Ապրիլի 27-ին Աթէնքում, Եւրոպական Հանրային Իրաւունքի Կազմակերպութեան (EPLO) միջոցառումների սրահում Յունաստանում Հ.Հ. դեսպանութիւնը կազմակերպեց յատուկ միջոցառում՝ նուիրուած Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցին, որին ներկայ էին Յունաստանի Ա.Գ.Ն. եւ Աթէնքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Յունաստանում հաւատարմագրուած դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, Հ.Հ. դեսպանութեան եւ հայկական համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
Միջոցառման գլխաւոր բանախօսն էր Արա Սարաֆեանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր – տնօրէնը, ով հանդէս եկաւ «Թուրքիան եւ Հայոց ցեղասպանութիւն. Յանձնախումբ, համախմբում եւ ժխտում» խորագրով դասախօսութեամբ:
Միջոցառմանը բացմանն ելոյթով հանդէս եկաւ միջազգային իրաւունքի յայտնի բրիտանացի մասնագէտ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen’s Counsel)` իրաւաբան, մարդու իրաւունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր եւ համանախագահ, գրող:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 107-րդ տարելիցին պրն. Ռոբերտսոնը նշեց, որ այն կանխամտածուած եւ նախօրօք կազմակերպուած յանցագործութիւն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանեան Կայսրութիւնում ապրող հայերին` ազգային եւ կրօնական հիմունքներով: Ըստ Ռոբերտսոնի, Հայերի ցեղասպանութիւնը դա մի այնպիսի զահրուրելի յանցագործութիւնը է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ: Խօսելով ցեղասպանութեան մասին նա ընդգծեց, որ ցեղասպանութեան ենթարկուեցին նաեւ յոյները, բայց ի տարբերութիւն հայերի յոյներն այդ ժամանակ արդէն ունէին հայրենիք եւ շատերին յաջողուեց հասնել Յունաստան: Ռոբերտսոնն ընդգծեց, որ այն ժամանակաշրջանում գոյութիւն չունէր Միջազգային դատարան` կազմակերպիչներին պատասխանատուութեան ենթարկելու համար, սակայն 1915 թուականի Մայիսի 24-ին Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարութիւնները դատապարտեցին Օսմանեան Կայսրութեան շրջաններում, քաղաքներում հայերի նկատմամբ իրագործածը` առաջին անգամ միջազգային իրաւունքում կատարուածը՝ որակելով այն որպէս «մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ իրականացուած յանցագործութիւն»: Ռոբերտսոնը նմանութիւններ անցկացրեց Հայոց ցեղասպանութեան եւ Հրէաների Շոայի միջեւ արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր եւ խորհուրդ էր տալիս Թուրքիային թէ ինչպէս սպանել հայերին, իսկ աւելի ուշ` ոգեւորուած լինելով Հայերի ցեղասպանութիւնից, նմանատիպ յանցագործութիւն իրագործեց Հրէաների նկատմամբ: Անդրադառնալով Ցեղասպանութեան ճանաչմանը, պարոն Ռոբերտսոնը նշեց, որ երեսունից աւել երկիր ճանաչել է Հայերի ցեղասպանութիւնն, այդ թւում նաեւ Ա.Մ.Ն.-ի նախագահ Ջոյ Բայդենը, բայց այդ երկրների շարքում դեռ չկան Միացեալ Թագաւորութիւնն ու Իսրայէլը ընդգծելով, որ երկու պետութիւնը չեն ճանաչել այն` ելնելով զուտ ինչ-ինչ շահերից։ Նա նաեւ անդրադարձաւ «ցեղասպանութիւն» եզրոյթի` Ռաֆայէլ Լեմկինի կողմից շրջանառութեան մէջ մտցնելու պատմութեանը։
Միջոցառման համակարգող` Հայաստանում Յունաստանի առաջին դեսպան Լէոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցեց Յունաստանում Հ.Հ. դեսպան Տիգրան Մկրտչեանի խօսքը` միջոցառման մասնակիցներին:
Դեսպան Մկրտչեանը նշեց, որ Յունաստանում Հայոց ցեղասպանութեանը նուիրուած բազմաթիւ եւ հիմնական քաղաքական միջոցառումներից յետոյ դեսպանութիւնը նպատակայարմար գտաւ կազմակերպել նաեւ գիտակրթական եւ մշակութային բնոյթի միջոցառումներ։ Դեսպանն ընդգծեց, որ «ցեղասպանութեան վերաբերեալ կրթուածութեան բարձրացումը ցեղասպանութեան կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարեւոր բաղկացուցիչներից մէկն է։ Անշուշտ հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։
Հայաստանը շարունակում է առերեսուել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիւօրէն ժխտել ցեղասպանութիւնը եւ, ինչպէս երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց ցեղասպանութիւնից փրկուածների ժառանգներին, որը դատապարտելի է եւ բացարձակապէս անընդունելի։ Միւս կողմից, Հայաստանի մէկ այլ հարեւանը` Թուրքիայի կողմից աներկբայ աջակցութիւն վայելող Ադրբեջանը ամենօրեայ կտրուածքով եւ բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։ Դրա վառ ապացոյցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ եւ այն գոյութենական սպառնալիքը, որը կախուած է արցախահայութեան գլխին։ Այնպէս որ ցեղասպանութիւնից մէկ դար անց էլ, մենք` հայերս, դեռեւս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների եւ զանգուածային սպանդի նոր փորձերի ու սպառնալիքների»։
Դեսպանը խօսքի աւարտին ներկայացրեց Արա Սարաֆեանին, ինչպէս նաեւ շնորհակալութիւն յայտնեց հեղինակաւոր Եւրոպական Հանրային Իրաւունքի Կազմակերպութեանը (EPLO) սեփական հարկի տակ միջոցառումն ընդունելու համար։
Այնուհետեւ յաջորդեց «Blue Book: Evidence of Armenian Genocide» վաւերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը 2015 թ. բրիտանական Բալիստա Մեդիա ընկերութիւնը նկարահանել էր Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի համատեքստում։ Ֆիլմում բրիտանացի յայտնի պատմաբան-լրագրող Դէն Սնոուն հարցազրոյցների, արխիւային նիւթերի հիման վրայ ներկայացնում է բրիտանական Կապոյտ գրքի ստեղծման պատմութիւնը։
Վաւերագրական ֆիլմին յաջորդեց միջոցառման գլխաւոր բանախօս պարոն Արա Սարաֆեանի դասախօսութիւնը: Իր դասախօսութեան մէջ պարոն Սարաֆեանը վերլուծեց եւ մանրակրկիտ կերպով ներկայացրեց Օսմանեան Կայսրութիւնում հայերի Ցեղասպանութեան պատճառները, կազմակերպումը եւ մեթոդաբանութիւնը:
Անդրադառնալով Ցեղասպանութեան կազմակերպանը պարոն Սարաֆեանը արձանագրեց, որ թուրքական արխիւային փաստաթղթերը ցոյց են տալիս, որ Թալէաթ Փաշան նախօրօք եւ մանրամասն կազմակերպել է հայերի ցեղասպանութիւնը կայսրութեան տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մօտ ունենալով այդ շրջաններում եւ քաղաքներում բնակուող հայերի ամբողջական պատկերը:
Գործընթացն եղել է չափազանց լաւ կազմակերպուած եւ կանխամտածուած: Աւելին, դեռ ցեղասպանութիւնից առաջ Օսմանեան Կայսրութիւնում Ամերիկայի հիւպատոսական ծառայութիւնների փաստաթղթերը խօսում էին, որ իշխանութիւնները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկութիւնները Կայսրութեան տարածքում գործունէութիւն ծաւալող տարբեր միսիոներական կազմակերպութիւններից, ընդգծելով, որ արդէն մինչ Ցեղասպանութիւնը կար տեղեկութիւն գալիք արհաւիրքի մասին:
Խօսելով ժամանակակից Թուրքիայի մասին, պարոն Սարաֆեանն ընգդծեց, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձեւով սկսեց առերեսուել Հայոց ցեղասպանութեան հետ, դա օգտագործելով որպէս այլընտրանքային քաղաքականութիւն:
(Թղթակցութիւնը՝ Հ.Հ. դեսպանատունէն)