Ապրիլի 11-12-ը Փարիզում կ’անցկացուի Սփիւռքի զօրաշարժին նուիրուած խորհրդաժողով, որը միտուած է լինելու վերջին տարիներին հայութեան ցնցած աննախընթաց տագնապներին եւ մարտահրաւէրներին դիմակայելուն։
2018 թուականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց ցեղասպանութեան եւ Արցախի թղթածրարներից հրաժարուելը (ինչի արդիւնքը Արցախի բռնի հայաթափումն է), ինչպէս նաեւ հայկական ինքնութեան դէմ ուղղուած սպառնալիքներն ու ազգային հաստատութիւնների դէմ յարձակումներն աննախընթաց օրհասական իրադրութիւն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար։
Կայանալիք խորհրդաժողովի նպատակն է հաւաքաբար քննարկել իրավիճակը, զօրաշարժի ենթարկել Սփիւռքը՝ ձեւաւորելով միասնական ու նպատակաուղղուած դիրքորոշում՝ ի պաշտպանութիւն եւ հզօրացում Հայաստանի պետութեան, հայկական սփիւռքի եւ, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։
Խորհրդաժողովը համախմբելու է աւելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թւում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպութիւնների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագէտների, գործարարների եւ երիտասարդների։
Օրակարգի առանցքային կէտերն են՝
— Սփիւռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում եւ քաղաքական օրակարգը.
— Ազգային արժէքների եւ Հայոց եկեղեցու կարեւորութիւնը Սփիւռքում՝ հայկական ինքնութեան պահապանման առումով. նոր իրավիճակի մարտահրաւէրները.
— Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հիմնահարցեր եւ հորիզոններ, Սփիւռքն իբրեւ հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ.
— Սփիւռքի զօրաշարժ եւ վերաշխուժացում՝ յանուն համահայկական նպատակների։
Աւարտին խորհրդաժողովը աշխարհասփիւռ հայութեանը կը դիմի կոչ-յայտարարութեամբ, որին կը յաջորդեն քաղաքական, տեղեկատուական, համայնքային եւ այլ նախաձեռնութիւններ։
Սփիւռքի զօրաշարժի
խորհրդաժողովի համադրող կազմ










