Ջութակը, ինչպէս նաեւ՝ ջութակային ընտանիքի միւս նուագարանները (ալթ, թաւջութակ, աւելի ուշ նաեւ՝ քոնթրապաս), ծնունդ են առել լարային աղեղնաւոր նուագարանների զարգացման երկարատեւ ու բարդ հոլովոյթների արդիւնքում, որը պայմանաւորուած էր երաժշտական կատարողական մշակոյթի եւ ընկերային պայմանների զարգացման հետ:
Հնագոյն ժամանակներից մարդուն գրաւել է որսորդական աղեղի պիրկ ձգուած լարի հնչողութիւնը, որը հետագայում հիմք պէտք էր հանդիսանար լարային նուագարանների ստեղծման համար: Եւ բոլորովին պատահական չէ, որ ջութակի կողագծերը խիստ նման են կենդանիների եղջիւրներից պատրաստուած որսորդական աղեղի ձեւին ու ճկուածքին:
Դեռեւս Ը.-Թ. դարերում, Ապու Նասրա ալ-Ֆարապին իր «Մեծ տրակտատ երաժշտութեան մասին» աշխատութիւնում, իսկ աւելի ուշ` նաեւ Իպն Սինայի գործերում Թ.-Ժ. դդ.) հանդիպում ենք յիշատակումներ՝ լարային աղեղնաւոր նուագարանների մասին:
Գերմանացի փրոֆեսոր Պախմանը իր հետազօտութիւններում նշում է, որ լարային աղեղնաւոր նուագարանները առաջացել են Միջին Ասիայում` Թ. դարի կէսերին: Այս տեսակէտը կիսում են նաեւ արեւմտեան մի շարք տեսաբաններ` Ֆարմերը, Պէյհերթը, Էրլանկերը եւ ուրիշներ: Ընդ որում, ինչպէս նշում են վերոնշեալ փրոֆեսորները, ջութակային ընտանիքի նուագարաններն այստեղ նուագում էին ծնկին յենած` ուղղահայեաց դիրքով (a gamba): Սակայն, իր աշխատութիւններում Պախմանը մատնանշում եւ համաձայնում է նաեւ փրոֆեսոր Քուրթ Զաքսի այն կարծիքին, թէ աղեղնային նուագարանների ընտանիքի նախահայրենիքը պէտք է փնտռել ոչ թէ արեւելքում, այլ հարաւում` բիւզանդական եւ արաբական-իսլամական մշակոյթի տիրապետութեան տարածքներում: Իսկապէս, դեռեւս հին ժամանակներից սկսած այստեղ տարածուած էին նմանօրինակ նուագարաններ, որոնք հարաւ-սլաւոնական ժողովուրդների միջոցով անցել էին Եւրոպա եւ նոյնպէս նուագւում էին ուղղահայեաց դիրքով:
Մինչդեռ, ինչպէս վկայում են ռուս մեծանուն տեսաբան փրոֆեսէօր Վ. Գրիգորեւի այս ուղղութեամբ Կովկասում կատարած հետազօտութիւնները, դեռեւս Ժ. դարում մասնաւորապէս Հայաստանում մեծ տարածում են ստացել լարային աղեղնաւոր նուագարանները, զորս նուագելիս յենել են ուսին եւ բռնել հորիզոնական դիրքով (a braccio):
Հասկանալի է, որ տարբեր ազգերի ու ժողովուրդների մշակութային, առեւտրական եւ տնտեսական շփումների ընթացքում, որպէս մշակութային նիւթական արժէքների, պէտք էր փոխանակուէին նաեւ երաժշտական նուագարանները: Բնականաբար, ելնելով երաժշտութեան կատարման նկատմամբ ունեցած տարբեր ժողովուրդների պահանջներից, փոփոխւում էին նաեւ նուագարանների ձեւերը, չափերը, լարուածքը եւ այլն: Օրինակ` որոշ տեսաբաններ գտնում են, որ ջութակի նախահայրը եղել է իրանական-արաբական ծագում ունեցող հնագոյն ռեպապ նուագարանը, որն ունեցել է մէկ կամ երկու լար եւ տարբեր անուանումներով հանդիպում է Հնդկաստանում, Եգիպտոսում, հիւսիս-արեւմտեան Ափրիկէում եւ Միջին Ասիայում: ԺԲ. դարում մուտք գործելով արեւմտաեւրոպական երկրներ՝ ռեպապը ենթարկուել է բազմաթիւ փոփոխութիւնների: Կան կարծիքներ նաեւ այն մասին, որ ջութակի նախատիպը եղել է միջնադարեան վիոլան: Այնուհանդերձ՝ բազմաթիւ փաստեր հաստատում են ջութակի ուղիղ կապը սլաւոնական ազգային երաժշտական աղեղնաւոր նուագարանների հետ:
Այս առումով գիտական մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում հնագիտական պեղումների ժամանակ յայտնաբերուած մանրանկարչութեան եւ որմնանկարչութեան նմոյշների ուսումնասիրութիւնները, որոնք հնարաւորութիւն են տալիս ժամանակային զարգացման առումով տեղեկանալու ջութակի նախնիների ծագման աւելի վաղ շրջանների մասին:
Ինչպէս փաստում են բազմապիսի հետազօտութիւնները, ամէն մի զարգացած մշակոյթ, այդ թւում նաեւ եւրոպական ժողովուրդների մշակոյթը, իր մէջ ներառել է տարբեր նուագարանների մեծ տեսականի, որոնց մէջ տեղ են գտել նաեւ լարային աղեղնաւոր երաժշտական նուագարաններ:
Ժ.-ԺԱ. դարերում Եւրոպայում մեծ տարածում գտած աղեղնային նուագարանների գերակշռող տեսակները, հիմնականում, կարելի է բաժանել երկու խմբերի, որոնք էականօրէն տարբերւում են միմեանցից: Դրանք ֆիտելներն են եւ ռեպեքները:
Ժ.-ԺԵ. դարերում տարբեր երկրների ժողովրդական երաժշտութեան կատարողների շրջանակում ֆիտելը լայն կիրառութիւն ունէր: Իրենց հեղինակած երգերին նուագակցող եւ երկրից երկիր ճամբորդող աշուղներն ու գուսանները (որոնց տարբեր ժողովուրդներ անուանում էին շփիլմաններ, ժոնկլեորներ, մինեզինկերներ, մենեսթրելներ, տրուբադուրներ) ժամանակի ընթացքում դարձան այս գործիքին տիրապետող հմուտ վարպետներ: Ֆիտելը կարող էր հանդէս գալ այլ նուագարանների հետ եւ նրբօրէն համադրուել համոյթների կազմում, ինչի մասին են վկայում միջնադարից մեզ հասած մի շարք պատկերներ: Աւատապետական-արիստոկրատական (ազնուական) շրջանակներում, ֆիտելը հանդէս գալով կսմիթային լիւթնեայի հետ, սկսեց նաեւ ընդօրինակել վերջինիս որոշ կառուցուածքային մանրամասներ: Մասնաւորապէս, կրիֆի վրայ յայտնուեցին երաժշտական հնչիւնաշարք, իրանը դարձաւ կիթառաձեւ, աւելացաւ լարերի քանակը եւ փոխուեց լարուածքը: Այս ամէնը դիւրացնում էին նուագակցութեան համար անհրաժեշտ աքորտային կատարումը, ինչպէս նաեւ ապահովում էին միջնադարեան բազմաձայնութեան պահանջները: Ֆիտելը հանդիպում է նաեւ թագաւորական պալատներում ու եկեղեցիներում, որտեղ ելնելով երաժշտութեան կատարողական պահանջներից` ընտրւում էր գործիքի այս կամ այն տարատեսակը, ըստ ձայնածաւալի, թեմպրի եւ հնչողութեան: Ընդ որում, գործիքի վրայ նուագում էին հաւասարապէս երկու բռնուածքով՝ հորիզոնական եւ ուղղահայեաց:
Այնուհետեւ, ֆիտելի ընտանիքը ԺԴ.-ԺԵ. դարերում բաժանուեց երկու ճիւղի. մէկում ձեւաւորուեց ջութակը, միւսում՝ վիոլան:
Ժողովրդական աղեղնային նուագարանների մի այլ տեսակ է ռեպեքը: Ամենայն հաւանականութեամբ ռեպեքը յայտնուել է ԺԳ. դարում՝ մաւրերի Սպանիա տեղափոխուելուց յետոյ: Այս գործիքին բնորոշ է մանտոլինաձեւ իրանը, որը սահունօրէն անցնում է վզիկին` առանց կրիֆի: Ունեցել է երեք լար եւ լարուել է քուինթաներով, որի մասին նշում են Իէրոնիմ Մորաւացին 13րդ եւ Մարթին Ակրիքոլան 14րդ դարերում: Բոլոր պարագաներում ռեպեքի լարուածքը գոյութիւն է ունեցել դասական ջութակի ստեղծումից առաջ: Դա ժողովրդական նուագարանին խիստ յատուկ լարուածք էր, որը համապատասխանում էր մարդկային ձայնի ձայնածաւալին: Գործիքի ձայնը սուր էր եւ ճչացող, բայց բաւարար զօրեղ` բաց երկնքի տակ նուագելու համար: Ռեպեքի վրայ նուագում էին ուղղահայեաց պահուածքով: Մինչեւ ԺԵ. դարի վերջը, ռեպեքը հասաւ իր զարգացման բարձրակէտին, որին նպաստեցին ինչպէս ժողովրդական կատարողները, այնպէս էլ արհեստավարժ բարձր մակարդակի հասած երաժիշտները: Նուագարանի լայն տարածմանը խթանեց նաեւ այն փաստը, որ այն սկսեց հնչել նաեւ տաճարներում: Սակայն ԺԵ. դարի վերջերից ռեպեքը օգտագործւում էր գործնականում միայն ժողովրդական երաժշտութեան մէջ: Աւելի ուշ, ռեպեքը սկսում է իր դիրքերը զիջել ջութակին նաեւ ժողովրդական երաժշտութեան կատարման ոլորտում:
Զ. դարի կէսերից սկսւում է ջութակի յաղթարշաւը` գրաւելով ամբողջ աշխարհը: Դասական ջութակի յայտնուելը, ինչպէս նաեւ ջութակային երաժշտութեան տարբեր ոճերի զարգացումը սովորաբար վերագրւում է Իտալիային: Մինչդեռ՝ ըստ Վ. Քամինսքու.- «Ջութակ պատրաստելու պատմութեան մէջ Լեհաստանը ունեցաւ բացառիկ նշանակութիւն, եւ այսօր արդէն դժուար է անառարկելիօրէն ընդունել ջութակի իտալական ծագման տեսութիւնը»:
Հայաստանում աղեղնային նուագարանների վաղ-միջնադարեան կատարողական արուեստը դեռեւս մնում է մշակոյթի ոչ-բաւարար հետազօտուած ոլորտներից մէկը: Սակայն այն մի քանի տեղեկութիւնները, որոնք կան մեր տրամադրութեան տակ, հիմք են տալիս ենթադրելու, որ զանազան երաժշտական եւ մասնաւորապէս աղեղնային նուագարանների վրայ նուագելու արուեստը այստեղ գոյութիւն է ունեցել հին ժամանակներից: Դեռեւս Ժ. դարում, Գրիգոր Նարեկացին յիշատակում է ջութակ նուագարանի մասին: Ականաւոր բժշկապետ Մխիթար Հերացին (ԺԲ. դ.) գտնում էր, որ ապաքինուելու համար անհրաժեշտ է լսել լարային նուագարանների երաժշտութիւն: Միջնադարեան Հայաստանի մայրաքաղաք Դուինի 1953 թուականի պեղումների ժամանակ յայտնաբերուեց Ժ. դարի ոճական եւ թեքնիք իմաստով բացառիկ հետաքրքրութիւն ներկայացնող նրբագեղ ապակէ սափոր, որն անչափ արժէքաւոր է ոչ միայն պատմաբան-հնագէտների, այլ նաեւ երաժշտութեան տեսաբանների համար: Դրա վրայ պատկերուած է աղեղնային նուագարանի վրայ նուագող երաժիշտ: Հետաքրքրական է այն փաստը. որ նուագարանի չափերը, կիթառաձեւ իրանը, ձախ ձեռքով բռնելու ձեւը, կզակին յենած հորիզոնական դիրքը բնորոշ է արեւմտեան երաժիշտներին, մինչդեռ Արեւելքում աղեղնաւոր գործիքները բացառապէս բռնում էին ուղղահայեաց դիրքով: Այս փաստերը անվիճելիօրէն խօսում են այն մասին, որ մեր առաջ ժամանակակից ջութակի նախատիպի` ֆիտելի խիստ հազուագիւտ եւ վաղ միջնադարեան պատկեր է: Դա համարւում է ջութակի ամենահին վերարտադրութիւններից մէկը: Նարեկացու յիշատակումը եւ այս եզակի գտածոն փաստում են, որ դեռեւս Ժ. դարում Հայաստանում գոյութիւն է ունեցել ուսին յենած բռնուածքով լարա-աղեղնային նուագարան: Ինչպէս վկայում է փրոֆեսոր Ի. Եանփոլսքին. «Այս իրողութիւնը նորովի է լուսաբանում ժամանակակից ջութակի տարածման (իսկ միգուցէ նաեւ ծագման եւ սկզբնական զարգացման) փաստը, ժխտելով ընդունուած այն կարծիքը, թէ արեւելեան ժողովուրդները աղեղնային նուագարանները ուսին յենած բռնուածքով երբեք չեն նուագել»:
Մինչեւ օրս էլ շատ երկրներում ջութակն օգտագործւում է նաեւ որպէս ժողովրդական նուագարան: Ջութակի ընտանիքին պատկանող նուագարանները սիմֆոնիք, լարային ու մի շարք գործիքային այլ համոյթների հիմքն են հանդիսանում: Բացառիկ արտայայտիչ հնչերանգի, կատարողական հսկայական հնարաւորութիւնների, ազնուաբարոյ, նրբերանգներով հարուստ ձայնի եւ անզուգական այլ յատկանիշների շնորհիւ ջութակը դարձել է համոյթային եւ մենակատարային անփոխարինելի նուագարան` իրաւամբ համարուելով երաժշտական նուագարանների ԹԱԳՈՒՀԻՆ: