութեան կենտրոն, որը, յուսով ենք, ամբողջութեամբ կը սկսի գործել շուտով: Նաեւ Հայաստանի գիտութիւնների ակադեմիան եւ Աթէնքի ակադեմիան ստորագրեցին համագործակցութեան համաձայնագիր, որը կրկին շատ սպասուած էր։
Եզրափակելով խօսքս՝ ուզում եմ ընդգծել, որ այսօր Հայաստանից հրաւիրել ենք «Կադանս» երաժշտական համոյթին, որը բարձր գնահատականի արժանացած պրոֆեսիոնալ երաժիշտների խումբ է։ Մշակոյթը միաւորում է, եւ այն երաժշտութիւնը, որը մենք վայելելու ենք այսօր, դրա վկայութիւնն է: Կը լսենք հայկական երաժշտութիւն, մեծն Շառլ Ազնաւուրի մի քանի ստեղծագործութիւն, որի 100-ամեակը նշում ենք հիմա։ Կը լսենք նաեւ արգենտինական, յունական եւ ֆրանսիական երաժշտութիւն։ Այդ բոլոր մեղեդիները բաւականին տարբեր են, բայց բոլորը հաւասարապէս գեղեցիկ են: Ես միշտ հաւատացել եմ, որ դիւանագիտութիւնը պէտք է մեծ տեղ վերապահի մշակոյթին եւ միշտ հաւատարիմ եմ եղել մշակութային դիւանագիտութեան զարգացմանը, եւ ուրախ եմ փաստել ակնյայտը. այսօր մենք հէնց դա ենք անում»։
Հ.Հ. դեսպանի ելոյթին յաջորդեց Յունաստանի առողջապահութեան նախարար Ադոնիս Գէորգիադիսի ողջոյնի խօսքը, ով իր գոհունակութիւնը արտայայտեց Հայաստանի հետ համագործակցութեան տարբեր ոլորտներում արձանագրուած յաջողութիւնների համար եւ նշեց. «Ուզում եմ, որ բոլորն արձագանգեն, որ մեզ համար այստեղ՝ Յունաստանում, Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է: Մեծացել ենք ընդհանուր յիշողութիւններով, ընդհանուր պատմական արմատներով, ընդհանուր մշակութային արժէքներով եւ այստեղ պէտք է համարենք, պարոն դեսպան, որ Յունաստանը մի երկիր է, որտեղ հայերը ոչ միայն պարզապէս բարեհաճօրէն ընդունուած են, այլ կարող են իրենց զգալ ինչպէս իրենց հայրենիքում: Յունաստանը եւ ի հարկէ իր կառավարութիւնը կ‘անի ամէն ինչ, որպէսզի կանգնի Հայաստանի կողքին», նշեց Ադոնիս Գիորգիադիսը։
Միջոցառման պաշտօնական մասին յաջորդեցին «Կադանս» համոյթի կատարումները, որոնց մէջ ներառուած էին նաեւ Շառլ Ազնաւուրի ստեղծագործութիւններից։
Համերգից յետոյ տեղի ունեցաւ ընդունելութիւն։
Թղթակցութիւնը Հ.Հ. դեսպանութենէն