Մարիա Մարկոսեան — Տամատեան
Հեղինակի անունը ամէնքի բերանում, նրա գրքի եղած օրինակները մի օրում սպառած. այս ամէնը երեւոյթներ են, որ չէր տեսած ո՛չ հայ բեմը, ո՛չ հայ գրականութիւնը:
(Նիկոլ Աղբալեան)
Իջէք, իջէք երազներ,
Իջէք զգոյշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջէք քնքուշ երազներ…
Լեւոն Շանթի ստեղծագործութիւնների մէջ հիմնական շօշափման թեման հայ գրականութեան եւ մշակոյթի պատմութեան մէջ՝ անհատի, բարոյականութեան խաթարման, անձնազոհութեան խնդիրների, հասարակութեան փոխյարաբերութիւնների մասին է, որը առաւելապէս արտայայտուած է նրա դրամատուրգիայում: Լեւոն Շանթը ծնուել է 1869թ. Ապրիլի 6ին: Նախնական կրթութիւն է ստացել ծննդավայր Կոստանդնուպոլսի Սկիւտար թաղամասում, ապա Էջմիածնի Գէորգեան ճեմարանում, 1892-99ին սովորել է Լայպցիգի, Ենայի, Միւնխենի համալսարաններում՝ խորը ուսումնասիրելով մանկավարժութիւն եւ հոգեբանութիւն։ 1899ին վերադարձել է Անդրկովկաս եւ դասաւանդել Թիֆլիսի Գայանեան օրիորդաց եւ Երեւանի թեմական դպրոցներում։ Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական միաւորման հաւաքոյթներին՝ Հ. Թումանեանի, Դ. Դեմիրճեանի, Ղ. Աղայեանի, Ա. Իսահակեանի հետ համագործակցելով։ Լեւոն Շանթը վաղ հասակից զրկուել է ծնողներից։
Ծաղիկ, կանաչ, թարմ հիւսեր,
Բախտի կարկաչ ու յոյսեր,
Դող ու անցուկ ու կարօտ,
Ծածուկ արցունք վարանոտ,
Խելքի, մտքի հակասում,
Միշտ նոր կեանքի սպասում…
Իջէք, իջէք երազներ…
1915-1919 թուականներին ապրել է Եւրոպայում: Վերադառնալով Անդրկովկաս՝ 1919ին ընտրուել է անկախ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի փոխնախագահ, բայց 1920ին խորհրդային կարգերի հաստատուելուց յետոյ, նա ձերբակալուել է Երեւանի բերդում։ Ազատուելով՝ 1921ից հաստատուել է Բէյրութում։ Լեւոն Շանթը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ էր. Համազգայինի ճեմարանի (20 տարի) եւ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադիրներից։
Իջէք զգոյշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջէք քնքուշ երազներ,
Գգուանք, ժպիտ, գոյն ու բոյր,
Աչեր վճիտ ու համբոյր,
Իղձեր անվերջ, անմեկին,
Տագնապ ու տենչ մոլեգին,
Օրօր, գրգիռ ու յոյզեր,
Սրտի թրթիռ, երգ ու սէր…
Հայ գրականութեան մէջ Լեւոն Շանթի «Հին աստուածներ» (1909թ.) դրաման ամէնից շատ մեկնաբանուած եւ ուսումնասիրուած ստեղծագործութիւններից է: 1909թ.ին, երբ Յովհաննէս Թումանեանը Թիֆլիսում բանտարկուած էր, խիստ դառնացած Շանթը հարազատներից առանձնացած, գրում էր իր ստեղծագործութեան գլուխգործոցը՝ «Հին աստուածները», որը լոյս է տեսել 1912ին, Պոլսում. աշխարհիկ ու հոգեւոր սկզբունքների հակադրութիւն, անհատի զգացմունքների եւ գործողութիւնների անազատութիւն, ազգային կեանքի վերածնման ուղիների խնդիրներն են արտացոլուած երկի մէջ, 9րդ դարի պատմական դէպքեր։ Մեծ արձագանք է գտել հայ հասարակութեան մէջ Շանթի «Հին աստուածներ» դրաման՝ նոր որակ էր հայ գրականութեան մէջ՝ զգացմունքներ, ապրումներ, մարդու ազատութեան տենչանքի արտայայտութիւն։ Բազում անգամ բեմադրուել եւ մինչեւ օրս էլ ընդգրկուած է Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկերում։ հայ գրող, հասարակական գործիչ, անուանի դրամատուրգ, մանկավարժ Լեւոն Շանթի գրչին են պատկանում ինչպէս մի շարք բանաստեղծութիւններ, պօէմներ, վիպակներ, նոյնպէս գրականագիտական, բանահիւսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնոյթի աշխատութիւններ, հայոց լեզուի քերականութեան դասագրքեր։ Անուանի դրամատուրգը վախճանուել է 1951թ.ին, Բէյրութում:
Իջէք, իջէք երազներ,
Իջէք զգոյշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջէք քնքուշ երազներ,
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
Ցնորքներ վառ ու առկայծ,
Հաւատ ուժի, մեծութեան,
Փառքի, կամքի գոյութեան,
Շռինդ, թնդիւն, հպարտանք,
Իմաստութիւն… բիւր պատրանք:
(Լեւոն Շանթ «Հին Աստուածներ»)