Համազգայինի Արցախի գրասենեակը՝ Երեւանում «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագրի մեկնարկ
Մարիա Մարկոսեան-Տամատեան
Համազգայինի Արցախի գրասենեակը Նոյեմբերի 5ից իր աշխատանքները ժամանակաւորապէս շարունակում է Համազգայինի Երեւանի գրասենեակում (Մաշտոցի 37): Գլխաւոր նպատակն է՝ Արցախի մանուկների համար հոգեւոր-մշակութային ծրագրերի իրականացումը։ Արցախի մի խումբ մանուկներ ծրագրի շրջանակներում այցելել են Յ. Թումանեանի տուն-թանգարան՝ «Նորովի բացայայտելու ամենայն հայոց Թումանեանի գործն ու կերպարը. Նման այցելութիւնները շարունակական են լինելու: Հետեւէք մեր էջին եւ միացէք մեր միջոցառումներին…», նշել է ծրագրի պատասխանատու Հերմինէ Աւագեանը Միութեան դիմատետրի էջում (Hamazkayin Artsakh office)։
Նոյեմբերի 9-ին մեկնարկել է «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը՝ Արցախից ժամանակաւոր Երեւան տեղափոխուած 4-11 տարեկան երեխաների համար (երեխաների թիւը սահմանափակ է): Կազմակերպւում են տարբեր մշակութային խմբակներ ու աշխատանքներ՝ նպատակ ունենալով առաջիկայում ընդլայնուել նաեւ Երեւանից դուրս: Երեխաներին դասաւանդում են Արցախի մասնագէտները:
Հինգշաբթի՝ 26 Նոյեմբերին, ծրագրի շրջանակներում Արցախի երեխաները հանդիպում են ունեցել մանկական հոգեբանի հետ։ Ինչպէս նշել է ծրագրի պատասխանատու Հ. Աւագեանը. «Նման հանդիպումները շարունակական են լինելու, հանդիպելու ենք ամէն Հինգշաբթի ժամը 15:00-ին Երեւանի գեղագիտութեան ազգային կենտրոնում (հասցէ՝ Բայրոնի 1/1): Միացէք մեզ, միասին յաղթահարենք մեր երեխաների վախերն ու յոյզերը»:
4-11 տարեկան փոքրիկները նկարչութեան խմբակի ժամանակ նկարել են գեղեցիկ նկարներ, որոնք ներկայացուած են դիմատետրի էջում՝ «Միացէք մեզ եւ ձեր փոքրիկներին գոյներ պարգեւէք»:
Ծրագրերը իրականացւում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ, համագործակցութեամբ՝ Արցախի Կ.Գ.Մ. նախարարութեան եւ Երեւանի Գեղագիտութեան ազգային կենտրոնի։
Ծրագրի պատասխանատու՝ Հերմինէ Աւագեան, համակարգողներ՝ Ռուզան Խաչատրեան, Սարինէ Հայրիյեան:
Նշենք նաեւ, որ Կիրակի՝ 29 Նոյեմբերին, երեկոյեան ժամը 19:00-20:00ին «Համազգայինի» Գանատայի Շրջանային վարչութիւնը կազմակերպել էր Արցախի երեխաներին նուիրուած հանգանակութիւն։ Ցանկացողները կարող են իրենց նուիրատուութիւնները կատարել հետեւեալ կայքէջի միջոցով՝ Hamazkayin.com/donate։
Նիւթի աղբիւր՝ www.yelaket.am