«Արցախի Հանրապետութիւնն ինքնիշխան, ժողովրդավարական, իրաւական, սոցիալական (ընկերային կողմնորոշումով) պետութիւն է»:
Նման ձեւակերպում է պարունակում Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան առաջին յօդուածի առաջին կէտը՝ լակոնիկ, բայց բաւականին ընդգրկուն ձեւակերպում, որը սպառիչ բնութագիր է տալիս սահմանադրական ամուր հիմքեր ունեցող մեր պետութեանը:
Այս ժլատ տողերի յետեւում, սակայն, իրական անկախութեան տանող բարդ, անասելիօրէն դժուար ճանապարհն է, անկախութի՛ւն, որի մասին այսօր մենք խօսում ենք ոչ-առանց օրինաւոր հպարտութեան զգացման:
Անկախ պետականութեան ստեղծման ելակէտը դարձաւ 1991թ. Սեպտեմբերի 2ը: Հէնց այդ օրը, որն իրենով նշանաւորեց Արցախի պատմական ու քաղաքական զարգացման հետագայ ճանապարհը կանխորոշած Ղարաբաղեան շարժման նոր փուլը, Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների ժողովրդական պատգամաւորների համատեղ նստաշրջանում ընդունուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին հռչակագիր: Արցախցիների, ինչպէս եւ մեր ողջ ժողովրդի համար՝ յիրաւի՛ պատմական մի փաստաթուղթ, որն ազդարարեց երկրորդ հայկական պետութեան ծնունդը: Նրա անանց նշանակութեան մասին խօսում է եւ այն փաստը, որ հռչակագիրը յիշատակւում է Սահմանադրութեան ներածականի առաջին իսկ պարբերութեան մէջ, որտեղ արտայայտւում է Արցախի ժողովրդի անսասան կամքը՝ «զարգացնելու եւ պաշտպանելու ինքնորոշման իրաւունքի հիման վրայ 1991 թուականի Սեպտեմբերի 2ին ստեղծուած եւ 1991 թուականի Դեկտեմբերի 10ի հանրաքուէով անկախ հռչակուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը»:
Լ.Ղ.Հ.ի՝ որպէս ինքնիշխան պետութեան, ստեղծման գործընթացն առարկայական կերպով ընկալելու համար չի կարելի շրջանցել 1980ական թուականների կէսից Խորհրդային Միութիւնում տեղ գտած իրադարձութիւնները: Գորբաչովի հռչակած «վերակառուցման» քաղաքականութեան արդիւնքում՝ Խ.Ս.Հ.Մ. քաղաքական կեանքում տեղի ունեցաւ որոշակի ազատականացում, եւ 1988թ. Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչութիւնը սահմանադրական ճանապարհով՝ ժողովրդական պատգամաւորների Մարզային Խորհրդի նստաշրջանում, բարձրացրեց Լ.Ղ.Ի.Մ.ը Հայաստանին վերաենթարկելու հարցը: Հարցը, ինչպէս յայտնի է, լուծում չստացաւ:
Այնուհետեւ, սակայն, խորհրդային անխախտ թուացող պետութեան մէջ Գորբաչովի անհետեւողականութեան պատճառով ստեղծուեց բարդ եւ հակասական իրավիճակ, որը բերեց կենտրոնախոյս ուժերի սրընթաց զարգացման:
Խ.Ս.Հ.Մ. յայտնուեց փլուզման եզրին, ինչը Հարաւային Կովկասի տարածաշրջանում ստեղծեց միանգամայն նոր քաղաքական-իրաւական իրողութիւններ եւ Ղարաբաղեան Շարժման առաջնորդներից հրամայաբար պահանջեց համարժէք գնահատական՝ ստեղծուած քաղաքական իրադրութեանը, եւ արդիւնաւէտ որոշման ընդունում, որն ունակ կը լինի հայկական Արցախը փրկելու անխուսափելի կորստից: Այսպէս ծնուեց անկախ պետականութեան ստեղծման գաղափարը, որն իրական հեռանկար ձեռք բերեց այն բանից յետոյ, երբ Խորհրդային Միութեան փլուզումը դարձաւ անկասելի, ինչն էլ տեղի ունեցաւ 1991թ. Դեկտեմբերին:
Լ.Ղ.Հ. հռչակման մասին հռչակագրի ընդունմամբ՝ արցախցիները, ովքեր ի սկզբանէ Հայաստանի հետ ինքնավար մարզի վերամիաւորման հարցն էին դրել, փաստօրէն վերանայեցին իրենց ինքնորոշման իրաւունքի իրացման ռազմավարութիւնը: Այդուհանդերձ, չափազանց կարեւոր է նշել, որ նոյն այդ հռչակագիրը «հայ ժողովրդի վերամիաւորման ձգտումը բնական ու միջազգային իրաւունքի նորմերին (արժեչափ) համապատասխան» ձգտում է համարում:
Միամտութիւն կը լինէր ենթադրել, որ անկախ հանրապետութեան հռչակումը մի ակնթարթում լուծեց բոլոր խնդիրները, եւ ամէնից առաջ՝ անվտանգութեան: Ամէնեւին՝ ո՛չ: Գործունակ պետութեան ստեղծման գործընթացն անցնում էր Ադրբեջանի հետ դիմակայութեան ծայրայեղ ծանր պայմաններում, մի պետութեան՝ որը դեռեւս միասնական Խ.Ս.Հ.Մ.ի շրջանակներում Սումգայիթի, Բաքուի, Կիրովաբադի եւ այլ բնակավայրների հայազգի բնակչութեան նկատմամբ իրականացրել է իրենց դաժանութեամբ աննախադէպ ցեղասպանական մի շարք գործողութիւններ, հետագայում՝ արդէն յետ-խորհրդային շրջանում, Լ.Ղ.Հ.ի դէմ պատերազմ սանձազերծել:
Բաքուն հիմա էլ՝ Լ.Ղ.Հ. հռչակումից 26 տարի անց, չի թաքցնում մեր անկախ պետականութիւնը ոչնչացնելու եւ Արցախի տարածքն բռնակցելու իր մտադրութիւնները, ինչը տեսանելի կերպով հաստատեց անցեալ տարուայ Ապրիլեան պատերազմը: Ու միայն պաշտպանութեան բանակի բարձր մարտունակութեան ու նրա զինծառայողների անձնուիրութեան շնորհիւ Արցախի Հանրապետութիւնը կարողացաւ պահպանել իր ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը:
Սակայն գոյութիւն ունի անվիճելի ճշմարտութիւն՝ ուժեղ բանակը, որն ի զօրու է ապահովելու բնակչութեան անվտանգութիւնն ու պաշտպանելու հայրենիքի սահմանները, հնարաւոր է միայն ուժեղ պետութեան մէջ՝ իշխանութեան եւ կառավարման արդիւնաւէտօրէն գործող մարմիններով: Հէնց դրա համար է, որ Լ.Ղ.Հ. ղեկավարութիւնը ձեռնարկում էր եւ շարունակում է ձեռնարկել պետականութեան հետագայ ամրապնդմանը, հասարակական-քաղաքական կեանքի ժողովրդավարացմանը, ընկերային-տնտեսական զարգացմանն ուղղուած հետեւողական քայլեր:
Ընթացիկ տարուայ Փետրուարի 20ին կայացած սահմանադրական բարեփոխման հարցով համաժողովրդական հանրաքուէն նոյնպէս այս նպատակն էր հետապնդում‘ կատարելագործել պետական կառավարման համակարգն ու այդ հենքի վրայ շարունակել Լ.Ղ.Հ. պետականութեան կառուցման ու ամրապնդման գործընթացը: Իր դէ ֆակտօ անկախութեան 26 տարիների ընթացքում հանրապետութիւնը, երբեմն փորձերի ու սխալների ճանապարհով, անցել է պետականաշինութեան բոլոր փուլերը եւ այսօր ներկայանում է որպէս կայացած պետութիւն, որն ինքնուրոյն կերպով վարում է ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականութիւն, որի առաջնահերթութիւններից մէկը Լ.Ղ.Հ. միջազգային ճանաչման հասնելն է:
1991թ. Սեպտեմբերի 2ի հռչակագիրն օրինական հիմքի վրայ հաստատեց իր քաղաքական ապագան ինքնուրոյն որոշելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքը: Հայկական երկրորդ պետութեան՝ Արցախի Հանրապետութեան կենսունակութիւնն այս շրջանում ծանրագոյն փորձութիւններ է անցել: Ազատութիւնն ու անկախութիւնը, մեր նախնիների հինաւուրց հողի վրայ արժանապատուօրէն ապրելու հնարաւորութիւնը մեզ համար թանկ գին է ունեցել, ուստի արցախցիների ներկայ եւ ապագայ սերունդների պարտքն է պահպանել հայրենիքը՝ որպէս գերագոյն սրբութիւն:
Խմբագրական «Ազատ Արցախ»ի
Արցախի Հանրապետութիւնը պատմական իրողութիւն է