Հարցազրոյցը վարեց Մարիա Մարկոսեան-Տամատեան
Ցեղասպանութենէն վերապրած Կոմիտաս: 1915ին հայ մտաւորականների հետ երիտթուրքերը ձերբակալեցին եւ Անատոլիայի խորքերը աքսորեցին նաեւ Կոմիտաս վարդապետին։ Կարճ ժամանակ անց, եւրոպական եւ ամերիկեան դեսպանութիւնների միջնորդութեամբ, նրան ազատ արձակեցին եւ վերադարձաւ Պոլիս, սակայն առողջական կտրուկ վատ վիճակում։ Հոգեկան անդորրը կորցրել էր վարդապետը. լինելով սարսափելի տեսարանների, եղեռնի ականատես՝ նա ծանր եւ խորը վերապրել էր իր ժողովրդի ողբերգութիւնը, իր աշխատանքների կորուստը՝ նուրբ եւ զգայուն ներաշխարհի վրայ ազդել էր այս իրականութիւնը։ Կոմիտասը երկար տարիներ բուժուել է Պոլիսի, ապա Ֆրանսայի հոգեբուժարաններում։ Վարդապետի հիւանդութեան մասին իրականում կան բազմաթիւ իրար հակասող վարկածներ, սակայն պատճառը մնում է անյայտ եւ գիտական ու պատմական ուսումնասիրութիւնները շարունակւում են։
Համաձայն գիտական — բժշկական հետազօտութիւնների (Կլոդին Բելամի եւ Միշել Քեղ, Փարիզի Վիլժիւիֆ հոգեբուժարան), Կոմիտասի ապրած ժամանակաշրջանում բուժման հնարաւորութիւնները սահմանափակ էին եւ դրական ազդեցութիւն չունեցան Կոմիտասի հոգեվիճակի վրայ։ Սակայն, ի տարբերութիւն միւս հիւանդների նա ունէր խնամատար յանձնաժողով, որի միջամտութիւնը նպաստում էր բարելաւելու առօրեայ իր կեանքի պայմանները՝ տալով բազմաթիւ առաւելութիւններ, այդ թւում՝ առանձնասենեակ, սքեմ կրելու հնարաւորութիւն։ Նրան այցելում էին ընկերները, որը դրսի աշխարհի հետ կապ պահպանելու հնարաւորութիւն էր. «Կոմիտասը մահացել է սրտի անբաւարարութիւնից եւ ոսկրախտից, որը հնարաւոր կը լինէր բուժել հակաբիոտիկների գործածութեան դէպքում: Նրա մահուան պատճառները հոգեբուժական չեն եղել: Այսօր կան ուսումնասիրութիւններ, որոնց համաձայն Կոմիտասն ունեցել է որոշ ընկճախտային դրսեւորումներ, որոնք որպէս հոգեկան հիւանդութիւն չեն կարող բնութագրուել: Կայ տեսակէտ, որը առհասարակ մերժում է, որ նա հոգեկան հիւանդ է եղել», — ասել է Կլոդին Բելամինը, ով 1985-2010թթ. բուժքոյր է աշխատել Վիլժիւիֆի հոգեբուժարանում, որտեղ տարիներ շարունակ փակուած է եղել Կոմիտասը։
Ըստ տարբեր վարկածների, վարդապետը ընկճախտ է ունեցել եւ իրեն հաւանաբար լռեցրել են՝ տալով խիստ ծանր հոգեմետ դեղեր, նրան հնարաւոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, յատկապէս Կոմիտաս վարդապետի կասկածելի «խնամատար կոմիտէն»։ Նրան լռեցրել են դեղահաբերով, որպէսզի Եւրոպայում մեծ համբաւ ունեցող Կոմիտասը չխօսի Ցեղասպանութեան սարսափի մասին։
Պարոն Կոստանտեան, Կոմիտասի հիւանդութեան շուրջ պտտուող բազմատեսակ հետազօտութիւններ եւ վարկածներ կան, ինչպէ՞ս կարող ենք հիմնաւորել։
Ես համարում եմ, որ մասնաւորապէս Կոմիտասի կեանքի այդ հատուածը մասնագիտական ուսումնասիրութեան եւ անդրադարձի կարիք ունի դեռ։ Շատ վարկածներ կարող են լինել, բայց դա ես չեմ համարում վերջնական եզրահանգում եւ տեսակէտ։ Մենք 2015ին այցելել ենք այդ հիւանդանոցը, որտեղ Կոմիտասը բուժուել է եւ բերել ենք արխիւի կրկնօրինակները։ 2016ին «Կոմիտաս» գիտաժողովին հրաւիրել էինք արխիւի ղեկավար Կլոդին Բելամինին եւ նա Կոմիտասի հիւանդութեան շուրջ զեկոյց ունեցաւ։ Ունենք մասնագէտներ, որ շարունակում են ուսումնասիրութիւնները եւ նաեւ գրում ու տպագրում են գրքեր, յօդուածներ Կոմիտասի առողջական վիճակի հետ կապուած: Դա ես համարում եմ նրանց իւրաքանչիւրի հետազօտութեան զուտ անձնական մասնագիտական տեսակէտը։
Երկար զրուցելուց յետոյ հասկացայ սակայն, որ յստակ դիրքորոշում չկայ։ Գուցէ եւ վարդապետի եկեղեցական լինելու հանգամանքը՝ լռութեան ուխտ պահել եւ այդ լռութեամբ սփոփուելն նոյնպէս տեսակէտ, վարկած է, բայց մասնաւորապէս զգո՛յշ պէտք է լինել որեւէ դիրքորոշում արտայայտելուց, եթէ մենք չունենք յստակ վերջնական եզրահանգում։ Ես համարում եմ, որ պէտք է շարունակենք ուսումնասիրութիւնը, զգուշանանք կարծիք յայտնելուց, իհա՛րկէ ուսումնասիրութիւնները դեռ շարունակւում են։
Կոմիտասի կեանքի եւ գործունէութեան շուրջ վերջին շրջանում կա՞ն նոր բացայայտումներ։
2015 թուականից՝ Կոմիտասի թանգարանի բացումից ի վեր, մեր առանցքային եւ գերակայ խնդիրներից մէկն է Կոմիտասի կեանքին վերաբերող փաստաթղթերի յայտնաբերման, հաւաքագրման, ուսումնասիրման գործընթացը: Նպատակային գործունէութիւն ենք ծաւալում՝ կատարելով մի շարք հետազօտութիւններ։ Դեռեւս 2015ից Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պայմանաւորուածութիւն էր ձեռք բերել Գերմանիայի սաքսոնական արխիւների հետ համագործակցութեան համար: Արդէն այս տարի մեր աշխատակցուհին՝ թանգարանի գիտաշխատող Լիլիթ Յարութիւնեանը, Լայպցիգի սաքսոնական արխիւում կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքում գտել է նամակներ, որոնք վերաբերում են Կոմիտասի յօդուածների հրատարակմանը Միջազգային երաժշտական ընկերութեան (հիմնադիր անդամներից է եղել Կոմիտաս վարդապետը, 1898թ.) պարբերականներում։ Նա ուսումնասիրել է այդ արխիւների անհատական նամակագրութեան բաժինները եւ բերել է տարբեր թուականների Կոմիտասին հասցէագրուած հինգ նամակ, որոնք հրապարակուելուց առաջ նախապէս պէտք է ենթարկուեն վերծանման։ Եւ Գերմանիայում, եւ Ֆրանսիայում, որտեղ մասնաւորապէս Կոմիտասը եղել է՝ ուսումնասիրութիւնները շարունակուում են։ Օգտուելով առիթից, կ՚ուզեմ դիմել Սփիւռքում գտնուող մեր հայրենակիցներին՝ որեւէ նիւթ Կոմիտասի ժառանգութիւնից կամ պատահական տեղեկութիւն ունենալու դէպքում՝ տրամադրեն մեր թանգարանին։ Համատեղ ուժերով փորձենք մեկտեղել, միասին աշխատել այդ ուղղութեամբ՝ հարստացնենք մեր մշակութային ժառանգութիւնը եւ փոխանցենք սերնդէ սերունդ։
Կոմիտասի նպատակներից մէկն էր՝ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակոյթի աւանդոյթները եւ ապացուցել, որ «Հայն ունի ինքնուրոյն երաժշտութիւն»։ Կա՞ն բաւարար ուսումնասիրութիւններ այս ոլորտում։
Իր կեանքի ընթացքում Կոմիտասը ձեւաւորել է ուրոյն հայկական երաժշտական ոճ եւ այն ներկայացրել աշխարհին՝ մասնաւորապէս Եւրոպայում ուսանողութեան տարիներին տեղի մտաւորականների հետ ունեցած շփումների շնորհիւ։ 1896-1899ին ուսանելով Բեռլինի Հումբոլդտ համալսարանում եւ Ռիչարդ Շմիդտի մասնաւոր բարձրագոյն երաժշտանոցում Կոմիտասը կապեր է ստեղծել տեղի անուանի երաժշտագէտների հետ։ Դա նրան ճանապարհ է ստեղծել, որ Հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտութեանը վերաբերող իր գիտական ուսումնասիրութիւնները ներկայացնի Եւրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժընեւ, Լոզան և այլն), այդ թւում մասնակցել է Միջազգային երաժշտական ընկերութեան համաժողովներին, որի հիմնադիր միակ անդամն էր արեւելքից: 1910ին Կոստանդնուպոլսում հիմնած Կոմիտասի «Գուսան» երգչախումբը 300 անդամներով բազմաթիւ դասախօսութիւններ եւ համերգներ է ունեցել ամբողջ Եւրոպայում, Թուրքիայում, Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչեւ այդ շատ քիչ ճանաչուած հայկական երաժշտութիւնը՝ արժանանալով Կլոդ Դեբիւսիի գովասանքին եւ ոչ միայն։ Լինելով հայ դասական երաժշտութեան հիմնադիրը, հայկական մշակոյթը գրագէտ հիմքերի վրայ դնելով՝ նա աշխարհին ներկայացրել է իւրովի եւ ինքնատիպ ոճ ունեցող հայկական — ժողովրդական երաժշտական ժառանգութիւնը։
Աշխարհում այսօր յիշում, յիշատակո՞ւմ են Կոմիտասին։ Ի՞նչ գործունէութիւն էք ծաւալում այդ ուղղութեամբ՝ նրա յիշատակը վառ պահելու։
Մասնաւորապէս այն երկրներում, որտեղ Կոմիտասը եղել է, այո՛ իհարկէ, աշխատանք է կատարւում հայկական կողմից՝ թանգարանի եւ դեսպանատների համագործակցութեամբ։ Կազմակերպում ենք ձեռնարկներ, ինչպէս նաեւ ամենամեայ «Կոմիտաս» փառատօն-գիտաժողովի կայացման իմաստը ճիշդ դա է։ Այսօրուայ դրութեամբ Բեռլինի Հումբոլդտի համալսարանը եւ Գերմանիայի կառավարութիւնը նոյնպէս աջակցութիւն են ցուցաբերում՝ շեշտադրելով իրենց յարգանքը դէպի Կոմիտասը եւ հայ ժողովուրդը։ Կոմիտասի յիշատակի եւ վկայութիւններից է նաեւ Կոմիտասի յուշարձանը աշխարհի տարբեր երկրներում։
Շվեյցարիա, Աւստրիա, Իտալիա եւս մեծ հետաքրքրութիւն կայ Կոմիտասի գիտական եւ մշակութային գործունէութեան շուրջ, եւ անում ենք հնարաւորինս, ուսումնասիրութիւնները եւ հետազօտութիւնները շարունակւում են, այն աշխատանքը, որ դեռեւս Կոմիտասն էր սկսել։
Սփիւռքի հայկական գաղթօճախներում հանճարին նուիրուած բազմապիսի ձեռնարկներ են իրականացւում, թանգարանը հետամո՞ւտ է այդ աշխատանքներին, արդեօ՞ք արխիւացւում եւ պահպանւում են:
Ցանկութիւն կայ միանշանակ ամբողջական արխիւ ունենալու, հնարաւորինս հետամուտ ենք, սակայն դա փոխադարձ, երկկողմանի համատեղ աշխատանքի արդիւնք պէտք է լինի՝ նաեւ իրենք մեզ տեղեակ պահեն, ուղարկեն թղթակցութիւններ, նիւթեր։ Հիմնականում մենք կապի մէջ ենք եւ բնականաբար աշխատանք ենք տանում դեսպանատների հետ, ցանկութեան դէպքում նիւթեր, նկարներ, երգեր, նօտաներ ենք տրամադրում եւ ուղարկում Սփիւռքի միութիւններին։ Այսպիսի մի համագործակցութիւն ունեցանք նոյնիսկ Ճափոնիայում. հայկական դեսպանատան հետ համագործակցաբար եւ ճափոնացի ջութակահար Տակահիրօ Ակիբայի համատեղ ջանքերով Ճափոնիայում հիմնուեց Կոմիտասի երաժշտական միութիւն, որն արդէն մի քանի տարի է գործում է։ Համագործակցութեան շնորհիւ Հայաստանում եւ Ճափոնիայում տեղի են ունեցել Կոմիտասի գործունէութեան եւ հայ երաժշտական մշակոյթին նուիրուած դասախօսութիւններ, համերգներ, որի ժամանակ ճափոնացի ուսանողները հանդէս եկան Կոմիտասի կատարումներով՝ յատկապէս ճափոնացիներից բաղկացած լսարանի առջեւ։ Շատ մեծ հետաքրքրութիւն կայ Կոմիտասի երաժշտութեան հանդէպ ընդհանրապէս։ Առիթ է նշեմ նաեւ, որ այս տարի Փարիզում՝ ԵՈՒՆԵՍՔՕի հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների օրացոյցում ընդգրկուել է Կոմիտասի եւ Յ. Թումանեանի ծննդեան 150ամեակի յոբելեանները՝ Հ.Հ.ի եւ Ֆրանսայի ու Գերմանիայի աջակցութեամբ։ ԵՈՒՆԵՍՔՕն հովանաւորել է նաեւ Կոմիտասի երգային (վոկալ) ստեղծագործութիւնների ձեռնարկի հրատարակութիւնը։
Թանգարանը տարեկան ի՞նչ գործունէութիւն է ծաւալում. այս տարի յատկապէս, որ նաեւ Կոմիտասի 150ամեակն է։
Տարեսկզբից մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, այդ թւում՝ 150ամեակին նուիրուած Կոմիտասի վոկալ ստեղծագործութիւնների շարքը։ Առհասարակ թանգարանը բացուելուց եւեթ մենք տարեկան կազմակերպում ենք աւանդական եւ ժամանակակից արուեստին նուիրուած ցուցադրութիւններ, որը օրինաչափ է եւ առնչւում է Կոմիտասի կեանքին ու ստեղծագործութիւններին, նրա առաջադէմ երաժշտական մտածողութեանը եւ հայեացքներին։ Թեմատիկ ցուցահանդէսներ, ինչպէս օրինակ՝ Քէօթահիայի յախճապակու արուեստին նուիրուած, ապա Կոմիտասի աշակերտներին ձօնուած ձեռնարկներ։ Կենդանի օրգանիզմ է թանգարանը, որ ամենօրեայ ջանքերի շնորհիւ պէտք է ճիշդ ուղղութեամբ զարգացնել։ Մինչեւ տարեվերջ շուրջ 200-250 ձեռնարկներ իրականացուած կը լինեն՝ դասախօսութիւններ, հրատարակութիւններ, շնորհանդէսներ, գրական — երաժշտական երեկոները, փառատօններ։ Նաեւ մարզերում ենք կատարում որոշ կրթական ծրագրեր, որը շատ մեծ նշանակութիւն եւ կարեւորութիւն է ձեռք բերել։ Այս տարի՝ 150ամեակի առիթով, էլ աւելի պարտաւորեցնող է, աւելի ուշադիր եւ հետեւողական ենք։ Համագործակցում ենք գրեթէ բոլոր դեսպանատների, սփիւռքի կազմակերպութիւնների, մշակութային միութիւնների հետ, ցանկութեան դէպքում տրամադրում ենք մասնագիտական խորհրդատուութիւն։
Ովքե՞ր են թանգարանի այցելուները։
Շատ տարբեր անձիք. ուրախալին այն է, որ մեծ հետաքրքրութիւն կայ ոչ մասնագէտների կողմից եւս։ Հետաքրքրուած են իհարկէ օտարերկրեայ քաղաքացիներ, պաշտօնական անձինք։ Տարեկան մօտ 25.000 այցելու ենք ունենում, այդ թւում՝ երեխաներ, աշակերտներ, կազմակերպեցինք ամառային դպրոց։ Երաժշտական բնոյթի կրթական յատուկ ծրագիր ենք իրականացրել նոյնիսկ 0-3 տարեկան երեխաների համար՝ ապագայ մայրերին ուղղուած օրօրների թեմայով, որը բաւական մեծ հետաքրքրութիւն առաջացրեց։ Եւրոմիութեան պատուիրակութեան հետ համատեղ մի ծրագիր եւս տեղի ունեցած «Երաժշտական կրթութեան ներգրաւումը կրթական համակարգ» թեմայով, որտեղ ներգրաւուած էին չորս եւրոպական երկրներ՝ Ֆրանսա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան։ Ծրագրին մասնակցելու համար այդ երկրներից ժամանեցին մասնագէտներ եւ հանդէս եկան դատախօսութիւններով, գործնական դասընթացներ անցկացրեցինք։ Սակայն երբեք չենք սահմանափակւում, շատ աշխատանք կայ դեռեւս կատարելու։ Պիտի անենք միասին, պիտի անենք համախմբուած, որտեղ նաեւ շատ մեծ դերակատարութիւն ունի սփիւռքի մասնակցութիւնը։
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով — փառատօնի 2019ի ծրագիրը կը ներկայացնէ՞ք (Գիտաժողով — փառատօնը ընթացքի մէջ է)։
Մեր մօտ աւանդոյթ դարձած արդէն՝ այս տարի եւս Սեպտեմբերի 26ից Հոկտեմբերի 8ը անցկացնում ենք «Կոմիտաս» միջազգային գիտաժողով – փառատօնը՝ համագործակցութեամբ Հ.Հ. կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ Գերմանիայում Հ.Հ. դեսպանութեան:
Սեպտեմբերի 26ին փառատօնի մեկնարկը տեղի կ’ունենայ Կոմիտասի պանթեօնում հոգեհանգիստի կարգ, ապա երեկոյեան պաշտօնական բացումը Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ անուանի հայ եւ օտար երաժիշտների մասնակցութեամբ: Կ՚իրականացուեն մի շարք ձեռնարկներ Երեւանում, Գիումրիում, ապա նաեւ Արցախում՝ Ստեփանակերտ, Շուշի եւ Գանձասար։ Հոկտեմբերի 8ին արդէն կը մեկնարկի գիտաժողովը, որը Գերմանիայի հետ համատեղ այս տարի որոշեցինք անցկացնել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, ի յարգանք, որ Կոմիտասը այնտեղ է սովորել երեք տարի (անցեալ տարի գիտաժողովը անցկացրել էինք Սորբոնի համալսարանում)։ «Կոմիտասը եւ իր ժառանգութիւնը» գիտաժողովը Հոկտեմբերի 9-10 կը շարունակուի Մարտին Լիւթերի համալսարանում, որտեղ կլոր սեղանի զուկուցումներ տեղի կ՚ունենան՝ Կոմիտասի ուսանողութեան այդ ժամանակահատուածի անդրադարձ կը կատարենք։ Հրաւիրեալներ ունենք տարբեր երկրներից, մասնաւորապէս միջնադարագէտներ, երժշտագէտներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իտալիայից եւ Ռուսաստանից։
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատօնի հիմնական նպատակներից է՝ Վարդապետի ժառանգութեան միջոցով հայ երաժշտական մշակոյթը հանրահռչակել եւրոպական մշակութային ոլորտում։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացուել է 2013ին եւ ապա պաշտօնապէս իր դռները բացել է 2015ին։ Թանգարանում գործում է գիտահետազօտական կեդրոն, համերգային դահլիճ, երաժշտական հիմնարկութիւն, գրադարան։ Նպատակն է՝ գիտականօրէն ուսումնասիրել եւ ներկայացնել Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը. բանահաւաքչական, երաժշտագիտական, խազաբանական ձեռագրերի, ստեղծագործական ժառանգութեան եւ ոճի առանձնայատկութիւնները, արխիւի հետազօտութիւն եւ այլն։ Կոմիտասի Թանգարանը իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, համերգներ, գիտական հանդիպումներ, այցեր, ունի մշտական եւ ժամանակաւոր ցուցադրութիւն, ինչպէս նաեւ անցկացւում է ամենամեայ «Կոմիտաս» միջազգային փառատօն — գիտաժողով։
Թանգարան-ինստիտուտը գտնւում է Երեւանի Կոմիտասի անուան զբօսայգում, նախագծի հեղինակն է ճարտարապետ Կորիւն Յակոբեանը եւ նորաստեղծ կառոյցի ճարտարապետ՝ Արթուր Մեսչեանը: