Մարիա Մարկոսեան-Տամատեան
Ծաղկազարդ… Ծառզարդար… Ծառկոտրուք… Այսպէս է հայ ժողովուրդը կոչել ազգային նախահիմք ունեցող իր ամենասիրելի տօներից մէկը։ Այն նուիրուած է բնութեան զարթօնքին, ի մասնաւորի՝ կենաց ծառի խորհուրդն ունի իր մէջ։
Հայ Առաքելական եկեղեցին, Աւագ Շաբաթ օրը, Սուրբ Յարութեան՝ Զատկի տօնից մէկ շաբաթ առաջ է տօնում Ծաղկազարդը՝ Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ. «Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհին, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ» (Մատթ.21:9): Ժողովուրդը Տիրոջ մուտքը Երուսաղէմ ընդունել է խանդավառութեամբ` աղաղակելով. «Ովսաննա՜ Բարձեալին, օրհնեալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով… Խաղաղութիւն երկնքում եւ փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
Համաձայն կրօնական եւ ժողովրդական սովորոյթների, Ծաղկազարդին օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր եւ բաժանում ժողովրդին: Եթէ դրանք անպտուղ են՝ խորհրդանշում են հեթանոսներին, որոնք միայն Քրիստոսին ընծայուելուց յետոյ պտղաբերեցին, իսկ եթէ փափուկ են ոստերը՝ Քրիստոսին հետեւողների խոնարհութիւնն է խորհրդանշում։
Ծաղկազարդի նախորդող շաբաթ երեկոյեան տեղի է ունենում նախատօնակ. եկեղեցիները զարդարում են ուռենու ճիւղերով, ապա բացւում է խորանի վարագոյրը։ Կիրակի առաւօտեան հանդիսաւոր ժամերգութիւն եւ անդաստանի կարգ է կատարւում (օրհնւում են աշխարհի չորս կողմերը, մասնաւորապէս՝ հայրենիքը, բնակիչները, վանքերը, տարուայ պտղաբերութիւնը)։ Յաջորդաբար, օրհնուած ճիւղերը, որ խորհրդանշում են բարիք, առատութիւն, իմաստութիւն, խաղաղութիւն, յաղթանակ՝ բաժանում են հաւատացեալ ժողովրդին։ Նոյն օրը երեկոյեան կատարւում է «Դռնբացէք»ի արարողութիւն՝ Մեծ Պահքի աւարտն ու Աւագ Շաբաթի սկիզբը, տիրոջ երկրորդ գալստեան, աշխարհի վախճանի եւ Ահեղ դատաստանի խորհուրդով։
Ծաղկազարդի օրը հռչակուած է նաեւ որպէս մանուկների օրհնութեան օր. երբ Քրիստոսը Երուսաղէմի տաճար մտաւ, մանուկները գոչում էին. «Օրհնութիւ՜ն, Դաւթի որդուն»:
Համաձայն պահպանուած տեղեկութիւնների, նախաքրիստոնէական ծագում ունեցող այս տօնը նուիրուած է եղել ջրի եւ անձրեւի աստուածուհի Նարին, ով անձրեւներ է ուղարկել երկիրը երաշտից փրկելու համար, ծիսական երգերի ուղեկցութեամբ։ Ծէսի մաս կազմող տիկնիկը կոչուել է Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա եւ այլն։
Կենաց ծառի խորհուրդը, որ «Ծաղկազարդ» տօնի հիմքն է՝ ծննդից մինչեւ ծաղկունք ու պտղաբերութիւն շեշտում է կեանքի վերընթաց զարգացումը։ Եթէ Ամանորին կենաց ծառը զարդարել են չրերով ու մրգերով, Ծաղկազարդին՝ փնջած ձուերով, գունաւոր լաթերով, եւ այդ պատճառով էլ տօնը ստացել է Ծառզարդար անուանումը՝ չարխափան նշանակութեամբ։
Հեթանոսական արմատներ ունեցող Ծաղկազարդի տօնը Քրիստոնէութեան ընդունումից յետոյ համապասխանեցուել է Քրիստոնէութեան գաղափարախօսութեանը եւ նշուել որպէս Տիրոջ՝ Երուսաղէմ մտնելու օր։ Եւ Ինչպէս նկարագրել են բոլոր աւետարանիչները՝ Քրիստոսին դիմաւորել են ձիթենու կանաչ ոստերով։
Օրուայ հետ կապուած եղել են նաեւ յատուկ ծիսական խաղեր, պարեր, կերակուրներ, երգեր։ Յիշատակուած աւանդոյթներից է, երբ Ծաղկազարդի օրը՝ Մեծ պահքի ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել յանպատրաստի նշանադրութիւն. փեսացուի մայրը, նախապէս համաձայնեցրած լինելով հարսնացուի մօր հետ, վերցրել է ուռենու ճիւղի վրայ տեղադրուած մոմերից մէկը, վառել այն ու վրան հագցնելով նշանդրէքի մատանին՝ յանձնել է հարսնացուին, եւ նա այն ընդունելով, այլեւս համարուել է նշանուած։
Այսօր էլ՝ դարեր անց, Ծաղկազարդը բնութեան զարթօնքի իր խորհուրդով, պահպանուած եկեղեցական եւ ժողովրդական սովորոյթներով՝ հայ ժողովրդի ամենասիրելի տօներից մէկն է։