Խմբագրական՝ «ՎԷՄ»ի
Բանալի բառեր. Իրաքեան Քրդստան, Արեւելեան Հարց, Հայկական Հարց, Քրդական Հարց, Սեւրի դաշնագիր, Հոյբուն, Աբդուլլահ Օջալան, Քրդստանի Աշխատաւորական Կուսակցութիւն (Ք.Ա.Կ.-PKK), Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցութիւն, Վիլսոնեան Հայաստան:
Իրաքեան Քրդստանի Սեպտեմբերի 25ի հանրաքուէով սկիզբ առած խոր յեղաբեկումները վերջին ամիսներին մեր տարածաշրջանում արձանագրուող աշխարհաքաղաքական լուրջ փոփոխութիւնների առաջին ծիծեռնակներն են:
Ծաւալուող գործընթացների հիմքում ընկած են ինչպէս տարածաշրջանի որոշ երկրների ընթացիկ-քաղաքական հաշուարկները, այնպէս էլ ողջ Մերձաւոր-Միջին Արեւելքի վերաձեւման ռազմավարական նպատակները: Առաջին առումով՝ դերակատարը Քրդստանի թիկունքին կանգնած Իսրայէլն է, որը փորձում է սոսկ հակակշիռ ձեւաւորել դէպի Միջերկրական ծով «շիայական միջանցք»ի ճարտարապետ Իրանի հանդէպ: Իսկ ահա երկրորդ իրողութիւնը պայմանաւորուած է «Մեծ Մերձաւոր Արեւելք» ծրագրի հեղինակ Միացեալ Նահանգների միանգամից մի քանի դաշտերում սկսած բարդ խաղով:
Դրանցից մէկը Հարաւային Կովկասն է, որտեղ արդէն սկսում են ճեղքեր տալ անցած դարի 20ական թուականներից տարածաշրջանն աքցանի մէջ վերցրած ռուս-թուրքական «մուրճ»ի ու «սալ»ի շօշափուկները: Մեր տարածաշրջանի հիւսիսում, Վրաստանում Ա.Մ.Ն.ը արդէն ամրապնդել է սեփական ներկայութիւնը, ուստի երբ հարաւում էլ ձեւաւորւում է Իրաքեան Քրդստանը, անխուսափելի է դառնում ողջ Արեւմուտքի առաջնային ուշադրութեան կենտրոնացումը Լեռնային Ղարաբաղի միջոցով տարածաշրջանի «աշխարհաքաղաքական ճօճանակ»ի վերածուած Հայաստանի վրայ: Միմեանց զուգահեռ սկիզբ առած ամերիկեան ու եւրոպական ճնշումները մի կողմից՝ Թուրքիայի, իսկ միւս կողմից՝ Ադրբեջանի հանդէպ, գալիս են հաստատելու այն իրողութիւնը, որ տարածաշրջանի կոտորակման եւ վերաինտեգրման (վերահամարկման) համար Միացեալ Նահանգներին ու Եւրոպային հարկաւոր են երկու հարեւան «աշխարհաքաղաքական բանտախցերում» պարփակուած Հայաստանն ու Քրդստանը:
Այդ բանտախցերից առաջինը ձեւաւորուել է Լենին-Աթաթուրք դաշինքով աւարտուած՝ Հայաստանի հողերի փուլային բաժանման արդիւնքում:
Իսկ ահա երկրորդը 1930ականների Սաադաբադի պակտով (դաշինքով, պայմանագիրով) Քրդական Հարցին բաժին ընկած մերձաւոր-միջին-արեւելեան աքցանն է:
Առաջինը փակում է հնարաւոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի ուղղահայեացը, իսկ երկրորդը՝ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր հայերի ու քրդերի ճակատագրերը հատւում են մէկը միւսի հետ, բայց այս անգամ ոչ թէ փոխադարձ շահերի անլուծելի հակասութեան, այլ երկու նեղլիկ «աշխարհաքաղաքական բանտախցեր»ի պատուհաններից ներս թափանցող լոյսի ճառագայթների խաչաձեւումի տեսքով: Այդ ճառագայթները լուսարձակում են հետեւեալ ակնյայտ իրողութիւնը. 20րդ դարասկզբի կատակլիզմների (աղէտի) արդիւնքում ժամանակաւորապէս տարբեր «բանտախցերում» յայտնուած Հայաստանն ու նոր ձեւաւորուող Քրդստանն իրականում սահմանակից երկրներ են: Իսկ երկու ժողովուրդներին վերջին երկու դարերի ընթացքում բաժին ընկած դժբախտութիւնների հիմնական պատճառն այն է, որ նրանք իրենց ընդհանուր սահմանի ուրուագծերը ժամանակին տարբեր կերպ են պատկերացրել:
Որովհետեւ ի տարբերութիւն դեռեւս 1878ին Արեւելեան Հարցից առանձնացուած եւ Օսմանեան Կայսրութեան կոտորակման գործընթացի հիմնական ազդակի վերածուած Հայկական Հարցի՝ Քրդական Հարցը միջազգային դիւանագիտութեան մէջ է մտել մօտ 40 տարի անց՝ Սեւրի դաշնագրով, որով յաղթական Անտանտի դաշնակից Հայաստանի Հանրապետութիւնը ձեռք է բերել պատմականօրէն իրեն պատկանող 6 վիլայէթների ու Հայկական Կիլիկիայի մօտ մէկ երրորդը՝ մնացածը զիջելով Թուրքիային եւ ապագայ Քրդստանին: Ասում ենք՝ ապագայ, քանի որ Սեւրով որոշւում էին միայն ինքնավարութիւն ստացող Քրդստանի մօտաւոր սահմանները, բայց ո՜չ կարգավիճակը, եւ վերջինս անկախանալու իրաւունք էր ստանալու, եթէ մէկ տարուայ ընթացքում դիմէր Ազգերի Լիգայի խորհրդին:
Մինչդեռ Եւրոպայում հաստատուած Երիտթուրքերի յորդորներով՝ օրուան քրդական վերնախաւն աւելին ստանալու նպատակով Ֆրանսիա ուղարկեց Շերիֆ փաշայի պատուիրակութիւնը եւ յաւակնութիւններ յայտնեց առանց այդ էլ երեք մասերի տրոհուող հայկական հողերի՝ հայերին բաժին ընկած հատուածի հանդէպ: Միւս կողմից էլ՝ տարուելով իր բառապաշարում լայնօրէն «Քրդստան» հասկացութիւնն օգտագործող Մուստաֆա Քեմալի խոստումներով՝ քրդերն ակտիւօրէն մասնակցեցին նրա գլխաւորած ազգայնական շարժմանը եւ Հայաստանի դէմ սանձազերծուած պատերազմին:
Քեմալի հետ գործակցելու ճանապարհով քրդերը յոյս ունէին պահպանելու Հայոց Ցեղասպանութեան արդիւնքում ձեռք բերած ահռելի թալանը, իսկ Հայաստանի ոչնչացումով՝ ազատուելու Ցեղասպանութեան մէջ յանցակիցի խարանից, բայց կրկնակի անգամ խաբուելով՝ այդպէս էլ ոչինչ չստացան: Փոխարէնն իր իշխանութեան ամրապնդումից յետոյ՝ 1922-1923 թուականներից, Քեմալն անցաւ քրդերի ճնշման եւ ուծացման քաղաքականութեանը: Այդ պայմաններում 1920ականների կէսերից սկիզբ առած քրդերի հակաթուրք ելոյթների ընթացքում, աստիճանաբար, բիւրեղացաւ հայ-քրդական փոխ-բացասող յաւակնութիւնները մի կողմ դնելու եւ ընդհանուր թշնամու դէմ ուժերը համախմբելու անհրաժեշտութեան գիտակցումը: Դրանցից ամենահզօրի՝ Արարատի 1926-1930թթ. ապստամբութեան պարտութիւնը բացայայտեց նաեւ այն իրողութիւնը, որ ինչպէս հայ, այնպէս էլ քուրդ ժողովուրդների անկախութիւն ձեռք բերելու խնդիրը բախւում է ոչ միայն թուրքական բռնապետութեան, այլեւ վերջին պահին նրան անպայման օգնութեան հասնող Խորհրդային Ռուսաստանի եւ ապա Խ.Ս.Հ.Մ.ի հակազդեցութեանը, ինչը եւ դարձաւ այդ ապստամբութեան պարտութեան խորքային պատճառը:
Ուստի՝ այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում պահպանւում էր ժամանակին Սիմոն Վրացեանի մատնանշած ռուսական «մուրճ»ի ու թուրքական «սալ»ի արտաքուստ հակադիր, սակայն իր էութեան մէջ միասնական աքցանի հզօր ներգործութիւնը, ո՛չ հայ եւ ոչ էլ քուրդ ժողովուրդներն ի վիճակի էին հասնելու իրենց ազգային իղձերի իրականացմանը:
Դրա նոր ու ամենավերջին վկայութիւնը Խ.Ս.Հ.Մ.ի անմիջական աջակցութեամբ 1978թ. հիմնուած եւ 1984թ. Թուրքիայի դէմ զինեալ պայքար սկսած Քրդստանի Աշխատաւորական Կուսակցութեան արիւնոտ պայքարի տեղատուութիւնն էր, որի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը վերջում անգամ քաղաքական ապաստան չստացաւ Ռուսաստանում եւ Արեւմուտքի հետ իրականացուած «պրիմակովեան աճուրդում» վերածուեց պարզ մանրադրամի, ուստիեւ երկրէ-երկիր դեգերելուց յետոյ ի վերջոյ առեւանգուեց Թուրքիայի յատուկ ծառայութիւնների կողմից:
Ասուածից ակնյայտ է դառնում, որ տարածաշրջանում սկիզբ առնող աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում երկու բախտակից ժողովուրդները կա՛մ մշակելու են ռազմավարական հեռանկարի ընդհանուր տեսլական, կամ էլ յայտնուելու են քրդերի ցեղասպանութեան ու Հայաստանի պատմական հեռանկարի կորստեան վտանգի առաջ: Ընդ որում խնդրի լուծումն աւելի հրատապ է հէնց քրդական կողմի համար, որի ներկայ քաղաքական յայտի լեգիտիմութիւնը (օրինականութիւնը) չի ճանաչւում հարեւան երկրների կողմից:
Թուրքերը, արաբները, իրանցիները՝ իւրաքանչիւրն իրենց դիտանկիւնից, մերժում են քրդերի ինքնորոշման իրաւունքը, իսկ քրդական հայրենիքի գաղափարը պարզապէս նոնսենս (անհեթեթ, անիմաստ) են համարում: Իրանի արեւմուտքում ձեւաւորուած, Միջագետքի հիւսիսում բնաւորուած եւ ապա դէպի Սիրիա ու Հայաստան տարածուած քրդերի մեծ մասն այսօր ոչ միայն հեռու է իր պատմական հայրենիքից, այլեւ նրա յստակ ընկալումն էլ չունի: Դրան գումարւում է նաեւ Թուրքիայում բնակուող նրանց մի խոշոր հատուածի ուծացման իրողութիւնը եւ նոյն գործընթացների տարածումը նաեւ այլ երկրներում:
Ուստի թէեւ ողջ 20րդ դարի ընթացքում Հոյբունն ու Ք.Ա.Կ.ն (PKK) կենտրոնացել էին Թուրքիայի հարաւ-արեւելքում քրդական պետութիւն հիմնելու խնդրի վրայ, բայց այսօր Քրդստանը ստեղծւում է Իրաքի տարածքում: Այս կապակցութեամբ Թուրքիայի Իմրալի կղզու բանտում գտնուող Ք.Ա.Կ.ի հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը վերջերս հրատարակուած իր հատորներից մէկում դառնութեամբ նկատել է, որ Իրաքեան Քրդստանի ճակատագիրն իրեն յիշեցնում է Ցեղասպանութիւնից փրկուած «Փոքր Հայաստան»ի ճակատագիրը: Նա գրում է.- ««Իրաքեան Քրդստան» կոչուող երեւոյթը քաղաքական բեմահարթակին յայտնուել է այն ձեւով, ինչը նման է հետեւեալին. ճիշդ այնպէս, ինչպէս ի պատասխան հելլէնների ու հայերի կողմից իրենց պատմական հայրենիքի կորստի՝ նրանց տրամադրուել է իւրայատուկ դիետիկ (սննդականոնային) սննդաբաժին՝ հայրենիքի փոքր կտորի տեսքով»: Սա խիստ կարեւոր խոստովանութիւն է Թուրքիայի արեւելեան երկրամասների պատկանելութեան վերաբերեալ:
Բայց ահա Ա. Օջալանի ազգակիցների մի մասն այդ «դիետիկ սննդաբաժնի հանդէպ այլ վերաբերմունք ունի: Նրանք նման կերակրատեսակը դիտարկում են որպէս 40 միլիոնի հասնող իրենց հայրենակիցներին կազդուրելու համար անհրաժեշտ նախաճաշ՝ Հարաւային Քրդստանի տեսքով, որին հետեւելու է ճաշը՝ Արեւմտեան Քրդստանի ստեղծումով (ներկայիս Սիրիայի տարածքում), ապա ընթրիքը՝ որպէս «Հիւսիսային Քրդստան» (ներկայիս Թուրքիայի ողջ արեւելքը, այդ թւում՝ Վիլսոնեան Հայաստանը), իսկ վերջում էլ աղանդերը՝ Արեւելեան Քրդստանի (ներկայիս Իրանի տարածք) տեսքով: Ընդ որում՝ քրդերի ամենախոշոր զանգուածը եւ դրանով պայմանաւորուող ամենամեծ յաւակնութիւնները Թուրքիայի տարածքում են՝ թուրք-սիրիական ու թուրք-իրաքեան սահմանագծից հիւսիս-արեւմուտքում հասնելով մինչեւ Դերսիմի, իսկ հիւսիս-արեւելքում՝ Արարատով պսակուող Հայկական պարի լեռները, քանի որ զազաներին նոյնպէս նրանք համարում են իրենց ցեղակիցներ, իսկ հայերին, ասորիներին ու միւս ժողովուրդներին դիտում են սոսկ որպէս ապագայ «Դեմոկրատական կոնֆեդերատիւ Քրդստան»ի լիիրաւ քաղաքացիներ: Դրա համար են Թուրքիայի քրդերն այսօր նախկին «Միացեալ եւ անկախ Քրդստան»ի պահանջը քողարկել դեմոկրատական-կոնֆեդերատիւ Քրդստանի տեսլականով՝ Ք.Ա.Կ.ի հիմքի վրայ ստեղծելով նրա քաղաքական թեւն ի դէմս Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցութեան (HDP), որն իր ներկայացուցիչներն ունի այդ երկրի խորհրդարանում: Այսինքն՝ քրդերն այնքան են առաջադիմել, որ լիուլի իւրացրել են բասկերի, իռլանդացիների եւ եւրոպական այլ ժողովուրդների պայքարի հարուստ փորձը, բայց միեւնոյն ժամանակ նաեւ այնքան են կտրուել իրականութիւնից, որ «մոռացել են» ըմբռնել մեր տարածաշրջանի կոտորակման արեւմտեան քաղաքականութեան հիմնական իմաստը՝ Մեծ Թուրքիան Մեծ Քրդստանով փոխարինելու նպատակի կատարեալ բացակայութիւնը:
Ուրեմն Հայկական լեռնաշխարհի քարտէզի վերաձեւումը պարզապէս անհնար է իրականացնել առանց նրա տիտղոսակիր պետութեան ու ազգի՝ Հայաստանի ու հայութեան ակտիւ մասնակցութեան: Իսկ դրանում հայկական յաւակնութիւններն ամէնեւին էլ «Մեծ Հայաստան»ի պահանջ չեն, քանի որ Վիլսոնեան Հայաստանն ու Հայաստանի Հանրապետութիւնը կազմում են հայկական պատմական հողերի մօտ մէկ երրորդը: Նման քաղաքական յայտով մենք յաւակնում ենք միայն Նոր ու Նորագոյն Ժամանակների միջազգային իրաւունքով մեզ պատկանող Արեւմտեան Հայաստանի տարածքների մի մասին, այսինքն՝ Սան Ռեմօ-Սեւր-Վիլսոնի Իրաւարար վճիռ երկ-միասնական փաթեթին (ծրարին)՝ ելքով դէպի Սեւ ծով: Իսկ Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի (Կարինի) նահանգներն ինչպէս Ռուսաստանի կողմից 1917ին ճանաչուել են որպէս «հնուց ի վեր հայկական», այնպէս էլ 1920ին դաշնակիցների ջանքերով պայմանագրային եւ արբիտրաժային (իրաւարարական) ամրագրում են ստացել որպէս Սեւրի դաշնագիր ու Վիլսոնի Իրաւարար վճիռ: Մինչեւ Հոկտեմբերեան յեղաշրջումը Հայկական Հարցի շուրջ Ռուսաստան-Արեւմուտք խորքային հակասութիւնները յաղթահարուել են, իսկ ահա բոլշեւիզմը, ինչպէս յայտնի է, որեւէ կապ չունէր ռուսական ազգային շահի հետ:
1920թ. Նոյեմբերի 22ի իր Իրաւարար վճռով՝ ժամանակի մեծագոյն դեմոկրատ Վ. Վիլսոնը յստակօրէն երեք մասի է բաժանել հայկական պատմական հողերը, որպէսզի նրանց համար պայքարող երեք ժողովուրդներից որեւէ մէկը դժգոհ չմնայ: Դա է եղել քաղաքակիրթ աշխարհի վերդիկտը (վճիռը), որի իրականացումը Լենին-Աթաթուրք դաշինքի ձեւաւորումով յետաձգուել է, բայց չի հանուել գեր-տերութիւնների հեռահար-ռազմավարական օրակարգերից: Ուրեմն եթէ տարածաշրջանում սկիզբ առած յեղաբեկումների պայմաններում երկու բախտակից ժողովուրդների մօտ բացակայում է ռազմավարական հեռանկարի ընդհանուր ընկալումը, ապա քրդերի ցեղասպանութեան ու Հայաստանի պատմական հեռանկարի կորստեան վտանգները միասնաբար յաղթահարելու համար մնում է մէկ ճանապարհ՝ Վ. Վիլսոնի կողմից ժամանակին իրականացուած արբիտրաժի արդիւնքների ընդունումը:
Պատճառն ակնյայտ է. ինչպէս 1878 թուականին բալկանեան ժողովուրդներին իր վերահսկողութեան տակ պահելու համար օսմանեան վերնախաւը խրախուսեց Կ. Պոլսի Հայոց պատրիաքարանի կողմից Բեռլին պատուիրակութիւն ուղարկելու քայլը՝ երկրի անդամահատումը նրա մասերի ինքնավարութեամբ փոխարինելու նպատակով, այնպէս էլ 1920 թուականին Սեւրի պայմանագրով Հայաստանի առանձնացումը կանխելու համար երիտթուրքերը եւ ապա քեմալականները խրախուսեցին Փարիզ մեկնած Շերիֆ փաշային ու քրդական շրջանակներին՝ նրանց խոստանալով ինքնավարութիւն: Ուստի բնական է, որ այսօր էլ Քրդական Հարցի լուծումը ձախողելու համար թուրքական սադրիչ քարոզչամեքենան արդէն սկսել է խօսել քրդերի ձգտումների ու «Մեծ Հայաստան»ի հայկական տեսլականի անլուծելի հակասութեան մասին: Ուրեմն այս անգամ էլ Հայկական Հարցն է խաղարկուելու Թուրքիայի կողմից՝ քրդերի յաւակնութիւնները զսպելու եւ ապա նրանց ցեղասպանութիւնն ու դուրս մղումն «արդարացնելու» համար:
Հետեւութիւնը մէ՛կն է. երկու ժողովուրդները կարող են խուսափել թուրքական խարդաւանքների նոյն կարուսելի մէջ երրորդ անգամ պտտուելու հեռանկարից միայն ու միայն մի դէպքում. եթէ իբրեւ հիմք ընդունեն արդէն իսկ կայացած վիլսոնեան արբիտրաժի արդիւնքները: Իսկ դրա համար նրանք դեռեւս մտածելու ժամանակ ունեն, որովհետեւ մինչ այդ պարտաւոր են գիտակցելու իրենց առջեւ բացուող յստակ աշխարհաքաղաքական տեսլականը: Տարածաշրջանային ստատուս-քուոյի պահպանման համար ներկայումս ձեւաւորուած Ռուսաստան-Թուրքիա-Իրան «մարտավարական եռանկիւնին» քաղաքակրթական ընդհանուր հիմք չունի եւ տեսանելի հեռանկարում պայթեցուելու է հէնց իր՝ Ռուսաստանի կողմից: Որովհետեւ Ռուսաստան-Արեւմուտք ներկայ դիմակայութեան հիմքում ընկած է ոչ թէ կողմերի հեռանկարային շահերի անլուծելի հակասութիւնը, այլ դեռեւս 19րդ դարում ռուս-բրիտանական յարաբերութիւններում արձանագրուած եւ ի վերջոյ Անտանտի ձեւաւորմանը յանգեցրած մրցակցութեան ու համագործակցութեան հանգրուանների յաջորդականութեան սխեման (ուրուագիծը): Ներկայումս պայքարը տեղափոխուել է 2018թ. Մարտին Ռուսաստանում առկայ վարչակարգի վերարտադրութեան տարբերակների շուրջ ընթացող ստուերային առեւտրի հարթութիւն, որում «ազնիւ մակլեր»ի դերն իրենց վրայ են վերցրել Իսրայէլն ու Ա.Մ.Ն.ի հրէական լոբբին: Սա ցոյց է տալիս, որ ինչպէս Քրդական, այնպէս էլ Հայկական Հարցերը վաղ թէ ուշ դառնալու են ոչ թէ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայութեան, այլ մրցակցութեան ու համագործակցութեան առարկաները:
Ուրեմն գլոբալ (համաշխարհային) մակարդակի վրայ՝ աշխարհաքաղաքական տեղաշարժերի տեսանելի հեռանկարում, Իրաքի, Սիրիայի եւ ապա Թուրքիայի բաժանման խնդիրն իրական է՝ որպէս Նոր Անտանտայի ձեւաւորման հանգրուանային գործընթացի անխուսափելի հետեւանք: Սակայն կարճաժամկէտ առումով՝ տարածաշրջանային ուժերի ներկայ դասաւորութեան պայմաններում, Քրդական Հարցի հետագայ սրումը յանգեցնելու է նրան, որ Իրաքեան Քրդստանը, վերածուելով Թուրքիայի, Իրանի ու Իրաքի ընդհանուր թիրախի, առաւելագոյնը ստանալու է Իրաքը կոնֆեդերացիայի (համադաշնակցութեան) վերածելու հնարաւորութիւն:
Նման պայմաններում քրդերը չպէտք է շտապեն Սեպտեմբերի 25ին իրենց ձեռք բերած անկախութեանը հռչակագրային տեսք տալու հարցում: Իսկ հայերն իրենց հերթին, չպէտք է ոգեւորուեն Ղարաբաղի հարցում ստացած «շնչառութեան վերականգման» հնարաւորութիւնից եւ առաջիկայում Թուրքայի դիրքորոշումներում հնարաւոր «մեղմացումներից»:
Իրաքեան Քրդստանի անկախութեան հանրաքուէով սկիզբ առած գործընթացները վկայում են, որ աշխարհաքաղաքական տեղաշարժերի «գնացքը» պոկուել է իր տեղից եւ դանդաղօրէն արագութիւն է հաւաքում: Նորին մեծութիւն ժամանակը աշխատում է ճնշուած ու իրաւազրկուած ժողովուրդների օգտին, ուստի նրանից առաջ ընկնելու փոխարէն հայերն ու քրդերը իրենց ներկայ «աշխարհաքաղաքական բանտախցերից» պէտք է լայն երկխօսութիւն սկսեն միմեանց հետ՝ ազատօրէն քննարկելով փոխադարձ անվստահութեան պատճառ հանդիսացող նիւթերը՝ սկսած Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնից մինչեւ Հայաստանի ու Քրդստանի ապագայ սահմանների ու բարի-դրացիութեան հարցերը: