Յունուար 9ի այս օրը հայ ժողովուրդը կը նշէ իր հանճարեղ զաւակներէն Սերգէյ Փարաճանովի ծննդեան 94ամեակը։ Շարժանկարի արուեստին բանաստեղծականութիւնն ու խորհրդապաշտութիւնը Փարաճանով մարդկութեան մատուցեց ամենայն գեղեցկութեամբ ու կենսայորդ տեսարաններով։
Գործելով հանդերձ խորհրդային գրաքննութեան հեղձուցիչ պայմաններուն մէջ, ամէն իրաւ արուեստագէտի ինքնահաւատարմութեամբ ու յանդգնութեամբ՝ բանտարկութիւնն ու ազատազրկումն անգամ յանձն առնելու գնով, Հայկեան Հանճարի շարժանկարային արարման բացառիկ այս վարպետը ստեղծեց «Նռան Գոյն»ի ընդգրկումով գեղարուեստական եզակի գլուխ-գործոցը։
Փարաճանովի արուեստը կտրեց-անցաւ աշխարհաքաղաքական բոլոր սահմանագծումները եւ պատուարները՝ հասնելու եւ հարստացնելու համար միտքն ու հոգին արուեստի ծարաւ բոլոր մարդոց, աշխարհի չորս ծագերուն։
Քաղցկեղը թոյլ չտուաւ, որպէսզի Փարաճանով իր հասուն տարիքին շարունակէ ստեղծագործել եւ աշխարհին մատուցէ ի վերուստ իրեն շնորհուած տաղանդին ստեղծագործական թռիչքները։ 66 տարեկանին Փարաճանով առյաւէտ փակեց իր աչքերը՝ շարժանկարի աշխարհին եւ հայ ժողովուրդին կտակելով անմահութեան արժանի ու հպարտութիւն առթող գեղարուեստական բարձրարժէք ժառանգութիւն մը։
Խոհուն եւ իմաստուն, Փարաճանով աշխարհին ներկայացաւ բաց ճակատով՝ զգուշացնելով մարդոց, որ «Վատ է, երբ խելացին է քեզ հայհոյում, աւելի վատ է, երբ գովաբանում է յիմարը»: Տարբեր չէր կրնար ըլլալ խորհուրդը մեծ արուեստագէտին, որ ապրեցաւ ու գործեց այն փիլիսոփայութեամբ, թէ՝
«Մարդը պարտաւոր է եւ պէտք է ապրի տառապանքի երջանկութիւնը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել»:
Փարաճանովի ծննդեան 94ամեակին առիթով, շարժանկարի աշխարհին քերթողաշունչ վարպետին կեանքն ու վաստակը ընթերցողին յիշեցնելու համար, ահա՛ վկայութիւնը Հայկական Հանրագիտարանին.-
Սերգէյ Փարաճանովը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Փարաճանեանց) մանկութենէն նկարած է, ջութակ եւ դաշնամուր նուագած: Դպրոցական տարիներուն յաճախած է պալէի արուեստանոց եւ թատերական խմբակ:
1942-45 թուականներուն, ուսանած է Թիֆլիսի Երաժշտանոցի երգեցողութեան բաժանմունքին մէջ։ 1951ին աւարտած է Մոսկուայի Շարժանկարային Արուեստի Հիմնարկը (Իկոր Սավչենքոյի արուեստանոցը). վկայման աշխատանքը եղած է «Մոլդովական հեքիաթ» ժապաւէնը: 1949էն սկսեալ Քիեւի Ալեքսանդր Դովժենկոյի անուան շարժանկարի արուեստանոցին բեմադրիչի օգնականն էր, իսկ 1952էն ետք՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցած է Սավչենկոյի «Երրորդ հարուածը» (1948 թ.) եւ «Տարաս Շեւչենկօ» (1952 թ.) ժապաւէններու նկարահանումներուն:
1955ին Փարաջանով ստեղծած է իր առաջին լիամետրաժ` «Անդրիէշ» (Եակով Բազելեանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրայ» (1962 թ.) ժապաւէնները: Ան համաշխարհային ճանաչման արժանացած է «Մոռացուած նախնիների ստուերները» (1964 թ.) շարժանկարով, որ դասուած է աշխարհի լաւագոյն ժապաւէններու շարքին եւ արժանացած է 28 տարբեր պարգեւներու (Քիեւի համամիութենական (1964 թ.), Մար տել Փլաթայի (1965 թ.) փառատօններու, բրիտանական շարժանկարի ակադեմիայի, Ուկրանիոյ Պետական (1990 թ.) մրցանակներու, Թեսաղոնիկէի (Յունաստան) փառատօնի ոսկէ շքանշանի եւայլն)։
Ժապաւէնը գուցուլներու (ուկրաինացիներու էթնիկական խումբ) մասին է. ներկայացուած է ոչ միայն ժողովրդական ծէսերու, հաւատալիքներու, տօնախմբութիւններու գունագեղ եւ խորհրդաւոր աշխարհ մը, այլեւ բացայայտուած է մարդու ներաշխարհը` իր յոյզերով և զգացումներով: 1966ին Փարաճանով սկսած է «Կիեւեան որմնանկարներ» շարժանկարի աշխատանքները, սակայն այդ գործին հրապարակումը արգիլուած է (պահպանուած են քանի մը քատրեր):
1966ին Փարաճանովին հրաւիրած են աշխատելու Հայֆիլմ արուեստանոցին մէջ: 1967ին նկարահանած է «Յակոբ Յովնաթանեան» վաւերագրական շարժանկարը: 1969ին սեփական բեմագրութեամբ ստեղծած «Նռան գոյնը» («Սայաթ-Նովա», Հ.Խ.Ս.Հ. պետական մրցանակ՝ 1988 թ.) շարժանկարով հաստատուած է Փարաճանովի արուեստին ինքնատպութիւնը եւ բեմադրիչը արժանացած է մեծ համբաւի: Շարժանկարի գունագեղ կտաւներ յիշեցնող քատրերը վերակերտած են աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովայի կենսագրութիւնը, բացայայտած են նաեւ այնպիսի արժէքներ, ինչպիսիք են երգը, սէրն ու յաւերժությունը:
1973ին, երբ Փարաճանով սկսած է «Հրաշքն Օդենսում» (նուիրուած է Հանս Քրիստիան Անդերսենին) շարժանկարի աշխատանքները, անոր բանտարկած են: 1977ին միջազգային հանրութեան (Ֆրանսուա Տրյուֆօ, Ժան-Լիւք Կոդար, Ֆեդերիկօ Ֆելլինի, Լուկինօ Վիսկոնտի, Ռոբերտօ Ռոսսելինի, Միքելանջելօ Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակէն շուտ ազատ արձակուած եւ վերադարձած է Թիֆլիս: 1982ին Փարաճանով դարձեալ կեղծ մեղադրանքներով ենթարկուած է քրէական պատասխանատուութեան եւ 11 ամիս պահուած է Օրթաճալայի բանտը: Հալածանքներու շրջանը տեւած է 15 տարի: Բեմադրիչը նոյնիսկ բանտախուցին մէջ շարունակած է ստեղծագործել. կազմակերպած է ինքնագործ թատրոն, ստեղծած է կոլաժներ, տիկնիկներ եւ գծանկարներ:
Փարաճանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական շարժանկարը անաւարտ մնացած է հիւանդութեան պատճառով (նիւթերն ամբողջութեամբ օգտագործած է Միքայել Վարդանովն իր «Փարաճանով.- Վերջին գարուն» վաւերագրական ժապաւէնին մէջ, 1992 թ.):
Քերթողաշունչ վարպետին ծնունդը շնորհաւորելով՝ կ’արժէ իբրեւ ծաղկեփունջ ներկայացնել վկայութեան հետեւեալ պատառիկը Փարաճանով մասին (Ուիքիփետիա, հայերէն խմբագրութիւն).
«Սկզբնական շրջանում Փարաճանովը բանտում ճնշուած էր զգում իրեն, կոտրուած եւ ոչնչացուած։ Բոլորն էին ծաղրում նրան՝ ե՛ւ բանտապետը, ե՛ւ բանտարկեալները։ Բացի այդ, Փարաճանովը վատառողջ էր՝ հիւանդ սիրտ ունէր, տանջում էր շաքարախտը: Բանտում վիրահատեցին թոքերը։ Չնայած այս դժուարութիւններին՝ Փարաճանովը բակում հաւաքում էր դուրս նետուած ծաղիկները, հերբարիում պատրաստում եւ նամակով ուղարկում ընկերներին։ Մի անգամ նոյնիսկ կեֆիրի կափարիչի վրայ մեխով Պուշկինի, Գոգոլի եւ Պետրոս Iի դիմանկարները գծեց։ Բանտապահները, տեսնելով դիմանկարը, կատակեցին դրա շուրջ, սակայն ձեռքից չվերցրին։ 10 տարի անց այս «մեդալիոն»ն ընկաւ ռեժիսոր Ֆեդերիկօ Ֆելլինիի ձեռքը, ով արծաթէ շքանշան պատրաստեց դրանից, որն այդ ժամանակուանից շնորհւում է լաւագոյն ժապաւէնին՝ Ռիմինիի փառատօնում։
«Դմիտրի Շեւչենկոն պատմում էր.
«Բանտը չկոտրեց Փարաճանովին, չաղտոտեց նրա հոգին: Նա կեղտի, լուերի ու ցածրացումների աշխարհից դուրս բերեց գեղեցկութիւնը, դարձաւ իսկական նկարիչ: Այս առումով նա եւ Սոլժենիցին ընդհանուր բան ունեն, ով գոչել էր.- «Օրհնեա՛լ լինես, բանտ»: Քարի փոքրիկ կտորը, չորացած խոտը, երկաթէ ձողերը նրա ձեռքերում գլուխ-գործոցներ էին դառնում: Միայն Լիլիա Բրիկը չէր նրան նուէրներ ուղարկում բանտ: Մի անգամ Փարաճանովը բանտի բաղնեպանի հետ միասին փշալարերից եւ իր գուլպաներից ծաղկեփունջ պատրաստեց եւ ուղարկեց Լիլիային՝ Մարտի 8ի կապակցութեամբ: Լիլիան հիացած էր եւ նուէրը դրեց Մայակովսկու նուիրած ծաղկամանի մէջ: Սակայն բանտի հոտը վերացնելու համար ստիպուած էր ծաղկեփունջին փչել «Մուստանգ» օծանելիք…
«Լիլիա Բրիկն ամէն ինչ անում էր Սերգէյին բանտից ազատելու համար։ Այն ժամանակ նա 80 տարեկան էր, սակայն չնայած տարիքին, նախանձելի աշխուժութիւն էր ցուցաբերում։ Բրիկն առաջինն էր, ով ոտքի հանեց օտարերկրացիներին՝ որպէսզի պաշտպանեն Փարաճանովին։ Նրա ազդեցութիւնը յատկապէս ուժեղ էր Ֆրանսիայում: 1977 թուականին նա անձամբ մեկնեց Փարիզ, որտեղ ցուցահանդէս էր բացւում՝ նուիրուած Վլադիմիր Մայակովսկուն։ Այստեղ նա հանդիպեց ֆրանսիացի գրող, կոմունիստ, Լենինի մրցանակի դափնեկիր Լուի Արագոնի հետ։ Լիլիան համոզեց վերջինիս՝ Մոսկվայում հանդիպելու Բրեժնեւի հետ եւ բարեխօսելու Փարաճանովի համար։ Արագոնը համաձայնուեց եւ իրօք հանդիպեց Բրեժնեւի հետ ու զրոյցի ժամանակ յիշատակեց Փարաճանովին։ Բրեժնեւը չէր ճանաչում Փարաճանովին, սակայն քանի որ լաւ էր վերաբերւում Ֆրանսիայի Կոմունիստական Կուսակցութեանը եւ անձամբ՝ Լուի Արագոնին, խոստացաւ անպայման քննել այս հարցը։ Եւ կատարեց խոստումը։ 1977 թուականի Դեկտեմբերի 30ին Փարաճանովին ազատ արձակեցին՝ կրճատելով ժամկէտը մէկ տարով»։
Սերգէյ Փարաճանով (Սարգիս Փարաջանեանց, 1924-1990)
Սերգէյ Փարաճանով (Սարգիս Փարաջանեանց, 1924-1990). Շարժանկարի արուեստին աշխարհահռչակ քերթողաշունչ վարպետը Ն.