Խմբագրական «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»ի
Նորից Յունուար է: Ու յիշողութիւնը նորից տեղափոխում է մեզ 1990թ. Յունուարի Պաքու, որտեղ 27 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան իրենց դաժանութեամբ ու վայրագութեամբ աներեւակայելի իրադարձութիւններ:
Յունուարի 13-19 ատրպէյճանական մայրաքաղաքում շարունակւում էր արիւնալի գինարբուքը, որի ընթացքում անողոքաբար սպաննուեցին հարիւրաւոր անմեղ մարդիկ ու վտարուեցին Ատրպէյճանի կէս-միլիոնանոց բնիկ եւ, չափազանց կարեւոր է նշել, պետականութիւն կերտած հայկական բնակչութեան վերջին ներկայացուցիչները:
Ու թէեւ այդ սեւ շաբաթից արդէն աւելի քան քառորդ դար է անցել, ողբերգութիւնն այդ դեռ շարունակում է ցաւով արձագանգել հայ ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ՝ սրտերում նրանց, ովքեր անձամբ են վերապրել այն, եւ մեր բոլոր հայրենակիցների, ովքեր ընկալեցին այն որպէս սեփական ողբերգութիւն:
Մեր ժողովրդի գիտակցութիւնը չի կարող հաշտուել այդ հրէշաւոր յանցագործութիւնների հետ: Գոնէ նրա համար, որ Ատրպէյճանի իշխանութիւնները մինչեւ օրս չեն ապաշխարել հայկական բնակչութեան զանգուածային սպանութեան ու տեղահանման համար, որոնք միջազգային իրաւունքի կողմից միանշանակ որակւում են որպէս ցեղասպանութիւն: Իսկ այն, որ հայկական ազգաբնակչութեան` որպէս ցեղի նկատմամբ Ատրպէյճանում իրականացուած բռնարարքները ցեղասպանութիւն էին, կասկած չի յարուցում: Դա մատնանշում է, առաջին հերթին, յանցագործութիւնների կազմակերպուած ու ծրագրուած բնոյթը` իրագործուած բացառապէս ազգային պատկանելութեան հողի վրայ:
Այսօր պաշտօնական Պաքուն 1990ի Յունուարի իրադարձութիւնները փարիսեցիաբար ներկայացնում է զուտ որպէս… անկախութեան համար ատրպէյճանական ժողովրդի ժողովրդավարական շարժում, որը ճնշուեց խորհրդային վարչակարգի կողմից: Աւելի՛ն. Յունուարի 20ին, որն Ատրպէյճանում «սեւ» է անուանւում, այստեղ, աւանդոյթի համաձայն, կը մեծարեն արիւնալի ողբերգութեան «հերոսներին», ովքեր անխղճօրէն սպաննել ու վտարել են Պաքուի հայերին, որոնց ձեռքերով կառուցուել է այդ քաղաքը: Ընդ որում, ողբերգութեան 27ամեայ վաղեմութեան իրական զոհերի մասին խօսք անգամ չի լինի, ինչն ամենեւին զարմանալի չէ, քանի որ այսօր Ատրպէյճանում ազգայնամոլութեան ու այլատեացութեան գաղափարախօսութեամբ դաստիարակւում է ատրպէյճանցիների արդէն նոր սերունդ:
Կան անհերքելի փաստեր` լիիրաւ պնդելու, որ Ատրպէյճանը ցեղասպան պետութիւն է: Յունուարեան ջարդերն ու Պաքուի հայերի կոտորածը դարձան Ատրպէյճանի ղեկավարութեան կողմից անցկացուող հակահայկական բազմամեայ քաղաքականութեան բարձրակէտը: Անկախ նրանից, թէ պատմական այս կամ այն շրջանում ով է գլխաւորում իշխանութիւնը` մուսաւաթականները, համայնավարները, այսպէս կոչուած «Ժողովրդական Ճակատ»ի դեմոկրատները (ժողովրդավարականները), ովքեր հայկական ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից ու իրագործողներից էին, կամ՝ ներկայիս բացայայտ ցեղապաշտ վարչակարգի ներկայացուցիչները, ովքեր պատերազմ են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դէմ ու չեն հրաժարւում Ղարաբաղեան հիմնախնդրի ուժային լուծումից:
Այս քաղաքականութեան հիմքում արմատական ուղղուածութիւն ունեցող ազգայնամոլութիւնն է, որը հարիւրամեակի ընթացքում այդպէս էլ փոփոխութիւն չի կրել, իսկ մեր օրերում վերաճել է բացայայտ ֆաշականութեան:
«Ողբերգական ու դառը իրականութիւնը նրանում է, որ դեռեւս խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում հայերի հանդէպ խտրականութեան քաղաքականութիւն էր վարւում, իսկ Խ.Ս.Հ.Մ. գոյութեան վերջին տարիներին` ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի համապատկերին, Ատրպէյճանի իշխանութիւններն արդէն դիմեցին ցեղասպանական քաղաքականութեան»,- նշել էր Համպուրկի համալսարանի փրոֆեսոր, դոկտոր Օթթօ Լիվխթենհարտ: Նրա խօսքով՝ Ատրպէյճանի պետական քաղաքականութիւնը ենթադրում էր բնակչութեան շրջանում հայերի նկատմամբ ատելութեան ձեւաւորում ու խորը արմատաւորում, ինչի դրսեւորումը դարձան Սումկայիթի, Պաքուի եւ այլ վայրերի սահմռկեցուցիչ իրադարձութիւնները:
Վերյիշենք պատմութեան ողբերգական իրադարձութիւնները, որոնք դարձան Ատրպէյճանի ցեղասպանական գործողութիւնների երկար շղթայի օղակները, շղթայ՝ որ սկիզբ է առնում 20րդ դարի արշալոյսին: 1905ին, 1918ին` Պաքւում, 1920ին` Շուշիում, 1988ին` Սումկայիթում, Կիրովապատում ու Պաքւում, 1990ին` դարձեալ Պաքւում: Պաշտօնական Պաքուի յանցաւոր քաղաքականութիւնը շարունակուեց եւ 21րդ դարում, ինչն իր արտացոլումը գտաւ զինադադարի մշտական խախտումների ու խափանարարական գործողութիւնների մէջ, ինչի արդիւնքում զոհւում են հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք: Ատրպէյճանական իշխանութիւնների ցեղապաշտական էութեան շնական դրսեւորումը դարձաւ Լեռնային Ղարաբաղի դէմ անցած տարուայ ապրիլեան յարձակումը, որի ընթացքում զինծառայողներն ու խաղաղ քաղաքացիները ենթարկուեցին հրէշաւոր կտտանքների ու անարգանքի: Ձեռագիր, որ յատուկ է «Իսլամական Պետութիւն» ահաբեկչական յայտնի կազմակերպութեանը: Ու եթէ աշխարհը ցնցուեց ԻԼԻՊի բարբարոսական գործողութիւններից եւ որոշեց վերջ տալ այդ չարիքին, ապա Ատրպէյճանի դէպքում նոյն այդ աշխարհը մինչեւ օրս քար լռութիւն է պահպանում:
Հէնց դրանում է կայանում 1990ի Յունուարի ողբերգութիւնը: Անգամ աւելի քան քառորդ դար անց այն ժամանակուայ չարագործութիւններն այդպէս էլ չստացան միջազգային հանրութեան իրաւական, քաղաքական ու բարոյական արժանի գնահատականը: Նման անտարբերութիւնը, ի հարկէ, Պաքուի իշխանութիւններին խրախուսում է նոր յանցանքների, ինչը հաստատեցին վերը յիշատակուած հետագայ իրադարձութիւնները: Ժամանակն ապացուցեց, որ Ատրպէյճանը բոլորովին մտադիր չէ գիտակցելու իր մեղքն ու պատասխանատուութիւնը, աւելի՛ն, նա չի հրաժարւում Լեռնային Ղարաբաղն ուժի ճանապարհով զաւթելու գաղափարից` նրա բնակչութեան հանդէպ նոր ցեղասպանութիւն իրականացնելու համար:
Կարծում ենք` տուեալ հանգամանքը պէտք է հասկանան եւ ուշադրութեան առնեն ատրպէյճանական-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաւուած քաղաքական գործիչներն ու պետութիւնների ղեկավարները եւ, ամէնից առաջ, Ե.Ա.Հ.Կ. Մինսքի Խմբակի համանախագահ երկրները` Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան: Նրանք վաղուց արդէն պէտք է գիտակցեն, որ ներկայ պայմաններում երկու ժողովուրդների պատմական հաշտեցմանն ուղուած կոչերը բոլորովին անիմաստ են:
Իսկ մենք պարտաւոր ենք սրբութեամբ պահելու մեր հարիւրաւոր հայրենակիցների յիշատակը, ովքեր դարձան Ատրպէյճանի իշխանութիւնների յանցաւոր քաղաքականութեան զոհերը: Միաժամանակ` անհրաժեշտ դասեր քաղել մեր պատմութիւնից, որպէսզի այնպիսի ողբերգութիւններ, ինչպիսին Պաքուինն է, չկրկնուեն: