Ատրպէյճանի ուժերը լայնածաւալ յարձակում կատարեցին՝ ռմբակոծելով Ստեփանակերտը եւ այլ բնակելի վայրեր

Ընդհանուր զօրակոչ Հայաստանի եւ Արցախի մէջ. հայկական բանակը լուրջ վնասներ հասցուց թշնամիի զօրքին

Կիրակի՝ 27 Սեպտեմբերի առաւօտեան կանուխ ժամերէն, Ատրպէյճանի զօրքերը ընդհանուր յարձակում սկսան արցախա-ատրպէյճանական սահմաններու երկայնքին, նախապէս հրետակոծելով հայկական դիրքերը եւ նոյնիսկ բնակելի վայրեր, որոնց կարգին՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախի Հանրապետութեան նախագահի մամլոյ քարտուղար Վահրամ Պօղոսեան անմիջապէս արձագանգեց յայտնելով՝ «յայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ եւ իրավիճակի ողջ պատասխանատուութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը եւ անձամբ Իլհամ Ալիեւը»։

Ընդհանուր զօրակոչ Հայաստանի եւ Արցախի մէջ

Արցախի Ազգային ժողովի արտակարգ նիստի ընթացքին, նախագահ Արայիկ Յարութիւնեան պատերազմական վիճակ եւ 18 տարեկանէն վեր եղող քաղաքացիներուն համար ընդհանուր զօրակոչ յայտարարեց, ըսելով՝ «Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադուել է, եւ պարտաւոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատուութիւնը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանութիւնը։ Տարածաշրջանում յղի հումանիտար (մարդկային – Խմբ.) աղէտի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը»։
Հայաստանի մէջ եւս յայտարարուած է ռազմական դրութիւն եւ ընդհանուր զօրահաւաք։ Այս մասին յայտնած է վարչապետ Նիկոլ Փաշինեան:

«Սիրելի հայրենակիցներ, հիմա կառավարութեան որոշմամբ Հայաստանի Հանրապետութիւնում յայտարարուում է ռազմական դրութիւն եւ ընդհանուր զօրահաւաք: Որոշումը ուժի մէջ կը մտնի հրապարակման պահից:
Զօրքերին կցագրուած անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Յանուն հայրենիքի, յանուն յաղթանակի», նշած է Փաշինեան:

Հայկական բանակը ծանր կորուստներ պատճառեց թշնամիին

Անմիջական եղաւ հայկական կողմի հակազդեցութիւնը, որ խոցեց ատրպէյճանական բանակի բաժիններ, մեծ թիւով ինքնաթիռներ, անօդաչու սարքեր եւ հրասայլեր։ Հայկական բանակի գործողութիւններու տեսանիւթերը լոյս տեսան Հայաստանի լրատուական կայքէջերուն վրայ, ցոյց տալով ատրպէյճանական բանակին ուղղութեամբ կատարուած ազդու հարուածները։ Ատրպէյճանական կողմը եւս յայտնեց իր բանակի զինուորներու կորուտներուն մասին։
Արցախի Պաշտպանութեան բանակի  ստորաբաժանումները յաջողութեամբ ետ մղած են Ատրպէյճանի զինուժի ձեռնարկած գրոհները, յայտնած է Պ.Ն. մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեան: «Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինուժի ձեռնարկած գրոհները Պ.Բ. ստորաբաժանումների կողմից յաջողութեամբ յետ են մղւում։ Հակառակորդն ունի կորուստներ», նշած է Ստեփանեան:

Հայկական տեղեկատուական միասնական կեդրոնի ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեան մամլոյ ասուլիսի ընթացքին յայտնեց.- «Մարտական գործողութիւնները այս պահին էլ ընթանում են, բաւականին թէժ են, հակառակորդը շատ տեղերում յետ է շպրտուել, կրելով զգալի կորուստներ, հասցրել է հրթիռային եւ աւիացիոն )օդային – Խմբ.) հարուածներ Պաշտպանութեան բանակի տարբեր տեղակայման նշանակութեան բաժիններին, կան որոշակի աւերածութիւններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են»:
Ան նաեւ յայտնեց, որ ատրպէյճանական հրթիռահրետակոծութեան գործողութիւններու ժամանակ, որոնք հիմնականօրէն ուղղուած էին Արցախի վրայ, նաեւ եղած են հարուածներ Վարդենիսի ուղղութեամբ՝ Հայաստանի տարածքին։

Հայկական կողմի կորուստները

Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհուրդի քարտուղար Սամուէլ Բաբայեանի տեղեկութիւններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գործողութիւններուն ընթացքին 10 զինուոր զոհուած է:  Այս մասին Բաբայեան յայտնեց լրագրողներու հետ իր ասուլիսի ընթացքին:
«Իմ մօտ եղած տեղեկութիւնների համաձայն՝ տասը հոգի զոհ ունենք, զինուորական», յայտնեց Բաբայեան: Կիրակի առաւօտեան հրետակոծումներու պատճառով բնակելի վայրերուն վրայ, Մարտունիի մէջ երկու հոգի՝ մայր մը եւ իր զաւակը իրենց կեանքը կորսնցուցին, իսկ կան նաեւ մեծ թիւով վիրաւորներ ժողովուրդին մէջ։
Լուրջ վնասներ կրած են շէնքեր, դպրոցներ եւ քաղաքային զանազան կառոյցներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը. «Մենք կը յաղթենք»

Ատրպէյճանի կողմէ սանձազերծուած Կիրակի առաւօտեան յարձակումէն անմիջապէս ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ըրաւ հետեւեալ յայտարարութիւնը։
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, Սփիւռքի հպարտ հայութիւն.
Հակառակորդը Արցախի ուղղութեամբ յարձակում է սկսել։ Պաշտպանութեան բանակը յաջողութեամբ դիմակայում է յարձակմանը։ Իրավիճակը օպերատիւ զարգացման մէջ է, տեղեկութիւնները ըստ անհրաժեշտութեան կ՚ամփոփուեն եւ կը հաղորդուեն։
Կոչ եմ անում վստահել միայն պաշտօնական աղբիւրներին եւ զգօն լինել թշնամական տեղեկատուական հոսանքներին տրուելուց։
Ամուր կանգենք մեր պետութեան, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանութեան դիրքերում։ Ու մենք կը յաղթենք։
Կեցցէ՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցէ՜ հայոց պետականութիւնը։ Կեցցէ՜ հայ ժողովուրդը»։

Նախարար Դաւիթ Տօնոյեանի յայտարարութիւնը

Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեան ուղերձ յղած է, որուն մէջ նշուած է, թէ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակը վճռական հակահարուածներով կասեցուցած է թշնամիի յառաջխաղացման բոլոր փորձերը՝ անոր պատճառելով ծանր կորուստներ:
«Մարտական գործողութիւնների հետեւանքների ողջ պատասխանատուութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը: Արդէն իսկ ակներեւ է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտութիւններից՝ Ադրբեջանի իշխանութիւնները կրկին գերագնահատել են ունեցած կարողութիւնները, ինչի համար, վստահ եմ, խստագոյնս կը պատժուեն», ըսած է պաշտպանութեան նախարարը:
Անոր համաձայն՝ այս արկածախնդրութիւնը ծանր հետեւանքներ պիտի ունենայ թշնամիին համար, իսկ պատասխանը պիտի ըլլայ կոշտ աւելի քան երբեք: Տոնոյեան ընդգծած է, որ հայկական բանակը կը տիրապետէ անհրաժեշտ բոլոր միջոցներուն՝ անգամ մը եւս ջախջախելու համար հայրենիքի նկատմամբ ոտնձգութիւն իրականացնող թշնամիին:

Հ.Յ.Դ. Գ.Մ. յայտարարութիւնը. «Այս պահից բոլորս Հայոց բանակի զինուորն ենք»

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր առաւօտեան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է յարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողութիւններ: Մեր յաղթանակի գրաւականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականութիւն:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, իր ողջ համահայկական կարողականութեամբ եւ վճռականութեամբ կագնած է Հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս Հայոց բանակի զինուորն ենք եւ պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի: Համոզուած ենք՝ այս ճակատամարտում եւս հայ ժողովրդը կ՚արձանագրի իր յաղթանակը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Հայաստանի Գերագոյն մարմին
27.09.2020 թ.

Հ.Յ.Դ. կամաւորները պատրաստ են

Մեծ թիւով Հ.Յ.Դ. կամաւորներ մէկտեղուեցան Արամ Մանուկեանի արձանին առջեւ, ընդառաջելով «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան կոչին, որուն մէջ նշուած է ՝« Այս վճռական պահին, երբ թշնամին հերթական փորձն է անում հարուածել մեր Ազատամարտի յաղթական արդիւնք Արցախի հանրապետութեանը, իւրաքանչիւրիս պարտքն է դառնալ կամաւոր եւ մեր երկրի պաշտպան։ Իւրաքանչիւրս մեր մասնագիտական, երբեմն ոչ մասնագիտական կարողութիւններով կարող ենք աջակցել, որպէսզի հնարաւորինս քիչ կորուստներով դիմակայենք ագրեսիւ հակառակորդին»: Ապրիլեան պատերազմէն յետոյ ձեւաւորուած Կամաւորական շարժման հարիւրաւոր անդամները պատրաստ են հարկ եղած պարագային կրկին մեկնիլ առաջնագիծ, կանգնելու համար հայ զինուորի ու սպայի կողքին։

 

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի խօսքը Արցախի Ազգայի ժողովի արտակարգ նիստի ընթացքին

Ելնելով ստեղծված իրավիճակից հայտարարում եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք

🇷🇺⬇️Սիրելի՛ հայրենակիցներԵլնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա: Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը:___________________________________________Дорогие соотечественники!В связи со сложившейся ситуацией было созвано внеочередное заседание Национального собрания. Выступая перед депутатами, я объявил военное положение и всеобщую мобилизацию для возрастной группы старше восемнадцати лет.Мы неоднократно заявляли, что мы не являемся сторонниками войны, но готовы к ней.Нет народа более миролюбивого, чем мы.Мы не хотели войны, эта война была нам навязана, и мы должны защищать нашу Родину и свои семьи.Вся ответственность за обострение ситуации будет лежать на военно-политическом руководстве Азербайджана.Президент Азербайджана Алиев лично ответит за грядущую региональную гуманитарную катастрофу.

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Sonntag, 27. September 2020