Այսօր Դաշնակցութիւնը ճիշդ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատութեան հրապարակում: Մեր դրօշին, որ մեր պատիւն է, գրուած է՝ Ազատութիւն: Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կեանքով ապրել:
Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու իւրաքանչիւր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրութիւն կատարելու իրաւունքը:
Այդ իրաւունքի վրայ բռնացողները, սակարկութեան առարկայ դարձնողները մեր տեսակի, հայ ինքնութեան հետ կապ չունեն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն: Իրական քաղաքական ուժի յատկանիշը կենսագրութիւնն է, ինքնուրոյնութիւնը, հաւատարմութիւնը նպատակներին ու սկզբունքներին: Եւ՝ աշխատանքը. հետեւողական՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի հանդէպ վստահ-լաւատեսութեամբ աշխատանքը:
Չարութեամբ, ատելութեամբ, յուսահատութեամբ ոչ մի գործ չի արւում: Մենք այստեղ ենք՝ իբրեւ հայ զինուորին, աշխատանքով բարիք ստեղծող հայ մարդուն, հայ մշակոյթը մարմնաւորող կուսակցութիւն: Իբրեւ Դաշնակցութի՛ւն:
Հիմա ընտրութիւն է: Մեզ համար՝ նոր սկզբի, արդար Հայաստանի ընտրութիւն:
Արդարութիւնը հիմքերի հիմքն է՝ հայ տեսակի բնոյթը, էութիւնը: Միայն արդարութեամբ խաղաղ, անվտանգ, զարգացող, ուժեղ, բարեկեցիկ, ազատ Հայաստան կ՛ունենանք:
Այդպիսի՛ Հայաստան մենք ստեղծելու ենք:
Ստեղծելու ենք՝ հաւատալով հայ մարդուն, հաւատալով Հայաստանին, գործելով պատասխանատուութեամբ: Մե՛ր կամքով, մե՛ր վճռականութեամբ, ծառայութեամբ:
Ազգային-պետական մտածողութիւն ունեցող, մեր այս վիճակով մտահոգ, գիտակից, ինքն իրեն յարգող, երիտասարդ, հոգում հայրենիք ունեցող մեր քաղաքացիներին ապաւինած:
Նրանց կողքին կանգնելով:
Սուտ է, թէ նրանք քիչ են: Փողատէրերի, իշխանութեամբ նուաստացնողների, ամբոխավարութեամբ խաբել փորձողների պատկերացումով են նրանք քիչ: Մեզ համար՝ Դաշնակցութեան համար մեր ժողովրդի բացարձակ գերակշիռ մասը հէնց այդպիսին է:
Եւ մեր խնդիրն է այդ հարիւր հազարներին իրենց արժանի իշխանութիւնը տալ՝ նոր որակի, ծառայութեան պատրաստ, երկիրը, հայ մարդուն սիրող իշխանութիւն: Մտածողութեան, հոգեբանութեան փոփոխութիւն է պէտք, որ արդէն սկսել ենք:
Ուրիշներն ասում են՝ գալու ենք փոփոխութիւն անենք, մենք արդէն անում ենք այդ փոփոխութիւնը: Կայ դրուած նպատակ, գծուած են ուղղութիւնները, առաջին արդիւնքները նկատելի են:
Ով կը հաւատայ, կը մասնակցի, մի քար կը դնի, նա կը մօտեցնի իր, իր ընտանիքի, իր երկրի բարեկեցութիւնը, իրականութիւն կը դարձնի համերաշխ հասարակութիւն ունենալու բոլորիս երազանքը:
Ով կը մասնակցի, նա մեր եղբայրն է, ազատ հայ մարդն է, ով իր տեղն ունի հարիւր հազարների այդ հպարտ շարքում:
Սուտ է, թէ հայ մարդը վախկոտ է, ծախուող է, մորթապաշտ: Անարդարօրէն հարստացածների, իշխանութեամբ իրենց ուժեղ կարծողների պատկերացումն է այդ: Կ՛ունենա՞նք նոր որակի իշխանութիւն, ազատ, արարող, ազնիւ հասարակութիւն կ՛ունենանք: Հիմա այդ ընտրութիւնն է:
Սուտ է, թէ ընտրողը թացը չորից, կեղծը՝ իրականից, սուտը՝ ճշմարտութիւնից, փողը խելքից չի կարող տարբերել, չի կարող համեմատել մրցապայքարի ինը ուժերին եւ ճիշդ ընտրութիւն կատարել:
Մեզ համար կարեւորը ազատ կամքով կատարուած ընտրութիւնն է: Այդպիսի ընտրութեամբ է մե՛ր երկրում, մե՛ր մէջ որակ փոխուելու:
Մենք Դաշնակցութիւնն ենք: Մեր օրակարգը հայկականութեան օրակարգն է: Այսօր այն դարձրել ենք, դարձնում ենք անկախ պետականութեան օրակարգ:
Ով մեզ հետ է, ով հաւատում է ինքն իրեն, ով իր երեխաների ապագան տեսնում է հայրենիքում, նա ապրելու է ուժեղ, ինքնուրոյն, արդար Հայաստանում:
Միասին մենք այդ անելու ենք: Դաշնակցութեան գաղափարները միեւնոյն է կեանք են դառնալու: Դաշնակցութեան գաղափարները յաղթելու են:
Դաշնակցութիւնը ազգային մշակոյթի, արժանապատիւ մարդու, արժանապատիւ խաղաղութեան, արժանապատիւ աշխատանքի կուսակցութիւն է: Իրական կուսակցութիւն է:
Սիրելի քոյրեր եւ եղբայրներ,
Այսօր Դաշնակցութիւնը՝ մեր ժողովրդի հարազատ զաւակը, ձեր կուսակցութիւնը ճիշդ իր տեղում է՝ մեր հայրենիքի Ազատութեան հրապարակում: Յանուն արդար Հայաստանի: Սա մե՛ր երկիրն է: Մենք յաղթելու ենք: