Դոկտ. ՄԱՐԻ-ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
1970ականներին, Արամ-Աշոտ Պապայեանը մի կոմեդիա հրատարակեց՝ «Աշխարհն այո շուռ է եկել», որը մեծ յաջողութեամբ տեղ գրաւեց Սունդուկեանի անուան մայր թատրոնի խաղացանկում: Անշուշտ իմ ասելիքը կապ չունի այս կոմեդիայի բովանդակութեան հետ եւ, ցաւօք, կոմեդիաի ժանրին չի պատկանում իմ ասելիքը, միայն վերնագիրն եմ օգտագործելու, քանի որ այն պատկերաւոր կերպով ներկայացնում է այսօրուայ աշխարհի ներկայ իրական վիճակը, տեղի ունեցող ամէն տեսակի ծայրայեղ փոթորկումները՝ բնութեան արհաւիրքներ, անտուն, անօթեւան մարդկային զանգուածներ, մասսայական տեղահանութիւններ, սպանութիւններ, պարտադրուած պատերազմներ, արտաքին եւ ներ-քաղաքական անկայուն, վտանգներով լի իրավիճակներ, տարածքային չլուծուած հարցեր, քարտէսային նոր բաժանումներ. . . Կարծես իրապէս աշխարհը շուռ է եկել:
Մինչ ազգային եւ մարդկային ճակատագրով մտահոգուողներս անհանգստացած էինք Միջին Արեւելքի տեղահանուած, պատերազմից ու վայրագ կոտորածից փախչողների կեանքերի համար, որոնց մէջ էին յատկապէս նաեւ մեր հայրենակիցները, այսօր այն դարձել է այնքան համատարած եւ իրերայաջորդ, այնքան տարածուած, բնական, աւելացրած նաեւ բնութեան անսպասելի հարուածներ՝ երկրաշարժ, փոթորիկներ, ջրհեղեղներ, դրանց հետեւանքով ամայացած շրջաններ ու կղզիներ, մարդկային եւ ունեցուածքների կորուստներ, որ չգիտես, ո՞ր մէկի մասին մտածես, ո՞ր մէկին օգնես ու սրտապնդես:
Համատարած վայրագութիւնը, բռնութիւնը, սուտը, կեղծիքը, բարոյազուրկ մտածողութիւնը դարձել է այսօրուայ աշխարհի ուղղութիւնը: Մարդկութեան միակ յոյսի յենարան՝ Ազատութիւն, Ազատ Խօսք, Արդար Մտածելակերպ, Արդարութիւն իմաստաւորող բառերը ոչ միայն կորցրել են նոյնիսկ իրենց բառարանային իմաստը, այլ այնքան են վարկաբեկուած, խոշտանգուած, որ շուտով դուրս են մղուելու մարդկային մտածողութիւնից: Ամէնուրեք իշխանութիւնները այն դարձրել են իրենց մենաշնորհը, որն օգտագործում են որպէս անխոցելի վահան, երբ անհրաժեշտ է լինում հասարակութեանը վաճառել իրենց սուտը, արդարացնել իրենց գործած կեղծիքները:
Մենք արդէն անմիջական ականատես ենք այդ վիճակին Ազատ Խօսքի համբաւ հանած այս երկրում, ուր յաճախակի այդ իրաւունքի համար պայքարի հանուած ամբոխը իրար դէմ է ելնում, վայրագաբար իրար կոտորում, ոտնակոխելով մէկը միւսի իրաւունքը, իւրաքանչիւրը իր ազատութեան իրաւունքը պարտադրելով դիմացինին, մոռացութեան մատնելով իրենց հիմնական նպատակը՝ պահպանել իրենց վերապահուած միակ իրաւունքը՝ Ազատ Ձայնի իրաւունքը, ժողովրդի գոյութիւնը մոռացած իշխողներին տեսանելի դարձնել ժողովրդի ներկայութիւնը, ժողովրդի գոյութիւնը:
Իշխանութիւնները, համատարած՝ բոլոր զարգացած երկրներում, սկսած Եւրոպայից, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, ամէն կերպ սահմանափակում են ժողովուրդների նոյնիսկ ազատ մտածելու, ինքնուրոյն ընտրելու իրաւունքները:
Կուսակցութիւններն ամէնուրեք պարտադրում են իրենցը, նոյն ժողովրդի դրամը ծախսելով նրանց ստրկամտացան վրայ եւ դա անուանում են ժողովրդավարութիւն: Նայեցէք թէկուզ, աշխարհին օրինակ ծառայող, աշխարհի ընթացքը փոխող հզօր Ամերիկային, որի բնակչութիւնը դարձել է միայն դրամի գերի, որին բացի շահից ոչինչ է հետաքրքրում, նոյնիսկ չի հետաքրքրում իր իշխանութեան վարած այլ երկրներին կործանելու քաղաքականութիւնը: Ամերիկացիները համոզուած են, որ ազատութեան եւ անկախութեան իրաւունքը միայն իրենց երկրին է վերապահուած որպէս տնտեսապէս հզօր երկրի, որ իրենք աշխարհի տիրակալ են հռչակուած եւ կարող են ազատօրէն գլխատել իրենց շահերին չհամապատասխանող որեւէ երկրի անկախ գոյատեւելու իրաւունքը: Դրա փայլուն վկայութիւնը տեսնում ենք այս երկրի ներ-քաղաքական կեանքում: Կուսակցութիւնները տեսնելով, որ այս նոր նախագահի ինքնագլուխ քաղաքականութիւնը սկսում է ցնցել իրենց հզօրութեան պատուանդանը, ոտ ու ձեռ ընկած, սուտ ու ճիշդ իրար խառնած, մեծ իրարանցումով սանձում են նրա բացթողումները, անյողդողդ ուղղելով նրան այն ճանապարհի վրայ, որով առաջնորդուել են երկու հարիւր տարի անընդմէջ մշակուած ու արդէն անկոտրելի շղթայ դարձած իրենց շահամոլ քաղաքականութեամբ, որն է՝ արագօրէն լափել այլ երկրների հարստութիւնները եւ դիմադրողներին հիմնայատակ ոչնչացնել:
Նիւթի, իշխանութեան, ուժի մոլուցքը համատարած ախտ դարձած ամէնուրեք ոչնչացնում է ոչ միայն մարդկային շնորհալի ձեռքերի ստեղծած դարաւոր եզակի հարստութիւնները, այլ նաեւ՝ բնութիւնը, այն միջավայրը, որն անհրաժեշտ է իր գոյութեան համար: Անխնայ կողոպտում, քամում է երկրի ընդերքը, ապականում օդը, ծովերը, լճերը, ովկիանոսները, դոյզն անգամ չմտածելով սերունդների մասին, որին կտակելու են մեռած մի մոլորակ:
Բարձր, իրական, խորը մշակոյթն անգամ վերածուել է անճաշակ նիւթի, շահի եւ բնականաբար պատահական չէ, այս համատարած դատարկութեան մէջ հասակ առնող սերունդը անտեղեակ մարդկային իրական իրաւունքին, արժէքներին, հետեւում ու գլխիկոր համաձայնւում է իր իշխանութեան ռազմատենչ քայլերին:
Մարդկային բնազդների աստիճանական յղկում-կրթութիւնը, կեանքի փորձառութիւնը փոխարինւում է տգէտ, լաւագոյն դէպքում միջակ, շահաւէտ մտքի արտադրած ցուցմունքների ուսումով: Այս լիառատ երկրում մարդիկ անբաւարար են, միայն է՛լ աւելին ունենալու մոլուցքով բռնուած: Տեխնոլոգիայի (արհեստագիտութեան) օրէօր զարգացումը նոյնիսկ բաւարար չնկատելով՝ տարուած սպասում են միայն ամէնժամեայ զուարճութիւն պատճառող ցնցիչ նորութիւնների:
Այս օրերին բնութեան հասցրած հարուածից միլիոնաւոր մարդիկ այս երկրում անտուն ու անօթեւան դարձան՝ կորցնելով տարիներ իրենց ստեղծածը: Իրապէս հոգի ծուատող, անմխիթար վիճակ: Մի մխիթարութեան բացառութեամբ սակայն, որ այս աղէտեալները իրենց երկրում են, իրենց իսկ քաղաքներում, պետական մարմինների եւ ժողովրդի անմիջական միլիոնների հասնող օգնութեան հովանոցով պատսպարուած ու պաշտպանուած: Ճիշդ է, որ կորուստները անդառնալի են, սակայն այն յոյսը, որ օգնութեան ձեռքը անմիջապէս քեզ է պարզուած եւ դու կազմակերպուած, հարուստ երկրում ես, առնուազն յոյս ու մխիթարութիւն է: Իրապէս ցաւալի ու անմխիթար է վիճակը այն շրջանների բնակիչների, որոնք Ամերիկայից դուրս են եւ իմ ողջ մտածումները իրենց հետ են, քանզի մեր իւրաքանչիւրի մէջ դեռ ապրում է միանգամից կորստեան առջեւ կանգնած մեր ծնողների տառապանքը, դա լինի կոտորած, երկրաշարժ, կամ՝ բնութեան այլ աղէտ, հետեւաբար՝ մենք միշտ մասնակից ենք մեզ զգում այսպիսի աղէտներին: Դա մեր վրայ անմիջականօրէն է ազդում եւ մենք ողջ խորութեամբ ենք զգում ոչ միայն Միջին Արեւելքի, այլ նաեւ այս օրերին հազարաւոր տեղահանուած, կոտորածից ճողոպրող Բանգլադեշցիների, Բուրմա, Մէյնմար, Սուդան եւ Աֆրիկեան տարբեր համայնքների բնակիչների թափառական, անպաշտպան, անօգնական վիճակը:
Արդեօք այս երկրում, աղէտից փրկուածների մտքով երբեւէ անցաւ, իրենց երկրի քաղաքական հարուածից միլիոնաւոր տուժածների բարձիթող, անյոյս վիճակը: Չէ՞ որ նրանք էլ մարդկային էակներ են, նոյն իրաւունքով՝ մարդավարի ապրելու իրաւունքով ծնուած, բայց արհամարուած:
Միթէ՞ մարդկութիւնը այսքան տարիներ պայքարեց, որ երկիր մոլորակը դարձնի պատերազմների յորձանուտ, որը կուլ է տալիս ոչ միայն միլիոնաւոր անմեղ բնակչութեան, ազնուօրէն իր երկիրը պաշտպանող երիտասարդ կեանքեր, այլ խժռում, խեղաթիւրում է իրական ազնիւը, բարոյական մեծ գաղափարներն ու չափանիշները, իրական քաղաքակրթութիւնը, որը դարերով զարգացրել ու պահպանել են ժողովուրդները: Այսպէս են կործանուել մեծ տէրութիւնները եւ այսօր մարդկութիւնն շտապում է դէպի այդ ուղղութեամբ: Իրապէս, կարծես աշխարհը շուռ է եկել:
Աշխարհը սարսափով է հետեւում ու մեղադրանքներ տեղում Հիւսիսային Քորէայի նախագահ Քիմ Ճոնկ Ունի նոր տեսակի հիւլէական զէնքի նուաճումներին, որի պատրուակով Ամերիկան «ստիպուած» է՛լ աւելի է հզօրացնում իր ռազմական խարիսխները սահմանակից ջրերում, որի բիլիոնների հասնող ծախսերը հոգում են նաեւ այն երկրները, որոնց «պաշտպանում» է Ամերիկան: Կարծո՞ւմ էք Հիւսիսային Քորէան այսպիսի համարձակ կեցուածք կ’որդեգրէր, եթէ ժամանակին Ամերիկան մեղադրուէր եւ պատասխանատուութեան ենթարկուէր նախագահ Թրումանը, Ճափոնիայի վրայ հիւլէական զէնք օգտագործելու համար, որից ճափոնացի ժողովուրդը դեռ ամբողջովին չի ապաքինուել: Այո՛, երբ այս տարողութեան յանցագործութիւնները չեն դատւում ու դատապարտւում՝ անպայման հետեւորդներ են ունենում: Յիշենք մեր Ցեղասպանութիւնը, եթէ ժամանակին Թուրքիան դատապարտուէր Հայոց Ցեղասպանութեան մէջ եւ պատասխանատուութեան ենթարկուէր, ապա կը փրկուէին հետագայ ազգերը՝ հրէաներից սկսած մինչեւ այսօրուայ տարբեր երկրներում ցեղասպանութեան ենթարկուողները:
Ամերիկան աշխարհի 70 երկրներում 800 ռազմական խարիսխներ ունի, որը եւ նպաստում է աշխարհին հսկելու եւ իր քաղաքականութիւնը պարտադրելուն: Իսկ դա նշանակում է այդքան երկրներ կախուածութեան մէջ են իրենից եւ չեն կարող ծպտուն հանել:
Առանց համեմատութեան մէջ մտնելու այս հզօր երկրի հետ, որն անշուշտ իմ կողմից բաւական անլուրջ ու ծիծաղելի պիտ լինէր, ուզում եմ յիշեցնել, որ մենք մեր հողի վրայ չենք կարողանում մեր գոնէ մէկ վերջնական խարիսխը հիմնել եւ դեռ թոյլ ենք տալիս, որ մեզ կոտորող թշնամին մեր հողերի վրայ ի՛ր խարիսխները հիմնի: Նախիջեւանը ձեզ ապացոյց, որտեղից ապօրինի տիրացած թշնամին անամօթաբար սպառնալիքներ է տեղում մեր գլխին: Այսպէ՛ս է պատահում, երբ երկրիդ ղեկավարը ծախու անձ է, օտարների կամակատար եւ ժողովուրդն էլ իր հերթին անտարբեր է իր տարածքների եւ իր ճակատագրի հանդէպ: Մեր ժողովուրդը սովոր է վատթարագոյն դէպքում իր հողը լքելու, այլոց մօտ օթեւանելուն: Այլապէս ինչո՞վ բացատրել, որ Երեւանից միայն 60 քմ. հեռաւորութեան վրայ գտնուող մեր այս հինաւուրց հողը մենք անտարբերօրէն դարձրինք Ատրպէյճանի ռազմական խարիսխ, որից այսօր զգուշանալու ենք: Կարծում էք նոյն ճակատագրին չի՞ ենթարկուելու Արցախեան բանակցութիւնների ճնշման տակ գտնուող մեր ազատագրած հողատարածքների ճակատագիրը: Մեր ղեկավարները կարծում են այնքան դիւանագէտ են, որ կարողանալու են առանց զիջումների, Արցախը թշնամուն խարիսխ չդարձրած, դուրս գալ իրենց գործած մեծագոյն սխալից՝ ազատագրուած մեր տարածքները երկարատեւ եւ խոցելի բանակցութիւնների նիւթ դարձնելուց:
Մինչ Արցախը հպարտօրէն նշում է իր ազատագրման 26 ամեակը, մենք արդէն մի քանի շաբաթներ ի վեր լսում ենք Ե.Ա.Հ.Կ.ի Մինսքի Խմբակի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոկլանտի յայտարարութիւնը, որ Արցախի գրաւուած տարածքների շուրջ ընթացող բանակցութիւններում հայկական կողմը համաձայն է փոխ-զիջումների եւ հարցը միայն Լաչինի մէջ թշնամու համար ապահով գօտի ստեղծելն է: Երկար տարիներ անընդմէջ հնչող այս սակարկութիւնները մեր բոլորի պրկուած զգայարանները այնքան են մաշել, որ մենք այլեւս անտարբերութեամբ ենք ընդունում բանակցութիւնների շուրջ ընթացող սուտ կամ ճիշդ լուրերը:
Իսկ մեր ղեկավարները, երկրի նախագահը, արտաքին գործերի նախարարը կամ Հ.Յ.Դ. ներկայացուցիչները, ոչ թէ բացարձակապէս չեն հերքում նրա յայտարարութիւնը, կամ՝ հակառակը հաստատող փաստեր բերում, այլ փորձում են մեզ համոզել, որ վերջին խօսքը Արցախի ժողովրդին է պատկանում:
Բնականաբար այս անորոշ վիճակում տարբեր եզրակացութիւնների ենք յանգում եւ յաւելեալ անգամ վատ տրամադրւում մեզ հանգստացնողների հանդէպ, իսկ աւելի անկեղծ՝ չենք հաւատում ոեւէ մէկի յայտարարութեան:
Ես արդէն վերը նշեցի ժողովրդի ձայնի ոչինչ ազդեցութեան մասին ամէնուրեք: Եւ հիմա, երբ մեզ հանգստացնում են ժողովրդի որոշմամբ հարցը լուծելու տարբերակին, իբրեւ թէ այդ հարցը կարգաւորողները կ’ընդունեն ու կը յարգեն Արցախի ժողովրդի կամքը, սկսում ենք խորապէս անհանգստանալ՝ քաջ գիտենալով, որ բանակցութեան մասնակիցներից որեւէ մէկը այնքան միամիտ չէ, որ սպասում է ժողովրդի հակառակ քուէին եւ դեռ շարունակում իր առ ու ծախը:
Հարցն այստեղ այն է, որ մենք այլեւս մի տեղից սկսելու ենք Ո՛Չ ասելու մեր ազգային իրաւունքները չարաշահողներին: Մեր դարաւոր պատմութեան սխալ ընթացքը եւ մեր կորուստները հէնց այս չկարողանալ Ո՛Չ ասելու վրայ է հիմնուած: Մենք միշտ մէջքներս ծռած առերես համաձայնւում ենք բոլոր կողմերի հետ եւ սպասում, թէ նրանցից ո՞վ կ’օգնի մեզ, որ նրանց ողորմածութեան հովանու տակ մտնենք անմիջապէս ու սպասենք, թէ նրանցից ո՞վ է լուծելու մեր հարցերը:
26 տարի առաջ մեր մարտիկները կարողացան Ո՛Չ ասել թշնամուն եւ ազատագրեցին Արցախը: Կարող էին ամբողջապէս ազատագրել եւ պարտուած թշնամու հետ բանակցութիւնների մէջ երբեք չմտնել, եթէ կարողանային նոյն ուժով Ո՛Չ ասել Արցախի ամբողջական ազատագրումը խափանող մեր առաջին նախագահին: Մենք արդէն անգամներ ապացուցել ենք, որ կարող ենք Ո՛Չ ասել, ուրեմն՝ պիտի շարունակենք մեր այդ Ո՛Չը մինչեւ մեր վերջնական յաղթանակին հասնելը:
Մենք գիտենք, գեր-պետութիւնները յատուկ ծրագրով, մեր նման, ինքներս մեզ թակարդի մէջ դրած երկրներին, պահում են երկարատեւ բանակցութիւնների կապանքների մէջ, այդ կապանքների ծայրը միշտ իրենց ձեռքում պահելով, որ տարածաշրջանը երբեք խաղաղութիւն չունենայ, որ իրենք իրենց հետագայ ծրագրերը իրականացնեն այդ երկրներում: Մեր տարածաշրջանը մեծ ռազմավարական հնարաւորութիւններ ունի, դրա պատճառով դարեր ասպատակուել է մեր հողը: Եթէ դա մենք չենք տեսնում ու գնահատում դա մեր քաղաքական տհաս մտածողութեան ապացոյցն է:
Մենք ցոյցի ենք ելնում ամէն պատեհ առիթով միայն սոցիալական պահանջների համար, սակայն երբ մեր հայկական գերեզմանատան վրայ արտաքնոց են կառուցում Թուրքիոյ խորհրդարանի հրամանով, միայն մէկ հայ է իր ձայնը բարձրացնում — Կարօ Փայլանը: Լաւ որ այդ աննման հային ունենք, փառք ու պատիւ իրեն, որը միայնակ, ծեծուելով, իր կեանքը վտանգելով, մեր հարցերն է պաշտպանում թշնամու տան մէջ, հայ դպրոցների վիճակից սկսած մինչեւ մեր ազգապատկան ունեցուածքների ոչնչացման կամ ազգային իրաւունքների ոտնակոխման ժամանակ:
Բայց չէ՞ որ մեր հայրենի իշխանութեան եւ Հայ Դատի պարտականութիւնն էր Թուրքիոյ այդ անբարոյ վճռի՝ Վանի Արտամետ շրջանի հայկական հինաւուրց գերեզմանատան վրայ արտաքնոցի կառուցման դէմ որպէս պետութիւն, որպէս հայերի իրաւունքների պաշտպան, բողոքելու: Ոչ միայն պետական, այլ ազգային պարտականութիւնն էր աշխարհի ուշադրութեան ներկայացնել, մինչեւ իսկ Մ.Ա.Կ.ի համաժողովի եւ ազգերի իրաւունքները պաշտպանող այլ բարձրագոյն հաստատութիւնների ուշադրութեան արժանացնել Թուրքիոյ այդ միտումնաւոր նուաստացուցիչ վճիռը՝ յաւելեալ անգամ աշխարհին ազդարարելով, որ Թուրքիան շարունակում է Հայոց Ցեղասպանութիւնը նոյնիսկ հայ մեռեալների վրայ, պղծում է մեր բռնագրաւած տարածքները, բացայայտօրէն ոչնչացնում մեր ազգային մասունքները: Որ՝ Թուրքիայի այդ որոշումը աւելի շատ հայ ժողովրդին յաւելեալ անգամ ոչնչացնելու քայլ է, քան տեղի անհրաժեշտութիւն:
Ինչպէ՞ս է, որ Թուրքիան դեռ չի ազատագրւում իր թոյնից հանդէպ հայի, իսկ հայը արդէն ներել է եւ այսպիսի անպատուող ապտակները լռութեամբ ու անտարբերութեամբ է ընդունում:
Չէ՞ որ պետական որոշումները պետական մակարդակով են լուծւում:
Մենք լռեցինք, երբ Նախիջեւանի մեր նախնիների գերեզմաններն էին յօշոտում եւ տեսաք, թէ արդիւնքը ի՛նչ եղաւ: Հիմա էլ լռեցինք եւ արդիւնքը պարզ է: Վստահ եմ վաղը հայ զբօսաշրջիկները իրենք էլ նոյն անտարբերութեամբ կ’օգտագործեն այդ արտաքնոցը:
Չենք մտածում, որ եթէ նոյնիսկ մեր բողոքը արդիւնք էլ չտայ, գոնէ անհանգստացրած կը լինենք թշնամուն՝ յաւելեալ անգամ ազդարարելով մեր կեցուածքը իր գործած անժամկէտ, աններելի յանցագործութեան պատասխանատուութեան համար, իսկ աշխարհի ուղեղում կրկնակի անգամ կը փորագրուի մի փաստ՝ մեր հողերի բռնագրաւած վիճակի փաստը:
Ինչպէս երեւում է, մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու որպէս ազգ, որ հասկանանք իրապէս ինչպէս են մեծ ազգ դառնում: Դառնում են մեծ քայլերով, համարձակ որոշումներով, խաղաղութիւնը ոչ թէ մուրալով շահելով, ուրիշների օգնութեան վրայ միշտ աչք տնկած, այլ սեփական ուժերը կեդրոնացնելով, քաղաքական մտքի զարգացումով, սեփական հողի իրաւունքի պաշտամունքով:
Եթէ այսօրուայ դիրքորոշումով ու հոգեբանութեամբ շարունակենք, աշխարհը իրապէս պիտի շրջենք մեր գլխին:
Ամիսներ ի վեր մամուլում, դիմատետրերում, համացանցում խօսւում, ներբողւում են մօտեցող, Սեպտ. 18ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6րդ համագումարի մասին: Մեծ պաթոսով ազդարարւում է՝ «մի քանի հազար» հրաւիրեալների մասնակցութիւնը, որն ի դէպ, ինձ յիշեցնում է նախկինում՝ Մոսկուայում, կայացող Ս.Մ.Կ.Կ. համագումարները, ուր առանձնակի պատիւ էր մասնակցելը եւ մասնակիցները, մեծամասամբ խորհրդային կարգերի նուիրեալներ, վերադառնում էին դատարկ քարոզչութեամբ լեցուած: Թող ինձ ներեն այս ակամայ համեմատութեան համար, որը պարզապէս ցաւով ծնուեց իմ մէջ՝ տեսնելով, թէ այս թէժ քաղաքական վտանգուած պահին, մենք արդեօք սուտ քարոզչութեամբ չե՞նք զբաղւում:
Արդեօ՞ք այս խոստացեալ «համազգային խորհուրդ»ի կազմութիւնը միայն ներկայ Հայաստանի հիմնադրման 100ամեակի համատեղ ձեռնարկներ կազմելու համա՞ր է, թէ՞ կարողանալու է մեր մասնատուած վիճակը հարթել, կարողանալու է երկրի արտագաղթի հոսքի հիմնական պատճառների եւ դրա արգիլման հարցը բարձրացնել, օրէօր աճող իրենց արմատներին վերադարձող մահմետականացած հայերի ճակատագրի հարցը արծարծել, Արցախեան մեր տարածքների ապահովութեան խնդիրը քննարկել: Վերջապէս, առաջնակարգ եւ հրատապ պահանջ դարձնելո՞ւ է մեր հողային եւ համընդհանուր ունեցուածքների պահանջատիրութեան հարցը:
Ուրախ եմ, որ սփիւռքից հազարաւոր հայեր են մասնակցելու: Ուրախ եմ, քանի որ հայրենիքի հետ իւրաքանչիւր շփում աւելի է մեզ մօտեցնում իրարու: Սակայն իմ մտահոգութիւնն այն է, որ Սփիւռքը արդեօ՞ք կրկին գնում է միայն ունկնդրելու՝ մի քանի պատուոյ գիր-շքանշաններով օծուելով, սուտ խոստումներով վերադառնալու, ինչպէս նախորդ անգամներին, թէ՞ լուրջ պահանջների ծրագիր ունի մշակած: Եթէ ծրագիր ունի մշակած, ինչո՞ւ սփիւռքում ապրողներս անհաղորդ ենք այդ ծրագրին:
Ցաւալի, բայց անժխտելի իրականութեամբ սփիւռքում հայութեան թիւը կրկնակի եւ աւելի անգամ շատ է, քան բուն հայրենիքում, հետեւաբար իր ասելիքը աւելի ծանրակշիռ ու բազմաշերտ է լինելու, աւելի կարեւոր, լսելի դառնալու։
Ոչ ոք չի կարող ժխտել, որ սփիւռքը Հայաստանի հետ, անկախութեան առաջին իսկ օրից, կիսում է նրա դժուարութիւնները, աւելիով օժանդակում նրա արագ վերականգմանը, յատկապէս տնտեսական հարցերում, մեծ ներդրումներով օգնում իր երկրի զարգացմանը եւ բնականաբար իրաւունք ունի նաեւ առաջարկների, յատկապէս այդ առաջարկները ընդունելի դարձնելու: Այնպէս որ, սփիւռքը պիտի ներկայանայ լրջօրէն ուսումնասիրուած, պատրաստուած ամբողջական ծրագրով, ներառած ողջ սփիւռքահայութեան ձայնը, որի գլխաւոր առանցքը մեր ուշացած պահանջատիրութեան հարցը, սփիւռքահայութեան կողմից Հայաստանի պետականութեան ծրագրի մասը դարձնելու հրատապ պահանջն է:
Եւ դա ոչ թէ աղերսանք, խնդրանք կամ սոսկ արտայայտութիւն է լինելու, այլ լրջօրէն մշակուած, օրինաւոր, աստիճանական փուլերով վերջնական նպատակակէտին հասնելու ցուցմունքով պահանջ է լինելու: Այո, սփիւռքը իրաւունք ունի ոչ միայն ներդնելու, այլ նաեւ պահանջելու:
Անշուշտ այս համատարած փլուզուող աշխարհում, սփիւռքահայութիւնը՝ գտնուելով այդ խառնարանի կենտրոնում, ամէն կերպ փորձում է պահպանել իր հայութիւնը եւ հայ արժէքները փոխանցել սերունդներին: Արդէն մի քանի սերունդ մեծ զոհողութիւնների գնով շարունակաբար կրթւում է անսահման հայրենասիրութեամբ, իր երկրի ու այդ երկրի համար արիւն թափած հերոսների անուամբ սնուելով, սակայն միաժամանակ զգալի է արեւմտայնացումը նրանց մտածելակերպի եւ հոգեբանութեան մէջ եւ այստեղ է Հայաստանի օգնութեան անհրաժեշտութիւնը:
Փոխադարձաբար, օգտակար է սփիւռքի փորձառութեան ներդրումը հայրենի ժողովրդի հայրենասիրութիւնը գիտակցական հող դարձնելու, սեփական հողի իւրաքանչիւր թիզը արժեւորելու ու պահպանելու գործում: Այս համատեղ փոխադարձ աշխատանքով միայն կ’արժեւորուի «համահայկական խորհուրդ»ի կազմութիւնը եւ հետագայ համաժողովները:
Աշխարհի արագօրէն փոթորկուող իրարանցումի մէջ մեր պարտականութիւնն է առանց դոյզն իսկ զիջումների, դա լինի հողային, սահմանային, ազգային շահերում անկոտրում ամրանալ, առաջ ընթանալ, թոյլ չտալ, որ աշխարհը շուռ գայ մեր գլխին:
13 Սեպտեմբեր, 2017թ.