ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ — Մոնթրէալ
Սփիւռքը, որ առանձնանում է իր պատմութեամբ, իր պահպանման եւ զարգացման ձեւերով ու հնարաւորութիւններով, տարբեր է իր գաղթօճախներով, որտեղ ազգային գործունէութիւնը, հայրենիքի հետ ամուր կապը կազմակերպւում եւ պահւում են հայկական հաստատութիւնների միջոցով.- Եկեղեցիներ, բարեսիրական, կրթամշակութային, քաղաքական եւ այլ կազմակերպութիւններ ու միութիւններ։ Սակայն սփիւռքում հայութեան ինքնութեան պահպանման ամենամեծ դերակատարը, կարեւորագոյն օճախը եղել եւ մնում են դպրոցն ու ընտանիքը։
Հայ մայրն էր, որ Տէր Զօրի աւազների վրայ գրում ու որդուն էր ժառանգում Մեսրոպեան Այբուբենը, եւ որքան էլ անապատի անողոք քամին ջնջում էր տառերը, այնուամենայնիւ՝ հայ լեզուն ապրեց բոլոր այն վայրերում, որտեղ եղան Մեծ Եղեռնից յետոյ վերապրողներ։
Օտար ափերում, ամենադժուարին պայմաններում, տարագիր հայութիւնը՝ հայ լեզուն ու մշակոյթը պահելու, սերնդներին հայեցի կրթելու առաքելութեամբ, հիմնում է որբանոց-կրթարաններ, որտեղ պատսպարում, սնում ու կրթում է հազարաւոր որբերի։
Տարիների հետ, գաղթօճախները, ընկերային-տնտեսական ինքնահաստատման պայմաններում, իրենց գերակայ խնդիրը դրել են հայկական դպրոցների ստեղծումը եւ զարգացումը. բացել են դպրոցներ, որտեղ երեխաները գիտելիքներ են ստացել հայոց լեզուի, գրականութեան, հայոց պատմութեան ու մշակոյթի մասին, կրթուել ու դաստիարակուել հայերէն։
Հայկական դպրոցների ամենակարեւոր առանձնայատկութիւնը եղել է դպրոցում տիրող ազգային մթնոլորտը, որն էլ իր հերթին նպաստել է երեխաների մօտ ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորմանը։
Այսպիսով՝ սփիւռքի պատմութիւնը փաստում է այն հսկայածաւալ աշխատանքը, որ իրականացուել է հայակերտման, հայ ինքնութեան, հայոց լեզուի ու մշակոյթի պահպանման եւ սերունդներին փոխանցման համար։
Այսօր պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, հնչում են մտահոգութիւններ ու տագնապներ, արւում են առաջարկութիւններ՝ սփիւռքում հայապահպանման, հայեցի դաստիարակութեան, յատկապէս հայոց լեզուի պահպանման համար, որը գնալով աւելի ու աւելի հրատապ է դառնում: Անշուշտ, բոլորս էլ գիտակցում ենք, որ հայրենիքից հեռու, օտարութեան մէջ հայ ինքնութիւնը, հայ լեզուն ստիպուած են դիմակայելու դժուար մարտահրաւէրների:
Աստիճանաբար ակնյայտ է դառնում, որ սփիւռքի նոր սերունդը այսօր համեմատաբար փոխել է իր ինքնութեան ընկալումը, յարմարուել է օտարալեզու միջավայրին, ընդօրինակել օտար բարքեր եւ սովորութիւններ, հաղորդակցման լեզուն այլեւս հայերէնից փոխել է օտար լեզուի, շատացել են խառն ամուսնութիւնները…
Բոլորս էլ յստակ գիտենք, որ հայութեան, հայոց լեզուի պահմանման կարեւորութիւնը որեւէ հիմնաւորման կարիք չունի, այն մեր հայրենիքի, մեր մշակոյթի, մե՛ր ներկայութիւնն է օտարութեան մէջ։
Եւ այսօր, նորագոյն տեխնոլոգիաների շնորհիւ ստեղծուել է մի նոր հնարաւորութիւն՝ ամբողջ աշխարհում հայերի միմեանց հետ հայերէնով շփումը, այլեւս հնարաւոր է դարձել աշխարհի ամէն անկիւնում մշակութային ու տեղեկատուական կապերի հաստատումը, որով եւ արտացոլւում են հայութեան կեանքն ու գործունէութիւնը։
Ես էլ շատերի նման սոցիալական ցանցերի օգտատէր եմ եւ հետեւում եմ հայութեան կեանքին, անցուդարձին, յատկապէս սփիւռքի հայկական դպրոցների, երիտասարդական կենտրոնների եւ տարբեր միութիւնների գործունէութեանը։ Բայց ցաւով պէտք է նշեմ, որ գրեթէ չէի հանդիպում հայկական դպրոցների, երիտասարդական կենտրոնների ու միութիւնների հայերէնով լուսաբանուող նիւթերի։
Այս հետաքրքրութիւնը ստիպեց ինձ փոքր ուսումնասիրութիւն անել, եւ համացանցը տուեց ինձ սփիւռքի հայկական դպրոցների ցանկը։ Ես այցելեցի մի շարք դպրոցների թէ՛ դիմատետրի էջերին եւ թէ՛ պաշտօնական կայքէջերին։
Եւ, ի զարմանս ինձ, գրեթէ չգտայ դպրոցների առօրեան հայերէնով լուսաբանող նիւթեր, հիմնականում օտարալեզու է. ես միայն հիանում էի գեղեցիկ նկարներով եւ ենթադրում, որ դպրոցում առօրեան հաճելի է, սակայն մի հարց տանջում է ինձ՝ արդեօ՞ք այդ գունաւոր եւ նկարներում գեղեցիկ երեւացող առօրեան հայերէնո՞վ է։ Իսկ ի՞նչ է զգում նոյն աշակերտը, երբ իր դպրոցի հանրային հարթակի լեզուն օտարալեզու է, արդեօ՞ք նա մտածում է՝ իր մայրենի լեզուն ուրեմն այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը օտարինն է։
Եւ նորից ուղեղիս մէջ գամւում է՝ սփիւռքը մաշւում է…
Արդեօք ինչո՞ւ։
Կը լինեն պատասխանողներ՝ չգիտե՛մ։