ԼԱՈՒՐԱ ԱԼԹՈՒՆԵԱՆ
Նախ՝ ըսեմ, որ շատ մեծ սիրով եւ հետաքրքրութեամբ եմ ընթերցում «Ազատ Օր»ը, քանի որ լրագիրը գրեթէ միշտ յագեցած է լինում բազմատեսակ, բազմաբովանդակ եւ շատ հետաքրքիր յօդուածներով եւ օգտակար խորհուրդներով։
Ի դէպ, սովորաբար մի փոքր աւելի մեծ ուշադրութեան եմ արժանացնում այն յօդուածներին, որոնք քիչ թէ շատ առնչւում են մեր հայրենիքի հոգսերին եւ խնդիրներին եւ, սովորութեան համաձայն, այդ լրագրերը առանձնացնում եմ եւ խնամքով պահպանում, մէկ անգամ եւս ընթերցելու ակնկալիքով։
Եւ ահա՛…
«Հայաստան-Սփիւռք 6րդ համահայկական համաժողով»ը՝ «փոխադարձ վստահութիւն, միասնութիւն եւ պատասխանատուութիւն» նշանաբանով։
Մեծ ուշադրութեամբ հետեւում էի «Մտորումներ» խորագրի տակ եղած յօդուածներին եւ չեմ սխալուի ասելու, որ մեծ յարգանքի եւ գովասանքի են արժանի բոլոր թղթակիցները։
Ակնյայտ է, որ նրանք ապրում են հայրենիքից շատ հեռու, սակայն միշտ հայրենիքի հետ, անհանգստացած՝ նրա հոգսերով եւ խնդիրներով։
Յատուկ ուշադրութեան էր արժանի՝
Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը համաժողովին եւ նրա խորհրդաւոր արտայայտութիւնը, որը մեծ իմաստ ունի եւ անտարբեր չի կարող մնալ ոչ մի հայ, որը սիրում է իր հայրենիքը.- «Հայրենիքը կը պարպուի, իսկ սփիւռքը կը մաշի». յօդուածը ընթերցելուց յետոյ մի տեսակ թախիծ իջաւ խռոված հոգուս մէջ, որը միշտ հանդարտ փոթորիկի մէջ է…
Այո՛, Հայաստանը դատարկւում է, արդէն 26 տարի է։ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման հէնց առաջին օրերից։
Անվերջ հեռանում են մեր հայրենակիցները եւ հէնց այդ հեռացողներից մէկն էլ մենք էինք 22 տարի առաջ։
Անկեղծ խոստովանեմ, որ հայրենիքից հեռանալուց յետոյ, մինչեւ այսօր, երբեք չի հանդարտուել հոգուս մէջ սկսուած փոթորիկը, բարոյական կորուստի ցաւը եւ կսկիծը հոգուս։
Պիտի հաստատեմ, որ հայրենիքից հեռանալը, իւրաքանչիւր հեռացողի մեծագոյն, անուղղելի սխալն է (իմ կարծիքով), իսկ եթէ արդէն հեռացել ես, պիտի լցուես մեծ համբերութեամբ, շարունակ պայքարես եւ պատրաստ լինես՝ անցեալ «պատմութեան բոլոր քառուղիներով»։
Ասեմ. որը շատ դժուար է…
Մեզ համար ամէնուրեք հիասթափութիւն, յուսահատութիւն, թախիծ, միայնութիւն, ջերմութեան պակաս եւ մեծ կարօտ…
Արամ Ա. Կաթողիկոսի յօդուածը, լուրջ մտածելու տեղիք տուեց։
Ակամայից յիշեցի մի յօդուած, որը ընթերցել էի 2015 թուականի Սեպտեմբեր 28ին՝ «Գաղթ եւ անհեռանկար քաղաքականութիւն» վերնագրով։
Որտեղ յարգարժան պրն. Պալեանը գրում է,- «Դէպի եւրոպական եւ այլ երկիրներ հզօր թափով գաղթականութեան ալիք կայ այսօր։ Միջին-արեւելեան սուր տագնապի եւ անուն չունեցող պատերազմի պատճառով»։ Մտովի տեղափոխուեցի մեր չքնաղ երկիր Հայաստան եւ ինքս ինձ հարց եմ տալիս…
Այնտեղ պատերազմ է, քիչ թէ շատ հասկանալի է, իսկ ինչ կարող ենք ասել մեր մի բուռ, բռում սեղմուած հայրենիքի մասին, որտեղից տարիներ շարունակ աւելի մեծ քանակով են հեռանում մեր հայրենակիցները, մեզ բոլորին պատճառելով մեծ ցաւ եւ անհանգստութիւն։ Հայրենիքից հեռանալուց 22 տարի անց, ինձ մօտ մեծ ցանկութիւն առաջացաւ ձեր ուշադրութեանը ներկայացնելու արտագաղթը՝ մեր հայրենիքի վերանկախացումից անմիջապէս յետոյ։
1992 թուականից 1996 թուականը՝ ականատեսի աչքերով։
Մեր փափաքով չէր, որ հեռացանք հայրենիքից…
Նկարագրեմ.- Ամբողջ մի չքնաղ ժողովուրդ իշխանութեան դաւանանքների գերին էր դարձել։
Իշխանութեան եւ հասարակութեան միջեւ անվստահութեան մի մթնոլորտ կար, որը բացասական էր անդրադառնում կեանքի բոլոր բնագաւառներում։
Քանի որ անկախութեան հէնց առաջին օրերից սկսուեց հայրենի տնտեսութեան աննախադէպ, համատարած բացայայտ թալանը։
Ամէնուրեք թագաւորում էր յուսահատութիւնը, յուսախաբութիւնը, անվստահութիւնը՝ իշխանաւորների հանդէպ։
Երկրի ընկերատնտեսական վիճակը անասելի ծանր էր։ Հասարակ ժողովուրդը եւ գիտական աշխարհի ներկայացուցիչները ապրում էին հոգեկան եւ բարոյական, ահաւոր ծանր պայմաններում։
Պետութիւնը ոչ մի ձեւով չէր նպաստում, աշխատասէր, ազնիւ եւ անպաշտպան քաղաքացիների ինքնաիրագործմանը։
Աշխատատեղները միայն փակւում էին եւ մարդիկ իրենց ընտանիքը պահելու ոչ մի միջոց ունէին։ Աշխատանք գտնելը հասարակ եւ անօգնական մարդկանց համար դարձել էր մի անհասանելի երազանք։
Ամէնուրեք մեզ հետապնդում էին սովն ու աղքատութիւնը եւ անազնիւ ու անպարկեշտ վարչարարների անհոգութիւնն ու անպարկեշտութիւնը։
Ահա սա՛ էր պատճառը, որ դատապարտում էր հայրենիքի կորստեան եւ մեզ դարձնում տարագիր. անտեղեակ՝ ազատ, անկախ հայրենիքի ճակատագրին եւ ապագային, որի կայացման համար մեզանից իւրաքանչիւրը իր երազանքների, մտքերի, իղձերի եւ նեարդների մի մասնիկն էր տուել։
Բռունցք էինք դարձել Ազատութեան հրապարակում, առանց երկմտանքի, «Այո՛» ասել անկախութեանը եւ հեռացել…
Հեռացել ընդ միշտ անելանելիութեան պարտադրանքին գամուած, յուսախաբութեան դեղին մռմուռը հոգիներում, վիրաւորուած։
Վիրաւորուած եւ խռովուած մեր հայրենիքի իշխանաւորներից, անազնիւ վարչականներից, անպարկեշտ եւ դաժան երեսփոխաններից եւ վերջապէս անօրինական ճանապարհներով հարստացած մեծահարուստներից ու նրանց շրջապատող մարդկանցից՝ որոնք, նոյնպէս, մեր չքաւոր երկրի քաղաքացիներն էին, յանկարծակի եւ անսպասելի, զարմանահրաշ ձեւով հարստացած։
Ինչու չէ նաեւ նրանից, որ մի կողմ դրուեցին ժողովուրդի արժանապատուութիւնն ու հպարտութիւնը եւ հայացքներս յառեցինք «հումանիտար օգնութիւն» կոչեցեալին։
Էլ չեմ խօսում այն մասին, թէ այդ օգնութիւնը ինչպիսի՛ արագութեամբ եւ ի՛նչ ճանապարհներով էր յայտնւում բիզնեսմէն (գործարար) չարչիների վաճառասեղաններին։
Եւ այդպէս քանի՜-քանի՜ օգնութիւն եկած միլիոններ հոսեցին եւ չքացան, ինչպէս՝ ջուրը ծարաւ աւազուտներում, իսկ այդ միլիոնները ժողովուրդինն էին, նաեւ՝ հեռացողներինը։
Ինչքա՜ն փախստական հայեր մէկ անգամ եւս փախստական դարձան ու եթէ առաջին անգամ թշնամու երկրից հեռացան, այս անգամ դրան ճանապարհը ցոյց տուողը՝ իր նախնիների երկիրն էր։
Կարծում եմ կարիք չկայ յիշեցնելու, թէ նրանց մէջ ինչպիսի՛ մասնագէտներ կային, որոնք այդքան տարի օտարի երկիրը շէնացնելու փոխարէն, կարող էին մեր հայրենիքը շէնացնել։
Աւա՜ղ…
Հեռացան օտարութիւն տանող ճամբաներով՝ մահու չափ վիրաւորուած։
Եւ ո՞վ կը կարողանայ մեղադրել մեզ՝ պարտադրուած տարագիրներիս։
Խունացել էին մեր երկրի գոյները, նուազել՝ մեր գեղեցիկ հայերէնով խօսողների ձայները, որովհետեւ ամէն մի գնացող իր ձայնն ու գոյնն էր տարել իր հետ։
Մէկը միւսի յետեւից քար ու քանդ արուեցին գիտահետազօտական ինստիտուտները (հիմնարկները) եւ կարեւոր նշանակութիւն ունեցող ձեռնարկութիւնները։
Գիտական մի հսկայական ներուժ մերժուեց եւ զոհ դարձաւ չարչիական յարաբերութիւններին, իսկ մեր գիտատեխնիկական մտաւորականութիւնը…
Այդ ի՜նչ դաժան ու անհոգի հաշուեյարդար բաժին ընկաւ նրանց։
Եւ այս ազգի ողբերգութիւնը տեղի էր ունենում օրը ցերեկով, մեր մարդասէր եւ ժողովրդավար իշխանութիւնների աչքի առաջ։
Ու եթէ նախկինում միայն կասկածում էինք, ապա այսօր բարձրաձայն հարց ես տալիս։ Գուցէ՞ նրանց հէնց սա է պէտք. հոգեզուրկ, գաղափարազուրկ, անմշակոյթ, անկարող, ընդամէնը չարչի-վաշխառուական երկիր մի Նայիրի, որտեղ հաւատը վերածուի դրամի եւ հեշտ լինի իշխե՞լը։
Հակառակ դէպքում՝ ինչպէ՞ս բացատրել անծրագիր ու դանդաղ այս գործընթացը դէպի… ո՞ւր — օրաւուր խորացող ընկերատնտեսական ճգնաժամ, շրջափակումներ, թշնամու կողմից դիվերսիաներ (խափանարարութիւններ), ծառերի եղեռն…
Աղքատանում էր մեր հայրենիքը, ամէն գնացողի հետ խունանում էր նրա երկնի կապոյտը, նուազում էր արեւի փայլը, խռովում էր հայրենի հողը։
Հեռանում էին եւ չգիտենք, թէ մեզանից որի՞ն կը յաջողուի հասնել մտքի եւ հոգու ներդաշնակութեանը…
Անդրադառնա՛նք մեր արագիլներին, որոնց միշտ սպասում էինք գարնանն ու ամրանը, որոնք միշտ համարուել են մեր ազգի «բախտի խորհրդանիշը»։
Իջնում էին արագիլները եւ չէին գտնում իրենց բները, քանի որ չկային բարտիները։
Արագիլը չէր կարող հասկանալ, որ եղել էր դաժան ձմեռ, եղել էր խաւար ու ցուրտ, որ մարդիկ չէին ունեցել լոյս, վառելիք եւ ոչ էլ սրտացաւ իշխանութիւն, այդ պատճառով էլ մարդիկ չարացած ու դաժանացած ելել են ծառերի դէմ, կտրել են եւ վառել իրենց վառարաններում, այրելով նաեւ իրենց մարդկային արժանապատուութիւնն ու հպարտութիւնը, այրելով նաեւ իրենց հաւատի եւ յոյսի վերջին փշուրները, որոնք դեռ պահպանւում էին իրենց հոգիներում։
Արագիլները այս ամէնը չգիտէին, նրանց ի՞նչ իմանալու բանն էր, նրանք ընդամէնը իրենց բոյնն էին փնտռում, որը այդպէս էլ չգտան։ Գիշերուայ լռութիւնը խախտւում էր նրանց որբացած չդադարող ճիչերից եւ կորստի ցաւից։ Նրանք էլ հեռացան մեզ նման, գնացին խռոված ու վիրաւորուած։ Եւ միթէ՞ վերջին հեռացողներն էին նրանք… Ի հարկէ՝ Ո՛Չ…
Արագիլի վերադարձը
Այս փոքրիկ ոտանաւորն էլ նուիրում եմ մեր բախտի արագիլներին,
քանի որ նրանք էլ մեզ նման հեռացան. խռոված ու վիրաւորուած…
Չեմ հասկանում.
Թէ ինչպէ՛ս է արագիլը
Գնում ուրիշ աշխարհ,
Գալիս.
Ո՞ր երկնային լուսածիրով,
Ո՞ր կողմնացոյց հոգեթիռով,
Անծրագիր ուղիներում
Անյայտների։
Եւ ինչպէ՞ս է գտնում
Ինչ որ պէտք է իրեն,
Եւ ինչպէ՞ս է հաշւում
Իր մէջ օրն ու տարին։
Եւ միշտ յարմար եղանակին
Եւ ճիշդ օր ու ժամանակին,
Իջնում է իր
Բարդու ծառին։
Իսկ մենք՝ մեր այս
Հրաշք խելքով,
Այսքան փայլուն
Հնար մտքով…
Ի՛նչ ընթացք էլ նախընտրեցինք,
Ի՛նչ ճանապարհ էլ
Ընտրեցինք,
Կարծես ճիշդ չէր
Ընտրութիւնը.
Մնացինք կէս Ճանապարհին…