«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…»։
ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ
Երբ առաջին անգամ ծիծաղեցրեց հանդիսատեսին, այդ օրուանից էլ սկսուեց նրա թատերական կեանքի սկիզբը։
Իսկ ինչպէ՞ս յայտնուեց նա բեմում. օր ու գիշեր փակւում էր մի գործարանի կինօխցիկում, որտեղ պատերազմի տարիներին աշակերտում էր կինոցուցադրութեան մասնագէտի մօտ։ Ապա օրերից մի օր էլ վարպետը բռնեց նրա ձեռքը եւ տարաւ ինքնագործ մի խմբի բեմահարթակ… Ու սկսուեց…
Մհեր Մկրտչեանը. նա մանկութեան մի երազանք ունէր՝ հեծանիւ…
Մուշեղը՝ նրա Հայրը, Մուշից էր, մայրը՝ Սանամը, Վանից։ Յիշողութիւններում միշտ խօսել է տխուր եւ դժուար իր մանկութեան տարիների մասին.
«Ամէն անգամ, երբ յիշում եմ իմ մանկութիւնը, չգիտեմ ինչու այն ներկայանում է ինձ հեծանիւ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցէ նրանից է, որ մանկութեան տարիներին միակ երազանքս հեծանիւ ունենալն էր, որն այդպէս էլ չունեցայ: Ժամերով կագնում էի խանութի ցուցափեղկի առաջ եւ երազում: Մայրս իր չորս որբերին հազիւ էր կերակրում, էլ ուր մնաց, թէ հեծանիւ գներ ինձ»։
Նրա մանկութեան երազանքը՝ հեծանիւ ունենալ, այդպէս էլ չիրականացաւ, փոխարէնը, սակայն, նա յետագայում իր որդու համար մեծ ու փոքր շա՜տ հեծանիւներ գնեց։
Ապագա դերասանը ոչ միայն թատերական խմբակների է յաճախել, այլեւ սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում։ 1946 թուականին աւարտելով Մռաւեանի անուան թատրոնի կից ստուդիան՝ տեղում շարունակել է խաղալ տասնեակից աւելի դերեր՝ բացայայտելով իւրայատուկ տաղանդը։
Կրթութիւնը շարունակել է Երեւանի պետական գեղարուեստայ-թատերական ինստիտուտում (1951-1956)։
1956 թուականին արդէն Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնի՝ մայր թատրոնի դերասան էր:
«Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակութիւնների տէր մարդկանց», ասել է նա։
Նրան բոլորը «տխուր աչքերով ուրախ մարդ» են անուանել։ Ապրած ընտանեկան տխուր կեանքի դառն ու դաժան իրականութիւնը թէեւ արտացոլուել, իր հետքն է թողել նրա աչքերում ու հայեացքում, սակայն երբեք չի դադարել ժպիտ պարգեւել նա մարդկանց։ Անգամ նրա ամենափոքր դերերը թէ՛ թատրոնի, թէ՛ կինոյի՝ սիրել է ժողովուրդը. կենսունակ կերպարներ, որ մինչեւ այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։
«Մհեր Մկրտչեանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կեանքի ծանրութիւնը թեթեւացնել հումորով», ասել է Սօս Սարգսեանը:
Նա թէեւ յաջողութեամբ մարմնաւորել է դրամատիկական կերպարներ, սակայն հիմնականում կատակերգական դերերի համար են հրաւիրել իրեն՝ «Կովկասի գերուհին», «Միմինոյ», «Ալի բաբան եւ քառասուն աւազակները», ապա՝ «Նուագախմբի տղաները», «Եռանկիւնի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ» եւ այլ խաղացած նրա դերակատարումները գնահատուել են եւ արժանացել պետական բարձր պարգեւների։
Ազնուութիւն, հումոր, ագգային դէմք ու դիմագծի արտայայտում, ճշմարիտ զգացողութիւններ, մասնագիտական բարձրարժէք խաղ… յատկանիշներ, որոնց շնորհիւ հայ կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուն իր արժանի տեղն է գտել կինոարուեստի ինքնատիպ անունների շարքում։ Նա ասել է՝
«Դերասանը պիտի կարողանայ ամէն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էութեան մէջ եւ՛ լաց կայ, եւ՛ ծիծաղ, եւ՛ հումոր»:
Ինչպէս յայտնի է, սիրուած դերասան Ֆրունզիկը ունեցել է երկու անուն. համաձայն Մհեր Մկրտչեան թանգարանի տեղեկութիւնների, այդ տարիներին երեխայի անունը յայտնի մարդկանց անուններով էին կոչում եւ «Ֆրունզ» անուանեցին նրան՝ ի պատիւ յայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզէի։ Յետագայում սակայն, լսելով, որ այդ անձը օգնութիւն է ցուցաբերել ազերիներին, նա փոխել է իր անձնագիրը եւ անունը՝ Մհեր Մկրտչեան անուամբ եւ ստորագրութեամբ։ Սակայն շարունակել է մնալ յայտնի ինչպէս Ֆրունզ անուամբ, այնպէս էլ իր հանրահռչակ մեծ, հայկական քթով, որը երբեք էլ թերարժէքութեան բարդոյթ չնկատելով՝ մօտեցել է հումորով եւ փիլիսոփայօրէն.
«Դեռ փոքրուց ես աւելի շատ մտածում էի ոչ թէ այն մասին, թէ ինչու է իմ քիթը մեծ, այլ թէ ինչու են միւսների քթերն այդքան փոքր»։
Հայկական քթի մասին նրա յայտնի կատակներից է նաեւ՝
«Երբ Աստուած ժողովուրդներին քիթ է բաժանում, հարցնում է մարդկանց` ի՞նչ ձեւի քիթ կնախընտրէք։ Ռուսը ցանկանում է այնպիսի քիթ, որը իրեն չխանգարի օղի խմելուց։ Վրացին` Կովկասեան լեռների պէս, իսկ հայը հարցնում է՝ ի՞նչ արժէ, եւ երբ Աստուած ասում է, որ անվճար է, հայը պատասխանում է՝ այդ դէպքում որքան շատ, այնքան լաւ»։
Մհեր Մկրտչեանը թէեւ վառ ստեղծագործական կեանք է ապրել, բայց բախտը չի ժպտացել անձնականում։ Կան ընդհանրութիւններ կինոյում իր կերտած որոշ դերերի հետ. «Մեր մանկութեան տանգոն», որ նրա եղբայրը՝ կինոբեմադրիչ Ալբերտ Մկրտչեանն է նկարահանել ծննդավայր Գիւմրիում, կապուած է նրա կեանքի հետ։
Նա ամուսնացել է երեք անգամ, կեանքի ողբերգութիւնը կապուած է եղել երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչեանի հետ, ով տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիւանդութեամբ եւ կեանքի վերջին 25 տարիներն անց է կացրել հոգեբուժարանում: Երկու երեխայ են ունեցել. աղջիկը՝ Նունէն, մահացել է 1998 թուականին քաղցկեղից, իսկ որդին՝ Վազգէնը, մօրից ժառանգել էր հիւանդութիւնը։ Խնամելով եւ փորձելով փրկել՝ դերասանը որդուն տարել է Ֆրանսիա բուժման, բայց՝ ապարդիւն։ Այդ ընթացքում նա շարունակել է նկարահանուել, աւելի ուշ հրաժարուելով ֆիլմերից՝ կեանքը նուիրել է թատրոնին եւ կերտելով իր կեանքի պէս տխուր ու դրամատիկ դերեր:
…Վշտից, տխրութիւնը հոգում տառապելով՝ Մհեր Մկրտչեանը դադարել է տանից դուրս գալ. Անշունչ մարմինը իր բնակարանի մէջ գտել են հարեւանները։ Մահացել է 1993 թուականին։ Որդին, հոգեբուժարանում ապրելով եւս 9 տարի՝ մահացել է 2003-ին։
Թոռնուհին, դստեր՝ Նունէի զաւակը, ապրում է Արգենտինայում։
«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…»։
Կատակերգութիւնից՝ ողբերգութիւն. այսպիսին էր Մհեր Մկրտչեան տաղանդի կեանքի պատմութիւնը։ Գուիդոն թագաւորից մինչեւ Սիրանօ դէ Բերժերակ նա խաղացել է գրեթէ բոլոր դասական խաղացանկը, իսկ «խորհրդային աստղը» փայլեց վարորդ Խաչիկեանի դերով «Միմինօ» ֆիլմում. «Կինոն ի՞նչ է, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ: Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն», ասել է Ֆրունզը։
Նրան իսկապէս սիրում էր ամբողջ Խորհրդային Միութիւնը…
Մհեր Մկրտչեանը այսօր կը դառնար 91 տարեկան։ Որպէս յարգանքի տուրք, տարիներ անց նրան շնորհուել է «Գիւմրու պատուաւոր քաղաքացի» կոչումը. Յուլիսի 4, 2020 թուական, ասում են՝ լաւ է ուշ քան երբեք։
2001-ին յետմահու պարգեւատրուել էր Հ.Հ. «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 1978-1979 թուականներին արժանացել Խ.Ս.Հ.Մ., Հ.Խ.Ս.Հ. պետական մրցանակների:
2002 թուականի Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Երեւանի Հանրապետութեան փողոցի վերջնամասը կոչուել է Մհեր Մկրտչեանի անունով։ 2004-ին, Գիւմրիի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ բացուել է կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչեանի յուշատուն-թանգարանը՝ 19-րդ դարի վերջին կառուցուած պատմաճարտարապետական արժէք ներկայացնող շէնքում, որը Ժամանակին եղել է յայտնի խաշատուն, ուր յաճախ այցելել է Ֆրունզը խաշ ուտելու. նա չի բնակուել այնտեղ։
1986-ին Մհեր Մկրտչեանի ջանքերով բացուել էր «Վ. Աճէմեանի» անուան արտիստական թատրոնը «Հացթուխի կինը» ներկայացմամբ. բեմադրել էր եւ գլխաւոր դերում հանդէս եկել ինքը՝ արտիստը. նրա վերջին խաղը, վերջին դերն էր այս ներկայացումը… Մնացած բեմադրութիւնները անաւարտ մնացին: Ետմահու թատրոնը վերանուանուեց նրա անունով՝ «Մհեր Մկրտչեանի» արտիստական թատրոն։
«Ես միշտ զարմանում եմ, թէ այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկաւ, բերեց թատրոն, եւ ես չհասցրեցի մանկութիւն ունենալ: Թատրոնն աղօթելու տեղ է, թատրոնն Աստծոյ հետ խօսելու ձեւ է… Իւրաքանչիւր դերիս մէջ մխրճւում էի, ապրում եւ ապրածս դէմքիս վրայ ի ցոյց դնում…»։