Վերջերս Աթէնքում լոյս է տեսել հայագիտական կարեւոր մի ուսումնասիրութիւն. Գէորգ Ղազարեան, Հայ-բիւզանդական եկեղեցական յարաբերութիւնները Ժ.-ԺԱ. դդ., Աթէնք, 2022: Գիրքը ներկայացնում է հեղինակի դոկտորական աւարտաճառը, որը «գերազանց» գնահատականով պաշտպանուել է 2021 թ. Յուլիսին Աթէնքի աստուածաբանական ֆակուլտետում:
Աշխատութիւնն սկսւում է նախաբանով եւ ներածութեամբ, որոնցից յետոյ վեց գլուխներով շարադրուած է բուն նիւթը: Այն հիմնուած է թէ՛ հայ, թէ՛ բիւզանդական սկզբնաղբիւրների մանրակրկիտ հետազօտութեան վրայ՝ լուսաբանելով պատմական իրադարձութիւններն ու եղելութիւնները: Յատկապէս մեծարժէք է վերջին՝ Զ. գլուխը, որտեղ բաւականին մանրամասն ներկայացուած եւ վերլուծուած են հայ-բիւզանդական վարդապետական տարաձայնութիւններն ու ծիսական առանձնայատկութիւնները:
Ուսումնասիրութեան արդիւնքներն ամփոփուած են եզրակացութիւններ բաժնում: Գէորգ Ղազարեանի սոյն աշխատութիւնը մեծարժէք է ոչ միայն նեղ մասնագիտական շրջանակների, այլեւ բոլոր նրանց համար, որոնք հետաքրքրուած են հայ-բիւզանդական եւ հայ-յունական կապերի պատմութեամբ:
Խիստ սահմանափակ տպաքանակով լոյս տեսած գիրքը կարելի է գնել Յունաստանի Եկեղեցւոյ «Ապոստոլիկի Դիակոնիա» գրախանութներում Աթէնքում (Δραγατσανίου 2 — πλ. Κλαυθμώνος), Սալոնիկում (Εθν. Αμύνης 9α) եւ Փաթրայում (Ρήγα Φεραίου 143 και Φιλοποίμενος 24):