ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Աշխարհում ստեղծուած թոհուբոհը, օրէ օր աշխարհի տարբեր անկիւններում աւելացող միլիոնաւոր տեղահանուած գաղթականների անորոշ, անմխիթար վիճակը, Միջին Արեւելքի, Ափրիկէի անվերջանալի արիւնահեղ պատերազմները, մեր երկրի ներքին բազում խճճուած հարցերն ու անկայուն իրավիճակը ստիպում են մեզ աւելի լրջօրէն մտածել մեր երկրի ու մեր համասփիւռ ժողովրդի ճակատագրի մասին:
Եղե՞լ է աշխարհը երբեւէ այսքան փոթորկոտ ու անկայուն, այսքան արիւնածարաւ, այսքան վայրագ ու վտանգներով լեցուն: Անշո՛ւշտ եղել է եւ շարունակելու է լինել, քանի դեռ մեծ տէրութիւնների ձեռքին խաղալիք են փոքր երկրները, քանի դեռ կողոպտելու հարստութիւններ գոյութիւն ունեն, ուրիշների հաշուին է՛լ աւելի հարստանալու ազատ հնարաւորութիւններ գոյութիւն ունեն, քանի դեռ հզօրներն են տնօրինում աշխարհի քարտէսի ձեւաչափը:
Բռնութիւնը, երկրներ կործանելը, այլ ժողովուրդների ճակատագիրը որոշելը, մինչեւ իսկ նրանց ապրելու իրաւունք բաշխելը դարձել են մեծ տէրութիւնների նախապատուութիւնը: Վայրագ սպանդները, անմարդկային խոշտանգումները, հնադարեան ստեղծագործ հարստութիւնները ոչնչացնելը դարձել են ուժը պանծացնող նոր որակ: Ովքեր ստեղծում են այդ որակը, պարտադրում են ժողովուրդներին, սերունդներին, ընդունել ու որդեգրել դրանք: Աշխարհը իր խելայեղ վազքի մէջ իր չափանիշները կորցրած անհեթեթութեան է մատնուել: Օրէ օր փոխւում են պետական, հասարակական, անհատական, որակական, մտային եւ բարոյական չափանիշները:
Դեռ երէկ աշխարհը դղրդացնող Ամերիկան այսօր ինքն է ցնցւում պետական կառոյցի ներքին երկրաշարժից, փտածութեան, անօրինութեան, անժողովրդավարութեան նորանոր բացայայտումներից:
Աշխարհին մակարդակ տուող Եւրոպան ոտնատակ է գնում մահմետական խաժամուժի ներխուժմամբ, փորձում` յետ բերել իր դիմագիծը:
Միջին Արեւելքի հեքիաթային տեսիլքը վերափոխուել է արիւնալի ցնցոտիների:
Ափրիկէն դարձել է մարդկային աներեւակայելի թշուառութեան ճահիճ:
Ի՞նչ է սպասում մարդկութեան եւ այս համատարած անապահովութեան մէջ յատկապէս մեզ` հայերիս:
Ի՞նչ ենք անում, դէպի ո՞ւր եւ ինչպէ՞ս ենք գնում, որ այս անորոշ հոսանքում կրկին ոտնակոխ չլինենք: Ինչպէ՞ս գտնենք մեր ուղին:
Մեր երկրի եւ նրա ապագայի համար մտածող իւրաքանչիւր հայի առօրեայ ապրում ու հոգեմաշ որոնում են դարձել այս հարցերը:
Այսօր աշխարհի քաղաքական անկայուն վիճակը գալիս է փաստելու, որ աշխարհը նոր ուղղութեան կարիք ունի:
Պատմութեան ընթացքը հաստատում է, որ իւրաքանչիւր դար իր քաղաքական փոփոխութիւնն է պարտադրում, բնականաբար 21-րդ դարը չէր կարող զերծ մնալ այդ փոփոխութիւնից:
Երկար տարիներ ժողովրդավարութեան անուան տակ Արեւմուտքի միահեծան հզօրացումը, երկրներ կողոպտելն ու կործանելը, բնակչութեանը տեղահանելն ու ճակատագրի քմահաճոյքին յանձնելը այլեւս անընդունելի են դարձել: Ժողովրդավարութիւնը եւ նրա ամբողջ քարոզչութիւնը դիմազրկուել, կորցրել է իր իմաստը: Պետական գործիչները այլեւս ժողովրդին տալիք ոչինչ ունեն` բացի կեղծ, սուտ խոստումներից եւ իրենց ընտրապայքարի յաղթանակի համար ամէն հարց քաղաքականացնելուց: Շուտով ժողովրդի շնչելու օդն էլ են քաղաքականացնելու: Ժողովուրդը յոգնել է քաղաքական գործիչներից, սակայն պետական գործիչները այնպիսի ուժով են կառչել իրենց պաշտօններին, որ մերժում են ընդունել իրականութիւնը: Ժողովուրդը թէեւ յոգնած, բայց քաղաքական գործիչների սուտ խոստումներին վարժուած ծոյլ թմբիրի է մատնուած եւ, ինչպէս միշտ, պատրաստ չէ իրականութիւնը դիմագրաւելու: Մարդիկ չեն սիրում հեշտօրէն հրաժարուել նոյնիսկ իրենց մաշող վատթարագոյն հնից, որին արդէն վարժուել են: Երբ ժողովրդին վարժեցնում ես քո սուտին, անվերջ կոծկում իրականութիւնը, նոյնիսկ քողարկում պատերազմելու քո հիմնական նպատակները, քողարկում նոյնիսկ այդ պատերազմներում քո տուած զոհերի թիւն ու արդիւնքները, քարոզում միայն ու միայն քո հզօրութեան մասին, ժողովուրդին դարձնում ես քո քարոզչութեան գերին, որը կորցնում է իր ինքնուրոյն մտածելու, հետեւութեան յանգելու կարողութիւնը: Դրա վառ արտայայտութիւնը մեզ ծանօթ է խորհրդային կարգերից, որից դեռ լիովին չենք կարողանում թօթափուել:
Պետութեան ներկայացուցիչները ատում են փոփոխութիւնները, քանզի սարսափի մէջ են, որ կորցնելու են իրենց եկամտաբեր պաշտօնները, որն արագօրէն հարստացնում էր իրենց` առանց դոյզն իսկ աշխատանքի:
Այսօր Ամերիկայի 230 տարուայ պետական կառոյցը ահաւոր ցնցման մէջ է: Յայտնուել է մի նոր նախագահ, որը «դրսեցի» է, ոչ` պետական ներքին շրջանակից, ոչ` քաղաքական գործիչ, ինչպէս սովորաբար լինում է. այս նորը նախագահ է դարձել իր դրամների ընտրապայքարով, մերժելով, ըստ ամերիկեան սովորութեան, մեծ դրամատէրերի կողմից ընտրուելու, հետագայում նրանց շահերին ծառայելու, նրանց ձեռքին գործիք դառնալու արդէն ընդունուած փաստը: Նախագահ է ընտրուել մեծահարուստ մէկը, որը ոչ թէ ուզում է ընդունուած պետական «մեքենայի պարզ վարորդը» դառնալ, որ ինչպէս եւ ուր հրամայեն այդ ուղղութեամբ «վարի պետական մեքենան», ինչպէս նախկին` բոլոր նախագահները, այլ ինքն է ուզում «վարել իր մեքենան», ի՛ր ուղղութեամբ: Իսկ դա նշանակում է դէմ գնալ արդէն ստեղծուած, իր ճանապարհը հարթած եւ յատկապէս աշխարհին պարտադրած ամերիկեան քաղաքական հզօր համակարգին: Նախագահ, որը ըստ իր յայտարարութեան, գերադասում է ամերիկեան հզօրութիւնը իր երկրի ժողովրդին ծառայեցնելու, նրանց կենսամակարդակը բարձրացնելու, ոչ թէ աշխարհին իշխելու համար: Իսկ այս ամէնը նշանակում է դէմ գնալ Ամերիկայի շահերին, պետական ողջ կառոյցը յեղաշրջել: Ահա թէ ինչո՛ւ բոլոր հոսանքներով` օրէնսդիր, ընդդիմադիր, մինչեւ իսկ` կողմ կուսակցութիւններով, լրատուական բոլոր միջոցներով, ժողովրդին հրահրելով, նրանց ոտքի հանելով, փորձում են թոյլ չտալ որեւէ փոփոխութիւն: Երբ նոյն պետական գործիչները միլիառներ էին տրամադրում Իրաքի կործանման, Սուրիոյ ամբողջականութիւնը քայքայելու, այն բաժանելու ծրագրի համար, ՏԱՀԵՇ-ներին զինելու ընդդիմադիր անուան տակ, ոչ մէկ կուսակցութիւն ոտքի հանեց ժողովրդին, ոչ մէկ զանգուածային լրատուութիւն իրազեկ պահեց ժողովրդին` կատարուող արիւնարբու իրադարձութիւններին: Ժողովուրդը, աւելի ճիշդ` ժողովրդին ցոյցի հրահրողները, հրապարակներում եւ նախագահի նստավայրում երբեք յախուռն ցոյցեր չկազմակերպեցին պատերազմը դադարեցնելու, իրենց զաւակների անիմաստ մահուան, նոյնիսկ նրանց գլխատման դէմ: Երբեք ցոյցերի չհրահրեցին ժողովրդին` վառելանիւթի գինը բարձրացնելու, դպրոցներ փակելու, ուսման սակերը բարձրացնելու, թմրադեղերի տարածման, նախկին նախագահի հրամանով ապօրինի Ամերիկա թափանցածներին կրկին իրենց երկիր վերադարձնելու, զէնքի ազատ վաճառքի, ժողովրդի դրամը իւրացնող դրամատնային կողոպտիչներին պատժելու, կամ այդ նոյն կողոպտիչներին` նախկին նախագահի կողմից միլիոններ տրամադրելու համար:
Նոյնիսկ մեր համայնքները ոչ մէկ ցոյց, բողոք կազմակերպեցին մեր եկեղեցիների դէմ` մեր արիւնակից մահմետականացած հայերին մերժելու, նրանց չընդունելու համար, սակայն ցոյցի միացան մահմետականներին երկիր չարտօնելու համար:
Ժողովուրդը անտարբերօրէն, հաւանաբար նաեւ անտեղեակօրէն (չէ՞ որ ամերիկեան լրատուութիւնը ծառայում է միայն իշխողներին) մինչեւ այսօր էլ պատւում է անհիմն արիւնալի պատերազմների հեղինակ եւ պատերազմների յանցագործներ արտաքին գործոց նախարարներին եւ նախագահներին:
Այո՛, ժողովուրդները գերադասում են փտած սուտը` քաղաքական գործիչների կողմից հրամցուած, որին վարժուել են երկար տարիներ:
Փոփոխութեան մի այլ ալիք է շարժւում Եւրոպայով մէկ: Տնտեսական եւ ազգային աշխարհաքաղաքականացման քարոզչութիւնը ապացուցելով իր սնանկութիւնը` իր տեղը սկսում է զիջել տնտեսական կենտրոնացման եւ սուր ազգայնացման:
Ափրիկէից, Լիպիայից, Միջին Արեւելքից միլիոնաւոր սովամահ եղող գաղթականների ներխուժումը խաթարել է եւրոպացիների հանգիստը, փոխել` իրենց քաղաքների, փողոցների տեսքն ու կեանքի կշռոյթը, իրենց դիմագիծը: Հպարտ Եւրոպան այսօր փորձում է իր ազգայնութիւնը ամբողջական պահելու, աւելի ճիշդ` փրկելու միջին մի ճանապարհ հարթել:
Միլիոնաւոր գաղթականների ներխուժումը Եւրոպա բոլորովին պատահական չէ: Մօտ երկու դար Եւրոպան անխնայ կոտորում ու տիրում էր այլ երկրների հարստութիւններին` առանց դոյզն իսկ հատուցման: Գուցէ՞ եկել է փոխհատուցման պահը:
Եւրոմիութիւնը, որը ստեղծուել էր իբր թէ եւրոպական երկրները «համատեղելու, ունեցուածքը համահաւասար կիսելու եւ էլ աւելի ամրանալու», իրականում միայն երեք երկրների` Գերմանիային, Անգլիային եւ Ֆրանսային սնող, սպասարկող, նրանց է՛լ աւելի հարստացնող միջոց էր դարձել: Հարստահարուած, սնանկացման մէջ մխրճուած երկրները ելք չեն գտնում դուրս գալու եւրոպական հովանոցի ծուղակից: Կողոպտուած, դատարկուած, պարտքերի մէջ խրուած, գործազրկութեամբ, գաղթականներով լեցուած անորոշ ճակատագրին են մատնուած: Իսկ արդէն ուռճացած գլխաւոր երեքը, այլեւս կողոպտելու ոչինչ ունենալով, արտաքնապէս լուռ հանդուրժում են իրենց երկիր ներխուժողներին միաժամանակ փորձելով հեռանալ իրարից` պատասխանատուութեան չենթարկուելու համար:
Այս նոյն Եւրոմիութեանը անդամակցելու համար մեռնող Թուրքիան, այսօր, ըստ թուրքական սովորութեան, յանդգնօրէն մտրակում է նրանց: Գերմանիային հրամայում է իր հետ խօսելու վարուելակերպ սովորել, նրանց անուանում է նացիների ժառանգորդներ, Հոլանտային համարում ցեղասպան եւ դեռ նրանց երկրներում` Դանիա, Ֆրանսա, Հոլանտա, իր իսկ իշխանութեան սահմանադրութեան համար քարոզարշաւ է կազմակերպում: Գուցէ այս անգամ Եւրոպան իրապէս ճանաչի իր մեծ բարեկամ եւ պաշտպան Թուրքիային, որը երբեք չի թաքցնում իր թրքութիւնը: Բայց մի՞թէ սա առաջին անգամն է, որ մտրակահարում է «նրբամիտ» եւրոպացիներին: Բթամիտ սուլթաններից սկսած մինչեւ այսօրուայ նոյնքան բթամիտ իշխողները միշտ էլ Եւրոպայի, նոյնիսկ Ամերիկայի սանձը իրենց ձեռքում են պահել եւ պահում:
Նոյն Եւրոպան աչք փակեց, նոյնիսկ գործակցեց, մեր դէմ գործուած Ցեղասպանութեան ժամանակ: Այսօր էլ աչք է գոցում քիւրտերին ոչնչացնելու, սուրիական պատերազմը հրահրելու, վարձկաններին զինելու, այդ երկիրը մասնատելու նրա վարած քաղաքականութեան դէմ: Թուրքիան վաղուց է Եւրոպայի ատամները հաշուել, նրանց ծպտուն հանելու դէպքում կը բացայայտի վարագոյրի ետեւում իր հետ կատարուող համատեղ գործակցութիւնները նոյն Սուրիոյ մասնատման, կամ քիւրտերի հարցով: Այո՛, Թուրքիան գիտի նուաստացնելով եւ նուաստանալով` իր ցանկացածին հասնել: Չէ՞ որ դա դարերով վաստակած անուն ունի` թուրքական քաղաքականութիւն:
Այսօր լրատուական բոլոր կենտրոնները աւելի զբաղուած են Թրամփի վարկածների յայտարարումով, նրան վարկաբեկելով, քան` Սուրիոյ հոգեմաշ պատերազմի մասին լուրջ տեղեկութիւններ տալով: Միլիոնաւոր տեղահանուած, վիրաւոր, անօթի ու ծայրայեղ աղքատութեան մատնուած ժողովրդի եւ երկրի աւերակի վերածուած վիճակին աւելացած քիմիական նիւթերով ռումբերի պայթիւնը է՛լ աւելի է շեշտում մեծ տէրութիւնների այդ երկրամասի ծրագրերի իրագործման անհրաժեշտութիւնը: Մամուլում եւ լրատուական ցանցերում օգտագործուող` վարակուած երեխաների սրտաճմլիկ պատկերները դրւում են ոչ թէ իրականութիւնը պարզելու, պատերազմը դադարեցնելու, այլ իրենց` պատերազմի մասնակցութիւնը արդարացնելու: Ոչ մէկին չի հետաքրքրում կասեցնել այդ արիւնահեղութիւնը, որը, վստահ եմ, ամենայն արագութեամբ կարող են լուծել, եթէ իրապէս այդքան մտահոգ են կոտորուող, կազախեղդ եղող ժողովրդի վիճակով: Ի վերջոյ, վստահ եմ Սուրիան եւ նրա ղեկավարը, նոյնպէս Իրաքի ճակատագրին են ենթարկուելու եւ երկրի մասնատումով վերջնականապէս քայքայուելու է այդ ողջ տարածաշրջանը:
Նոյն վիճակին է մատնուած Մուսուլը: Անվերջ մեղադրում են ՏԱՀԵՇ-ներին` ժողովրդին ռմբակոծելու համար, բայց ոչ ոք չի հարցնում` ովքե՞ր են դրանք, որտեղի՞ց յայտնուեցին, ո՞վ է նրանց այնպէս զինում, որ նոյնիսկ ամերիկեան գերհզօր զէնքերով չեն կարողանում յաղթել, այդ քանի՞ միլիոն են, որ կոտորուելով չեն վերջանում: Աշխարհին չի հետաքրքրում, թէ ինչպէ՛ս դրանք միանգամից յայտնուեցին այնտեղ, որտե՞ղից եկան, ո՞վ դրանց բերեց ու լեցրեց այդ շրջանը, ո՞վ է անվերջ զինում նրանց, այս հարցերը ոչ մէկը չի տալիս, ոչ մէկը չի բարեհաճում օգտուել լրատուական անծայրածիր տեղեկութիւնից եւ անձնական հետեւութեան յանգել, այլ ապրում են քարոզչութեան տեղեկատուութեամբ միայն:
Իսկ քարոզչութեան խնդիրը քանի որ ժողովրդի ուշադրութիւնը հրատապ հարցերից շեղելն է, ուստի խօսւում է միայն տեղահանուած եւ Եւրոպա ներխուժող գաղթականների մասին: Ոչ մէկը չի քննարկում բուն այդ վիճակը ստեղծողների հարցը, չի խօսում պատճառի մասին: Պատասխանատուութեան չի կանչում պատերազմը հրահրողներին եւ դեռ այն շարունակողներին, չէ՞ որ նրանք աշխարհի հզօրներն են, պատասխանատու` այս վիճակի համար: Նոյնիսկ ՄԱԿ-ը եւ ժողովուրդների իրաւունքը պաշտպանող աշխարհի այլ կազմակերպութիւնները դարձել են համր դիտորդներ: Աշխարհը գերադասում է տեղահանուած գաղթականներ, որբացած երեխաներ, աւերակուած հնադարեան քաղաքներ ունենալ, քան` պատերազմը դադարեցնել, քանզի պատերազմի մէջ մեծ գումարներ շահելու հնարաւորութիւններ ունեն պատերազմ վարողները:
Դեռ որքա՞ն ժողովուրդները խաղալիք պիտի դառնան մեծ տէրութիւնների շահերի համար նրանց ձեռքին, անյայտ է, սակայն պարզ է մի բան, որ այս վիճակը չի կարող երկար շարունակուել:
Աշխարհի այս իրարանցում փոփոխութեան մէջ մենք փորձում ենք գաւառական պետական մեր կառոյցով ու մտածողութեամբ, ոստիկանական բիրտ տիրապետմամբ մեր երկիրը ամրապնդել:
Զարմանալի մի զուգադիպութեամբ, մեր հայրենի երկրում էլ եւրոպականին զուգահեռ, խորհրդարանական ընտրութիւններ տեղի ունեցան, անշուշտ` հայկական ձեւով:
Այս անգամ էլ ժողովուրդը չկարողացաւ համարձակ ու ինքնաբուխ ընտրութիւն անել: 26 երկար ու ձիգ տարիների կեղծիքն ու բռնութեամբ իշխելու քաղաքականութիւնը այնպիսի թանձր շերտով արմատներ է նետել քաղաքական եւ ընկերային բոլոր խաւերում, նոյնիսկ` ընդդիմադիր հռչակուած կուսակցութիւններում, որ անկարելի է առանց մեծ յեղաշրջումի արմատախիլ անել այդ ամէնը: Այդ վարակը քայքայել է ոչ միայն պետական իշխող վերնախաւին, այլ` դատական-իրաւական, ուսումնական, առողջապահութեան, հասարակական բոլոր այլ հաստատութիւնները: Իշխող դասակարգը անվերապահօրէն իրեն երկրի տէր զգալով` կրկին ձայների մեծամասնութիւն շահեց:
Այսուհետեւ ի՞նչ պահանջներ պիտի դնի ժողովուրդը իր ընտրեալների առջեւ, երբ առանց պահանջի քուէարկեց եւ պահանջի դէպքում, իբրեւ հատուցում նրանց քուէների, արդեօ՞ք պիտի լսեն նրա պահանջները, հարցը ա՛յս է: Դաւաճանութիւնից բացի` ի՞նչ նոր փոփոխութիւններ, նոր ծրագրեր են պատրաստւում: Ոչ մէկը չի խօսում այդ մասին, միայն քծնանք, իրարանցում ու անկիրթ արտայայտութիւնների ենք ականատես լինում: Կրկին ու կրկին մենք լսում ենք հին յանկերգը, տեսնում նոյն դէմքերը, բնականաբար` մի քիչ աւելի ծերացած:
Որքան էլ անիշխանութիւն գոյութիւն ունի մեր երկրում, ոչ ոք չի կարող ժխտել, որ ամենապարզ խօսքի ազատութիւնն է տիրում մեր լրատուութիւնում: Լրագրողները իրենց կիսագրագէտ անկեղծութեամբ բացայայտում եւ ժողովրդին տեղեկացնում են վերնախաւում եւ ստորադաս մարմիններում կատարուող իրադարձութիւնները ամենայն մանրամասնութեամբ: Նոյնիսկ երեխաները անուններով եւ պաշտօններով գիտեն` ո՛վ ի՞նչ յանցանք է գործում, ո՛վ որքա՞ն է կողոպտում: Այնպէս որ, ժողովուրդը ամբողջովին, նոյնիսկ աւելիով, տեղեակ էր առաջարկուող թեկնածուների գործունէութեանն ու նրանց ձգտումին եւ իր ձայնը կրկին նրանց տալով` է՛լ աւելի ամրացրեց նրանց դիրքերը:
Որքան էլ ընտրութիւններն աւարտուել են, սակայն մեր ժողովրդի անբաւարար, բռնկուն վիճակը չի վերացել, որը եւ աշխարհի այս անկայուն քաղաքականութեան մէջ անչափ մտահոգիչ է: Մտահոգիչ է յատկապէս, որ մենք մեր երկրում դեռ փայփայում ենք օտար ուժերին ծառայողներին եւ գիտենք նրանց դիրքորոշումը մեր ազգային խնդիրներում:
Յատկապէս մտահոգիչ է, քանի որ առաջիկայում լուրջ խնդիրներ ունենք Արցախի կնճռոտ հարցում: Գիտենք արդէն իշխանութեան արցախեան տարածքների յանձման դիրքորոշումը, նրանց ցանկութիւնը շուտափոյթ այդ հարցից ազատուելու մարմաջը, որը մեր երկրին նոր վտանգների առջեւ է կանգնեցնելու, մեր ժողովրդի գոյութեան հետագայ ապահովութիւնն է հարցականի տակ դնելու: Այս նոր խորհրդարանը պիտի կարողանա՞յ ի շահ ազգային իրաւունքների գործել, Արցախի հարցում մնալ հաստատ, առանց զիջումների, գործել ի շահ մեր երկրի ապահովման, ի շահ մեր սերունդների իրաւունքների պահպանման: Պիտի կարողանա՞յ մեր պահանջատիրութեան ընթացքի ծրագիր մշակել եւ օրէնք հաստատել:
Մեզ մնում է աւելի խոհեմօրէն եւ աւելի ազգային հեռանկարով մօտենալ հարցերին, որ աշխարհի այս անորոշ վիճակում կրկին ոտնակոխ չլինենք` միշտ յիշելով, որ այսօրուայ ճիշդ քայլը մեր երկրի եւ մեր ժողովրդի ապագայի յարատեւման համար է: Յիշելով, որ 21-դարի փոփոխութիւնների պարտադրանքի տակ ենք նաեւ մենք, որը ստիպում է մեզ վերջապէս վերանայել մեր սխալները, գտնել ու ամրացնել մեր ուղին: