Հերթական անգամ Սերրեսի հայ համայնքը իր սրահի դռները լայն բացեց բոլոր հայրենակիցների եւ յոյն բարեկամների առջեւ, ովքեր միշտ ներկայ են գտնւում միջոցառում-ցերեկոյթներին:
Այս անգամ առիթը մեր հայրենիքի առաջին պետականութեան ընդունման օրուան՝ 28 Մայիս 1918-ին էր նուիրուած: Օր, որը մեծ շուքով նշւում է ինչպէս մեր հայրենիքում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս:
Ցերեկոյթ միջոցառումը կազմակերպել էին Համազգայինի «Պ. Սեւակ» Սերրեսի մասնաճիւղը, մասնակցութեամբ Թաղային խորհուրդի եւ Տիկնանց մարմնոյ օգնութեամբ:
Միջոցառումը սկսուեց Հանրապետութեան օրհներգի հնչիւնների ներքոյ՝ եռագոյնի մուտքով, որն ազդարարեց Թաղային խորհրդի ատենապետ Վազգէն Յարութիւնեանը: Այնուհետեւ նա ներկաններին ներկայացրեց պատմական փաստեր մեր պետութեան ստեղծման անցած ուղղու մասին: Քանի որ սրահում ներկայ էին նաեւ յոյն բարեկամներ, նրանց համար ատենապետի խօսքը յուներէն լեզուով ներկայացրեց մեր կիրակնօրեայ դպրոցի երկար տարիների սանուհի՝ այժմ արդէն Սերրեսի համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Սաթենիկ Յարութիւնեանը:
Ելոյթներից անմիջապէս յետոյ հնչեցին հայրենասիրական երգեր եւ բանաւոր խօսքեր-բանաստեղծութիւններ համայնքի անդամների կողմից: Երգերն ու բանաստեղծութիւնները նուիրուած էին մեր պետութեան 100-ամեայ անցած ուղղուն:
Միջոցառման գեղարուեստական մասն աւարտուեց Համազգայինի ատենապետ Անահիտ Թամազեանի ելոյթով: Նա իր բարեմաղթանքներն ու երախտագիտութեան խօսքերն ուղղեց բոլորին եւ իր շնորհակալութիւնը յայտնեց Սերրեսի հայ համայնքին մշտական աջակցութեան եւ հայրենանուէր գործերի համար:
Ինչպէս իւրաքաչիւր տօն, լինի դա թէ եկեղեցական, թէ պետական տօն, իր եզրափակումը գտնում է կլոր սեղանների շուրջ, ջերմ հիւրասիրութիւնների ներքոյ:
Տիկնանց խորհուրդը հերթական անգամ շքեղ հիւրասիրութիւն էր կազմակերպել ազգային ճաշատեսակներով, ախցաններով եւ զանազան խմորեղէններով: Սրահում ամէն ինչ հայկական էր, միջավայրը՝ ոգեշնչող: Հեռու գտնուելով Մայր Հայրենիքից, ներկաներն իրենց զգում էին ինչպէս հայրենիքում, ոգեւորուած երգում եւ պարում էին մեր ազգագրական երգն ու պարը:
ԹՂԹԱԿԻՑ