Հարցազրոյց Լոս Անճելըսի Գալիֆորնիայի համալսարանի (UCLA)
հայագիտութեան ամպիոնի ղեկավար, փրոֆէսոր Պիտեր Քաուի հետ
Հարցազրոյց վարեց՝
ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ
Ինչո՞ւ է հայագիտութիւնն այսօր դառնում ներգրաւող միջազգային գիտական հանրութեան համար: Ինչպէ՞ս է հայկական պատմամշակութային ժառանգութիւնը վերարժեւորւում միջազգային գիտակրթական դաշտում: Այս եւ այլ առանցքային հարցերին է անդրադառնում Լոս Անճելըսի Գալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Նարեկացի» հայագիտական ամպիոնի ղեկավար փրոֆէսոր Պիտեր Քաուին մեր զրոյցում:
Նրա փորձը բացայայտում է, թէ ինչպէս է հայագիտութիւնը դուրս գալիս ազգային շրջանակներից` դառնալով խաչմերուկ տարբեր գիտակարգերի միջեւ, ինչպէս է նիւթական մշակոյթային ժառանգութեան պահպանման խնդիրները վերածւում մարտահրաւէրների եւ ինչ հնարաւորութիւններ ու պարտականութիւններ ունի հայ համայնքը այս փոփոխուող իրականութեան մէջ:
Հայագիտութիւնը, փրոֆէսոր Քաուի խօսքերով, միայն անցեալը չէ. Այն դառնում է ժամանակակից աշխարհի միջեւ գիտական, մշակութային ու մարդաբանական երկխօսութեան առանցք:
Ինչպէ՞ս եւ ի՞նչ պայմաններում սկսեց զարգանալ Միջին Արեւելքի ուսումնասիրութիւնը Ա.Մ.Ն.-ում: Ի՞նչ դեր ունեցաւ այդ գործընթացում հայագիտութիւնը:
Հետաքրքիր է փաստը, որ Միջին Արեւելքի ուսումնասիրութիւնները սկսեցին զարգանալ յատկապէս Ա.Մ.Ն.-ում եւ մասամբ Եւրոպայում Երկրորդ աշխարհամարտից յետոյ: Պատերազմը ընթանում էր մի քանի թատերաբեմերում` Խաղաղ ովկիանոսի, Միջերկրական ծովի, ինչպէս նաեւ Միջին Արեւելքի տարածքներում: Ճիշտ այդ ժամանակ Ա.Մ.Ն. կառավարութիւնը սկսեց գիտակցել կարիքը` տարածաշրջանի լեզուներին ու մշակոյթին տիրապետող մասնագէտների: Յաջորդիւ, Միջին Արեւելքի մասին գիտութիւնները զարգացնելու անհրաժեշտութեամբ ստեղծուեց միջավայր` այդ մասնագիտութիւնները գիտական եւ կրթական բովանդակութեամբ զարգացնելու նպատակով: Միաժամանակ, Ա.Մ.Ն.-ի արեւելեան նահանգների` Պոստոն, Նիւ Եորք եւ այլ քաղաքներում հաստատուած հայերի սերունդը, ապրելով բարեկեցիկ կեանքով, հնարաւորութիւն ունէր համալսարանական կրթութիւն ստանալու: Հետեւապէս նրանք սկսեցին մտածել ուղիներ` հայագիտութիւնը ամերիկեան բուհական միջավայրում զարգացնելու:
Այս ընթացքում, 1950-ականներին Պոստոնում հիմնուեց Հայկական ուսումնասիրութիւնների եւ հետազօտութիւնների ազգային կազմակերպութիւնը (NAASR): Ապա` 1959-ին, Հարուարտում բացուեց հայագիտութեան առաջին ամպիոնը` հիմնադիրներ Մանուկ Ս. Եանգի, Թոմաս Թ. Ամիրեանի եւ Արրա Ս. Աւագեանի ջանքերով, որոնք կապեր ունէին Հարուարտի համալսարանի հետ:
Նշեմ նաեւ` Հարուարտում առաջին հայագիտական ամպիոնի հիմնադրումը պարսկագէտ Ռիչարդ Ն. Ֆրայի բաց եւ աջակցող վերաբերմունքի շնորհիւ է հնարաւոր դարձել. «Հայագիտութիւնը պէտք է լինի համալսարանական հաստատուած եւ յարգուած ուղղութիւն»,- ասել էր նա:
Իսկ ինչպէ՞ս UCLA-ը դարձաւ Ա.Մ.Ն.-ում հայագիտութեան երկրորդ կարեւոր կեդրոնը:
NAASR-ը, որն առանցքային դեր ունեցաւ Հարուարտում հայագիտական ամպիոնի հիմնադրման գործում, ունէր նաեւ արեւմտեան մասնաճիւղ Գալիֆորնիայում:
Այնտեղ համայնքի անդԱ.Մ.Ն.երը առաջարկեցին` փոխարէնը Հարուարտին նուիրելու, դրամահաւաքը ուղղել իրենց տարածաշրջանի համալսարանին` UCLA-ին:
Այս միտքը արագ ընդունուեց, եւ 1965-ին այնտեղ հիմնեցին հայագիտութեան պաշտօնական ամպիոն` հետագայում անուանակոչելով այն միջնադարեան հայ բանաստեղծ, փիլիսոփայ Գրիգոր Նարեկացու պատուին: Ի դէպ, մինչ այդ համալսարանը արդէն հրաւիրել էր մասնագէտների, այդ թուին` պատմաբան Ռիչարտ Յովաննիսեանին, որի ամպիոնը պաշտօնապէս հաստատուեց 1983-ին: Վերջին տարիներին ստեղծուել է նաեւ երրրորդ ամպիոնը` նուիրուած հայկական ազգային երաժշտագիտութեան (ethnomusicology) ուսումնասիրութիւնների ուղղութեանը: Այն գործարկուեց մօտ երկու տարի առաջ եւ այսօր լրացնում է UCLA-ի համապարփակ հայագիտական կրթական համակարգը:
Ի՞նչ է տեղի ունեցել վերջին տարիներին հայագիտութեան զարգացման տեսանկիւնից:
Ինչպէս արդէն նշեցի, այժմ UCLA-ում գործում է երեք պաշտօնական հայագիտական ամպիոն: Վերջին վեց տարիներին զուգահեռ հիմնադրուել է նաեւ Promise Armenian Institute-ը, որի հիմնական առաքելութիւնը հայագիտութիւնը ակադեմիական շրջանակներից դուրս բերելն ու համայնքին հասանելի դարձնելն է: Կազմակերպւում են դասախօսութիւններ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրութիւններ, արուեստի ցուցահանդէսներ: Շատ միջոցառումներ իրականացւում են Zoom հարթակում` հնարաւորութիւն ընձեռելով մասնակցել նաեւ արտերկրից: Նշեմ նաեւ, որ մեր «Նարեկացու» անունը կրող ամպիոնը նոյնպէս լիարժէք ներգրաւուած է այս նախաձեռնութիւններում. Մենք գործում ենք միասնաբար: Բացի երեք ամպիոններից, համալսարանում դասաւանդում են նաեւ հայագէտներ հասարակագիտութեան, մարդաբանութեան եւ հանրային առողջապահութեան ոլորտներում: Առանձնայատուկ կարեւորութիւն ունի վերջինը` Հայաստանի Հանրապետութեան հետ համագործակցութեան տեսանկիւնից: Մեր մասնագէտները պարբերաբար մեկնում են Հայաստան, ինչպէս օրինակ` դոկտոր Շանթ Շեխերդիմեանը շուրջ երկու տարի օժանդակել է Հայաստանի առողջապահութեան նախարարութեանը:
Ովքե՞ր են ուսանողները եւ ո՞ր լեզուով է իրականացւում դասընթացները:
Հայոց լեզուի դասերը՝ սովորաբար հայերէնով (արեւելահայէրեն եւ արեւմտահայէրեն), իսկ պատմութեան եւ մշակոյթի առարկաները` հիմնականում անգլերէնով: Շատ յաճախ աշխատում ենք հայերէն սկզբնաղբիւրների հետ, որոնք դեռեւս չեն թարգմանուել, ուստի լեզուական պատրաստուածութիւնը չափազանց կարեւոր է: Տարբեր ազգութեան ուսանողներ ունենք, որոնք մի շարք հանգամանքներով պայմանաւորուած` ուսում, անձնական հարցեր կամ մշակութային հետաքրքրութիւն, կապ են հաստատել հայ համայնքի կամ Հայաստանի հետ: Սա մեզ հնարաւորութիւն է տալիս ներկայացնելու հայոց պատմութիւնը, մշակոյթը եւ լեզուն աւելի լայն, բազմազգ լսարանին:
Ի՞նչն է Ձեզ յատկապէս ներշնչել եւ գրաւել ընտրել հայագիտական ուղին եւ ի՞նչ դեր է այն ունեցել Ձեր ակադեմիական կեանքում:
Հայ ժողովուրդը հնագոյն պատմութիւն ունի, սկսած Ք. ա. 5-րդ հազարամեակից, երբ ձեւաւորուել է որպէս առանձին էթնիկ միաւոր` հնդեւրոպական նախամշակոյթից: Հայերը մշտապէս ապրել են իրենց բնօրրանում եւ նախապատմական շրջանից մինչեւ այսօր գոյատեւել են` թողնելով հարուստ պատմական, մշակութային եւ ճարտարապետական ժառանգութիւն: Այն, որ հայերը որտեղ էլ գտնուել են՝ շինարար ու ստեղծող ժողովուրդ են եղել, դրսեւորւում է նրանց կոթողներում, թէ՛ Հայաստան, թէ՛ Սփիւռք: Հայերէնը բացառիկ լեզու է` գրաբարից մինչեւ նոր գրական` բազմազան բարբառներով: Այս ամէնը խորապէս գրաւիչ էր ինձ համար եւ դարձաւ հայագիտութիւնը ընտրելու եւ արժեւորելու գլխաւոր մղումը:
Իսկ ինչպէ՞ս սկսուեց Ձեր անձնական ուղին հայագիտութեան մէջ:
Իմ ճանապարհը, ինչպէս նաեւ շատ եւրոպացի հայագէտների պարագային, սկսուեց ընթերցումից: Տարբեր գրքեր կարդալով հասկացայ` թեման ինձ հետաքրքրում է եւ ցանկանում եմ խորանալ: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում միայն մէկ վայր կար հայագիտութեան դասաւանդման` Օքսֆորտի համալսարանը: Գնացի այնտեղ յատուկ հայերէն սովորելու եւ սկսեցինք գրաբարից: Յիշում եմ` մեզ այցելեց Մատենադարանի փոխտնօրէն Բաբկէն Չուգասզեանը, որ պարբերաբար ծրագրեր էր ներկայացնում Եւրոպայում ու Ամերիկայում: Նա այդ օրը մեզ սահիկներով ցուցադրեց հայկական ճարտարապետական կոթողների մասին, ինչը խիստ տպաւորեց ինձ: Երկու տարի անց դիմեցի տոքթորական ծրագրի, որն անցկացնում էի Երուսաղէմում, ապա կապուելով Մատենադարանի հետ` մէկ ուսումնական տարի անցկացրի այնտեղ: Յիշարժան էր նաեւ առաջին այցս, երբ հանդիպեցի Լեւոն Տէր-Պետրոսեանին, որ այն ժամանակ աշխատում էր Մատենադարանում. «Տեղակալը յիշում է քեզ Օքսֆորտի դասարանից»,- ասաց նա: Այդ հանդիպումները եւ փորձառութիւնները մեծապէս խորացրին հետաքրքրութիւնս եւ ձեւաւորեցին իմ գիտական ուղին:
Որո՞նք են գրաբարի արժէքները մեր օրերում:
Կ’ասէի, որ շատ մեծ է արժէքը. ինքնուրոյն եւ իւրայատուկ լեզուական համակարգ է, որն ուղղակի համեմատելի չէ ժամանակակից հայերէնի հետ: Ունի մի շարք առանձնայատկութիւններ` յատկապէս հռետորական, ճարտասանական կառուցուածք ու արտայայտչականութիւն, որոնք կարեւոր դեր ունեն գրաբարեան նիւթերում: Այդ ճարտասանական լեզուամշակութային կառուցուածքը ձեւակերպումների մէջ տարբեր շերտեր ունի` բնիկ հայկական եւ յունական ազդեցութեամբ ձեւաւորուած ոճեր:
Ունենք բաւական շատ թարգմանական գործեր, բայց նաեւ ինքնուրոյն հայկական գրական երկեր: Կարծում եմ, որ գրաբարեան այդ ատաղձի` մատենագիտական ժառանգութեան առնուազն կէսը մինչ օրս հրատարակուած չէ եւ առկայ է միայն ձեռագրային տարբերակով. Լայն ուսումնասիրութեան առարկայ է: Դաշտում մասնագէտների սակաւութեան պայմաններում գրաբարի ամբողջական ուսումնասիրման համար պահանջւում է մի քանի սերունդ այս ժառանգութիւնը լիարժէքօրէն բացայայտելու եւ գիտականօրէն վերարժեւորելու համար: Գրաբարի մէջ անընդհատ խորանալով` տեսնում ենք նոր շերտեր, հետաքրքիր բովանդակութիւն, որոնք լայն տարածում չեն գտել մինչեւ այսօր:
Ինչպէ՞ս էք ուսանողներին ներշնչում` սիրել գրաբարը:
Շատ կարեւոր է, որ լեզուն սիրեն շփման արդիւնքում` հնարաւորինս խոր կապ հաստատելով նրա հետ: Թէեւ մեր դասագրքում առկայ են հիմնականում թարգմանական նիւթեր` անգլերէնից գրաբար, ես յաւելել եմ նաեւ ընթերցանութեան հատուածներ` յատկապէս 5–7-րդ դարերից: Դրանք ներկայացնում են ժամանակի հասարակական կեանքը` մատչելի լեզուով եւ գեղեցիկ շարահիւսութեամբ: Համոզուած եմ` այդ շփման ընթացքում գրաբարի հանդէպ սերը անխուսափելի է:
Ինչպիսի՞ մարտահրաւէրներ են առաջանում գրաբարից թարգմանելիս:
Գրաբարի տեքստերը արմատապէս տարբերւում են, թէ՛ լեզուական կառուցուածքով, թէ՛ մտածողութեան ձեւով: Ժամանակակից հայերէնում զգալի են օտար լեզուների որոշ ազդեցութիւններ, իսկ գրաբարը մեզ մղում է մի համակարգի, որտեղ իմաստը յաճախ թաքնուած է տեքստի խոր շերտերում: Թարգմանութիւնը պէտք է կատարուի ոչ թէ բառացիօրէն, այլ գաղափարի մակարդակում` ընթերցողի հետ մտաւոր երկխօսութեան միջոցով: Ինչպէս ուսանողներիս եմ ասում` կարեւոր է նախ ընկալել միտքը, ապա նոր լեզուապէս ձեւաւորել:
Գրաբարը ունի՞ յատկութիւններ, որ արժէ առանձնացնել:
Գրաբարի ճարտասանական միջոցները, յատկապէս շեշտադրումը ունի բազմաշերտ կառուցուածք` հնարաւոր դարձնելով ընդգծել ոչ միայն բառերը, այլեւ դրանց ներքին նշանակութիւնը: Ենթական յաճախ բացակայում է` ներառուած լինելով բայաձեւի մէջ, բայց դրա արտայայտումը` որպէս յատուկ շեշտ, ծառայում է գաղափարի ընդգծմանը: Այս բազմաշերտ լեզուամշակոյթը ժամանակակից հայերէնում գրեթէ կորել է, սակայն խորքային ուսումնասիրութեամբ այն հնարաւոր է հասկանալ եւ վերարժեւորել:
Որպէս գիտական ոլորտի ղեկավար եւ հետազօտող, ո՞ր փորձառութիւնն էք համարում առաւել ազդեցիկ եւ ներշնչող:
Իհարկէ, պատասխանը կարող է լինել բազմաշերտ: Մի կողմից` նոր նիւթերի բացայայտման փորձառութիւնն է ներշնչող, երբ օրինակ` գնում ես Մատենադարան ու քո առջեւ բացւում է ձեռագիր, որը դարեր շարունակ ոչ ոք չի ընթերցել: Այդ անմիջական շփումը, դեռեւս չուսումնասիրուած նիւթի հետ, իսկապէս բացառիկ զգացողութիւն է: Միւս կողմից` դասաւանդման փորձառութիւնն է, յատկապէս մագիստրոսական եւ ասպիրանտական կրթութեան մակարդակներում: Քանի որ մենք հետազօտական ուղղուածութիւն ունեցող համալսարան ենք, մեծ դեր ունի ուսանողների հետ շարունակական աշխատանքը: Մագիստրատուրան տեւում է շուրջ երկու տարի, իսկ ասպիրանտուրան` եւս հինգ-վեց: Այդ տարիների ընթացքում ականատես ես լինում ուսանողի մտաւոր աճին` գիտելիքի շրջանակի լայնացմանը, վերլուծական հմտութիւնների խորացմանը, համեմատական տեսադաշտի ձեւաւորմանը, թէ՛ տարբեր ազգերի, թէ՛ տարբեր գիտակարգերի համատեքստում: Այդ առաջընթացը մեծ բաւարարուածութիւն է տալիս:
Ինչո՞վ է հայագիտութիւնը առանձնանում Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի ուսումնասիրման ոլորտներից:
Շատ կարեւոր եւ հետաքրքիր հարց է, կ‘ասէի` համեմատական առումով հայագիտութիւնն ընդգրկում է մի իւրայատուկ դիրք: Կան ղեկավարող` հեգեմոնիկ հասարակութիւններ` հռոմեականը, բիւզանդականը կամ խալիֆաթը, որոնք հզօր քաղաքական համակարգեր են, պետութիւններ: Միւս ծայրայեղութեամբ կան պետականութիւն չունեցող, եկեղեցական կառոյցի շուրջ ձեւաւորուած համայնքները` ասորիներ, ղպտիներ: Հայերը այդ երկու դասակարգումներից ոչ մէկին ամբողջութեամբ չեն համապատասխանում` ունեն հայրենիք, պետականութեան ուժեղ գիտակցում, բայց պատմական շրջափուլերում նաեւ` պետութեան բացակայութիւն: Եւ այդ պայմաններում հայ միտքը շարունակել է մտածել` ինչպէ՞ս վերստեղծել պետականութիւնը, մշակութային ինքնութիւնը: Այդ ձգտումը երբեք չի մարել: Տիգրան Մեծի կայսրութիւնը` որքան էլ փառաւոր, տեւել է ընդամէնը մէկ սերունդ, մօտ յիսուն տարի: Իսկ հայկական աշխարհընկալումը ձեւաւորուել է ոչ թէ այդ պահի տիրապետող դիրքով, այլ դրա սահմաններից դուրս` որպէս խաղաղասէր, բարիդրացիական, բայց հողի հետ սերտ կապով համայնք: 11-րդ դարից յետոյ սկսւում է հայկական մեծ սփիւռքը եւ այն ունի մի իւրայատկութիւն` աշխարհով մէկ տարածուած լինելով հանդերձ, միշտ պահպանել է դէպի հայրենիք միտուածութիւնը: Եւ զարմանալիօրէն` սփիւռքեան մտայղացումները բազմաթիւ պատմական փուլերում եղել են աւելի առաջադիմական, քան` հայրենիքի սահմաններում ձեւաւորուած պետական մօտեցումները: Երկակիութիւնը` սփիւռք-հայրենիք կապը եւ՛ դժուարութիւն է, եւ՛ բացառիկ արժէք: Այս համադրութեան մէջ է հայագիտութիւնը դառնում ոչ միայն ուսումնասիրութեան նիւթ, այլեւ ինքնութեան խոր եւ ուժգին արձագանք:
Ո՞ր ձեռագիրը կը բնութագրէիք որպէս Ձեր եւ Մատենադարանի «յատուկ հանդիպում»:
Այո, եւ այդ պահը դեռ յիշում եմ առանձնայատուկ յուզումով: Մատենադարանում պահուող ամենահին գրաբարեան ձեռագիրը` թիւ 1 գործը, Տրոյական պատերազմի հայերէն ամփոփումն է` հիմնուած Հոմերոսի «Իլիական» էպոսի վրայ: Սակայն այստեղ ներկայացուած տարբերակը բաւական ինքնատիպ է: Մասնաւորապէս` Իլիոն քաղաքը տեղակայուած չէ Տրոյայի, այսինքն` Արեւմտեան Թուրքիայի տարածքում, այլ Յունաստանի արեւմուտքում` Իպիրոսում: Էպոսը պտտւում է գեղեցիկ մի աղջկայ շուրջ, որին առեւանգում է Պարիսը: Բնօրինակից տարբերւում է նաեւ հերոսների վարքի մեկնաբանութեամբ. Հելենային ետ բերելու գնում է ոչ թէ ամուսինը` Մենելաոսը, այլ` հայրը: Տրոյական ձիու դրուագում եւս տարբերութիւն կայ` մէկ ձիու փոխարէն կառուցում են շուրջ 210 ձի` ամբողջ բանակին քաղաք ներս բերելու համար: Պատերազմը կրկին տեւում է շուրջ տասը տարի, սակայն մի շարք այլ իւրայատկութիւններ եւս կան: Ձեռագիրը 14-րդ դարի նմուշ է` ընդօրինակուած Գլաձորի վանահայր Եսայի Նչեցու կողմից: Նիչ քաղաքից (Վանայ լճի մօտ) էր վանահայրը եւ հանդիսանում էր ամբողջ ձեռագրական ծրագրի ղեկավարը: Ձեռագրի մէջ առկայ երեք մեծ պրակների կողքին մնացել էին դատարկ հատուածներ, որոնց մէջ Նչեցին տեղադրել է երեք կարճ գործ` այդ թւում` Տրոյական պատերազմի վերոյիշեալ տարբերակը: Տուեալ հատուածը շուրջ 7–8 էջ է եւ արժէքաւոր օրինակ է հայ միջնադարեան մտածողութեան ինքնատիպութեան: Ամենաանսպասելի առիթներից մէկը եղաւ այդ օրը, երբ «հանդիպեցի» եւ բացայայտեցի ձեռագիրը:
Ժամանակակից հայագիտութեան զարգացման ի՞նչ հեռանկարներ եւ ի՞նչ ակնկալիքներ կան երիտասարդ հետազօտողներից:
Հայագիտութեան զարգացումն այսօր ենթադրում է մօտեցումների վերանայում, ինչպէս բոլոր գիտական ոլորտներում: Նախ, անհրաժեշտ է պատմութեանը մօտենալ համեմատական կերպով` ընդգրկելով միջազգային, տարածաշրջանային եւ մշակութային փոխազդեցութիւնները: Պատմական իրադարձութիւնները երբեք մէկ ազգի պատմութիւն չեն, ուստի պէտք է դիտարկել բազմակողմանի աղբիւրների եւ գործօնների համատեքստում: Բացի այդ, այլեւս հնարաւոր չէ, ինչպէս իմ երիտասարդ ժամանակ էր, շեշտը դնել բացառապէս բանասիրութեան վրայ` մեր գործը սահմանափակելով միայն լեզուով ու բնագրերով: Նաեւ պէտք է լինի երկխօսութեան մէջ բնագիրը` արուեստի, ճարտարապետութեան, տնտեսագիտութեան, մշակութաբանութեան հետ: Կարեւոր է ընդգծել, որ մենք յատկապէս լուրջ բաց ունենք տնտեսագիտական ուսումնասիրութիւնների մէջ, եւ սա հասկանալի է. Միջնադարեան պատմիչները հիմնականում վանականներ են եղել, իսկ նրանց համար այդ մասին գրելն անընդունելի էր:
Բազմաթիւ մատեաններ ու գրքեր թերթելով` որեւէ յղում տնտեսագիտութեան մասին չենք հանդիպի: Ի տարբերութիւն նրանց` արաբ պատմիչներն ու աշխարհագէտները մեծ ուշադրութիւն են դարձրել տնտեսագիտական իրողութիւններին` ինչ նիւթ էր արտադրւում, ինչ եղանակներով, ինչպէս էր իրականացւում առեւտուրը, որտեղ էին կառուցւում կարաւանատները, շուկաները եւ այլ: Տուեալ թեմաներն իրենց աշխատութիւններում խիստ կարեւոր տեղ էին զբաղեցնում, եւ ժամանակակից հետազօտողները անհրաժեշտ է անդրադառնան այդ բացերին: Եթէ հայկական աղբիւրները համեմատաբար քիչ տեղեկութիւն են փոխանցում, պէտք է հայեացք ուղղել հարեւան ժողովուրդների նիւթերին, այդտեղից վերցնել անհրաժեշտ տուեալները, համադրել եւ աշխատել միջպատմական համատեքստում: Այդպէս կարելի է աստիճանաբար ձեւաւորել հայագիտական տնտեսագիտական ուղղութիւն:
Նոյն կերպ` 10–17-րդ դարերում կրթութիւնը Հայաստանում հիմնականում զարգացել է եկեղեցու տիրոյթում` վանքերում: Այդ պատճառով էլ մինչ օրս համեմատաբար քիչ բան գիտենք ոչ միայն տնտեսութեան, այլեւ այլ ոլորտների, մասնաւորապէս` միջին եւ ստորին խաւերի կեանքի մասին: Մինչդեռ վերնախաւի մասին տեղեկութիւններն անհամեմատ աւելի շատ են: Սա եւս մի լուրջ բաց է, որը արժէ լրացնել տարբեր մօտեցումներով եւ աղբիւրների համադրութեամբ:
Եւ իհարկէ, ուսանողների պարագայում երկկողմանի է մօտեցումը. ներկայացնում եմ այդ բացերը, բայց միեւնոյն ժամանակ կարեւորում եւ խրախուսում եմ նրանց անձնական հետազօտական հետաքրքրութիւնները, ինքնուրոյն ընտրութիւնը: Նրանց մօտեցումներն ու գիտական ձգտումները պէտք է յարգել եւ խթանել: Այդ ազատ, բայց գիտականօրէն կառուցուած միջավայրը միայն կարող է կեանքի կոչել նոր հայագիտական որակ: Նրանց պէտք է ներշնչել մտածել նոր տեսանկիւններով` յարգելով ստեղծագործական ազատութիւնն ու անհատական ուղին:
Ինչպէ՞ս էք դիտարկում ուսուցման նորարարական մեթոդները, մասնաւորապէս` Նախագծահեն ուսումնառությունը (Project-Based) եւ դրանց ազդեցութիւնը ուսանողների ներգրաւուածութեան վրայ:
Առաջին հերթին ներգրաւումը սկսւում է լսարանում: Երբ ուսանողը ծանօթանում է հայագիտութեանը, սկսում է տեսնել, որ դա կարող է ոչ միայն հետաքրքիր, այլեւ խոստումնալից ասպարէզ լինել իր համար: Շատ կարեւոր եմ համարում նաեւ նրանց ներգրաւել տարբեր գիտաժողովների, համայնքային ձեռնարկների, որտեղ կապեր են հաստատում համայնքի ներկայացուցիչների հետ:
Այդ յարաբերութիւնները յաճախ տարիներ են տեւում, եւ ժամանակ անց արդէն տեսնում ենք արդիւնքը. Ուսանողը թեւակոխելով ասպարէզ` ընտրում է այս ուղին:
Ինչ վերաբերում է ուսուցման մեթոդներին, ապա կ‘ուզեմ նշել անձնական օրինակով, որ իմ ուսուցիչներից շատերը յատուկ մեթոդաբանութեամբ չէին աշխատում:
Դա տարածուած էր. Գրեթէ բոլորը բանասէրներ էին: Պէտք է խոստովանեմ` ուրախ չեմ, որ այդպէս է եղել: Ինքս ոչ մի օր հայոց պատմութեան կամ աշխարհագրութեան յատուկ դասեր չեմ ունեցել, ձեռք բերածս բոլոր հմտութիւնները այդ ասպարէզներում` ինքնաշխատութեամբ, ինքնակրթութեամբ է եղել: Եւ այդ փորձառութիւնը ինձ մղում է ուսանողներիս առաջարկել աւելի ամբողջական, բովանդակալից ծրագիր, քան ժամանակին ինձ տրուածը: Միշտ փորձում եմ զարգացնել ծրագրերը, ըստ իմ կարգախօսի` «Ուսանող պէտք է մնալ մինչեւ վերջ. Այն օրը, երբ դու այլեւս ուսանող չես` կորցնում ես նաեւ փրոֆէսորական կոչումը»: Ուսուցման գործընթացը պէտք է անընդհատ զարգանայ` նոր գիտելիքով, նոր մօտեցումներով ու ներկայացման ձեւերով: Project-based մօտեցումը, յատկապէս լեզուի ուսուցման մէջ, ինձ համար ամէնից առաջ խնդիր լուծելու հմտութիւն է ձեւաւորում: Այդ ձեւաչափը շատ կարեւոր եմ համարում հետազօտական համալսարաններում, ինչպիսին է նաեւ մերը: Երբ ուսանողը սկզբից է առնչւում իրական խնդրի հետ եւ փորձում գտնել լուծումներ, այդ ներգրաւումը դառնում է անմիջական ու արդիւնաւէտ: Այդպէս է նաեւ գիտութեան առաջատար բնագաւառներում. Նոբելեան մրցանակակիրները մեզ մօտ դասաւանդում են ոչ թէ միայն պատմելով անցեալի ձեռքբերումների մասին, այլ սկսում են ներկայով` այսօրուայ հրատապ հարցադրումներով: Այդ մոդելը ոգեշնչող է. Ուսանողը դառնում է մասնակից, ոչ թէ պարզապէս տեղեկացուած:
Արհեստական բանականութիւնը (Ա.Բ.) եւ թուայնացումը ի՞նչ հնարաւորութիւններ ու ռիսկեր են ստեղծում հայագիտական կրթութեան համար:
Ինչ վերաբերում է թուայնացմանը` գործընթացը արտացոլում է այն մեծ փոփոխութիւնը, որ արդէն նկատելի է: Այսօր մի շարք ձեռագրեր ու գրքեր թուայնացուած են, եւ մենք, մեր գրասենեակում կամ տանը նստած` կարող ենք անմիջապէս մուտք գործել այդ նիւթերին: Դա արմատապէս փոխում է հայագիտութեամբ զբաղուելու հնարաւորութիւնները, եւ այլեւս պարտադիր չէ գտնուել տուեալ վայրում այդ աղբիւրների հետ աշխատելու համար:
Տեղին է նշեմ, որ վերջերս մէկ տարուայ նպաստ ենք շահել Բրիտանական թանգարանից` թուայնացնելու հնատիպ գրքեր ու արխիւային նյութեր Գերլա քաղաքում:
18-րդ դարում հայ համայնքի հիմնած հայաքաղաքն է Գերլան` Արմէնոպոլիսը, որը ներկայում գտնւում է հիւսիսային Ռումինիայում, նախկինում պատկանել է Հունգարիային: Տարածաշրջանը յայտնի է որպէս Տրանսիլուանիա: Չորս մագիստրանտ եւ երկու ասպիրանտ պէտք է մեկնեն այնտեղ, որոնցից վերջինները մէկ տարի բնակուելով` թուայնացնելու են բոլոր նիւթերը:
Պէտք է նշեմ, որ բնագրերը պահւում են ծանր պայմաններում` խոնաւութիւն, փոշի, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, ուստի անհրաժեշտ է նախ դուրս բերեն միջավայրից, մաքրեն, ապա նոր թուայնացնեն բնագրերը: Թուայնացուած աղբիւրները կը տեղադրուեն Գերլայի եւ UCLA-ի կայքերում` հանրամատչելի դարձնելու նպատակով: Յոյս ունենք` համայնքի գիտնականներն ու ուսանողները կը ներգրաւուեն` աւելացնելով թարգմանութիւններ եւ մեկնաբանութիւններ: Այդ կերպ այս հարստութիւնը կը դառնայ իրականում օգտագործելի եւ հասանելի աւելի լայն շրջանակի համար:
Իսկ Ա.Բ.-ի ռիսկերի հետ կապուած` այո, բնականաբար շատ կարեւոր է ճիշտ օգտուել իմանալ այս գործիքից: Ես, օրինակ, այնպէս եմ կառուցում իմ տնային յանձնարարութիւնները, որ պարզապէս սխալ ձեւով դրանից օգտուելը նպաստաւոր չէ: Ա.Բ.-ի միջոցով դրանք զարգացնելը յաճախ աւելի շատ ժամանակ է պահանջում, քան եթէ ուսանողը ինքնուրոյն գրի: Սա, իմ կարծիքով, շատ կարեւոր մօտեցում է:
Միւս կողմից, Ա.Բ.-ն դեռ այնքան զարգացած չէ, որ հնարաւոր լինի աննկատ օգտագործել: Սկզբից պարզ է դառնում` օգտուել է ուսանողը, թէ` ոչ, որովհետեւ Ա.Բ.-ով գրուած աշխատանքները սովորաբար համընդհանուր է, անտեղի գեղեցկացուած, պարզեցուած: Դրանք չունեն այն խորութիւնը, յստակութիւնը եւ անհատականութիւնը, որը մարդը կարող է տալ սեփական մտքով: Ինձ համար անընդունելի է նաեւ, երբ ուսանողը փոխարինում է սեփական միտքը ԱԲ-ով: Բայց միաժամանակ կարծում եմ` ինչպէս ցանկացած արհեստագիտութիւն, ԱԲ-ն էլ պէտք է ընկալել որպէս գործիք, որը կարող է օգնել բոլորին, եթէ կիրառուի գիտակցաբար եւ բացայայտ:
Ձեր փորձի հիման վրայ ի՞նչն է գրաւում օտարազգի ուսանողներին հայագիտութեան մէջ, ի՞նչ խոչընդոտների են հանդիպում եւ ինչպէ՞ս կարող է հայ համայնքը աջակցել նրանց:
Իմ մուտքը հայագիտութիւն տեղի ունեցաւ, երբ այն դեռ լայն ճանաչում չուներ: Ինչպէս ասում էին. «Հայագիտութիւնն այն գաղափարն է, որի ժամանակը եկել է»,- իմ դէպքում` գալու էր ինձնից յետոյ: Երբ ես սկսեցի` 1960-ին դաշտը լրիւ այլ էր: Բայց արդէն 1990-ից ու յատկապէս 2000-ի սկզբին զգալի փոփոխութիւններ եղան: Հայագիտութիւնը` լեզուն, պատմութիւնը, մշակոյթը դարձան առաւել ճանաչելի ու յարգուած: Մարդիկ, անգամ եթէ հայերեն չգիտեն, գուցէ դիմում են մասնագէտի, թարգմանութեան, բայց ինչպէս տասնամեակներ առաջ էր չեն անտեսում հայերէնով պահպանուած աղբիւրները: Սա մեծ առաջընթաց է: Այսօր ասպիրանտների, նոր գիտնականների համար հասանելի են շատ աւելին` միջոցներ, ֆինանսական աջակցութիւն, հրատարակման հնարաւորութիւններ: Եւ հետաքրքիր է, որ մենք հասել ենք այնպիսի ճանապարհի, խաչաձեւման, որ այլեւս պայման չէ մէկը լինի հայագէտ, որ առնչուի հայկական հարցերի, թեմաների: Շատ յաճախ բազմագիտական մօտեցումներով են աշխատում` մարդաբանական կամ պատմական եւ աւելի արժէքաւոր արդիւնքներ են ստացւում: Բնականաբար, իւրաքանչիւր ուսանող գտնում է իրեն հարազատ ուղղութիւն: Նրանցից շատերին յաջողւում է բերել նորարարական մօտեցումներ, բացայայտել նոր ուղղութիւններ, առաջարկել լուծումներ, որոնք պարզապէս չկային հինգ-տասը տարի առաջ: Դա, իհարկէ, մեծ ներդրում է մեր բնագաւառում` ոլորտի զարգացման առումով:
Որո՞նք են «Նարեկացի» հայագիտական ամբիոնի առջեւ ծառացած հիմնական մարտահրաւէրները այսօր:
Հիմնական մարտահրաւէրներից մէկը շարունակում է մնալ ֆինանսաւորումը: Թէեւ հնարաւորութիւններն այսօր զգալիօրէն աւելացել են համեմատած 20-30 տարի առաջուայ հետ, կրթական հաստատութիւնները ողջ Ա.Մ.Ն.-ում կանգնած են բիւջետային կրճատումների վտանգի առաջ, ինչը ֆինանսական ապագան դարձնում է մշտապէս անորոշ: Միեւնոյն ժամանակ, ընդհանուր մթնոլորտը շատ աւելի բարենպաստ է: Հայագիտութիւնն այսօր դարձել է աւելի միջազգայնացուած, համագործակցութիւնն էլ աւելի սերտ է դարձել: Այս դրական ու ցանկալի զարգացումը խթանում է հետազօտական դաշտի զարգացմանը:
Մարտահրաւէրներից, որ եւս կ՚ուզենայի առանձնացնել որպէս օրինակ` վերաբերում է նիւթական մշակութային ժառանգութեան պահպանմանը: Յայտնի է, որ հայերը մեծ դեր են ունեցել լուսանկարչութեան զարգացման մէջ` յատկապէս 19-րդ դարի 2-րդ կէսից մինչեւ 20-րդ դարի սկիզբ: Այն, սակայն, հիմնականում եղել է անհատական կամ ընտանեկան շրջանակներում, ինչն աւելի խոցելի է դարձնում մշակութային ժառանգութեան պահպանութիւնը: Շատ տխուր օրինակ` Գազայում գործող մի հայկական անհատական, ընտանեկան լուսանկարչական սերնդեսերունդ փոխանցուող արժէքաւոր հաւաքածուն ամբողջութեամբ ոչնչացուել է ռմբակոծութեան հետեւանքով: Դա շատ տխուր, բայց խօսուն օրինակ է նիւթական մշակոյթի հետ կապուած` խօսքը թեւաւոր է, կարող է թռչել այստեղ ու այնտեղ, բայց բուն արուեստի օրինակները շատ աւելի փխրուն են: Հետեւապէս, եթէ ցանկանում ենք ուսումնասիրել հայկական մշակոյթի դրսեւորումները տարբեր ոլորտներում, էական է համախմբել միջոցները` այդ հաւաքածուները նախ պաշտպանելու, ապահով տեղ յատկացնելու, ապա` ուսումնասիրելու համար:
Հայագիտութեան զարգացման ուղին տարբեր գիտակարգերի միաձուլման եւ երիտասարդների նորարար մօտեցումների ու հայեացքների մէջ է:









