1992թ. Ապրիլի 10ին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մարաղայ աւանի բնակչութեան կոտորածը Արցախի դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի (յարձակման) ամենաողբերգական դրուագներից մէկն է:
Տեւական հրետակոծումից յետոյ ադրբեջանական զինուած ստորաբաժանումները ներխուժեցին Մարաղա, որտեղ մնացել էին 118 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք եւ երեխաներ: Ադրբեջանական զինուած ուժերի կողմից իրագործուած՝ իր դաժանութեամբ աննախադէպ ռազմական յանցագործութեան արդիւնքում սպաննուեց աւելի քան 50 մարդ, միւսները, այդ թւում՝ 9 երեխայ եւ 29 կին, պատանդ վերցուեցին: Նրանցից ոմանց հետագայում յաջողուեց վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անյայտ է:
Աւանը ազատագրուեց Արցախի զինուած ուժերի կողմից, սակայն երկու շաբաթ անց կրկին գրոհի ենթարկուեց, իսկ իրենց հարազատներին յուղարկաւորելու համար վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագութիւնների զոհը դարձան:
Աւանի վրայ յարձակումը պայմանաւորուած չէր ռազմական անհրաժեշտութեամբ, այլ՝ առաջին հերթին՝ ուղղուած էր նրա խաղաղ բնակչութեան ոչնչացմանը: Մարաղայի ոճրագործութիւնը շարունակեց շարքը 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ բնակավայրներում, ինչպէս նաեւ Հիւսիսային Արցախի գիւղերում հայկական ջարդերի ու տեղահանութիւնների, որոնց նպատակն էր սաղմի մէջ խեղդել Արցախի հայութեան ազգային ազատագրական պայքարը եւ զրկել իրենց հայրենիքից՝ Արցախի եւ Ադրբեջանի հայ բնակչութեան էթնիկ (ազգագրական) զտման եւ ահաբեկման ճանապարհով:
Այս յանցագործութիւնների կազմակերպիչների եւ իրագործողների անպատժելիութիւնը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելութեան՝ որպէս պետական քաղաքականութեան՝ արմատաւորման եւ այլատեացութեան, անհանդուրժողականութեան ու ռազմամոլութեան անսանձ քարոզչութեան համար:
2016թ. Ապրիլին Արցախի դէմ սանձազերծուած ադրբեջանական ագրեսիան, որը ուղեկցւում էր խաղաղ բնակչութեան եւ պաշտպանութեան բանակի զինուորների նկատմամբ պատերազմական յանցագործութիւններով, ցոյց տուեց, որ ադրբեջանական կողմի մեթոդներն գործելակերպ ու մօտեցումները մնացել են անփոփոխ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ