Արցախը մշտապէս հպարտացել է իր տարածքում գտնուող կրօնական եւ մշակութային յուշարձաններով` համարելով դրանք իր պատմամշակութային ժառանգութեան մասը: Արցախցիները հոգատար են նաեւ ռուսական կրօնական եւ մշակութային ժառանգութեան` յուշարձանների պահպանման գործում:
Յատկանշական է, որ Արցախի Հանրապետութեան պետական բիւջէով իւրաքանչուր տարի պատմամշակութային յուշարձանների պահպանման եւ վերականգնման նպատակով նախատեսուած են ծախսեր, քանի որ պատմամշակութային յուշարձանների պահպանութեան, ուսումնասիրման ու օգտագործման բնագաւառը Արցախի Հանրապետութեան պատմութեան եւ մշակոյթի կարեւորագոյն եւ առանձնայատուկ ոլորտներից է: Ռուսական Սուրբ Աստուածածին եկեղեցին գտնւում է Արցախի Հանրապետութեան Մարտունու շրջանի Գեւորգաւան տեղամասում: Եկեղեցին կառուցուել է աւելի քան 100 տարի առաջ’ Ռուսաստանից ներգաղթեալների կողմից: Այն կրաքարից է, արտաքուստ դեղնաւուն: Ունի երկու մուտք, որոնք բացւում են արեւմտեան եւ հիւսիսային կողմերից: Պատուհանների թիւը երկու տասնեակից աւելի է: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թուականին մեկնարկեցին եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատուեցին՝ պայմանաւորուած Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։ Մինչեւ 2020 թուականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը մշակում էր եկեղեցու վերականգնման նախագիծ եւ հովանաւոր էր փնտրում՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։ Այսպիսով, ոմն Անաստասիա Լաւրինայի՝ https://www.youtube.com/watch?v=oADb5_8EAZ4&t=80s ու Յունաստանում Ադրբեջանի դեսպանութեան կողմից յունարէն թարգմանութեամբ` Արցախի Հանրապետութեան տարածքում գտնուող ռուսական ուղղափառ կրօնական ժառանգութեան նկատմամաբ հայկական կողմի իբր “ոտնձգութիւնների” մասին տարածուող քարոզչական նիւթը հանդիսանում է հերթական սադրիչ, անհիմն եւ կեղծ ապատեղեկատուութիւնը. այն նպատակ ունի հայերի նկատմամբ ատելութիւն տարածելով փորձել խարխլել եւ սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջեւ յարաբերութիւններում: Մշակութային յուշարձանները դիտաւորեալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քօղարկել իր իսկ կողմից իրականացուած բազմաթիւ վանդալիզմի դէպքերը։ Այս կապակցութեամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին Մ.Ա.Կ.-ի Արդարադատութեան միջազգային դատարանը «Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնուենցիայի շրջանակներում քննուող Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի գործի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ներկայացուած հրատապ միջոցներ կիրառելու վերաբերեալ հրապարակեց որոշումներ: Ի թիւս այլ միջոցների, դատարանը ՊԱՐՏԱՒՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգութեամբ եւ էթնիկ հայերին թիրախաւորող ռասայական ատելութեան եւ խտրականութեան հրահրումը եւ խթանումը, ներառեալ՝ Ադրբեջանի պաշտօնեաների եւ պետական հաստատութիւնների կողմից»։ Միւս կողմից՝ դատարանը պարտաւորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողութիւնները՝ ուղղուած հայկական մշակութային ժառանգութեան, ներառեալ՝ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, յուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտերի դէմ»:
Ի հեճուկս Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտօնեաները շարունակում են թիրախաւորուած ռասայական ատելութեան տարածումը եւ որեւէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը։
ԳԼԽԱՒՈՐ ԷՋ ԼՈՒՐԵՐ Արցախ Հ.Հ. դեսպանութեան յայտարարութիւնը ատրպէյճանական ապատեղեկատուական սանդրանքին մասին