Հայկական թատրոնը, հայկական մշակոյթի կարեւոր մաս է կազմում: Այն կրթական մեծ նշանակութիւն ունի, նա մանաւանդ մանուկների զարգացման գործում: Յունահայ համայնքը ունի այս ոլորտի զարգացման եւ պահպանման կարիքը: Եւ այս հարցում իր քայլերն է սկսել արդէն մեզ քաջ ծանօթ մշակութային անկրկնելի ծրագրեր նախաձեռնող եւ իրականացնող`Համազգայինի Ատտիկէի «Սօս Վանի» վարչութիւնը:
Շատ կարճ ժամանակահատուածում, ընդամէնը 2 ամսում պատրաստեցին շատ գեղեցիկ, հեքիաթային, հայկական, մանկական ամանորեայ ներկայացում, որը մեծ արձագանգ ստացաւ հայկական համայնքի կողմից: Ներկայացման գաղափարի հեղինակ, բեմականացման հեղինակ եւ բեմադրիչն էր ընկ. Հռիփսիմէ Կարապետեանը: Սա արդէն նրա թուով երկրորդ մանկական ներկայացումն էր, որը նոյնպէս սիրուեց մեր հանդիսատեսի կողմից:
Ներկայացման հիմքն էր` բարութիւնը, կամեցողութիւնը, ընկերութիւնը, որոնք բաւական պակասում է մեր առօրեայում: Եւ այս ամէնը հագեցած էր հիւմորով, պարով, երգերով եւ ուրախ տեսարաններով:
Ներկայացումը տեղի ունեցաւ Յունուարի 15-ին Ֆիքսի «Արամ Մանուկեան» ակումբ «Աւետիքեան» սրահում: Դահլիճը լեցուն էր մանկական ժպիտներով:
Բեմում էին «Քաջ Նազար» ներկայացման, մեզ արդէն յայտնի մանուկ դերակատարների մի մասն, ընդգրկուած նոր դերակատարներով:
Դերերում էին` Ներսէս Չթէյեան, Ռիտա Բաղդասարեան, Արմենուհի Գազարեան, Մելինէ Մալտոզեան, Գէորգ Ճինէճեան, Ռոբերտ Մկրտչեան, Յարութ Չթէյեան, Ճեսիքա Ճինէճեան, Մոնիքա Մալտոզեան: Իսկ կաղանդ պապիկի դերը ստանձնեց նուիրեալ ընկեր Հրաչ Արզումանեանր: Բեմականացման հեղինակ Հռիփսիմէ Կարապետեանը երեխաներին ծանօթացրեց բեմական արուեստի հմտութիւններին, բեմական կեցուածքին եւ յուզումների ճիշդ եւ տեղին արտայայտման հմտութիւններին:
Բեմի ձեւաւորմանը (զարդարանքին) մասնակցեցին Համազգայինի վարչութեան բոլոր անդամները՝ բեմի նկարիչ` Արամ Մուրատեան, զարդարանք եւ ձեւաւորողներ` Գէորգ Կիւլիւմեան եւ Սեւան Մանոյեան։ Եւ այս ամէնը իրականացուեց վարչութեան ատենապետուհի Լիլիթ Արզումանեանի հետեւողական եւ կազմակերպչական ճիշդ աշխատանքի համադրումին շնորհիւ:
Ի հարկէ չմոռանանք շնորհակալութիւն յայտնել` ձայնային համադրողներ Ճուլի Մանոյեանին եւ Սիմոն Ասիպեանին, դիմայարդար Լիանա Նալբանդեանին, հագուստի ձեւաւորող Գայիանէ Կարապետեանին եւ խօսափողների ու բարձրախօսների տրամադրող Կարօ Պարտաքչեանին:
Միջոցառումը նուիրուեց Արցախում շրջափակման մէջ գտնուող երեխաներին:
Ողջ համայքի անունից շնորհակալութիւն ենք յայտնում մեր վարչութեան անդամներին եւ աջակցող բոլոր անձանց: Վարչութեանը մաղթում ենք նորանոր յաջողութիւններ:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ