Օրերս հիւրախաղերով Հայաստանում էր Յունաստանի երկաթուղայինների երգչախումբը, որը հանդէս եկան երկու համերգային ծրագրերով` Երեւանում եւ Գիւմրիում: Երգչախմբի հայաստանեան հիւրախաղերը իրականացան Համազգայինի Յունաստանի եւ Երեւանի գրասենեակների հետ համագործակցաբար:
Արդէն 60 տարի Յունաստանում գործող սիրուած երգչախումբը, իր երկարամեայ գործունէութեան ընթացքում հասցրել էր համերգներ ունենալ Ա.Մ.Ն.-ում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլուր: Երգչախմբի առանձին անդամներ մինչ այս այցելել էին Հայաստան եւ իրենց վառ տպաւորութիւններով կիսուել երգչախմբի անդամների հետ: Իսկ այսօր երգչախումբն արդէն Հայաստանում է:
Առաջին համերգը կայացաւ Մայիսի 26-ին` Երեւանի Առնօ Բաբաջանեանի անուան համերգասրահում: Համերգին ներկայ էին Համազգայինի կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը եւ Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը: Ներկաների շարքում էին Հայաստանում յունական համայնքի անդամներ, ինչպէս նաեւ հարաւկովկասեան երկաթուղու ներկայացուցիչներ:
Համերգը բաղկացած էր երեք մասից` յոյն յայտնի երգահանների ստեղծագործութիւններ, ժողովրդական երգեր եւ յունական կինոյի սիրուած երգեր:
Համերգի սկզբում շնորհակալական խօսք ասուեց բոլոր նրանց, ովքեր աջակցել էին, որպէսզի ծրագիրը իրականութիւն դառնա: Համոյթի կողմից յատուկ շնորհակալութեան արժանացան Համազգայինի Յունաստանի եւ Երեւանի գրասենեակները, Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանին յանձնուեց երգչախմբի կողմից յուշանուէր: Իր հերթին Ռ. Առաքելեանը շնորհակալութիւն յայտնեց երգչախմբին եւ յոյս յայտնեց, որ այցը շարունակական է լինելու:
«Յուսանք ու հաւատանք, որ Ձեր յաջորդ համերգները լինելու է ոչ միայն Երեւանում ու Գիւմրիում, այլեւ բոլորիս սիրելի Արցախում», նշեց Ռ. Առաքելեանը:
Յունաստանի երկաթուղայինների երգչախմբի դիրիժոր, մաեստրոյ Էմիլիոս Եաննակոպուլոսը Համազգայինի թղթակցի հետ զրոյցում նշեց, որ բացի համերգային ծրագրերից նաեւ հետքրքիր ճանաչողական էքսկուրսիաներ են ունեցել Հայաստանում` այցելելով Գառնի, Գեղարդ, Հայոց ցեղասպանութեան թանգարան եւ Ծիծեռնակաբերդի յուշարձան, պատմական ու տեսարժան մի շարք այլ վայրէր: Նա շեշտեց, որ խրհրդանշական էր այցելութիւնը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր. «Հայերը եւ յոյները ոչ միայն բարեկամ ժողովուրդներ են, այլեւ` բախտակից, որովհետեւ պատմական տարբեր ժամանակներում նրանք տուժել են նոյն թշնամու կողմից: Մեզ միաւորում է նաեւ այն, որ թե՛ հայերը ու թե՛ յոյները մշակութային շատ խորը արմատներ ունեն եւ այդ առումով աշխարհին շատ բան են տուել», նշեց մաեստրոյ Էմիլիոս Եաննակոպուլոսը` աւելացնելով, որ անպայման նորից վերադառնալու են Հայաստան:
«Հայաստանը տեսնելու երկիր է ու ժողովուրդն էլ շատ բարեհամբոյր է մեր նկատմամբ, Հայաստանը անպայման վերադառնալու երկիր է», շեշտեց նա:
Յունաստանի երկաթուղայինների երգչախումբը համերգային ծրագրով հանդէս եկաւ նաեւ Գիւմրիի հանդիսատեսի համար:
Թղթակցութիւնը պատրաստեց՝ Հերմինէ Աւագեան