ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍԵԱՆ-ՏԱՄԱՏԵԱՆ
«Միթէ՞ 2 միլիոն անմեղ մարդկանց մորթը, կանանց, երեխաների, ծերերի անմարդկային կտտանքներով տարհանումը, հարիւրաւոր քաղաքների ու գիւղերի աւերումը եւ նախօրօք որոշուած թուրքի բոլոր դժոխային գործողութիւնները կը մնան անպատիժ: Ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել մարդկանց զանգուածային սպանութիւններն ու խոշտանգումնրը, միեւնոյն է, նման չարագործութեան ճիչը երկինք կը հասնի»:
Հենրի Մօրգենթաու
Հայերին իրենց հայրենիքի մէջ բնաջնջելու եւ տեղահանելու Երիտթուրքական կառավարութեան քաղաքականութիւնը, սկսած Ապրիլ 24ին, շարունակութիւն էր, սկիզբ չէր. Համիդեան ջարդեր՝ Սասուն, Վան, Կիլիկիայ, Ադանայի կոտորած, տեղական զանգուածային խոշտանգումներ…
Խօսում է թուրքի ատելութիւնը, չարութիւնն ու նախանձը խաղաղասէր, բարի, ազնիւ, աւանդապաշտ, պատմութիւն ու մշակոյթ ունեցող քրիստոնեայ մի ժողովրդի հանդէպ։
Ցեղասպանութիւնը լաւագոյն միջոցն էր կասեցնելու հայ բնակչութեան հասարակական, մշակութային եւ տնտեսական զարգացումն ու վերելքը, ազգային առաջադիմութիւնը. լաւագոյն առիթ էր նաեւ տիրանալու հայերի հարստութեանը՝ ստեղծուած տասնամեակների աշխատանքով։ Եւ ահա, առաջին համաշխարհային պատերազմը Երիտթուրքերի անմարդկային այս ծրագիրը իրականացնելու ամենայարմար առիթը հանդիսացաւ։
Հայ խաղաղ բնակչութեան կոտորածը, մէկ բառով՝ Ցեղասպանութիւնը, նախապէս ծրագրուած, հայերի կողմից ինքնապաշտպանութեան հնարաւոր որեւէ փորձ նախապէս կանխուած՝ սկսուեց նախ եւ առաջ Օսմանեան բանակում ծառայող աւելի քան հարիւր հազար զինուորների զինաթափումից։ Ապա նրանց ուղարկում էին ամենածանր, հիւծալի աշխատանքներ կատարելու։ Համաձայն անգլիական դեսպանի վկայութիւնների՝ բացարձակ խիզախութիւն էին ցուցաբերում հայ զինուորները, սակայն զինաթափմանը հետեւում էր դաժան սպանութիւնը։
Արդէն իսկ Օսմանեան կայսրութիւնում հայերին արգելուած էր զէնք կրել, վկայութիւն տալ դատարանում, սակայն՝ վճարել աւելի բարձր հարկեր, որպէս ոչ մուսուլման։ Իսկ Երիտթուրքերի խոստացուած քաղաքական բարեփոխումները, հաւասարութիւնը, երբեք էլ չիրականացաւ։ Քրիստոնեաները Համարւում էին երկրորդ կարգի քաղաքացիներ, որն էլ առաջ բերեց «Հայկական հարցը»՝ ինքնորոշում, յեղափոխութիւն, ինքնավարութիւն-ազատութիւն եւ հաւասարութեան ազգային պայքար։ Վկայութիւնների համաձայն, 1890ականների համիդեան ջարդերին զոհ դարձաւ շուրջ երեք հարիւր հազար հայ։ «Սուլթանի հայ հպատակները բառացիօրէն անպաշտպան են, ինչպէս գայլերով շրջապատուած ոչխարի հոտը», ասել է Քլիֆորդ Լլոյդ (Էրզրումում Մեծ Բրիտանիայի հիւպատոս, 1895թ.)
Յաջորդը քայլը, սոսկալի եւ նոյնքան դաժան, հայ մտաւորականութեան սպանդն էր։ Առկայ են բազմաթիւ վկայութիւններ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանեան կայսրութեան դաշնակից պետութիւններիԳերմանիայի, Աւստրոյ-Հունգարիայի եւ Բուլղարիայի արխիւային փաստաթղթերում։ «Ապրիլի 24-25ին Կոստանդնուպոլսում ձերբակալուել էին 235 հայեր՝ կառավարող գործիչներ հասարակութեան լաւագոյն շերտերից, դրանից երեք օր առաջ սկսուել էր մտաւորականութեան ձերբակալութիւնը եւ տեղահանութիւնը ամբողջ Անատոլիայի տարածքում: Նրանցից ոչ մէկի դէմ դատական գործ չյարուցուեց, մեծ մասը մահապատժի ենթարկուեց առանց դատական որոշման», իր աշխատութեան մէջ նշել է Քահանայ Է. Շտիրը Պոլսում: Մէկ այլ՝ իր «Հայերի բնաջնջումը Թուրքիայում» աշխատութեան մէջ Է. Շտիրը արձանագրել է. «1915 թ. Ապրիլի 24ի լոյս 25ի գիշերը Կ. Պոլսում յանկարծակի ձերբակալուեցին 600 հայ մտաւորականներ (պատգամաւորներ, գրողներ, հոգեւորականներ, բժիշկներ եւ այլն), եւ մի քանի օր անց առանց որեւէ մեղադրանքի եւ դատական որոշման նրանց տեղափոխեցին Փոքր Ասիայի խորքերը
Կ’ոնիայ»։ Համեմատելով ձերբակալուած հայերի թիւը՝ նա մէկ աշխատութեան մէջ նշել է 600, միւսում՝ 235, նկատի ունենալով 235ը զուտ հայ պաշտօնեաների ձերբակալութիւն, իսկ 600ը՝ հայ մտաւորականների, որոնց մէջ էին եւ հայ պաշտօնեաներ, եւ գրողներ, հոգեւորականներ, լրագրողներ, բժիշկներ ու այլք: Ձերբակալութիւնն ու աքսորը յատկապէս կապուած էր այն մտավախութեամբ, որ Կ. Պոլսում էին տեղակայուած եւրոպական երկրների դեսպանատները, եւ հայ մտաւորականները կարող էին բողոք ներկայացնել։
Ապրիլի 24ի լոյս 25ի գիշերը, Պոլսում կատարուած հայ մտաւորականութեան եղեռնի մասին պահպանուած արխիւները խիստ կարեւոր են եւ արժէքաւոր։ Յատկապէս՝ առանց մեղադրանք ներկայացնելու եւ անմիջապէս մտաւորականներին մահապատժի ենթարկելու վկայութիւնները, ինչպէս նաեւ փաստերը, որ ցեղասպանութեան գործընթացը սկսուել էր աւելի վաղ՝ Պոլիսի դէպքերից երեք օր առաջ. մինչեւ Ապրիլի 24ը թուրքական կառավարութիւնը արդէն սկսել էր իրագործել իր նախօրօք կազմած ծրագիրը: Այս իրողութիւնը հաստատել է նաեւ գերմանական մէկ այլ աղբիւր. «Որպէսզի մինչեւ կողոպուտը եւ բնաջնջումը հայ ժողովրդին ստիպէին լռել, արդէն Ապրիլի 28ի լոյս 29ի գիշերը Կոստանդնուպոլսի հայութեան բոլոր հոգեւոր առաջնորդներին, պատգամաւորներին, քաղաքական գործիչներին, ապա գրողներին, բժիշկներին, արուեստագէտներին եւ այլոց, անկախ կուսակցական ու կրօնական պատկանելութիւնից, ձերբակալել եւ մինչեւ լուսաբաց ուղարկել էին երկրի խորքերըԱնգորայ (Անկարայ), Կոնիայ, Դիարբեքիր»:
Երիտթուրքերի որդեգրած համաթուրքական եւ համաիսլամական քաղաքականութիւնը՝ հսկայածաւալ մի կայսրութիւն ստեղծել մինչեւ Չինաստան, ներառէալ Կովկաս, Միջին Ասիա՝ սկսուած էր արդէն Ապրիլ 24ի երեկոյեան, բայց եւ՝ շատ աւելի վաղ։ Բոլոր քրիստոնեայ ու իսլամացուած այլազգի փոքրամասնութիւնների թրքացման ծրագրի իրականացման խոչնդոտը նկատւում էր հայ բնակչութիւնը... եւ՝ նրանց պէտք է բնաջնջել, որոշեց դաժան թուրքը. «…մենք արդէն ազատուել ենք հայերի երեք քառորդից, նրանք այլեւս չկան Բիթլիսում, Վանում եւ Էրզրումում։ Հայերի եւ թուրքերի միջեւ հիմա ատելութիւնն այնքան ուժեղ է, որ մենք պէտք է վերջ տանք դրան։ Եթէ մենք չանենք դա, նրանք վրէժ կը լուծեն»,- ասել է Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարար Թալէաթը Ա.Մ.Ն. դեսպան Մօրգենթաուի հետ զրոյցում։
Կարմիր կիրակի, այսպէս են երբեմն կոչում Ապրիլ 24ի երեկոյեան Հայ մտաւորականների ձերբակալութեան տխուր յիշատակի օրը՝ հայ մտաւորականութեան Եղեռն. առաջին շրջան նախապէս ծրագրուած Հայոց Ցեղասպանութեան։ Այդ օրը հայ ազգը անվերադարձ կորցրեց հայ մտքի ու գաղափարի հզօր մարտիկներ Գրիգոր Զոհրապին, Դանիէլ Վարուժանին, Սիամանթոյին, ապա՝ Ռուբեն Զարդարեան, Արտաշէս Յարութիւնեան, Ռուբեն Սեւակ, Երուխան, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկեան, Թլկատինցի եւ այլք։ Շատ քչերը միայն, այդ թւում՝ Կոմիտասը, Վրթանես Փափազեանը, Արամ Անտոնեանը, Երուանդ Օտեանը, Թէոդիկը, Զաբել Եսայեանը (ցուցակագրուած միակ կին մտաւորականը) եւ այլք փրկուեցին։ Նրանցից ոմանք գրեցին յուշեր ու ստեղծագործութիւններ տեղահանումների մասին։ Ոմանք էլ ունեցան հոգեկան ծանր ապրումներ. Կոմիտասը մինչեւ իր մահը (1935) այլեւս ի վիճակի չէր ստեղծագործելու։ Միակ արտասահմանեան երկրի դեսպանը, ով փորձել է օգտակար լինել հայ մտաւորականների ազատ արձակմանը՝ Ա.Մ.Ն. դեսպան Հենրի Մօրգենթաուն էր: Նա բազմաթիւ վկայութիւններ է թողել Հայոց Եղեռնի իրականութեան մասին։
Ցաւալի էր յատկապէս, որ օտարերկրեայ դիւանագէտները հայ ժողովրդի բնաջնջման մասին իրենց երկիր տեղեկութիւններ էին ուղարկում միայն, երբ նկատում էին տուեալ երկրի տնտեսական շահերի անկում։ Ահա այսպիսի մի հաշուետուութիւն՝ «Հայերի հանդէպ չարագործութիւնների գրութիւններ» Հալէպում ամերիկայի հիւպատոս Ջ. Ջեկսոնի կողմից, 1915 թ. Օգոստոսի 3. «Պետական թուրք պաշտօնեաները ծաղրանքով հարցնում են, թէ ինչ են անելու ամերիկացիները հիմա միսիոներական հաստատութիւնների հետ, երբ իրենք ոչնչացնեն հայերին: Քանի որ ներքին առեւտրի 90%ը հայերի ձեռքում էր, արդիւնքն այն է, որ երկիրը կանգնած է փլուզման եզրին: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ գործարքների մեծ մասը կատարւում էր վարկով, ուստի հարիւրաւոր ոչ հայ առեւտրականներ կանգնած են սնանկութեան եզրին: Տեղահանութեան ենթարկուած տարածքներում, մի քանի բացառութեամբ, չի մնացել ոչ մի քարտաշ, կօշկակար, կաւագործ, դեղագործ, բժիշկ, իրաւաբան կամ որեւէ ծառայող կամ առեւտրական. երկիրը փաստօրէն կը յայտնուի անօգնական վիճակում»։
Այսպիսով, Համաձայն վկայութիւնների, հայ մտաւորականութեան ոչնչացումը, որպէս Հայոց 1915-1916 թթ. Ցեղասպանութեան իրականացման պետական քաղաքականութեան մէջ առանձին փուլ՝ հիմնաւորւում է յատկապէս Օսմանեան կայսրութեան դաշնակից երկրների արխիւային փաստաթղթերով: Ըստ որոշ աղբիւրների, այն ծրագրուել էր դեռեւս 1910-1911ին Սալոնիկում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշմամբ. կայսրութեան տարածքում բնակուող մուսուլմաններին թրքացնել, քրիստոնեաներին բնաջնջել եւ այս կերպ վերջ դնել Հայկական հարցին՝ համաձայն համաթուրքական եւ համաիսլամական գաղափարի սկզբունքի:
Ծրագրի հեղինակներն էին Թալէաթ փաշայ, էնուեր փաշայ, Ջեմալ փաշայ եւ ուրիշներ։
Թալէաթը գրել էր. «Մենք ցանկանում էինք թողնել մէկ հայ
այն էլ թանգարանում: Եթէ այդտեղապագայում, դուք կաք եւ կարդում էք այս նամակը, նշանակում է
մենք պարտուել ենք»։
2020 թուական. Ցեղասպանութեան 105րդ տարելիցի առիթով աշխարհասփիւռ հայ ժողովուրդը յիշում ու պահանջում է իր արդար դատը, հայրենի հողերը եւ իր նահատակների հոգու հանգստութեան համար պայքարը կը շարունակի մինչեւ ցանակալի յաղթանակ։ Նա ով չի ընդունի Ցեղասպանութիւնը՝ կը մնայ խոնարհուած արիւնալի սուտին։