Իմ սրտի փոքր կէս…
Այս երգը Տիգրանի լսած երգերից է վերջին շրջանում…չէ, չկայ վերջ, քանի որ սիրուած մարդը միշտ ապրում է…սա եղաւ մեր նշանաբանը։ Բազմաթիւ նամակաների չեմ պատասխանել, այժմ մի քանի բառով ամփոփեմ։ Տիգրանի մօտ յայտնաբերուեց աշխարհի ամենածանր լէյկոզը, որ չէր բուժւում Հայաստանում, իր մայրիկի՝ Դիանա Ալթունեանի (եւ, ի հարկէ, յոյն եւ հայ բարի մարդկանց) շնորհիւ՝ պատերազմի, քովիդի բարդ շրջանում նա բուժումը շարունակեց Աթէնքի լաւագոյն արիւնաբանական հիւանդանոցում՝ լաւագոյն բժշկի մօտ։ Տիգրանը մէկ տարի եւ մի քանի ամիս ապրեց լաւագոյն բժշկի, դեղերի ու Սուսիի շնորհիւ։ Մանրամասնում եմ, որովհետեւ հոգեբան-քոուչ Տիգրան Սարգսեանի բուժման վերաբերեալ շատ հարցեր են տրւում եւ դա բնական է։
Տիգրանը ամենասիրուած հիւանդն է եղել այդ հիւանդանոցում, տեսայ բժշկի սէրը,բուժքոյրերի սէրը,տեսայ հոգատարութիւնը։ Ես շնորհակալ եմ Տիգրանի այդ մէկ ու կէս տարի կեանքի համար…վայելեցինք, տխրեցինք, ուրախացանք, հիասթափուեցինք…: Նրա՝ ինձ ասած վերջին նախադասութիւնը եղաւ «չնեղուես կեանք… չեմ նեղւում, հպարտ եմ, էտ սէրդ մի յաւերժութիւն չի վերջանայ, ամենասիրուածն եմ, ամենագնահատուածը, աշխարհի ամենամեծ սէրը իմն ու Լիւսիին է եղել ու կը լինի»:
Եօթը տարի կարողացաւ ֆիզիկապէս հայր լինել, վստահ՝ միլիոնաւոր հայրեր տասնեակ տարիների ընթացքում այդքան չեն կարողանայ ստեղծել ու սէր տալ իրենց երեխային, որքան Տիգրանը՝ եօթ տարիների ընթացքում, քանզի մեր երեխան կը մեծանայ հպարտ ու պատուով։ Տիգրանի մասին դեռ շատ կը պատմեմ, գիրք էր գրում Տիգրանը, որն անպայման պէտք է գտնի իր ընթերցողին։ Նա իւրայատուկ անձ է եղել միշտ, իւրայատուկ էլ աւարտեց երկրայինը։ Տիգրանի հետ ֆիլմ էինք նայում (դեռ ամէն բան կատարեալ էր), որտեղ հերոսի աճիւնի փոշին յանձնուեց ծովին, ասաց «արեւս, ինչ սիրուն ա, ես էլ էտպես կ’ուզեմ»։ Կատարուեց ինչպէս ֆիլմում՝ Տիգրանի կեանքն ինչպէս որ գեղեցիկ, լեցուն ու հետաքրքիր է եղել միշտ, այնպէս էլ մնացեալը եղաւ, որի համար չեմ յոգնի շնորհակալութիւն ասել իր մայրիկին ու ընկերներին։ Ուժ չէի գտնում գրելու, բայց հասկացայ, քանի որ ես Տիգրանի սրտի փոքր կէսն եմ,պարտաւոր եմ ուժ հաւաքել, լինել ուժեղ ու վստահ:
Սիրելիներս,Տիգրանը հիմա ապրում է ծովում,տիեզերքում,արեւի ու լուսնի մօտ, մեր ֆիլմն աւարտուեց այսքանով, բայց ունի շարունակութիւն իր ստեղծածով, յոյզերով, նուիրած սիրով։
ԱՐԵՒԻԿ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Հայաստան, Երեւան
***
Իմ Տիգրանը
Էնքան դժուար ա համակերպուել իրականութեան հետ։ Ապրում եմ, քնում, զարթնում, բայց հոգիս դաղուած ա։ Դաղուած ա, որովհետեւ ես պատրաստ չէի Տիգրանին կորցնել։ Ասես ողնաշարս կոտրած լինեն։ Եղբայրս լուսաւոր էր։ Իմ մանկութեան ու պատանեկութեան դժուար օրերի միակ ընկերս։ Ինչ տեսակ ցաւի մէջով ասես անցել ենք ես ու ինքը։ Զրկանքներ ենք կրել միասին, մոմի լոյսի տակ հռհռալով դաս ենք արել։ Ֆուջիկայի կողքին նստած սառած ձեռքերով «Морской бой» ենք խաղացել։ Ու էդ ժամանակ մազերիցս հոտ էր քաշում, ասում.
- Շան հոտ ա կպել մազերիդ, ինչ լաւ ա իմ մազերը կարճ են։ Դպրոցի ուսուցիչները Տիգրանի տետրերը բերում էին ինձ, որ ստուգեմ, քանի որ իրենք ձեռագիրը չէին հասկանում։ Ես հասկանում էի։ Միշտ իրեն հասկանում էի, ինչպէս որ ձեռագիրը ու միշտ իր կողմից էի։ Որովհետեւ միշտ ինքն էր իմ կողմից, ինքն ինձ օրինակ էր ծառայում։ Մեր ճամբորդութիւնները, որ ինչ յիմար պատմութեան մէջ ասես չէինք յայտնւում։ Մեր սեւ հումորները, որ միւսների ականջի համար խորթ էին։ Մեր գիշերուայ սէանսները սարսափ կինոդիտման (ոնց ինքն էր ասում).
— Քնել ես ֆիլմի ընթացքում, կեղտոտ ջնջոցով ջարդդ կը տամ, Սուսի աղջիկ։ Ու էս սարսափ ֆիլմերից յետոյ իր սենեակ գնալս, ու ստիպուած եղբայրս գետնին էր քնում, ես անկողնին, որովհետեւ մենակս վախում էի։ Ու թեւերդ կոտրւում են, երբ հասկանում ես, որ էլ երբեք չես տեսնի զանգ «Братик», չես լսի ձայնը։ Բայց Տիգրանս տիեզերքի ու ծովի մասնիկ դարձաւ, ձուլուեց ալիքներին ու յաւէրժացաւ աստղերում։ Իր մասնիկը մեզ թողեց՝ Լիւսիիս, իմ լոյսի կտորը։ Էնքան դժուար են տրւում խօսքերս, ամէն գրուող տառը։ Տիգրանս գնաց՝ իր հետ տանելով իմ մանկութիւնը։ Տիգրանս իր հետ տարաւ հոգուս ու սրտիս մի մասը։
Կիսատ եմ առանց քեզ, ապեր։
Սուսաննա Սարգսեան
Ք. Դոնի Ռոստով