Իր Փարիզ այցելութեան միջոցին, բարեպատեհ առիթը ունեցանք հարցազրոյց մը ունենալու հայկական երգարուեստի մերօրեայ աստղերէն Սիրուշոյի հետ

— Ե՞րբ եւ ի՞նչպէս յայտնաբերուեցաւ, որ երգելու շնորհք ունիք։

Առաջինը ծնողներս երեւի հասկացան, որովհետեւ երկու տարեկան էի, երբ արդէն ամբողջական երգեր էի երգում, եւ առաջին անգամ բեմ բարձրացայ, երբ 7 տարեկան էի։ 2 տարեկանից սկսած երգում էի, մաքուր նոթաներով, բայց մայրս մի քիչ թերահաւատօրէն էր մօտենում, որ յանկարծ այնպէս չլինի, թէ իրեն է միայն թւում, որ երգում եմ։ Յետոյ երբ 6 տարեկան էի, փորձերի ժամանակ իր հետ միասին երգում էի, եւ արդէն հասկանալի դարձաւ, որ բնութիւնը որոշել է, որ պէտք է երգեմ, որ իմ մէջ աւելի ուժեղ դա է արտայայտուած՝ ե՛րգը։

— Առաջին անգամ ե՞րբ բեմ բարձրացաք, ի՞նչ առիթով։

— 7 տարեկանիս, Քանատայում, մամայի մենահամերգի ժամանակ։ Մօրս մենահամերգն էր, հայրս համերգի ռեժիսորն էր, մեծ համերգ էր։

— Եթէ երգիչ չըլլայիք, այսինքն՝ եթէ չյայտնաբերուէր, որ դուք այս տաղանդը ունիք, ի՞նչ պիտի ուզէիք ընել կեանքի մէջ։

Հետաքրքրութիւնս շատ բաների հանդէպ է, հիմնականում՝ աւելի այն ոլորտները, որոնք ստեղծագործական են։ Այսինքն՝ կը ստեղծագործէի ամէն դէպքում։ Երբեմն մտածում եմ, որ մի գուցէ ինձ մանկուց հետաքրքիր է եղել հնագիտութիւնը։ Երեւի ինչ որ տեղ դա արտայայտւում է երգերիս մէջ էլ։ Որովհետեւ սիրում եմ պատմութիւնը, հայկական երաժշտութեան պատմութիւնը եւ երգերիս մէջ օգտագործում եմ հատուածներ հին հայկական երգերից։

— Ուրեմն այդպէս կը բացատրուի հայկական զարդերու հանդէպ ձեր սէրն ու «Պռեգոմէշ»ի ստեղծումը։

Այո, այժմ ունեմ երկրորդ շատ կարեւոր զբաղմունք, դա զարդերի ստեղծումն է։ Հին հայկական զարդերի վերականգնում, մշակում եւայլն։ Հայաստանի լաւագոյն արծաթագործների հետ միասին աշխատելով, հիմնուելով հին հայկական զարդանախշերի վրայ՝ ստեղծում ենք նոր զարդեր։ Արդէն երկուերեք տարի է եւ բաւականին ուրախ եմ, որ բաւականին մեծ յաջողութիւն ունի։ Դա սկսուեց երիտասարդութեան համար, ովքեր որ հայկական զարդերը այլեւս չեն կիրառում։ Ուզում էինք, որ տարածում ունենար նաեւ երիտասարդութեան մէջ, որովհետեւ մեր երիտասարդութիւնը Հայաստանում այսօր շատ գեղեցկացել է, շատ լաւն է եւ որպէսզի ունենայ իր ուրոյն դէմքը ուզեցինք աւելի շատ տեսնել հայկական նախշեր հայ աղջիկների վրայ։ Եւ ուրախ եմ, որ սիրուեց։ Հիմնականում զարդերի մեծ մասը արծաթից են պատրաստուած, ոգեշնչումները կա՛մ թանգարաններից են լինում, կա՛մ հին հայկական նկարներից, որոնք պահպանուել են, Արեւմտեան Հայաստանից, մանրանկարչութիւնից, մի խօսքով՝ ստեղծեցինք մի բան, որի համար այսօր իսկապէս հպարտանում ենք եւ հաճելի է, որ տեսնում ենք, թէ զարդերը կրում են։ Կոչւում է հէնց Պռէ Գոմէշ, երգի անունով, որովհետեւ երգից էլ սկսուեց, Պռէ Գոմէշում առաջին անգամ ներկայացան զարդերի ինչոր մի մասը եւ դրանք հետաքրքրութիւն առաջացրեցին երիտասարդութեան մէջ եւ շատերը հարցնում էին որտեղից կարող են ձեռք բերել։ Յետոյ հասկացանք, որ դա իսկապէս կարող է հետաքրքիր լինել մարդկանց։ Եւ այդպէս սկսուեց մի աշխատանք, որը այսօր բաւականին ծաւալուն է եւ ուղարկում ենք աշխարհի տարբեր ծայրեր։ Տարբեր վաճառասրահների հետ ենք աշխատում եւ համացանցային վաճառք ունենք բաւականին աշխոյժ, որը մեզ հնարաւորութիւն է տալիս աշխարհի տարբեր երկրներ ուղարկել զարդերը։

— Նկատի ունենալով ձեր հօր ասպարէզը՝ թատրոնով զբաղա՞ծ էք։

Չեմ կարող թատրոնից բնականաբար հեռու լինել, շատ մօտ եմ, քանի որ հայրս, ինչպէս գիտէք, դերասան է եւ ռեժիսոր Երեւանի Դրամատիկական Թատրոնում, այնպէս որ թատրոնը, կինոն ինձ շատ հարազատ են։

— Փորձա՞ծ էք խաղալ։

Միերկու անգամ փոքր տարիքում եղել է առիթ, բայց ամէն դէպքում հասկացել եմ, որ ե՛րգն է իմը։ Ընդհանրապէս գտնում եմ, որ իւրաքանչիւր մարդ պէտք է զբաղուի նրանով, ինչ որ իրեն իսկապէս տրուած է։ Ես էլ փորձում եմ այդպէս անել։

— Eurovisionէն ետք միջազգային գետնի վրայ հետաքրքրութիւններ եղա՞ն ձեզի հանդէպ՝ գործի, նոր ասպարէզի առումով։

Ի հարկէ եղան, ես շատ ուրախ եմ, որ շատ հրաւէրներ ստացայ մրցոյթից յետոյ, տարբեր երկրներից, մասնակցելու համերգների, հանդիպումներ ունենալու, հարցազրոյցներ տալու։ Բաւականին շատ շրջագայեցի Եւրոտեսիլից յետոյ։ Ուրախ եմ, որ երգը սիրուեց տարբեր երկրներում, յատկապէս Յունաստանում, Սերպիայում։ Շատ հաճելի է, երբ փողոցներում քայլում էի եւ լսում էի հայերէն, օտարերկրացիները երգում էին երգերը եւ դա շարունակուեց այդպէս էլ, մինչեւ օրս շրջագայում եմ եւ ունեմ երկրպագուներիս շրջանակում արդէն նաեւ օտարերկրացիներ։

— Ինչպէ՞ս էին ձեր կապերը Յունաստանի հետ, Սաքիս Ռուվասի հետ, կամ՝ ձեր «Էրոթաս» երգը, որու բառերը յոյն մը գրած էր, ինչպէ՞ս ստեղծուեցան այդ կապերը, կը շարունակուի՞ն մինչեւ այսօր։

Որովհետեւ հրաւէրները շատ էին Յունաստանից եւ երգը բաւականին ճանաչուած էր այնտեղ, այդ պատճառով որպէս շնորհակալական արտայայտութիւն ես ձայնագրեցի «Էրոթաս» երգը, որից յետոյ արդէն համագործակցութիւն սկսուեց իմ եւ Սաքիս Ռուվասի միջեւ։ Սաքիս Ռուվասը Յունաստանի ամենաճանաչուած երգիչներից է եւ ամենասիրուած, նա արդէն երկար տարիներ ունի իր անխախտելի դիրքը յունական երգարուեստում եւ ուրախ եմ, որ երկուսիս կողմից էլ ցանկութիւնը կար որեւէ աշխատանք անելու, քանի որ երկու երկրներին կապող բնաւորութեան գծեր կան, ջերմութիւն կայ, զգացական ենք, պատմութիւն կայ, ընդհանրութիւններ կան։

— Սաքիս Ռուվասը Հայաստան եկա՞ծ է։

Անկեղծ ասած մտածեցինք, որ պէտք է դա լինի, երբ որ իմ մենահամերգը լինի Հայաստանում, բայց մենահամերգս յետաձգուեց եւ այդպէս նաեւ իր գալն էլ յետաձգուեց։ Իսկ երգը կատարեցինք Յունաստանում, միասին։

— Երբ ուրիշ երկիրներ երթաք, հայկական համայնքին հետ շփումներ կ՚ունենա՞ք։

Անպայմա՛ն։ Ուր որ եղել եմ, բոլոր երկրներում հայ համայնքի հետ կապը ամենաառաջինն է եղել եւ ամենակարեւորն է եղել։ Հէնց հանդիպումներիս մեծ մասը համայնքի համար են։ Հրաւիրւում եմ համայնքի կողմից եւ ինձ համար էլ հետաքրքիր է լինում ծանօթանալ տարբեր երկրների համայնքների հետ։

— Լիբանան եւ Սուրիա եղա՞ծ էք։

Եղած եմ, ի հարկէ եղած եմ։ Մի քանի անգամ եմ եղել Լիբանանում եւ Սիրիայում։

— Ֆրանսայի մէջ համերգներ ունեցա՞ծ էք։

Մարսէյլում եմ ունեցել համերգներ, Փարիզում այնպէս է ստացուել, որ միշտ եղել եմ հանդիպումների համար, անգամ Եւրատեսիլի շրջանում ամէն տեղ համերգներ էին, իսկ Փարիզում այդ օրերին փոքր համերգ ունեցայ։ Այդ շրջանում շրջագայութեան էի դուրս եկել եւ ամէն օր մի երկրում էի։ Այդպէս Փարիզում մի քանի երգ կատարեցի, բայց նախատեսում եմ ունենալ համերգներ, յոյսով եմ մօտակայ մէկ տարուայ մէջ կը հանդիպենք նորից։

— Համերգներուն ձեր հե՞տ կը բերէք գործիքները, խումբը, քանի՞ հոգիով կու գաք։

Ըստ նախնական պայմանաւորուածութեան։ Որքան որ խումբը մեծ է լինում, այնքան երեւի դա համերգի տեսակն է արդէն որոշում։ Ցանկալի տարբերակ է, որ համերգը լինի երաժիշտների հետ միասին, համերգի մէջ մասնակից լինեն պարողներ, ես աշխատում եմ այնպէս անել, որ այն երկրները, որտեղ որ գնում եմ, համայնքների հետ ինչպէս ասացիք շատ եմ աշխատում եւ եթէ լինում են հայկական պարային խմբեր, եթէ լինում են լաւ երաժիշտներ մի գուցէ մասնակցում են համերգին։ Անպայման այնպէս ենք անում, որ պարային խմբերը մասնակից դառնան։

— Եւրոտեսիլէն ետք սերպ երգչուհի Էլենա Թոմաշեւիչի եւ իսրայէլացի երգիչ Պօազ Մատուայի հետ ալ ձայնագրեցիք երգ մը, որուն բառերը գրած էր Շիմոն Փերեսը։ Վերջինս կապ հաստատե՞ց ձեզի հետ։ Ի՞նչպէս արձագանգեց։

Շինոն Փերեսը գրել էր անգլերէն հատուածը, ես՝ հայերէնը, աղօթքի հատուածը, երգի անունն էր «Time to pray»։ Երեք երկրներն էլ անցել են շատ դժուարութիւնների միջով, այդ շրջանում էլ Սերպիան Քոսովոյի հետ խնդիրներ ունէր եւ հասկացանք, որ ընդհանրապէս միշտ էլ երաժշտութիւնը կապող օղակ է լինում, եւ երբեմն ուզում ես ուղղակի աղօթես, որ որեւէ խնդիր չլինի, այսինքն՝ արդէն էական չի լինում կողմերից ո՛վ է մեղաւոր, ինչո՛ւ է մեղաւոր,  ինչո՛ւ է սկսուել խնդիրը, ուղղակի ուզում ես, որ խաղաղութիւն լինի երկրի վրայ։ Եւ այդ երեք երկրներն էինք երեւի, որ խաղաղութեան գինը լաւ հասկանում էինք եւ որոշեցինք համատեղ անել ծրագիրը։ Հանդիպեցինք Շիմոն Փերեսի հետ, ի հարկէ կարծում եմ իր համար էլ հաճելի էր տեսնել իր խօսքերը արդէն երգի վերածուած, այն էլ այդպէս միջազգային երգի, որը առնչւում էր ոչ միայն մէկ ազգի հետ, այլ մի քանի ազգերի էր միաւորում, շատ հետաքրքիր հանդիպում էր։ Առաջարկը ի սկզբանէ եղել է Իսրայէլից։ Յետոյ միացանք մենք, յետոյ միացան սերպերը։ Նախագիծը իրենցն էր։ Մի քանի ամիս առաջ մրցակիցներ էինք, մի քանի ամիս յետոյ՝ արդէն գործընկերներ։

— Թէլ Ավիվի մէջ ելոյթ կազմակերպա՞ծ էք։

Այո, Թէլ Ավիվում էլ եմ ելոյթ ունեցել։

— Եւրոտեսիլի մասին քիչ մը կրնա՞ք խօսիլ եւ ներկայացնել Հայաստանէն մասնակցող երգը եւ երգիչը որոշելու գործընթացը։

Ամէն տարի տարբեր է։ Իմ ժամանակ ինձ զանգահարեցին, հրաւիրեցին, ես որեւէ մրցոյթի չմասնակցեցի, մրցոյթի մասնակցեցին երգերս։ Ընտրուեցին 4 երգ, որոնք մարդիկ քուէարկեցին եւ ընտրեցին լաւագոյնը։ Հիմա չգիտեմ ինչպէս է ընտրւում։ Կարծեմ հիմա էլ արտիստին ընտրում է հանրային հեռուստատեսութիւնը։ Իմ ժամանակ եղել է ընտրութիւն երգի, այս տարի երգի ընտրութիւն չի եղել, Հանրային Հեռուստատեսութիւնը ե՛ւ երգչին է որոշել, ե՛ւ երգը։

— Երբեմն դժգոհողներ կ՚ըլլան երգին մասին, երբեմն կ՚ըսեն՝ մենք կը քուէարկենք պարզապէս, որովհետեւ Հայաստանն է, եթէ Հայաստանը չլինէր՝ չէինք քուէարկեր։

Հասկանալի է։ Նախ պէտք է ընդունել մի պարզ բան, որ հնարաւոր չի լինի մի երգ, որը բոլորին դուր գայ։ Ընդհանրապէս հնարաւոր չէ, որ որեւէ մի բան բոլորին դուր գայ։ Քելէ Քելէն ամենասիրուածներից էր եւ կարծում եմ, որ բացի հորիզոնականից, բացի Եւրոտեսիլում զբաղեցրած դիրքից, երգը բաւականին տարածում գտաւ։

— Մենք կը յուսայինք, որ կը յաղթէ։ Բայց արդէն չորրորդն ալ որոշ իմաստով յաղթանակ էր։

Դա մեր լաւագոյն ցուցանիշն էր։ Յաղթանակ էր յետոյ եղած ուշադրութիւնը մարդկանց կողմից, այդքան հրաւէրները, այդքան մարդկանց կողմից նամակները, տարբեր երկրների երկրպագուների խօսքերը, այ դա է աւելի իսկական յաղթանակը։ Որովհետեւ հորիզոնականը այլ բան է, դա ինչոր ուղղակի տեղ է, բայց երբ մարդիկ իսկապէս սիրում են եւ իսկապէս հետաքրքրիր ես լինում մարդկանց, դա իրական յաղթանակն է։

— Թերեւս երկրորդ տեղը գրաւողը նոյն արձագանգը չունեցաւ։

Շատ հնարաւոր է։ Հէնց այդ պատճառով մի տարի կարող է լինել առաջին հորիզոնականը, բայց բացարձակապէս մոռացուի, եւ մէկ այլ հորիզոնական զբաղեցրած մէկը, 10 կամ 20րդ, աւելի մեծ յաջողութիւն ունենայ։

— Ի՞նչ ծրագիրներ ունիք ձեր առջեւ։

Այժմ նոր ձայնասկաւառակը եւ համերգներն են, որոնց բաւականին լուրջ ենք պատրաստւում, որովհետեւ ուզում ենք, որ այս անգամ լինի տարբեր, մէկ քայլ առաջ լինի, ոչ թէ մէկ քայլ, այլ մի քանի քայլ աւելի լինի։ Եւ ոչ միայն տարբեր լինի իմ համերգներից, այլ ընդհանրապէս տարբեր լինի տեղի ունեցող հայկական համերգներից։ Ուզում եմ որ համերգին մէջ լինի հայկական ոգին, հայկական շունչը, այսինքն ուզում եմ, որ հանդիսատեսը գալով համերգի, այն զգացողութիւնը ունենայ, որ եկել է Հայաստան եւ ոչ թէ պարզապէս եկել է համերգի։ Որ Հայաստանից մի ամբողջ կտոր իր հետ վերցնի համերգից։ Ոչ միայն այսօրուայ Հայաստանից, այլ հայկական պատմութիւնից, մշակոյթից։ Չեմ ուզում ուղղակի երգերի հերթականութիւն ներկայացնել, ուզում եմ մի ամբողջ պատմութիւն ներկայացնել։ Եւ նոր երգերը, որոնք պատրաստւում են, որոնց վրայ աշխատում եմ այժմ եւ շուտով պիտի թողարկուեն, այդ երգերն էլ ամէն մէկը իր մէջ հայոց պատմութեան մի հատուածն է ընդգրկում։ Երգ կայ՝ որը ֆիտայական երգերից է ոգեշնչուած, երգ կայ՝ որը կրօնական ուղղուածութիւն ունի։

— Ընդհանրապէս դո՞ւք կը ստեղծագործէք եղանակն ու բառերը։

Երկուսն էլ հիմնականում։ Բայց խօսքերի մասով նաեւ աշխատում եմ Աւետ Բարսեղեանի հետ, տարբեր մարդկանց հետ աշխատում եմ, սիրում եմ համագործակցութիւններ։ Աւետ Բարսեղեանը այսօրուայ մեր շատ տաղանդաւոր գրողներից է, որ կարողանում է մտքերս լաւապէս ըմբռնել։ Բայց հիմնականում երգերի հեղինակը ես եմ։ Երաժշտութեանը՝ անպայման։ Նաեւ գործիքաւորումներն ենք միասին անում, փորձում եմ ստեղծել հայկականի եւ ժամանակակից երաժշտութեան նոր ինչոր մի տեսակ։ Անընդհատ աշխատում եմ այդ ուղղութեամբ։

— Ինչպէ՞ս կը կարողանաք միահիւսել աւանդականն ու ժամանակակիցը։

Ես որպէս արուեստագէտ ունեմ պատմութիւն, ունեմ այն՝ ինչից որ ստեղծուել եմ։ Իսկ դա ե՛ւ հայկական պատմութիւնն է, ե՛ւ ծնողներս են եւայլն եւայլն, այսինքն՝ ներկայացնում ես դու քեզ, այնինչ դու կաս, իսկ այն ինչ ես կամ՝ իմ մէջ բաւականին մեծ դեր ունի հայկական մշակոյթը։ Ու նաեւ ժամանակակիցը, որովհետեւ ես ապրում եմ այս դարում, որովհետեւ ես ապրում եմ այսօր եւ հետեւում եմ նորաձեւութեան, հետեւում եմ ժամանակին, մի խօսքով դա լինում է այդ երկուսի համախմբուածութիւնը։

— Ուրիշ բան կ՚ուզէի՞ք փոխանցել մեր ընթերցողին։

Շատ սպասումով եմ ես էլ համերգներին, որոնք յոյսով եմ, որ տեղի կ՚ունենան մօտակայ տարուայ մէջ, որովհետեւ ուզում եմ շփուել հայերի հետ, ովքեր ապրում են այսօր արտասահմանում, համայնքների հետ ուզում եմ շփուել, միշտ էլ այդ շփումից լաւ բաներ են ստացուել եւ երեւի նաեւ այն, որ իմ մէջ մեծ է հայկականի հանդէպ սէրը, դա էլ է համայնքների հետ շփման ինչոր արդիւնք։ Քանի որ որքան հեռու ես լինում, այնքան աւելի կարօտը մեծ է լինում, այնքան աւելի շատ ես ուզում պահպանել հայկականութիւնը ընտանիքում, շրջապատում, այնքան աւելի հպարտութիւնով ես ներկայացնում ինչոր բան եւ դա այդ շփումից փոխանցուել է ինձ, այդ սէրը, այդ զգացումները։ Եւ ինձ էլ են պէտք այս հանդիպումները, որպէսզի նոր էմոցիաներով (յոյզերով) լցուեմ, որովհետեւ իմ աշխատանքը հայերի համար է ամբողջ աշխարհի։ Եւ կարեւոր է ինձ համար շրջագայել եւ ծանօթանալ անձամբ այդ մարդկանց հետ, որպէսզի հասկանամ որո՛նց համար եմ աշխատում եւ ի՛նչ եմ անում, ի՛նչ երաժշտութեան կարիք ունեն, եւ դա հնարաւոր է միայն շփուելով եւ ճանաչելով, եւ յոյսով եմ որ այս համերգները այդ հնարաւորութիւնը կը տան եւ ես էլ կը կարողանամ իմ վերջին տարիների աշխատանքների արդիւնքը ներկայացնել։