Կաննի համաշխարհային կինօփառատօնի «Յիշէք ապագան» խորագրի ներքոյ՝ «ԼԱՒԱԳՈՅՆ ՎԱՒԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ» անուանակարգում Յուլիս ամսուայ յաղթող է ճանաչուել (2022թ.) ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք» փաստավաւերագրական ֆիլմը։
Մարիա Մարկոսեան-Տամատեան
Մարդկային կեանքը՝ նաւթից էժան
«Մայր Հայրենիք» 44 ռազմական յանցագործութեան ահասարսուռ օրեր, 5000 զոհ, նոր սերունդ՝ 18-ամեայ երիտասարդների կորուստ, ցաւ, մահ…
Իսկ աշխարհը՝ լուռ ու համր։
Ինչո՞ւ…
Ամերիկահայ լրագրող, ռադիօհաղորդավար Վիկ Գերամին վերջերս նկարահանած իր «Մայր Հայրենիք» փաստավաւերագրական ֆիլմում անդրադարձել է նաեւ այդ հարցին։
Երկրների համար, ինչպիսին է Միացեալ Նահանգները, թէեւ կը ցանկանային «աջակցել» ժողովրդին, բայց առաւել ՑԱՆԿԱՆՈՒՄ են զէնք վաճառել՝ առեւտուր անել մարդկային կեանքը չխնայելով, կամ պարզապէս քաղցած են բնական ռեսուրսների համար, ինչպիսին նաւթն է։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսում բուռն ծափահարութիւնների ներքոյ: Կարմիր գորգի միջոցառումը՝ հինգշաբթի, Յուլիսի 7-ին, պատմական Raleigh Studios Hollywood-ում:
Տոմսերի արժէքը 25 դոլար՝ նպատակով, որ հասոյթի մի մասը տրամադրուելու է Հայաստանում գտնուող Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնին՝ վիրաւոր զինուորների համար նախատեսուած հաստատութեանը:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրութեանը ներկայ էին պաշտօնեաներ, յայտնիներ, բարձրաստիճան անձինք եւ այլ մեծահամբաւ հասարակական գործիչներ: Նրանք եկել էին, որպէսզի աջակցեն ֆիլմին, որը ուշադրութեան է հրաւիրում Ադրբեջանի, Թուրքիայի կողմից բռնութեան, ապատեղեկատուութեան եւ դաժան կոտորածներին:
Գլենդելի քաղաքապետ Արտաշէս Քասախեանը Վիկ Գերամիին ասել է. «Ձեր աշխատանքը բարձրացնում է նրանց ձայնը, ովքեր պայքարում են մարդու իրաւունքների համար ամբողջ աշխարհում»:
Պրեմիերայից յետոյ քաղաքապետը Օգոստոսի 4-ին Գլենդելում յատուկ եւս մէկ ցուցադրութեան հովանաւորութիւն է առաջարկել։ Նրան են միացել սենատոր Էնթօնի Պորտանտինոն եւ ասամբլէայի անդամ Լորայ Ֆրիդմանը որպէս համահովանաւորներ:
«Շնորհաւորում եմ ձեր գեղեցիկ «Մայր Հայրենիք» փաստավաւերագրական ֆիլմի համար… Ցնցեց մեզ մինչեւ հոգու խորքը… Հպարտ ենք, որ ունենք ձեր նման տաղանդաւոր հայրենակից»։
Այսպէս է արտայայտուել ներկաներից արուեստագէտ Սեսիլ Քեշիշեանը։
Ադրբեջանը պատմական անցեալից զուրկ, ընդամէնը 1918-ականներին կազմաւորուած մի պետութիւն է՝ նաւթի հզօր ուժով, այսօր աշխարհը կարծես խոնարհւում է նրա այդ «հարստութեան» առջեւ։ … Ու խլացուցիչ լռութեան ներքոյ մասնատում հարուստ պատմական անցեալով, բնիկ մի ազգի, որ անսասան է, անկոտրուն, վերածնուող իր աւանդական, մշակութային հարուստ արժէքներով։
Ամերիկահայ լրագրող Վիկ Գերամիի «Մայր Հայրենիք» փաստավաւերագրական ֆիլմը ծնուեց աշխարհին բացայայտելու այդ անարդարութիւնը, սանձազերծուած ցեղասպանութիւնը։ Նրա ոսպնեակի միջոցով՝ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացնելու վայրագութիւնների, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի անմեղ բնակչութեան՝ մարդկութեանը հասցուած անվերականգնելի յանցագործութիւնների վրայ։
«Մայր Հայրենիք» մեդիաֆիլմի թիրախային լսարանը հայերը չեն, օտարներն են, աշխարհի լռութիւնը խախտելու նպատակով է արտադրուած փաստավաւերագրութիւնը», ասել է լրագրողը։
Ֆիլմի միջոցով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ահաբեկչութիւնը՝ ռմբակոծումը ծննդատներին, դպրոցներին, բնակելի թաղամասերին, խաղաղ բնակչութեան կոտորածը՝ աշխարհի առաջնորդներին սարսափելի իրադարձութիւնները իրազեկելու քայլն է, որոնք տեղի են ունեցել 2020 թուականին Արցախում եւ շարունակւում են առ այսօր։
Երբ Գերամին սկսեց ֆիլմի պատրաստութիւնը պրոդիւսեր Հենրիկ Վարդանեանի եւ խմբագիր Քրիս Դամադեանի հետ, շատ աւելի վաղ էր Ռուսաստանի Ուկրաինայ ներխուժելուց.
«Երբ այնտեղ բռնկուեց հումանիտար ճգնաժամը, ամբողջ աշխարհում մարդիկ կենտրոնացել էին աջակցելու եւ օգնութիւն ցուցաբերելու ուկրաինայի ժողովրդին։ Ի հակադրութիւն՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի մասին քիչ արձագանք եւ մամուլի հրապարակում եղաւ», նշել է լրագրողը։
«Ռուսաստանը ամենամեծ յաղթողն է», աւելացրել է Գերամին, բացատրելով, որ աշխարհագրութիւնը թոյլ է տալիս նրան մուտք գործել մի տարածք, որտեղ նա չունէր ներկայութիւն.
«Զաւեշտալին այն է, որ անցած Նոյեմբերին Արցախում 5000 սպանութիւններից անմիջապէս յետոյ 5000 ռուս զինուորներ ներխուժեցին որպէս խաղաղապահներ»:
Ֆիլմում Գերամին նկարագրում է, թէ ինչպէս հարեւան երկրներից, այդ թւում՝ Սիրիայի, Պակիստանի ահաբեկիչների ճամբարներից օդանաւով հազարաւոր վարձկանների էր բերում Ադրբեջանը՝ արցախահայութեան դէմ ցեղասպանութիւն իրականացնելու հարցում աջակցելու, որոնց վճարում էր Թուրքիան։ Յստակ պատկերուած է ֆիլմում, թէ 2020 թուականի ագրեսիայի դրսեւորումը ինչպէս նոր էջ բացեց տարածաշրջանային պատմութեան մէջ եւ ինչպէս խաղաղ բնակչութեանը անբացատրելի տառապանք եւ անվերականգնելի կորուստներ պատճառեց։
«Սա շախմատային խաղ է համաշխարհային ուժերի միջեւ», նշել է Գերամին: Պուտինը «փորձում է վերստեղծել հին Խորհրդային Միութիւնը», մինչդեռ Էրդողանը կարծես թէ «փորձում է վերականգնել հին Օսմանեան կայսրութիւնը»։
Համաշխարհային հանրութեան անտարբերութիւնը, հասարակական գործիչների կեղծաւորութիւնը, ովքեր քարոզում են մարդու իրաւունքների մասին, բայց ցոյց են տալիս անգործութիւն, երբ իրավիճակը օրհասական է։ Թէ ինչպէս է մամուլը հեշտութեամբ շահարկւում Ադրբեջանի ատելութեան, ապատեղեկատուութեան եւ քարոզչութեան արշաւով:
Կոնգրէսական Ջուդի Չուն իր աջակցութիւնն է յայտնել կարմիր գորգի վրայ՝ ասելով.
«Այնքան հրաշալի է, որ նկարահանուել է այս վաւերագրական ֆիլմը։ Ես գնացել եմ Արցախ, տեսել եմ, թէ ինչ գեղեցիկ եւ հմայիչ վայր է այն։ Եւ երբ լսեցի Ադրբեջանի յարձակման լուրը, ուղղակի սարսափեցի՝ լսելով բազմաթիւ հազարաւոր զոհերի, փախստականների մասին, որոնք այլեւս չեն կարող վերադառնալ տուն, ռազմագերիների մասին, որոնք դեռ գերութեան մէջ են։ Այսպիսով, մենք անում ենք այն, ինչ կարող ենք Կոնգրէսում: Բայց իրականում անհանգստացնողն այն է, որ աշխարհը բաւականաչափ չգիտի այս մասին: Ահա թէ ինչ կարող է անել այս վաւերագրական ֆիլմը՝ կարող է լոյս տալ Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին»։
Վիկ Գերամին սարսափով հետեւում էր, թէ ինչպէս է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով մահեր սփռւում Արցախում՝ աշխարհի մի անկիւնում, որ կոչւում է Մայր Հայրենիք, որը նաեւ իր առաջին փաստավաւերագրական ֆիլմի անուանումն է:
Խլացուցիչ լռութիւնը կոտրելու, աշխարհի ուշադրութիւնը սեւեռելու՝ 21-րդ դարի այս սպանդը փաստելու համար, Վիկը անհրաժեշտութիւն է տեսնում լինել Հայաստանում։
Մեկնում է հայրենիք։
Եթէ նա հարցազրոյց չվերցնէր ականատեսների, վետերանների, Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական յանցագործութիւնների արդիւնքում ստեղծուած փախստականների հետ, ինչպէ՞ս պիտի ծնուէր լրագրողական, հետաքննական, փաստավաւերագրական այս ֆիլմը։ Նա գնաց ու տեղում հարցազրոյցներ անցկացրեց պաշտօնեաների, փորձագէտների եւ լրագրողների հետ:
«Ես ինքս պէտք է ուսումնասիրէի, թէ ինչպէս են Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը` մի զոյգ բռնապետ եւ ինքնակոչ «եղբայրներ», ստուեր նետում աշխարհի աչքերին եւ ազատւում զանգուածային կոտորածների դատից ու մեղքից», ասել է լրագրողը:
Դեռեւս Ա.Մ.Ն.-ում նա իր ռադիօհաղորդման ժամանակ հարցազրոյց էր վերցրել Կոնգրէսի բազմաթիւ անդամներից, ինչը յանգեցրել է նրան, որ մի քանիսը նկարահանուեն ֆիլմում, այդ թւում՝ կոնգրէսական Ադամ Շիֆը, պատգամաւոր Քեթի Փորթերը, Ջուդի Չուն ովքեր նոյնպէս ներկայ են եղել յուլիսեան պրեմիերային: Հարցազրոյց է վերցրել նաեւ Կոնգրէսի մի քանի առաջատար անդամներից, ովքեր հայ համայնքի դաշնակիցներն են։ Նրանց թւում են՝ սենատոր Բոբ Մենենդեսը, կոնգրէսականներ՝ Ֆրենկ Փալոնէ, Ջեքի Սփայեր, Բրեդ Շերմանը, Բարբարայ Լի։ Նա նաեւ հարցազրոյց է վերցրել բարոնուհի Քերոլայն Քօքսի, իսրայէլաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ադրբեջանցի ակտիւիստ Մոհամմադ Միրզալիի եւ մի շարք այլ ընտրուած պաշտօնեաների, գիտնականների, փորձագէտների, վետերանների, փախստականների եւ ականատեսների հետ:
«2022 թուականի ամենասպասուած վաւերագրական ֆիլմը», ինչպէս անուանել է HuffPost-ի լրագրողը, նախատեսուած է Կոնգրէսի յատուկ ցուցադրութեան համար Վաշինգտոնում, սեպտեմբերի 15-ին, Alexandria History Museum at the Lyceum-ում։ Աւարտին տեղի կ’ունենայ հարց ու պատասխան հեղինակի հետ։
Յիշեցնենք, որ «Մայր հայրենիք» ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել յուլիսի 7ին Լոս Անջելեսում, ապա՝ եւս մէկ փառահեղ յատուկ Գլենդելեան ցուցադրութիւն:
Օգոստոսի 30ին նախատեսւում է եւս մէկ ցուցադրութիւն. «Մայր Հայրենիք»ը կհիւրընկալուի Գլենդելի Համայնքային քոլեջում։ Ցուցադրութիւնից յետոյ տեղի պիտի ունենայ հարց ու պատասխան, մուտքը ազատ է լինելու։
«ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ»ը լրագրողական հետաքննական փաստավաւերագրական ֆիլմ է, գրել եւ արտադրել է լոսանջելեսաբնակ ամերիկահայ հետաքննիչ լրագրող եւ ակտիւիստ Վիկ Գերամին։ «Մայր Հայրենիքը» եղել է աշխարհի կինօփառատօների սիրելին՝ Կաննի համաշխարհային կինօփառատօնի, «Փաստաթղթեր առանց սահմանների» միջազգային կինօփառատօնի, Միջազգային ակտիվիզմի կինօփառատօնի եւ մի շարք այլ ֆիլմերի «Պաշտօնական ընտրանի» է: Այն նաեւ Տորոնտոյի անկախ կինօփառատօնի երկու մրցանակների դափնեկիր է՝ «Լաւագոյն միջազգային վաւերագրական ֆիլմ» եւ «Լաւագոյն առաջին անգամ» ֆիլմ։
Վիկ Գերամիի մասին ասամբլեայի անդամ Ադրին Նազարեանն ասել է. «Շնորհակալութիւն ֆիլմը որպէս ռեսուրս ստեղծելու համար, որը յարգում է նահատակների յիշատակը՝ միաժամանակ բարձրացնելով իրազեկուածութիւնը Արցախի 44-օրեայ պատերազմի շուրջ, համաշխարհային ազդեցութիւն ձեռք բերելու նպատակով»:
Կարող էք դիտել ֆիլմի հոլովակը այստեղ՝ https://vimeo.com/714287976, այցելել ֆիլմի կայքէջը՝ https://motherlanddoc.com/ եւ IMDB-ի էջը՝ https://m.imdb.com/video/vi3095904793/?ref_=ttvi_vi_imdb_14