ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ
Մինչեւ կը ծաղկի, կը փթթի եւ գոյն ու բոյր կը հաղորդի…
Մեր մանկութեան տօնը՝ Վարդավառը՜… Եւ ով չէր շտապում այդ պայծառ արեւոտ օրը դուրս գալ բակ, ջրոցի խաղալ ընկերների հետ, ջրել-ջրուել, զովանալ, զուարճանալ, ուրախ աղմուկի մէջ վայելել ժպիտը մարդկանց, կամ գուցէ մի բարկացկոտ հարեւանի հայեացք ու «բողոք»՝ ինձ չջրէ՜ք… բայց՝ աւա՜ղ… Այդ օրը իրաւունքը ջրողինն էր՝ էլ ինչ նազ ու տուզ. Վարդավա՜ռ է, տօն է չէ որ… Ասում են՝ այդ օրը ջրուելը նոյնիսկ առողջութիւն է, քրիստոնէական հաւատալիքների համաձայն՝ մաքրագործում, բժշկութիւն։
Եկեղեցական, ժողովրդական տօների պահպանուած աւանդոյթներն ու սովորոյթները՝ համ ու հոտ, իսկ ծագումը եւ խորհուրդը իրենց պատմութիւնն ունեն՝ վաղնջական ժամանակներից, մինչեւ մեր օրերը ահա։
Պայծառակերպութիւն… Եւ լուսափայլ ամպից եկող ձայնն ազդարարում է. «Նա է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, նրան լսեցէք»: Համաձայն Աւետարանի, Տէր Յիսուս Քրիստոսը առաքեալների հետ, երբ Թաբոր լեռն է բարձրանում՝ աղօթելու, նոյն պահին Յիսուս նրանց առաջ պայծառակերպւում է. «Դէմքը փայլեց, ինչպէս արեգակը եւ Նրա զգեստները դարձան սպիտակինչպէս լոյսը» (Մատթէոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Այս տեսարանով զմայլուած աշակերտներին՝ Յիսուս հանդարտեցնելով պատուիրում է, որ մինչեւ Աստծոյ Որդու փառաւորուելը, չպատմեն լսածի ու տեսածի մասին: Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը։ Իսկ ժողովրդական «Վարդավառ» անունը Տիրոջը վարդի հետ համեմատելու խորհուրդն ունի, համաձայն Ս. Գրիգոր Տաթեւացու մեկնութեան. ինչպէս կոկոն վարդը, մինչեւ բացուելը իր պատեանի մէջ է թաքնուած՝ գեղեցկութեամբ ու անուշահոտութեամբ... մինչեւ կը ծաղկի, կը փթթի եւ գոյն ու բոյր կը հաղորդի մարդկանց. «Եւ կոկոնը բացուելով
երեւում է բոլորին, ինչպէս Յիսուս մինչեւ այլակերպութիւնն Իր մէջ կրում էր աստուածային էութիւնը եւ պայծառակերպուելովյայտնում է Իր Աստուածութիւնը»: Քրիստոնեայ աշխարհում Հայոց աւանդական տօնակարգի ամառային այս տօնը նշւում է Քրիստոսի յարութիւնից յետոյ՝ 98-րդ օրը։ Նախորդում է շաբաթապահքը, իսկ յաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցեալների հոգիների համար մատուցւում է Ս. Պատարագ եւ կատարւում է հոգեհանգիստ: «Վարդավառ» կամ «Վարդեվառ»ը, ինչպէս յայտնի է, նախաքրիստոնէական ծագում ունի։ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, Քրիստոնէութիւնը ընդունելուց յետոյ, հայկական շատ տօներ պահպանել է հայոց տօնացոյցում եւ հայկական աւանդոյթներին ու սովորոյթներին նոր կեանք ու շունչ տալու նպատակով, վերջինս փոխակերպել՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնով։ Հեթանոսական ժամանակաշրջանում Վարդավառի տօնը նուիրուած է եղել Աստղիկին՝ հայոց դիցարանի սիրոյ եւ գեղեցկութեան աստուածուհուն։ Համաձայն աւանդազրոյցի՝ Աստղիկը ծնուել է ծովի փրփուրներից, եւ երբ նա քայլել է ոտքերից Արեան հետքեր են կաթկթել՝ տեղում վարդեր բուսնելով: Նա երկնքից վարդեր է շաղ տուել հայուհիների գլխին եւ օժտել նրանց աստուածային գեղեցկութեամբ: Իսկ ահա համաձայն արիական աւանդոյթներից մէկի, երբ ստորգետնեայ աստուածն առեւանգել է Աստղիկին, արիների միջից վերացել է սէրն ու գեղեցկութիւնը, նրանք դարձել են տգեղ, անգութ եւ հոգիներում բոյն է դրել ատելութիւնը: Բայց Աստղիկի սիրեցեալը՝ ամպրոպի աստուած Վահագնը, յաղթել եւ ազատել է Աստուածուհուն հրէշից, ապա շրջելով Հայոց աշխարհով՝ արիներին դարձեալ օժտել աստղիկեան սիրառատութեամբ, օծել վարդաջրով՝ վարդավառ։ Այդ օրուանից բոլորը իրար սէր ու գեղեցկութիւն են տուել, ջուր ցանել իրար վրայ եւ միմեանց նուիրել տօնի խորհրդանիշ վարդը: Վարդավառը նաեւ համարուել է ջրի տարերքի պաշտամունքի տօն: Ջուրը՝ պարզութեան, մաքրութեան խորհրդանիշ։ Այդ իսկ պատճառով էլ, համաձայն տեղեկութիւնների, հնում հայերը Վարդավառը նշել են հիմնականում գետերի, լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել, աղբիւրների մօտ: Հայերը Հայայ տիեզերական ջրերի եւ իմաստութեան աստծոյ որդիներն են եղել, ունեցել են ջրի եւ անձրեւաբերութեան հետ կապուած բազմաթիւ ծէսեր, համաձայն շումերական աղբիւրների, իսկ ըստ «Սասնայ ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը եւ իրենց համարել ջրից ստեղծուած (Սանասար եւ Բաղդասար): Աղաւնիներ բաց թողնելը ժողովրդական եւս մէկ պահպանուած աւանդոյթ է այս տօնի հետ կապուած, խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի աղաւնին եւ ընտանիքի փրկութիւնը։ Ընդունուած է եղել նաեւ մինչեւ Վարդավառ խնձոր չուտելու սովորոյթը՝ մինչ բերքի օրհնութիւնը, ինչպէս խաղողը՝ Խաղողօրհնէքին։ Այսպիսով՝ Վարդավառը համարուել է նաեւ խնձորի տօն։ Հայոց աւանդական տօնակարգի, հայոց աշխարհում ամենասիրելի «Վարդավառ»ը զուարթ մթնոլորտի մէջ միաւորում է ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին... Այնքան հաճելի եւ զով տօն՝ ամռան շոգին ու տապին։ Եւ սակայն, այսքան սպասուած ջրոցին այս տարի համավարակի հնարաւոր տարածումը կանխելու նպատակով՝ աւանդական կերպով նշելու հնարաւորութիւն չեղաւ։ Խանդավառութիւնը սահմանափակուեց՝ ամէն մարդ իր բակում խաղալով։ Յիսուս Աստծոյ Որդին է՝ հաստատուած Պայծառակերպութեամբ։ «Նրան լսեցէք...»՝ Աստծոյ պատգամը առաքեալներին եւ ողջ աշխարհին։ Նիւթի աղբիւրը
«Yelaket.am»