Մարիա Մարկոսեան-Տամատեան
Զատիկից յետոյ՝ Քրիստոսի Յարութեան 40րդ օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Համբարձման տօնը. «Եւ ԻնքըՏէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը» (Մարկ. 16:19)։ Ս. Մարկոս եւ Ս. Ղուկաս աւետարանիչները, ինչպէս նաեւ՝ «Գործք Առաքելոց»ը, վկայում է Քրիստոսի համբարձման մասին։
40 օր մնալով երկրի վրայ՝ Քրիստոսը երեւում է առաքեալներին ու հաւատացեալներին եւ իր վարդապետութիւնն է ուսուցանում նրանց։ Հանդիպման վերջին օրը պատգամներ է տալիս, օրհնում է առաքեալներին եւ՝ համբարձւում երկինք:
Ջանգիւլում («գիւլ»
նշանակում է վարդ, ծաղիկ), ահա այսպէս է կոչւում ժողովրդի կողմից սիրուած տօներից եւս մէկը։ Աւանդոյթ դարձած՝ այն ուղեկցւում է նաեւ ժողովրդական հանդիսութիւններով։
Հայաստանում մինչեւ այսօր նշում են թէ մեծերը՛, թէ փոքրերը. տարբեր շրջաններում իւրովի:
Երիտասարդ աղջիկները, հարսները եւ տղաներն են հնամեայ այս տօնի հիմնական մասնակիցները։ Ծիսակարգի առանցքում ամուսնանալ պատրաստուող աղջիկներն են, թէեւ իւրաքանչիւրն իր դերն ունի «Ջանգիւլումի» կազմակերպման մէջ։
Տօնը շարժական է եւ նշւում է Հինգշաբթի։ Չորեքշաբթի ծաղկաքաղի եւ ջուր գողանալու օրն է. եօթ տեսակի ծաղկից՝ ծաղիկներ, եօթ աղբիւրից՝ ջուր եւ եօթը քար են հաւաքում, ապա սափորի մէջ ամփոփելով՝ վիճակ են գցում։
Յուսալով, որ Համբարձման երկնքի աստղերն իրենց բախտը ցոյց կը տան՝ սափորը դնում են բաց երկնքի տակ։
Երկնքի աստղերը թող ցոլան, անուշիկ ցոլան,
Աղօթրան բացուի, լուսը բացուի, ճակատիս գիրը տան…
Տօնակատարութեան բուն օրը՝ Հինգշաբթի առաւօտեան, ջրով լի կժերի մէջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Դեռահաս մի աղջկայ հարսի հագուստ են հագցնում եւ շրջում են տնէ տուն, ծաղկեփնջեր են նուիրում եւ «Ջանգիւլում» երգելով՝ գովք են ասում տան փոքրին, որպէս գերդաստանի շարունակող.
Գովենք, գովենք, ում գովենք, ջան ծաղիկ, ջան, ջան:
Մեր «Դաւիթին» մենք գովենք, ջան վիճակ, ջան, ջան:
«Դաւիթը» նստի թագաւոր, ջան ծաղիկ, ջան, ջան:
Գեղով ասենք բախտաւոր, ջան վիճակ, ջան, ջան:
Հաց, ձու կամ գումար են նուիրաբերում տանտէրերը այցելուներին, որպէս երախտագիտութիւն։
Նուիրաբերուած կաթով պատրաստում են տօնի գլխաւոր ծիսական ուտեստը՝ կաթնապուրը, որից յետոյ հիւրասիրութիւն է տեղի ունենում։ Տօնն աւարտւում է վիճակ հանելու ծիսախաղով. ում պատկանում է կժից դուրս բերուած առաջին իրը, նրան մօտալուտ ամուսնութիւն է սպասւում: Սափորից հանում են միւս իրերը եւ տէրերին խրատներ ու բարեմաղթանքներ են բաշխում: Գիտակցելով տօնի խորհուրդը՝ ուրախալի է, որ վերջին տարիներին, յատկապէս երիտասարդների շրջանում, ցանկութիւն կայ հայկական ազգային եւ եկեղեցական տօները աւելի մեծ շուքով նշելու։