ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ
(Խօսք՝ Խաժակ Տէր-Գրիգորեանի
77ամեակի յուշ-երեկոյի առթիւ)
Արցախեան զարթօնքի շնչով հայրենիքում վերահաստատուելու նախօրեակին, Դաշնակցութեան մասին Հայաստանում աղօտ պատկերացում գոյութիւն ունէր: Այդ պատճառով կարեւոր էր, թէ ո՛ւմ ձեռքերով կը դրուէին անցեալի միֆական (առասպելական) մշուշով պարուրուած կուսակցութեան նոր կառոյցի հիմնաքարերը:
Բախտաւոր եղաւ կուսակցութեան հայաստանեան նոր սերունդը, որ Դաշնակցութեանը ճանաչեց Խաժակ Տէր-Գրիգորեանի եւ նրա նման գործիչների կերպարներով: Սկզբում թուաց, թէ եկողը դեռ Դաշնակցութիւնը չէ, Դաշնակցութեան սուրհանդակն է: Մարտական ու պետականակերտ կուսակցութիւնը դեռ կը գայ` շռնդալից պաթոսով (հրայրքով) եւ ուժի ցուցադրութեամբ: Յետոյ հասկանալի դարձաւ, որ սխալը մեր պատկերացումն էր, իսկ արդէն եկածը հէնց իսկական Դաշնակցութիւնն էր` անաղմուկ եւ քչախօս, իսկ շատ հարցերի վերաբերեալ չխօսկան, աւելի շատ լսող, համբերատար-հանդուրժող, ու մշտազբաղ:
Ճիշտ ինչպէս Հ.Յ.Դ. Բիւրոյի հայաստանեան առաջին գրասենեակի պատասխանատու Խաժակ Տէր-Գրիգորեանը: Իսկապէս էլ ժամանակային տարածութիւն պէտք է անցնես այդպիսի մարդկանց եւ երեւոյթների հետ` նրանց ինչ որ չափով ճանաչելու համար: Իրենց հետ բացայայտելու արժէքներ եւ պատասխանատուութիւններ, որոնք յաճախ առօրէականի չափ դիւրամարս են թւում, ակնյայտ, ինչպէս դասագրքային ճշմարտութիւնները եւ հեշտ ընդօրինակելի` քանի դեռ ինքդ չես կանգնել նոյնպիսի ընտրութեան առջեւ:
Հիմնաւոր կրթութիւն ստացած, տարիների ինքնակատարելագործման դպրոցով անցած, լայն մտահորիզոնի, գիտելիքների հարուստ պաշարի տէր հայագէտ գիտնական էր ընկեր Խաժակը` պատմաբան եւ բանասէր: Մարդ՝ ով հնարաւորութիւն էր ունեցել ընտրելու գիտութեան մշակի խաղաղ, բարեկեցիկ կեանքը: Նա, սակայն իր ներսի մտաւորականին ստիպել էր քայլել ազգային-կուսակցական գործչի ետեւից: Գերադասել էր ապրել, որպէս ազգային-կուսակցական պարտականութեան զինուոր եւ քարոզիչ, թաթախուել ուրիշների համար գուցէ ձանձրալի կամ անհրապոյր առօրեայ կազմակերպական մեծ ու փոքր հարցերի մէջ, ընդ որում` առանց աղմուկի եւ ցուցադրութեան: Ու միայն անհատնում գործերից խլուած ժամանակի հաշուին գրած եւ կազմուած աշխատութիւնները պիտի բացայայտէին շրջապատի համար այն երկրորդ, համեստաբար ետեւից քայլող, գիտելիքի կրթութեան ու ստեղծագործութեան մարդուն: Կցկտուր ակնարկներից իմացել էինք նաեւ, որ իր դաշնակցական ծառայութիւնը ուղեկցուել էր վտանգներով, հալածանքով ու բանտարկութեամբ, որոնց վէրքերը նոյնպէս սքողուած էին բարի ժպիտի, փափուկ-ներողամիտ ու բարեկիրթ վարքի ետեւում:
Միւս կողմից մեղմ, հանդուրժող բնաւորութիւնը խաբկանք կը թուար նրանց համար, ովքեր կը փորձէին փորձութեան ենթարկել ընկեր Խաժակի սկզբունքայնութիւնը, հակադրուել գաղափարական արժէքներին, որոնց այնպէս էր դաւանում կարծես ձուլուած էր դրանց պողպատեայ կաղապարով: Միաժամանակ եւ այն լաւ ուսուցիչն էր, որ պատրաստ էր ձեռքը բռնած երկար ճանապարհ անցնել անգամ դժուար աշակերտի հետ, եթէ նրա մէջ տեսնում էր ազգային սկիզբը եւ նուիրումի կայծը:
Ոչ-երկար ժամանակահատուած ընկեր Խաժակը գլխաւորեց Դաշնակցութեան հայաստանեան կազմակերպութիւնը եւ այդ ընթացքում դրսեւորուեց մարդկանց հետ յարաբերուելու նրա իւրայատուկ շնորհքը, համբերատարութիւնը, գործ կազմակերպելու եւ գործի յարաշարժ մեխանիզմ (մեքենականութիւն) աշխատեցնելու ունակութիւնը` շրջահայեացութիւնը եւ պահանջկոտութիւնը: Բացայայտուեց դաւանանքի վերածուած գաղափարականութիւնը, սէրն ու սրտացաւութիւնը նորաստեղծ պետութեան ու դրամատիկ (թատերաշունչ) ժամանակի մէջ ապրող ժողովրդի հանդէպ, ինչպէս եւ ի շահ այդ ամէնի, պայքարելու, ըմբոստանալու կամքը: Նրա մէջ նստած գործի եւ ոչ-աղմուկի ու կեցուածքի հերոս յեղափոխականը:
Նա Հայաստան էր ներգաղթել հայրենիքի համար տագնապների ու բազում կարիքների օրերին, իմ տպաւորութեամբ, սակայն ընկեր Խաժակը վայելում էր հայրենիքում ապրելու երջանկութիւնը: Նա իր մէջ այնքան էր փայփայել հայրենիքը, որ կարծես այստեղ էր ծնուել ու մեծացել: Մանաւանդ, որ չնայած բոլոր մտահոգութիւններին ու անյարմարութիւններին՝ հոգեկան բաւարարութեամբ էր կիսում հայրենաբնակ հայ ժողովրդին բաժին ընկած ճակատագիրը:
Անհանգիստ էր այդ ճակատագրի համար եւ ցաւ էր ապրում, որ այդպիսի բախտորոշ ժամանակահատուածում այդպիսի բախտախնդիր իշխանութիւն պիտի տնօրինէր երկրի ղեկը. հասկանում էր, որ առանց հիմնարար բարեփոփոխումների երկրին լաւ ապագայ չի սպասւում: Սիրում ու ցաւում էր տիրոջ պէս, որ վերադարձել էր երկիր` այրելով ետեւում մնացած կամուրջները, մայր հողում արմատ ձգելու վճռականութեամբ, որ չնայած բոլոր անակնկալներին իրագործուեց ու այդ իրագործումը շարունակւում է իր ժառանգների միջոցով:
Ընկեր Խաժակի համար ազգային, կուսակցական արժէքներն ու չափանիշները անսակարկելի էին եւ այն տեսլականները, որոնց ծառայելուն նուիրել էր կեանքը, հէնց կազմում էին իր գոյութեան իմաստը, իր երջանկութեան աղբիւրը: Եւ հէնց այդ անշահախնդիր նուիրումի կենդանի օրինակ լինելն էր գերում, կաշառում բոլոր նրանց, ովքեր իր հետ առնչուելով մտերմանում եւ հարազատանում էին հետը: Ինքն իր շուրջը սերմանում էր իր որակները, որոնք ծիլեր էին տալիս շրջապատողների մէջ:
Խաժակ Տէր-Գրիգորեանը Դաշնակցութեան ակնառու գործիչներից էր, ում փորձառութիւնն ու վաստակը տասնամեակների անմնացորդ, գիտակցուած, անշահախնդիր եւ անկեղծ նուիրումի արդիւնք էին: Երբեք իր խօսքից ու կեցուածքներից չեզրակացրեցինք եւ միայն ուրիշներից իմացանք, որ Հայաստան էր վերադարձել արդէն իսկ հարուստ ու գնահատուած կենսագրութեան բեռով: Պարտականութիւններ էր իրականացրել երիտասարդութեան դաստիարակութեան մարզում, եղել էր համալսարանական դասախօս, զբաղուել էր մամուլի, քարոզչութեան, հրատարակչական հարցերով, յայտնուել էր ժամանակի ազգային կեանքի փոթորկայոյզ ալեկոծումների կենտրոնում, Իրանում մաս էր կազմել կուսակցական կառոյցի ղեկավարման գործին եւ ապա եղել էր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ:
Տարիների փորձութիւններից չէր կոտրուել, չէր յոգնել, մնացել էր պայքարի, զրկանքի ու զոհաբերութեան պատրաստակամ մարտիկ, ով խորին հաւատ ունէր Դաշնակցութեան անցեալի, ներկայի եւ ապագայի առաքելութեան հարցում: Նայելով նրան կարելի էր պատկերացնել Դաշնակցութեան անցեալի մեծերին, կարծես մէկն էր Զաւարեանների, Աղբալեանների, Վարանդեանների, Նաւասարդեանների փաղանգից: Նրանցից մէկը, ովքեր հետագայ ընթացքի համար կուսակցութիւնը լիցքաւորել են բարոյական էներգիայով:
Հաստատել են չափանիշ, որ պարտադրում է, ինչպէս հայելու առջեւ, չափել սեփական հասակը, համեմատութեան եզրեր փնտռել, յստակեցնել արժեչափերն ու արժէքներին հաւատարմութիւնը, ինչ անելն ու ինչպէս անելը` բարոյական աւանդոյթի սահմանադրութեանը համապատասխան: