Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեան շնորհաւորական ուղերձ յղեց Յունաստանի նախագահ Քաթերինա Սաքելլարոփուլուին, նշելով՝ «Հայաստանը կարեւորում է Յունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի եւ փոխադարձ յարգանքի վրայ խարսխուած դարաւոր բարեկամութիւնը, որն ամուր հիմք է միջպետական յարաբերութիւնների շարունակական զարգացման եւ ընդլայնման համար»:
Նաեւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորեց Յունաստանի վարչապետ Քիրիաքօ Միցոթաքիսին ի միջի այլոց նշելով՝ «լիայոյս եմ, որ առաջիկայում եւս երկկողմ համագործակցութեան բոլոր մակարդակների առաջմղման, ինչպէս նաեւ բազմակողմ, այդ թւում՝ Հայաստան-Յունաստան-Կիպրոս եռակողմ հարթակներում փոխգործակցութեան խթանման ուղղուած ջանքերն իրենց նպաստը կը բերեն հայ եւ յոյն ժողովուրդների անվտանգութեան ու բարօրութեան»:
Յունաստանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիգրան Մկրտչեան, շնորհաւորելով Յունաստանի անկախութեան տօնը ի միջի այլոց նշեց՝ «մաղթում եմ նորանոր յաջողութիւններ եւ բարօրութիւն, իսկ երկու երկրների միջեւ արդիւնաւետ համագործակցութեանը՝ ընդլայնում եւ զարգացում՝ ի շահ հայ-յունական արիւնակցական եղբայրութեան»։