Յունաստանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 32-րդ տարեդարձի եւ Հայաստանում ու Յունաստանում դիւանագիտական առաքելութիւնների փոխադարձ բացման 30-ամեակի առթիւ Աթէնքի Կապոդիստրիայի անուան պետական համալսարանի «Կոստիս Պալամաս» մշակութային կենտրոնի շէնքում կազմակերպեց միջոցառում, որը ներառում էր դեսպան Վահէ Գաբրիէլեանի հեղինակած ֆոտոցուցահանդէսի բացումը՝ «Հայաստանը եւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգութիւնը» վերտառութեամբ, ինչպէս նաեւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նիւթական արժէքների մէջ ներառուած Արամ Խաչատրեանի երաժշտական ժառանգութեան համառօտ ներկայացումը Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինէ Գրիգորեանի եւ Սոնա Բարսեղեանի կատարմամբ:
Միջոցառմանը ներկայ էին Յունաստանում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներ, դիւանագէտներ, ռազմական կցորդներ, պետական իշխանութիւնների եւ կառոյցների ներկայացուցիչներ, հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ այլ հիւրեր։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ Յունաստանի զարգացման եւ ներդրումների նախարար Ադոնիս Գէորգիադիսը, Միգրացիայի նախարար Դիմիտրիս Կերիդիսը, ինչպէս նաեւ Արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը։
Բացման խօսքով հանդէս եկաւ Յունաստանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Մկրտչեանը, ով իր ելոյթում կենտրոնացաւ արցախահայերի էթնիկ զտման եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծուած իրավիճակին.
«Մէկ այլ իրականութեան պայմաններում ես այսօր պէտք է խօսէի հայ-յունական եղբայրական յարաբերութիւնների, վերջին տարիներին այդ յարաբերութիւններում արձանագրուած առաջընթացի, քաղաքական երկխօսութեան, ռազմական, տնտեսական համագործակցութեան, խորհրդարանական գործընկերութեան ու առկայ յարաբերութիւններն է՛լ աւելի խորացնելու ու զարգացնելու հեռանկարների մասին: Ցաւօք, այսօրեայ հայկական քաղաքական օրակարգը մեր անկախութեան շուրջ 3 տասնամեակի ընթացքում երբեւէ չի եղել այսքան ծանր ու մտահոգիչ, ու աւելի ծանր սրտով թերեւս երբեք չի նշուել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը, քան այսօր։ Ծանր սրտով, քանի որ, ինչպէս գիտէք, Սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինուած ուժերը նախաձեռնեցին հերթական ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դէմ՝ յանցաւոր կերպով անխնայ օդային ռմբակոծութեան ենթարկելով քաղաքներն ու գիւղերը՝ պատճառելով 300-ից աւել զոհեր, 400-ից աւել վիրաւորներ, 1000-ից աւել անհետ կորածներ, որոնց մէջ մեծ թիւ էին կազմում նաեւ քաղաքացիական անձինք, այդ թւում՝ երեխաներ, կանայք ու տարէցներ»։
Դեսպան Մկրտչեանն իր խօսքում նշեց նաեւ հետեւեալը.
«Մենք երկար ենք մտածել՝ արդեօ՞ք նման իրավիճակում պէտք է նշել Հայաստանի անկախութեան օրը եւ Հայաստանում ու Յունաստանում փոխադարձաբար դիւանագիտական առաքելութիւնների բացմանը 30-ամեակը, թէ՝ ոչ: Հաւատացէք, հեշտ չի տրուել մեզ այս որոշումը, որովհետեւ շա՜տ խորն է այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան գաղափարական հիմքը հէնց ղարաբաղեան շարժումն է: Ու թերեւս հէնց սրանով է պայմանաւորուած նաեւ մեր, այնուամենայնիւ, այս ազգային օրը նշելու որոշումը, որն ինչպէս տեսնում էք համեստ ձեւաչափով ենք կազմակերպել։ Մեր հակառակորդները չպէտք է ուրախանան եւ իրենց համարեն վերջնական նպատակին հասած: Հայաստանի Հանրապետութիւնը դատապարտուած չէ, չնայած այս օրերին նոյն Ադրբեջանից եւ Թուրքիայից մեր տարածքների նկատմամբ հնչող սպառնալիքներին։ Ես, նաեւ որպէս պատմաբան, վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետութիւնը միանշանակ ուղղելու է իր մէջքը՝ նաեւ բարեկամ երկրների օգնութեամբ: Սեփական ուժերով եւ բարեկամների աջակցութեամբ մենք կառուցելու ենք ինքնաբաւ, ուժեղ, զարգացած եւ ժողովրդավարական երկիր։ Դրա ներուժը հայ ժողովուրդն ունի։ Հազարամեակներով իր բնօրրանում համամարդկային արժէքներ ստեղծած ժողովուրդը չի կարող ոտնատակ առնուել յանցագործ եւ բռնակալ ռեժիմների կողմից»։
Յունաստանի կառավարութեան անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Միգրացիայի նախարար Դիմիտրիս Կերիդիսը։ Վերջինս իր խօսքում մասնաւորապէս ընդգծեց հետեւեալը.
«Մեծ ողբերգութիւնը, որ տեղի է ունենում Արցախում՝ քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայեացքի տակ, բազում փախստականներով եւ զոհերով, ազգային բնաջնջման դասական օրինակ է։ Եւ այսօր ժամանակակից Հայաստանի անկախութեան օրը պէտք է նշուէր բոլորովին այլ պայմաններում։ Եւ այս դժուարին պահերին յաճախ մեզ օգնում է մշակոյթը։
Որպէս Միգրացիայի եւ ապաստանի նախարար կարող եմ ասել, որ Յունաստանը շատ լաւ գիտի փախստականների խնդիրները, եւ մեր երկու երկրների պատմութիւնն ու ճակատագիրը յաճախ է կրկնուել նոյն թշնամիների ձեռքով եւ խաչուել նոյն յիշողութիւններում՝ ինչպէս դեռ հին ժամանակներում, այնպէս էլ այսօր։
Հայաստանի գործընթացները մեծ ազդեցութիւն են գործել մեր վրայ, եւ մենք ամէն կերպ պէտք է փորձենք օգնել հայ ժողովրդին»։ Նախարար Կերիդիսը մանրամասնեց, որ այդ հարցի շուրջ շարունակական կապի մէջ է Յունաստանի ԱԳ նախարարութեան, ինչպէս նաեւ Յունաստանում Հ.Հ. դեսպանութեան հետ եւ յայտարարեց մօտակայ ապագայում Հայաստան այց կատարելու եւ առկայ կարիքներին մօտիկից ծանօթանալու եւ անհրաժեշտ օգնութիւնը պատշաճ պլանաւորելու մասին։
Հաշուի առնելով այն փաստը, որ աշխարհը այս օրերին նշում է Արամ Խաչատրեանի 120-ամեակը, դեսպան Մկրտչեանը ներկայացրեց Հայաստանից ժամանած Խաչատրեանի երաժշտութեան հայաստանեան լաւագոյն մեկնաբանողներից, Արամ Խաչատրեան տուն-թանգարանի տնօրէն, պրոֆէսոր Արմինէ Գրիգորեանին եւ դաշնակահարուհի Լուսինէ Բարսեղեանին, որոնք կարճ համերգային կատարումներով հիանալի կերպով ներկայացրեցին Արամ Խաչատրեանի երաժշտութիւնը։
Այնուհետեւ դեսպան Մկրտչեանը, կարեւորելով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութիւնը օր առաջ միջազգային մշտադիտարկման տակ վերցուելու հարցը եւ մասնաւորապէս ընդգծելով վաղ քրիստոնէական մշակոյթի բազմաթիւ կոթողներ, ինչպէս օրինակ ամենատպաւորիչ Ամարասի, Դադիվանքի, Գանձասարի վանքերը, հիւրերին հրաւիրեց ցուցասրահ՝ ծանօթանալու մեր մշակութային ժառանգութեան մի մասի հետ, որը բաց է լինելու մինչեւ Հոկտեմբերի 20-ը, որին հետեւեց ընդունելութիւն։
(Թղթակցութիւնը՝
Հ.Հ. դեսպանութեան կողմէ)