Մարիա Մարկոեան-Տամատեան
Ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ» փաստավաւերագրական ժապաւէնի մրցանակների յաղթարշաւը շարունակւում է։ Արցախի 44-օրեայ պատերազմի, Ադրբեջանի կողմից ռազմական յանցագործութեան վաւերագրութիւնը՝ աշխարհի կինօփառատօններում շարունակում է նուաճել «Պաշտօնական ընտրանի» դիրքը եւ արժանանալ յաղթանակի։
Օրերս «Մայր Հայրենիք»ը Յունաստանում՝ «Greece Film Festival Awards 2022» կինօփառատօնի շրջանակներում եւս ընտրուել էր որպէս «Պաշտօնական ընտրանի»։ Աւելի ուշ՝ «Լաւագոյն վաւերագրութիւն» անուանակարգում յաղթող է ճանաչուել։
Այս առիթով Լոս Անջելեսաբնակ ամերիկահայ Լրագրող Վիկ Գերամին իր դիմատետրի էջում յունարէնով գրել էր՝ Ευχαριστώ Ελλάδα, σ’αγαπώ… (Շնորհակալութիւն Յունաստան, սիրում եմ քեզ). «Մենք դա կրկին արեցինք. Յունաստանի կինօփառատօնը, որտեղ մենք «Պաշտօնական ընտրանի» էինք, այս պահին պարգեւատրուեց «Լաւագոյն վաւերագրական ֆիլմ» մրցանակով։ Շնորհակալ եմ այն երկրին, որը երեք տարի իմ տունն եմ կոչել… եւ մեծ սէր», գրել է ֆիլմի հեղինակ լրագրողը։
Յիշեցնենք, որ «Մայր հայրենիք» փաստավաւերագրական ժապաւէնի անդրանիկ ցուցադրութիւնը տեղի էր ունեցել յուլիսի 7ին Լոս Անջելեսում, ապա եւս երկու յատուկ ցուցադրութիւն՝ Գլենդելում, կոնգրէսականների եւ պաշտօնական հիւրերի ներկայութեամբ։
«2022 թուականի ամենասպասուած վաւերագրական ֆիլմը», ինչպէս անուանել է HuffPost-ի լրագրողը, նախատեսուած է Կոնգրէսի յատուկ ցուցադրութեան համար Վաշինգտոնում, սեպտեմբերի 15-ին, Alexandria History Museum at the Lyceum-ում։ Աւարտին տեղի պիտի ունենայ հարց ու պատասխան հեղինակի հետ։
«Մայր Հայրենիք»ը այն մասին է, թէ ինչպէս Արցախի 44-օրեայ ռազմական ահաբեկչութեան հետեւանքով խաղաղ բնակչութիւնը անբացատրելի տառապանք եւ անվերականգնելի կորուստներ դիմագրաւեց։
Ֆիլմը այն մասին է, թէ Ադրբեջանը ինչպէս էր թիրախաւորում խաղաղ բնակիչներին, ռմբակոծում ծննդատներ, դպրոցներ եւ բնակելի թաղամասեր, իսկ աշխարհի այսպէս կոչուած առաջնորդները բացակայում էին, լուռ էին: Միջազգային մամուլը մեծ մասամբ նոյնքան անտարբեր էր, որոշ լրատուամիջոցներ նոյնիսկ դարձել էին Ադրբեջանի կառավարութեան խօսափողը՝ հաստատելով ադրբեջանական կեղծիքները եւ ապատեղեկատուութիւնը:
«Մայր Հայրենիք»ը Արցախի հայ բնակչութեան դէմ օրէցօր աճող ցեղասպան քաղաքականութեան մասին է՝ 2020 թուականի Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծուած ցեղասպանութեան եւ բռնի էթնիկ զտումների մասին։
«Մայր հայրենիք»ը նաեւ այն մասին է, թէ ինչպէս հարեւան երկրներ Սիրիայի, Պակիստանի ահաբեկիչների ճամբարներից օդանաւով հազարաւոր վարձկանների էր բերում Ադրբեջանը՝ արցախահայութեան դէմ ցեղասպանութիւն իրականացնելու նպատակով, որոնց վճարում էր Թուրքիան։
«Հայաստանն ու Արցախը միասին ունեն մօտ երեք միլիոն բնակչութիւն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իննսուն միլիոն։ Դա իսկական մղձաւանջ է՝ Դաւիթն ընդդէմ Գողիաթի, նշել է լրագրողը։
Խլացուցիչ լռութիւնը կոտրելու, աշխարհի ուշադրութիւնը սեւեռելու՝ 21-րդ դարի այս սպանդը փաստելու նպատակով, Վիկ Գերամին մեկնում է Հայրենիք. «Ես ինքս պէտք է ուսումնասիրէի, թէ ինչպէս են Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը` մի զոյգ բռնապետ եւ ինքնակոչ «եղբայրներ», ստուեր նետում աշխարհի աչքերին եւ ազատւում զանգուածային կոտորածների դատից ու մեղքից», ասել է նա:
Վիկ Գերամին լինելով հետաքննիչ լրագրող, «The Blunt Post»-ի հիմնադիր, խմբագիր-հրատարակիչ, մեդիայ մեկնաբան, ինչպէս նաեւ՝ KPFK 90.7 FM յաճախականութեամբ ազգային ռադիօհաղորդման հաղորդավարը քաղաքական թեմաներով՝ բազմիցս THE BLUNT POST with VIC իր հաղորդաժամի ընթացքում հարցազրոյց է վերցրել Կոնգրէսականներից՝ Ադամ Շիֆ, Քեթի Փորթերը, Ջուդի Չուն: Հայ համայնքի դաշնակիցներ՝ սենատոր Բոբ Մենենդեսից, կոնգրէսականներից՝ Ֆրենկ Փալոնէ, Ջեքի Սփայեր, Բրեդ Շերմանը, Բարբարայ Լի, ապա՝ բարոնուհի Քերոլայն Քօքսի, իսրայէլաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ադրբեջանցի ակտիւիստ Մոհամմադ Միրզալիի եւ մի շարք այլ պաշտօնեաների, գիտնականների, փորձագէտների հետ։
Այս հարցազրոյցները տեղ են գտել ֆիլմում, եւ քաղաքականները՝ որպէս փաստավաւերագրութեան դերակատարներ։
«Մայր Հայրենիք»ը՝ աշխարհի կինօփառատօների ուշադրութեան կենտրոնում է։ Արդէն իսկ արժանացել է 21 կինօփառատօների ընտրութեան, նուաճել է «Պաշտօնական ընտրանի» դիրքը եւ 11 մրցանակ ստացել՝ «Լաւագոյն վաւերագրութիւն» անուանակարգում յաղթող ճանաչուելով. «Miami Indie Film Awards», Փարիզի «Around International Film Festival (ARFF)», Հնդկաստանի ֆրանսիական միջազգային կինօփառատօն, GLIFF-Ոսկէ Լեմուր միջազգային կինօփառատօն, La Indie Film Fest, «Արփա» միջազգային կինօփառատօնի յաւակնորդ, Տորոնտոյի անկախ կինօփառատօնի երկու մրցանակների դափնեկիր՝ «Լաւագոյն միջազգային վաւերագրական ֆիլմ» եւ «Լաւագոյն առաջին անգամ» ֆիլմ։ Ապա նաեւ՝ Special Award Eastern Europe Film Festival, Around International Film Awards-ը (AARF) իր «Globe Award» մրցանակով, Pure Magic International Film Festival «Լաւագոյն վաւերագրութիւն» անուանակարգում, եւ դեռ շարունակւում է։
«Մայր Հայրենիք» մեդիաֆիլմի թիրախային լսարանը հայերը չեն, օտարներն են, աշխարհի լռութիւնը խախտելու նպատակով է արտադրուած փաստավաւերագրութիւնը»,- ասել է հետաքննիչ լրագրողը՝ իր շնորհակալութիւնն ուղղելով աշխարհի կինօփառատօններին։
Վիկ Գերամին իր դիմատետրի էջիւմ գրել է. «Օգտուելով առիթից՝ շնորհակալութիւն եմ յայտնում եւ շնորհաւորում իմ թիմին՝ պրոդիւսեր Հենրիկ Վարդանեանին, խմբագիր Քրիս Դամադեանին եւ «Մայր Հայրենիք» վաւերագրական խաղարկային ֆիլմի առատաձեռն պրոդիւսերներին (աջակիցներին): Նրանք են՝ Մարկ Գերագոսը, Սեմ Կբուշեանը, Լիլիթ Դոլկարեան Օդաբաշեանը, Նիշան Օդաբաշեանը, Օշին Հարութօնեանը, Լուսինէ Յակոբեանը, Ջուդիթ Սարեանը, Փիթեր Աբաջեանը, Արմէն Վարդանին, Փիթեր Բի, Ջոն Դեննեմը եւ Ջեյք Բուրնազեանը»։
Հոկտեմբերին նախատեսւում է «Մայր Հայրենիք» փաստավաւերագրական ժապաւէնի ցուցադրութիւն նաեւ Երեւանում։
Կարող էք դիտել ֆիլմի հոլովակը այստեղ՝ https://vimeo.com/714287976, այցելել ֆիլմի կայքէջը՝ https://motherlanddoc.com/ եւ IMDB-ի էջը՝ https://m.imdb.com/video/vi3095904793/?ref_=ttvi_vi_imdb_14
Վիկ Գերամին հասանելի է հարցազրոյցների համար: Դուք կարող էք հաղորդակցուել նրա հետ vic@thebluntpost.com էլ. Փոստով:
Instagram՝ @vicgerami
Ֆեյսբուք՝ facebook.com/vic.gerami
Twitter՝ @vicgerami