ՄԱՅՐ

Աստուածածին Սուրբ Մարիամ,
Մարդորդու մայր սրբազան,
Տիեզերքի տուչութեամբ
Եւ բիւրեղեայ մաքրութեամբ,
Դու մարմին ես պարգեւում
Ծիլ կեանքի հուր հեքիաթին,
Քո ծայրալիր նշխարով,
Մեր հոգուն ու արեւին։

Սերունդի սերմը հասուն,
Վեհ մայրութեամբ հեզասուն,
Դիեցնում ես սիրութեամբ,
Եւ ընծայում աշխարհին
Նոր կեանք ու յոյս անվախճան,
Պարգեւում ես լոյս բարին,
Նուիրում անդաւաճան։

Աստուածային Սուրբ Մարիամ,
Որդիական վեսութեամբ
Իմ խաչն եմ բարձրացնում
Քո հարսնութեան սրբութեամբ։
Աստուածամայր ես օծուել
Մայր… սրբազան մայրութեամբ։

ՄԱՅՐԻԿԻՍ

Բիւրաւոր հեղ գովուած ես աշխարհում արար
Արեւ, լուսին ընծայուած ու մեծարուած, մայր:

Երկնի աստղաց համրանքով քեզ երգ է ձօնուած,
Թոթով երգն էլ այս անպերճ ինձնից նուէր, մայր:

Հայրենիքի, աշխարհքի հետ են չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ, դու օրոցք ես, մայր:

Տիեզերքի գիրկը խոր անհուն է թէեւ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ, գորովագութ մայր:

Կեանքի այս մեծ համերգում այսքան նուագներ`
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրօրերգ, մայր:

Ծովերից ծով կամարուած կամուրջներ երկաթ,
Դու առաջին քայլփոխիս վտիտ սիւնը, մայր:

Արարատը, թէեւ դեռ չեմ գգուել նրան,
Դու ես սրտիս մէջ դրել Արարատը, մայր:

Այս բառերս էլ, որ ահա ես ձօնում եմ քեզ,
Քեզնից առած հիւթն է` թող քեզ մեղր դառնայ, մայր:

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ