ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
«Հետք»ը յօդուածաշարով անդրադարձաւ անկախութիւնից յետոյ Հայաստանի ու Արցախի տարածքում կառուցուած առաքելական նոր եկեղեցիներին: Մեր նպատակն էր պարզել, թէ 1991ից յետոյ քանի՞ նորակառոյց է հիմնուել ու որքա՞ն գումար է ծախսուել այդ նպատակով: Բնականաբար, այս ընթացքում վերակառուցուել ու վերանորոգուել են բազմաթիւ հին եկեղեցիներ ու մատուռներ, կառուցուել են նոր մատուռներ, սակայն մեր թիրախում եղել են միայն նորակառոյց եկեղեցիները:
Քանի որ յօդուածաշարը հրապարակուել է 2015ի Դեկտեմբերից մինչեւ այս տարուայ Յունուար, այդ ընթացքում եկեղեցաշինութիւնը, պարզ է, կանգ չի առել: Սակայն մենք այս յօդուածում կ՛ամփոփենք զուտ յօդուածաշարի շրջանակներում հրապարակուած տուեալները:
100 ԵԿԵՂԵՑԻ՝ 25 ՏԱՐՈՒՄ
Այսպէս՝ 1991ից յետոյ Հայաստանի ու Արցախի 12 թեմերում կառուցուել է 100 եկեղեցի: Այսինքն՝ եթէ միջինացնենք, կը ստացուի, որ անկախութեան 25 տարիներին կառուցուել է տարեկան 4 եկեղեցի: Իրականում, սակայն, նորակառոյց եկեղեցիներն սկսել են օծուել 1998ից, չնայած շինարարական գործընթացները մեկնարկել են դեռ 80ականների վերջին, 90ականների սկզբին: 2000-2001թթ. օծուել է 8ական եկեղեցի, ինչը, թերեւս, պայմանաւորուած է քրիստոնէութեան ընդունման 1700ամեակով, դրանից յետոյ մի քանի տարի լաւագոյն ցուցանիշը եղել է 6ը: Տնտեսական ճգնաժամի տարիներին՝ 2008-2010թթ., տարեկան կառուցուել է 1-4 եկեղեցի: Ամենաշատ եկեղեցիներ բացուել են 2014-2015թթ.՝ 9ական: Տարբեր թեմերում այս պահին էլ նոր կառոյցների շինարարութիւնն ընթացքի մէջ է:
100 եկեղեցիներից, մեր տուեալներով, չի օծուել միայն Արագածոտնի մարզի Ղազարաւան գիւղի Ս. Գրիգոր Նարեկացին, քանի որ առկայ են ճարտարապետական մի շարք սխալներ, բացի դրանից՝ այն չի յանձնուել թեմին կամ Մայր Աթոռին, ինչը վերջիններիս կողմից անընդունելի է: Յայտնի է նաեւ, որ Աբովեանի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին նոյնպէս չի յանձնուել հոգեւոր իշխանութեանը, սակայն վերջինս չի ընդվզել եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկեանի դէմ:
Նորակառոյցիների թուով «ամենահարուստը» Արարատեան Հայրապետական թեմն է՝ 18 նոր եկեղեցի, «ամենաաղքատը»՝ Շիրակի թեմը՝ 2:
ԵԿԵՂԵՑԻՆԵՐ՝ ԸՍՏ ԹԵՄԵՐԻ
Եկեղեցաշինութեան խիտ շրջան է Արարատեան դաշտը (Արմաւիրի մարզ, Մասիսի, Արտաշատի տարածաշրջան, Երեւան), Հրազդան գետի աւազանը Կոտայքի մարզում, որտեղ տեղակայուած է բնակավայրերի մեծ մասը, ինչպէս նաեւ Տաւուշի մարզը, յատկապէս՝ Ադրբեջանին սահմանակից համայնքները:
Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն Վահրամ Քահանայ Մելիքեանը դեռ 2015ին յայտնել է, որ Հայաստանում ու Սփիւռքում գործում է Մայր Աթոռին ենթակայ 400ից աւելի եկեղեցի: Նրա փոխանցմամբ՝ աղօթատեղիի, եկեղեցու, մատուռի կառուցման նախաձեռնողը պէտք է ստանայ Մայր Աթոռի արտօնութիւնը եւ կաթողիկոսին կից ճարտարապետական խորհրդի հաւանութիւնը: Միաժամանակ տէր Վահրամը դժուարացել է յիշել որեւէ դէպք, երբ մերժուել է եկեղեցի կառուցելու առաջարկը, փոխարէնը նշել է, որ նախագծային անհամապատասխանութիւնների դէպքում կատարուել են լրամշակման եւ թերութիւնների վերացման աշխատանքներ: Ըստ հոգեւոր հօր՝ թեմը կամ Մայր Աթոռը եկեղեցի օծելու համար գումար չեն պահանջում, նման կարգ չկայ:
Մայր Աթոռը «Հետք»ին չի տրամադրել բարերարների անունները, չնայած նշել է, որ տիրապետում է բոլոր տուեալներին: «Այդ անունները թէ՛ Հայաստանում եւ թէ Սփիւռքում մեր ժողովրդին քաջածանօթ են: Դրանք տարբեր առիթներով հրապարակուել են Ս. Էջմիածնի կողմից հրապարակուած պաշտօնական հաղորդագրութիւններում, ինչպէս նաեւ հրատարակուել են «Էջմիածին» ամսագրում»,- յայտնել է տէր Վահրամը: Իսկ ինչ վերաբերում է ներդրուած միջոցներին եւ այդ տեղեկութեան տրամադրմանը, Մայր Աթոռի աշխատակիցն ասել է.- «Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տիրապետում է նման տեղեկատուութեան, եթէ տուեալ եկեղեցու կառուցումն իրականացուել է իր միջոցով, եւ պարբերաբար լիարժէք հաշուետուութիւն է ներկայացնում տաճարի կառուցումը յանձն առած բարերարին: Ինչ վերաբերում է ծախսուած գումարներին, ապա դրանք տարբեր են՝ պայմանաւորուած կատարուող աշխատանքների ծաւալից: Իսկ գումարները հրապարակւում են միմիայն այն դէպքում, եթէ առկայ է դրանք տրամադրող բարերարի արտօնութիւնը»:
ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆԵԱԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
«Հետք»ը տարբեր աղբիւրներից կարողացել է ճշդել եկեղեցիների ու մատուռների վրայ ծախսուած գումարների որոշ տուեալներ: Շեշտենք, որ աղբիւրները եղել են տեղեկացուած անձինք՝ բարերարներ, մարզպետարանի, համայնքապետարանի (քաղաքի կամ գիւղի) աշխատակիցներ, շինարարութեանն անմիջականօրէն առնչուող մասնագէտներ (ճարտարապետ, շինարար), ինչպէս նաեւ մամուլի հրապարակումներ:
Մեր հաւաքած տուեալներով՝ արդէն իսկ կառուցուած եկեղեցիների ու մատուռների համար ներդրուել է աւելի քան 26 մլն. դոլար, սակայն շեշտենք, որ խոշոր եկեղեցիների գումարները (մասնաւորապէս Երեւանի նորակառոյցների) այստեղ ներառուած չեն: Դրանք հաշուելու դէպքում կարող ենք այս թիւը հանգիստ կրկնապատկել, եթէ ոչ եռապատկել:
Բացի դրանից՝ դեռեւս ընթացքի մէջ գտնուող կառոյցների համար նախատեսուել է (մի մասն արդէն իրացուել է) աւելի քան 4 մլն. դոլար, սակայն սա էլ իրական թիւը չէ, քանի որ հնարաւոր չի եղել պարզել ամբողջը: Պարզապէս ասենք, որ Ստեփանակերտում դեռեւս կառուցուող Ս. Աստուածամօր Հովանի տաճարի համար այս պահին հանգանակուել է աւելի քան 1 մլրդ. դրամ (աւելի քան 2 մլն. դոլար):
Ընդհանրապէս, մեր ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ գիւղի մասշտաբով եկեղեցի կառուցելու համար անհրաժեշտ է գոնէ 150-200.000 դոլար: Պէտք է հաշուի առնել նաեւ, որ 1990ականների վերջին, 2000ականների սկզբին դոլարի փոխարժէքը բարձր էր, եւ այդ տարիներին կառուցուած եկեղեցիների գները տարբերւում են այսօրուայ գներից, որոնք աւելի բարձր են: Միջին եկեղեցիների գները հատում են կէս միլիոն դոլարի շեմը, իսկ խոշորներինը՝ մէկ միլիոնը, հասնելով նոյնիսկ մի քանի միլիոնի (ինչպէս Աբովեանի Ս. Յովհաննէս Մկրտիչը կամ, օրինակ, Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչը): Եթէ ամբողջացնենք ասուածը, ապա կարող ենք պնդել, որ անկախութիւնից յետոյ Հայաստանում ու Արցախում եկեղեցաշինութեան (նորակառոյց եկեղեցիներ, մատուռներ) վրայ ծախսուել է աւելի քան 50 մլն. դոլար (նուազագոյնը):
ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԸ
Եկեղեցաշինութիւնը ֆինանսաւորել (տնտեսաւորել) ու ֆինանսաւորում են թէ՛ խոշոր գործարարները Հայաստանից ու Սփիւռքից, թէ՛ տարբեր մակարդակի քաղաքական, հասարակական, եկեղեցական գործիչներ, ձեռնարկատէրներ, համայնքների ղեկավարներ ու պարզապէս բնակիչներ: Այստեղ կը բաւարարուենք միայն ամենայայտնիների անունները յիշեցնելով՝ Պարոյր Հայրիկեան, Վահէ Կարապետեան, Բարսեղ Բեգլարեան, Սուրիկ Խաչատրեան, Սամուէլ եւ Կարէն Կարապետեաններ, Վլադիմիր Մովսիսեան, Վալերի Մեջլումեան, Վահրամ Բաղդասարեան, Արա Աբրահամեան, Աշոտ Արսէնեան, Յովիկ Աբովեան, Աղուան Յովսէփեան, Գագիկ Ծառուկեան, Ներսէս Արք. Պոզապալեան, Գագիկ Խաչատրեան, Վահան Զատիկեան, Ալեք Մանուկեան, Նազար Նազարեան, Լուիզ Սիմոն Մանուկեան, Էդուարդօ Էռնեկեան, Ռուբէն Գէորգեան, Արթուր Աբրահամ, Հրայր Յովնանեան, Յովիկ Աբրահամեան, Հրանդ, Միքայէլ ու Կարէն Վարդանեաններ եւ այլն: