ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Բացարձակ պատահականութեան արդիւնքում ձեռքս ընկաւ խամրած թղթի վրայ մատիտով գծած մեր տոհմածառը: Ի՞նչ կը լինի, եթէ… Փնտռեցի մի քանի անուն «Ֆէյսբուք» կոչուող զուգահեռ մոլորակում: Կարապետեան, Ենովքեան… Գուցէ մէկին գտնե՞մ, խորհում էի, ու փայփայելով աղօտ յոյսի նշոյլը, յիշում էի տատիկիս արցունքները, երբ հարցնում էի.- «Տատ, ախր այդքան մեծ գերդաստան ունես, ո՞ւր են քո եղբայրները, քոյրերը, ինչո՞ւ ոչինչ չգիտենք նրանց մասին»: Տատիկս կցկտուր տեղեկութիւններ էր միայն յայտնում, ու անվերջ լալիս էր, երբ հարցը իր ծննդավայրին, իր ազգականներին էր վերաբերւում:
Գիտէի, որ ծնուել էր Չորլու քաղաքում: Տատիկիս մեծ հօրը «չորբաջի» են կոչել. չորբա՝ ապուր, գուցէ ապո՞ւր էր պատրաստել մեր նախապապը, մտածում էի: Գիտէի, որ երկու քոյր եւ երեք եղբայր ունէր: 1988ին Պոլսից ժամանել էր ոմն Եդուարդ Թովմասեան, ով ներկայացաւ որպէս տատիկիս ազգական, բայց սիրտ չունէի երկար խօսելու, քանի որ հէնց այդ օրերին մայրս էր մահացել: Գիտէի, որ տատիկիս ազգականներից ինչ որ մէկը աւելի քան 100 տարի առաջ տեղափոխուել էր Շուէցարիա ու ժամացոյցի գործարան էր հիմնել…
2017 թուականի Մարտն էր: «Ֆէյսբուք»ը, իմ «հարազատ» «Ֆէյսբուք»ը, որը կլանում է շատերիս, ոչ պարտադրաբար, իր անտեսանելի ճիրաններով մեզ հեռացնում է աւանդապաշտութեան օրէնքներից: Հրաշք կատարուեց, իմ նոր շփման միջոցը եկաւ օգնութեան: Փնտռեցի Ենովքեան, Կարապետեան, ու մի քանի անձնաւորութեան էլեկտրոնային նամակ ուղարկեցի, մօտաւորապէս հետեւեալ բովանդակութեամբ. «Փնտռում եմ հարազատներիս, եթէ այսինչ-այնինչ ազգանուամբ մարդկանց մասին լսել էք, խնդրում եմ արձագանգէք»:
Հարաւային Ֆրանսիաից պատասխան ստացայ: Նաթալին գրում էր, այո՛, մենք ազգականնե՛ր ենք: Մի քանի օր «Սկայփ»ով զրուցելուց յետոյ, Նաթալին — տատիկիս եղբօր թոռնիկը — ինձ ուղարկեց իր պրպտումների արդիւնքում խնամքով գծած տոհմածառը: Մօտ 100 մարդու անուն էր նշուած: Գտել եմ տատիկիս կորցրած հարազատների յետնորդներին: Իսկ ի՞նչ կը լինի, եթէ հանդիպէինք իրար, մտածում էի, ու այդ միտքն անգամ տարօրինակ ջերմութեամբ էր ինձ պարուրում: Նաթալին վարակուած էր իմ նախաձեռնած գաղափարով: Նրա մանրակրկիտ վերլուծութեան արդիւնքում հասկացայ հետեւեալը՝ մեր նախապապը եղել է Պատրիկ Դիշլեանը, ում «չորբաջի» են անուանել ոչ թէ ապուր եփելու պատճառով, այլ նրա համար, որ յարգարժան մարդ է եղել: Պարզեցի, որ արեւմտեան Թուրքիայում չորբաջի են անուանել այն մարդկանց, ովքեր բացարձակ յարգանք ու պատիւ են ունեցել: Գտայ նաեւ մեզ արդէն ծանօթ Եդուարդ Թովմասեանին՝ Պոլիսում: Եդուարդը՝ ում գրեթէ բոլորը ճանաչում են ինչպէս ամբողջ Թուրքիայում, այնպէս էլ աշխարհի տարբեր մասերում որպէս հայրենանուէր մի անձի, ինձ տեղեկացրեց, որ մեր նախապապը Դիշլեան ազգանունը ստացել է, քանի որ նրա որդիները ատամներով են ծնուել. դիշլի նշանակում է ատամով: Սարսուռ անցաւ մարմնովս, չէ՞ որ դստերս ծննդեան օրից մի քանի օր յետոյ իմ լաւ ընկեր Քնարիկը զարմացած մեզ յայտնեց. «…Այս երեխան ատամով է ծնուել»: Դէ արի՛ ու մի՛ փշաքաղուիր: Պարզեցի, որ Եդուարդը, Հրանդ Դինքի ամենամտերիմ ընկերն ու զօրակիցներից մէկը, ներկայացուել էր «Աւրորա» մարդասիրական մրցանակի դափնեկրի կոչմանը… Նաթալիի ոգեւորութիւնը սահման չէր ճանաչում: Հանդիպում ենք այս ամրանը՝ Սենթ Ռաֆայէլու՛մ: Գտանք ազգականներ Պոլիսում, Մեծն Բրիտանիայում, Օհայօ նահանգում, Կորսիկայում, Ֆրանսիայի ամենատարբեր հատուածներում, Գերմանիայում եւ այլն:
Վե՛րջ, գնում եմ նրանց հանդիպելու: Մարտին պատուիրեցի տոմսերն ու հիւրանոցը: Մօտ մէկ դար առաջ տատիկիս կողմից կորցրած իր եղբայրների ու քոյրերի սերունդներին էի հանդիպելու: Ճանապարհը երկար էր ու տանջալի: Ժամանակը ասես կանգ էր առել: Վերջապէս հասանք Ֆրանսիա.. Յուզիչ, արցունքախառն ու երջանիկ հանդիպում էր, որ տեւեց ընդամէնը երկու օր: Սենթ Թրոփէ (Saint Tropez) աշխարհահռչակ հանգստավայրից մի քանի կիլոմետր հեռու գտնուող Սենթ Ռաֆայէլը (Saint Raphael) մի իւրայատուկ ջերմութեամբ դիմաւորեց մեզ:
Հեքիաթային գեղեցկութիւն ունեցող այս փոքրիկ քաղաքի բարութեան մթնոլորտը պարզապէս վարակիչ էր: Ես շուարել էի, քանի որ հաճելի հանդիպման ակնկալիքը, չնաշխարհիկ բնութիւնն ու Միջերկրականի մոգական ներուժը միաձուլուած, գլուխս էին պտըտեցնում:
Նաթալին իր տան դռներն էր բացել աւելի քան 40 ազգական այցելուների առջեւ: Նրանց մի զգալի մասը իրար չէին ճանաչում, եւ ընդամէնը լսել էին իրենց տատիկներից ու պապիկներից, թէ աշխարհի ինչ որ մի ծայրում բնակւում են իրենց արիւնակիցները: Իրար գրկել էինք ու չէինք ուզում հեռանալ… Կարծես փորձում էինք աւելի քան մէկ դար առաջ կատարուած բաժանման արդիւնքում առաջացած անջրպետը ջնջել…
Երբ յուզական բերկրանքի ալիքը մի փոքր հանդարտուեց, ուշադիր դիտարկման արդիւնքում գիտակցեցի պատմութեան, ճակատագրի դաժան հեգնանքի արդիւնքում առաջացած առեղծուածային իրավիճակը… Հանդիպել եմ իմ մօտ 50 ազգականներին, որոնց թւում կային գերազանց մարդիկ, ում մէջ հայկական արիւնը նուազել էր՝ ոմանց մօտ 50, ոմանց մօտ 75 եւ աւելի տոկոսով: Մեծն Բրիտանիայից, Կորսիկայից, Ֆրանսիայի տարբեր մասերից, Պոլսից ժամանած իմ ազգականներին ես գրկում էի անյագ մի նուիրումով՝ պատկերացնելով, թէ ծեր տատիկս իր կեանքի վերջում ինչպէս կը գրկէր իր երեք եղբայրներին, քոյրերին… Նրանց մի մասը արդէն աշխարհաքաղաքացի էր, իրենցից անկախ պատճառներով, եւ սա ասում եմ առանց որեւէ՛ յանդիմանանքի, քանի որ նրանց մէջ նախ եւ առաջ մարդ տեսայ: Բայց կարեւորը այն էր, որ կարողացանք ինչ որ չափով արթնացնել ոմանց մօտ նիրհող երկրի կանչը, իսկ ես հասկացայ, որ երբեմն է՛լ աւելի եմ ընդգծում հայկական ինքնութիւնս. աւելի, քան դա անում եմ սովորական պայմաններում: Եւ գիտակցեցի ու վկան դարձայ մի երեւոյթի, որ բացի հայութեան աւանդական հատուածներից՝ հայաստանցիներից ու սփիւռքահայերից, գոյութիւն ունի հայի արիւնով աշխարհաքաղաքացիների մի զգալի քանակութիւն, գուցէ մի քանի միլիոն մարդ, ովքեր Հայաստան չեն այցելել, հայկական միջավայրում չեն ապրում, բայց գիտեն, որ իրենք հայի յետնորդներ են, ու բնաւ անտարբեր չեն այդ գաղափարի նկատմամբ:
Որոշ «բարձրորակ» հայեր նմաններին հաշուից հանում ու խաչ են քաշում նրանց վրայ: Ի զուր, շատ ի զուր, որովհետեւ իրենցից անկախ պայմաններում կիսաձուլուած այս հայերի մէջ կան չտեսնուած բարձր մարդկային արժէքների տիրապետող անձնաւորութիւններ. սեփական փորձից համոզուեցի՝ այդքան երկար երբեք չէի շփուել նման քանակի կիսահայ, կիսալիտուացի, կիսաանգլիացի, կիսաֆրանսիացի (եւ այլն) մարդկանց հետ: Որպէս առիթի հիմնական նախաձեռնողներից մէկը, բացի կարօտս առնելուց, իմ պարտքն էր նաեւ մի փոքր կայծ տալ, ու շատ ոգեւորուած եմ, որ կարողացայ նպատակիս հասնել… Նաեւ հասկացայ. որ այդ կայծը իր մոգական ուժը ուղղեց իմ կողմը, ու կարծես աներեւակայելի մի ցնցուղի տակով անցայ, որը միայն ջերմացրեց սիրտս ու հոգիս:
Կարող էք դէմ լինել վերն արտայայտած մտքերիս, բայց փորձէք շփուել, գրկել (ընդունել ու գուրգուրել) մարդկանց, ովքեր կորցրել են իրենց հայութեան մի մասը ճակատագրի հեգնանքով:
Դրանով միայն իրենց չէք օգնում, այլ (աւելի շատ) ինքներդ ձեզ էք արթնացնում: Հուր տուէք մարող կրակին, ու կը տեսնէք, թէ ինչպէ՛ս կը փառաւորուի ձեր հոգին…