Նիկոլայ Նիկոլայիդիս
Երեւանի «Պոնտի» յունական համայնքի երիտասարդ թեւի ներկայացուցիչ
Ագապի Խուրշուդեան
Երեւանի «Պոնտի» յունական համայնքի մշակոյթի գծով տեղակալ
Հնադարեան Հայաստանում չկայ մի տեղ, մի անկիւն, որ չունենայ պատմական հարուստ անցեալ ու կարեւոր նշանակութիւն: Երկրի հարաւ-արեւելեան մասում, լեռների միջեւ, նեղ արահետով հոսող Ողջի գետի վերին հոսանքում է գտնւում Սիւնեաց աշխարհի կենտրոն Կապան (Ղափան) քաղաքը, որը՝ ունենալով հետաքրքիր աշխարհագրական դիրք, միաձուլուած է բնութեանը, գտնուելով անտառի մէջ: Ահա այս անզուգական բնութեան գրկում ժամանակին իրենց հետքն են թողել յոյները, որոնք XIX դարում եղել են Կապանի նշանաւոր հանքարդիւնաբերողները:
XVIII դարի 60ական թուականներին Վրաց Հերակլ Բ. թագաւորի հրաւէրով, «արխիմետալուրգ» Թէոդորոս Խաջիֆոտովի առաջնորդութեամբ՝ լեռնարդիւնաբերող 800 յոյն ընտանիք Պոնտոս երկրամասից, հիմնականում՝ Արգիրուպոլիս (Գիւմուշխանէ) քաղաքից, ինչպէս նաեւ Կարինից (Էրզրումից), տեղափոխւում են Հայաստանի հիւսիս՝ պղնձի, արծաթի, ոսկու հանքերը օգտագործելու նպատակով: XIX դարի սկզբին յոյն հանքափորների մի մասն անցնում է Սիւնիք՝ Կապանին յարակից տարածք, որտեղ նրանք գործարկում են լեռնարդիւնահանող պղնձաձուլական գործարաններ: Դրանից առաջինը Ողջի գետի ձախ ափին 1857 թ. բացուած Հալիձորի գործարանն էր, որը աշխատեց մինչեւ 1910 թ.: Իսկ երկրորդը Կապանից հիւսիս 6 ք.մ. հեռաւորութեան վրայ Սայադ լերան մօտ Կաւարտի գործարանն էր, որը գործեց 1850-1918 թթ., ընդորում 1871 թ. գործարանը տեղափոխուել էր Ողջի գետի ափին: Կաւարտի գործարանն իր արտադրողականութեամբ գրաւում էր երկրորդ տեղը, իսկ նշեալ երկու գործարաններում 1846 թ. դրութեամբ աշխատում էին Պոնտոսից տեղափոխուած 150 յոյն հանքագործներ: Յոյները գործարկում էին նաեւ մօտակայ Կատար գիւղի պղնձահանքերը, իսկ Նորաշէնիկ գիւղի մօտ յոյն Լազարեւ եղբայրները բացել էին Լազարեւեան գործարանը, որտեղ աշխատողների քանակը հասնում էր 100-185 հոգու:
Ուղղափառ յոյները, ապրելով հայոց լեռնաշխարհում, հիմնեցին հոգեւոր-մշակութային կառոյցներ, որոնք պատմութեան լուռ վկաներ են, քարակերտ տարեգրութիւններ…
Մասնագէտների գնահատմամբ, այդ կառոյցներից իւրօրինակ եւ մեծարժէք է Կաւարտի յունական Սուրբ Խարալամպոս եկեղեցին: Այն կառուցուել է 1861-1865 թթ. Կապանից 5-6 ք.մ. հեռաւորութեամբ, Որսասար լերան բարձունքի վրայ, Բաշքենդ («Գլխաւոր գիւղ») յունաբնակ գիւղում, որտեղ բնակւում էին 128 յոյն պղնձագործներ՝ Խարալապմոս Կունդուրովի եւ նրա վեց եղբայրների գլխաւորութեամբ: Ցաւօք, քիչ բան է յայտնի Խարալամպոսի մասին: Գիտենք, որ նա էր եօթը եղբայրներից աւագը, քանի որ, ելնելով Հ.Հ. Ազգային Արխիւում պահուող տուեալներից (ֆոնդ 47, ցուցակ 2, գործ 351), նրա կին Ելենան 1883 թ. մահացել է 88 տարեկանում եւ թաղուել եկեղեցուն կից գերեզմանատանը: Խարալամպոսը Հայաստան էր եկել Արգիրուպոլսի շրջանի Կրոմն աւանից, աշխատել Զանգեզուրի, Ագարակի հանքերում ու պնղձաձուլական գործարանում, յետոյ՝ Քաջարանի գործարանում: Խարալապոսը գլխաւորում էր Կաւարտի պղնձաձուլարանը եւ հէնց նա է եղել Սբ. Խարալապոս եկեղեցու շինարարութեան հովանաւորը, ինչի մասին վկայում է եկեղեցու շինարարական արձանագրութիւնը՝ փորագրուած ռուսերէն լեզուով: Դժբախտաբար, արձանագրութիւնն ընկել է իր տեղից ու բաւականին վնասուել: Այժմ այն պահպանւում է Կապանի երկրագիտական թանգարանում: Արձանագրութեան վերծանումը լուսաբանում է տաճարի կառուցման հետեւեալ մանրամասները.
«Փրկչական 1865 թուականին՝ համայն Ռուսիոյ ինքնակալ Ալեքսանդր Բ. Կայսեր թագաւորութեան ժամանակ, Կովկասի փոխարքայ մեծն իշխան Միխայիլ Նիկոլայեւիչի, Վրաստանի փոխանորդ գերաշնորհ Եւլոգիոս Արքեպիսկոպոսի օրօք, տաճարն այս կառուցուեց յանուն սրբազան մարտիրոս Խարալամպոսի, Կաւարտի պղնձաձուլական գործարանի կից, Թուրքիայի Գյումուշխանէ փաշայութեան Կրոմն տեղանքի բնակիչ Խարալամպոս Կունդուրովի հովանաւորութամբ, որը գլուխն է այս… »:
Եկեղեցին խաչաձեւ գմբէթաւոր շինութիւն է՝ կառուցուած ոչ տեղական մուգ դարչնագոյն տուֆաքարի (քարացած հրաբխային ապակու եւ պեմզայի մոխիր) եւ բազալտի (հրաբխային դիմացկուն ապար) համադրումով, արտաքին մասում սրբատաշ քարեր են: Քիւերի, պատուհանների բացուածքների շրջանակների համար օգտագործուած են սպիտակադեղնաւուն կրաքարեր՝ ստեղծելով հետաքրքիր գունային երանգ: Գմբէթի թմբուկն ութանիստ է, իսկ ծածկը եղել է կորնթարդ-սլացիկ՝ պատուած լինելով պղնձէ թիթեղներով: Տաճարն ունեցել է կղմինտրէ երկլանջ տանիք: Չորս անկիւններում ունեցել է փոքր գմբէթներ: Արեւմտեան մասում կրկնայարկ զանգակատունն է, որի աշտարակաձեւ տանիքը եւս պատուած է եղել է պղնձեայ թիթեղներով:
Ներսից պատերը յարդարուած են կրաշաղախէ սուաղով, իսկ գմբեթը յենւում է 50ս.մ. տրամագծով չորս կլոր սիւների վրայ: Յատակը բնական քարէ սալերից է: Տաճարը միախորան է՝ կից երկու կիսաշրջանաձեւ աւանդատներով, ունի մէկ մուտք՝ արեւմուտքից:
Կաւարտի եկեղեցում ամէն տարի Փետրուարի 10ին (հին տոմարով 23ին), նշւում էր Բ. դարում նահատակուած սուրբ Խարալամպոսի տօնը: Այդ օրը իւրայատուկ ազդակ էր գարնանային աշխատանքների սկզբի համար:
Պահպանուել է Սբ. Խարալամպոս եկեղեցու չափաբերական մատեանը (ռուսերէն լեզուով), որտեղ գրանցուած են Կաւարտի ծնունդները, ամուսնութիւներն ու մահերը (Հ.Հ. Ազգային արխիւ, ֆ.47, ց. 2, գ. 351): Մատեանի գրառումները վերաբերում են 1871-1889 թթ: Դրանցից յայտնի է դառնում, որ եկեղեցում սպասաւորած հոգեւորականները եղել են բացառաբար յոյներ: Մատեանում յիշատակուած են հայաստանաբնակ պոնտացի յոյների նախկին բնակավայրերը, օրինակ՝ Տրապիզոնի մարզի Կրոմնի, Կարսի մարզի Օլուկլու գիւղերը: Տարածաշրջանի յոյն ազգաբնակչութեան բնականոն կեանքը շարունակուեց մինչեւ XX դ. սկիզբը:
XX դարի սկզբին յոյներն սկսեցին հեռանալ Սիւնիքից՝ շրջանում տիրող ներքին եւ արտաքին անկայուն վիճակի, պատերազմների պատճառով, որոնց հետեւանքով խիստ դժուարանում էին հանքերի ոգտագործումը: Յոյների զանգուածային արտագաղթը տեղի ունեցաւ 1918-1921թթ., քանի որ Հայաստանը 1920 թ. Դեկտեմբեր 2ին խորհրդայնացուեց, իսկ մէկ տարի անց պետականացուեցին բոլոր արտադրութիւնները, հողերը, ընդերքը: Սիւնիքում մնացին սակաւաթիւ յոյներ, որոնց մի մասը փոխեց իր յունական ազգանունները, որպէսզի կարողանայ շարունակել կեանքն իրենց նոր հայրենիքում՝ Հայաստանում:
Ահա այսպէս լքուեց կեանքով եռուն Կաւարտը. գիւղը անհետրացաւ, լռեցին եկեղեցու զանգերը…Սակայն դեռ կանգուն է եկեղեցին…
Եկեղեցի, որի կատարելութեան առջեւ խոնարհուել են նոյնիսկ անաստուած կոմունիստները. խորհրդային տարիներին Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից իրականացուել է տաճարի որակեալ ամրակայում, հայկական հին տեխնոլոգիայով՝ երկաթեայ ամրագօտիներով ամրացուել են կառոյցի քարերը, որի շնորհիւ էլ եկեղեցին դիմակայել է շրջակայ հանքերի օգտագործման ամէնօրեայ պայթեցումներին:
Յունական ոգու վառ արտայայտութիւնը ու սիւնեցի յոյների պատմական ներկայութեան հաւաստողը՝ Սբ. Խարալամոսը՝ իր տեսակի մէջ եզակի մի յուշարձան, Հայաստանի ամէնէն գեղեցիկ յունական տաճարը, այսօր կանգնած է մենաւոր, խիստ վթարային վիճակում՝ ընդերքում ունենալով օգտագործուած հանքեր, բազմաթիւ ստորգետնեայ փլուածքներ, հարաւ- արեւմտեան եւ հիւսիսային կողմերում բացուած վէրքեր:
Տաճարը քայքայւում է նաեւ արտաքին բնակլիմայական պայմաններից եւ բուսածածկոյթի պատճառով (տանիքը բացակայում է): Ամէն վայրկեան այն կարող է մէկընդմիշտ փուլ գալ երկրաշարժերից, յաճախակի սողանքներից: Արդէն իսկ տաճարի պատերին այսօր առկայ են բազմաթիւ ճեղքեր, որոնք գնալով աւելանում են: Բայց Սբ. Խարալամպոսը դեռ կանգուն է, դեռ դիմանում է՝ իր վեհ կեցուածքով դիմաւորելով հայոց աշխարհի արշալոյսերն ու ճանապարհելով մայրամուտները: Նա բարենորոգման, փրկութեան կարիքն ունի՝ նոր ու մշտամնայ կեանքի համար: Երանի՜ թէ նոր «Խարալամպոս Կունդուրովներ» գտնուէին, որոնք լուսապայծառ իրականութիւն կը դարձնէին հերոս եկեղեցու ապրելու փափաքը: